Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻ
ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻ

ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻԱրցախյան վերջին պատերազմի շատ նվիրյալներ, տուն վերադառնալով, սկսեցին իրագործել մի կարևոր ձեռնարկ՝ ստեղծել ռազմամարզական հասարակական կազմակերպություններ, ճամբարներ՝ մարզելու Հայոց բանակի ապագա զինվորներին։ Կամավորական Օնիկ Պապոյանն ու իր մարտական ընկերները պատերազմից հետո հիմնադրեցին «Պետականությունը՝ որպես գերագույն արժեք» ռազմամարզական կազմակերպությունը: Ռազմահայրենասիրական այս կառույցի մեկամյա գործունեությանն էր նվիրված ապրիլի 10-ին Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի մարզադաշտում կայացած միջոցառումը։ Մարդաշատ էր դպրոցի մարզադաշտը, որտեղ մարզումների ու ցուցադրության համար նույնիսկ խրամատ էր փորվել, առաջնագիծ հիշեցնող կառույցներ ստեղծվել։ Ներկա էին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողները, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարությունը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, թիվ 200 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը, մարզադպրոցների սաներ,  ազատամարտիկներ։

-Բոլորիս այսօր այստեղ է մեկտեղել մեր պետականության ամրապնդման, Հայոց պետականության հիմնական երաշխավորի՝ Ազգային բանակի կողքին լինելու հրամայականը,-ասաց միջոցառման հանդիսավար, դերասան Դավիթ Գիրգորյանը։

ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻՄիջոցառման առանցքային մասը ռազմահայրենասիրական կառույցի սաների ցուցադրական ելույթն էր՝ մարտավարություն, հարձակում ու նահանջ, օղակաձև պաշտպանություն, վիրավորների տեղափոխություն մարտադաշտից, բնակավայրերից և այլ գործողություններ: Ինչ խոսք, մարզումն ու ցուցադրությունն այլ են, ինչ իրական մարտադաշտը, սակայն պատանիներին ու աղջիկներին մարզելը, զինվորական գործի հմտություններին նրանց ծանոթացնելն  այսօր դարձել է ժամանակի հրամայական։

-Մեր նպատակը նախաբանակային տարիքի մարտունակ սերունդ կրթելն է, ռազմական գիտելիքների անհրաժեշտ բազա ձեւավորելը՝ շեշտը դնելով նախազորակոչային տարիքի երիտասարդների վրա, որոնք պատրաստվում են համալրել ՀՀ զինված ուժերը,- մեզ հետ զրույցում ասաց ռազմամարզական կառույցի նախագահ Օնիկ Պապոյանը։ Դասընթացների ժամանակ ռազմական գիտելիքներ են փոխանցում նաեւ հայկական և ռուսական բանակների պահեստազորի հատուկջոկատային սպաները։ Դասավանդվում են ֆիզիկական պատրաստություն, մարտավարություն, քարտեզագրում-տեղագրություն, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, գոյատևման հմտություն և այլ առարկաներ։

Մարտավարական ցուցադրությունից հետո Օնիկ Պապոյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասաց.

-Երազանք չկա, երազանքը պետք է փոխարինենք նպատակով և հասնենք դրա իրականացմանը:

Այնուհետեւ նաեւ շնորհակալագրեր հանձնեց աջակիցներին, պարգևատրեց առավել աչքի ընկած  սաներին: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն իր ելույթում կարևորեց նման կառույցների դերը ներկա ժամանակներում։ Կարևորեց ազգային գաղափարախոսության խնդիրը բանակում։

Նա նշեց, որ Արցախյան ազատամարտի առաջին հրամանատարներից շատերը՝ Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գորգիսյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը և այլք, զինվորական չէին, բայց շնորհիվ ազգային գաղափարի՝ դարձան ճանաչված հրամանատարներ ու ռազմական գործիչներ։ Մշակույթի երախտավորը հույս հայտնեց, որ ցուցադրական ելույթի մասնակից երիտասարդները բանակում կծառայեն այնպես, որ ունենանք այդ հերոսների երազած բանակը։

Միջոցառումը եզրափակվեց «Հայաստան» երգով, որը կատարեց դպրոցի «Կռունկներ» և «Երգ երգոց» երգչախմբերի միացյալ կազմը։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ