Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՇեփորահարի ազդարարումով ուսումնական զորամասում մեկնարկում են հրետանավորների գործնական պարապմունքները։ Նախքան բուն վարժանքներին անցնելը, զորքը նախ հրահանգավորվում է, թե ինչպես պետք է ճիշտ ու գրագետ գործել մարտական իրավիճակներում և առհասարակ դժվարին պայմաններում:

Տեխնիկայի հետ առնչվելիս անվտանգության կանոններին հետևելը խստագույն անհրաժեշտություն է ոչ միայն գրագետ գործելու, այլ նաև սեփական անձի ու զինակիցների անվտանգության համար։ Սա  քաջ  գիտակցում է յուրաքանչյուր զինվոր, ուստի բոլորը համակ ուշադրությամբ  սերտում են դասը:

Անձնակազմը մարտական զենքով վարժանքներ է իրականացնում, կատարելագործում է մասնագիտական հմտությունները:.

– Ամենօրյա քրտնաջան պարապմունքների արդյունքում հմտացել ենք եւ հրետանին մարտական վիճակի ենք բերում մեկ րոպեում,- վստահեցնում է կուրսանտ Արման Ծատուրյանը, որը ծառայության մի քանի ամիսների ընթացքում հասցրել է աչքի ընկնել նաև զինվորական բարձր  կարգապահությամբ: Նա վստահ է, որ ուսումնական փուլի ավարտին տեսական ու գործնական գիտելիքների հարուստ պաշարով կստանձնի իր  հերթափոխը:

-Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է Հայրենիքը պաշտպանելու սրբազան առաքելությունը և իր դերը զինված ուժերի շարքում,  ուստի մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ ուսումնական զորամասում անցկացրած յուրաքանչյուր օր օգտագործենք մասնագիտական հմտությունները զարգացնելու համար,- մեզ հետ զրույցում ասաց Արմանը:

– Զինվորների մասնագիտական վարժանքներին ուշի-ուշով հետևում ենք, թերացումներն  ու բացթողումներն արձանագրում ենք և տեղում շտկում,- վստահեցնում է ուսումնական մարտկոցի հրամանատար, կապիտան Արմեն Նավասարդյանը:

-Հագեցած գործնական պարապմունքներին զուգահեռ զորամասում ընթանում են նաև տեսական պարապմունքներ։ Զինվորները ուսանում են բոլորովին վերջերս համալրված ու  լիարժեք կահավորված լսարաններում, ուսումնասիրում ու ծանոթանում մարտավարության տեսական հիմունքներին,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը:

Չորս ամիս առաջ բանակի շարքերը համալրած Տիգրան Միրզոյանը զինվորականի որդի է, հայրն ապրիլյան քառօրյայի և 44-օրյա պատերազմի մասնակից է: Այսօր  ինքն է զինվորական համազգեստ կրում՝ վստահորեն շարունակելով հոր գործը.

-Այստեղ զինվորից  ցանկացած խնդրի պատրաստ,  արհեստավարժ ու գրագետ հրետանավոր են պատրաստում, ինչպես նաև զարգացնում են հրամանատարական հատկանիշներ, ինչը ապագա հրետանավորի համար շատ կարևոր է,- նշում է Տիգրանը:

…Մինչ հիմնական առաքելությունն  իրականացնելը՝   կուրսանտները ևս երկու ամիս դեռ կշարունակեն ուսանել հրետանային զորամասում, հարստացնել գիտելիքներն ու  հղկել հմտությունները: Այնուհետեւ՝ որպես կրտսեր հրամանատարներ, սերժանտական կոչումով կմեկնեն հիմնական ծառայության վայր՝ փորձը զինակիցներին փոխանցելու, հայրենիքն ու սահմանները միասնական ուժերով պաշտպանելու համար։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ