Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ…



ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈՒԺԵՐԸ ԵՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ...Զրույց զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանի հետ

 

Պարոն փոխգնդապետ, զորքի բարոյահոգեբանական ապահովումը միշտ էլ եղել է մարտական պատրաստության կարևոր բաղադրիչներից մեկը, իսկ 44-օրյա պատերազմից հետո այն դարձել է առավել կարևոր, որովհետև հետպատերազմական ախտանիշներից չեն կարող խուսափել ո՛չ բանակը, ո՛չ էլ հասարակությունը, և դրանք մեղմելու համար հիմնավոր աշխատանք է պետք:

-Բանակում բարոյահոգեբանական խնդիրների զգալի մասի ակունքը հասարակության մեջ է: Բանակը արտացոլում է հասարակության պատկերը, և սա ասվում է ոչ թե հրամանատարներին պատասխանատվությունից ազատելու, այլ համատեղ արդյունավետ աշխատանքի օրակարգ մշակելու համար: Եթե մենք գնանք հետևանքները վերացնելու ճանապարհով, մեծ արդյունքի չենք հասնի. անհրաժեշտ է գտնել և վերացնել բացասական երևույթների արմատը: Ինչ վերաբերում է հետպատերազմյան բարոյահոգեբանական ախտանիշներին, դրանք երևելի էն հասարակության մեջ, ու, բնականաբար, ներթափանցում են բանակ: Անհաջող ելքով, մեծ մարդկային ու նյութական կորուստներով պատերազմը անխուսափելիորեն ծնում է անպաշտպանվածության զգացում, առաջ է բերում անվստահություն միմյանց ու սեփական ուժերի հանդեպ: Անորոշ ապագայի հեռանկարը դառնում է ընկճախտի պատճառ, ինչը նվազեցնում է մարդկանց եռանդն ու նպատակասլացությունը: Եվ որ ամենակարևորն է՝ հետպատերազմյան հասարակությունը դառնում է անհանդուրժող ու ագրեսիվ: Ուստի՝ պատերազմի հոգեբանական հետևանքները հասարակության մեջ մեղմելու համար անհրաժեշտ է իրավիճակի համակողմանի վերլուծություն, արդարացված ու հիմնավորված գործունեության ծրագիր, խնդրին առնչվող բոլոր ոլորտների համատեղ, համակարգված աշխատանք:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ առաջնահերթություններ պիտի ունենա այդ ծրագիրը: Ակնհայտորեն, խոսքն ազգային գաղափարախոսության մասին է:

-Այո՛, խոսքը ազգային գաղափարախոսության, ազգային արժեհամակարգի, մեր ազգային նպատակները ու դրանց հասնելու ուղիները հստակ ձևակերպելու մասին է:

Բոլորը՝ ընտանիքը, դպրոցները, մշակութային, մարզական և այլ կրթօջախները, բուհերը, գրականությունը, կինոն, երգարվեստը, թատրոնը, արվեստի բոլոր ճյուղերը, հասարակական կազմակերպությունները… Բոլորը պիտի իրենց «լեզվով» պատասխանեն հասարակությանը հուզող հարցերին, մարմնավորեն մեզ առաջ մղող գաղափարները, ձևակերպեն մեր նպատակներն ու որոշակիացնեն մեր ապագայի ուրվանկարը: Միաժամանակ, պիտի համակարգված պայքարենք արդեն առկա բացասական երևույթների դեմ:

Մեզ հարկավոր են դաստիարակված, կիրթ ու բանիմաց զինվորներ: Բոլորովին պարտադիր չէ, որ բոլոր զինվորները բարձր գիտելիքներ ունենան մաթեմատիկայից կամ քիմիայից, խոսքը ընդհանուր կրթվածության, մտավոր մակարդակի մասին է, երբ երիտասարդը գիտի իր ազգի պատմությունը, տարրական պատկերացում ունի աշխարհաքաղաքական իրավիճակից, թեկուզ հպանցիկ, բայց ծանոթ է համաշխարհային մշակույթին, ունի սկզբունքներ, համոզմունքներ, հղկված ներաշխարհ: Այս ամենը չես կարող ձևավորել մեկ օրում, սա ընտանիքի ու դպրոցի, հասարակության 17 տարվա համատեղ աշխատանքի արդյունքը պիտի լինի:

Ո՞ր բացասական երևույթներն են Ձեզ ավելի շատ հուզում՝ որպես զորքի բարոյահոգեբանական ապահովման ուղղությունը ղեկավարող հրամանատար:

-Օրինակ՝ անչափահասների շրջանում որոշակի տարածում ունեն թմրամոլությունն ռւ խաղամոլությունը: Այս թեմաները համեմատաբար փակ են, մենք սրանց մասին քիչ ենք խոսում, բայց բանակը բախվում է այս խնդիրներին: Սրանք արատներ են, որոնք ոչնչացնում են մարդու առաքինությունները, այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ հասարակական պարտքի զգացումը, պատասխանատվությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը: Բանակում հետևողականության, հսկողության, սահմանափակումների ու զանազան այլ լծակների շնորհիվ հնարավոր է արգելել վարքի նման արատավոր դրսևորումները, բայց դրանց ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա չես կարող միանգամից վերացնել, դրա համար երկարաժամկետ և տևական աշխատանք է պետք: Այդ պատճառով էլ մենք կարևորում ենք համակարգված ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի ու ատյանների հետ:

Մեզ անհանգստացնող հաջորդ երևույթը ագրեսիան է, բռնության հակվածությունը, խնդիրները բռունցքներով լուծելու ցանկությունը, թույլի, տկարի հանդեպ վերաբերմունքը:

Այս երևույթի դեմ բանակը տասնամյակներով պայքար է մղել...

-Պայքարը շարունակվում է նաև այսօր: Առաջին հերթին կարևորվում է սպաների անձնական օրինակի գործոնը: Բանակը փակ կառույց է, այնտեղ ավելի հեշտ է սահմանել վարքի նորմեր: Սպաների վերաբերմունքը զինվորների հանդեպ անմիջականորեն ազդում է զինվորների միջանձնային հարաբերությունների վրա:

Կա նաեւ այսպիսի կարծիք. ասում են՝ որքան սպաները մեղմ են, այնքան զինվորները անհնազանդ են:

-Ես լավ չեմ պատկերացնում մեղմ բառի իմաստը այս համատեքստում: Սպաները պարտավոր են հավատարիմ մնալ կանոնագրքի կանոններին, զինվորների հանդեպ լինեն պահանջկոտ, հետևողական, չանտեսեն ոչ մի թերացում ու զանցանք, միևնույն ժամանակ՝ լինեն հոգատար և հարգալից: Սա դժվար, բայց արդյունավետ ճանապարհ է: Զինվորը պետք է պատժվի բացառապես կանոնագրքի կանոններին համապատասխան, զուգահեռաբար պիտի զգա հրամանատարների պատասխանատվությունը իր ճակատագրի համար:

Պարոն Սարգսյան, երբ Ձեր զինվորը հարցնում է, թե՝ ինչո՞ւ մենք պարտվեցինք 44-օրյա պատերազմում, Դուք ի՞նչ եք պատասխանում:

-Ես ասում եմ, որ մենք տարիներ շարունակ պատրաստվել էինք Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմին, և Թուրքիայի ու վարձկանների մասնակցությունը մարտական գործողություններին անակնկալ էր մեզ համար…

Միեւնույն ժամանակ, մենք շատ մեծ հույսեր էինք կապել մեր զինվորների, սպաների հերոսական ոգու հետ, մոռանալով, որ 21-րդ դարի պատերազմներում հաղթանակ է ապահովում ոչ միայն զինվորի քաջությունը, այլև ռազմատեխնիկական հզորությունը: Պատերազմի ժամանակ եղել են նաև կազմակերպչական թերություններ, հատկապես` համալրման ժամանակ:

Իսկ ի՞նչ է արվում, որ մեր զինվորը այժմ էլ ինքնավստահությամբ ու խիզախությամբ կանգնի սահմանին:

-Երբ նորակոչիկը մտնում է զորամաս, մենք նրան առաջին հերթին պատմում ենք մեր զորամասի փառահեղ պատմությունը, որի վերջին արարը 44-օրյա պատերազմում հերոսական, աննահանջ ու հաղթական կռիվն է: Գուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց մեր զորամասը հաղթել է այս պատերազմում, ու այդ հաղթական ոգին ներարկում ենք մեր զինվորին: Մենք նրան բազմաթիվ ասքեր են պատմում 44-օրյա կռվից ու պատգամում ենք, որ նա այդ ավանդույթների շարունակողն է: Ամեն օր մեր տղաները անցնում են հերոսների հուշապատի կողքով, որի վրա մեր առյուծ զինվորների նկարներն են: Հաղթած զինվորների… Այս ամենով հանդերձ՝ մենք գերագույն լարվածությամբ ու բարեխղճորեն յուրացնում ենք մեր զինվորական մասնագիտությունը, որ պատրաստ լինենք պաշտպանելու հայրենի հողը: Մեր զինվորը գիտի, մենք նրան հիշեցրել ենք, որ և՛ պարտությունները, և՛ հաղթանակները հավերժական չեն:

Մեզ հարկավոր է համախմբել ուժերը, լինել նպատակասլաց և շարժվել առաջ:

Առաջ՝ ո՞ւր:

-Դեպի հզոր, պաշտպանված, պատմական արդարությունը վերականգնած, իր համազգային երազանքները իրականացնելու ունակ Հայաստան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/03/2022