Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՐԱ ԹՌԻՉՔԸ ԱՂԵՂ Է ԿԱՊՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՆՐԱ ԹՌԻՉՔԸ ԱՂԵՂ Է ԿԱՊՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՆՐԱ ԹՌԻՉՔԸ ԱՂԵՂ Է ԿԱՊՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ…Ո՛վ կմտածեր, որ նրան վիճակված էր մղոններով առաջ անցնել իր գրական հերոսներից՝ ինքն իրենով, իր կյանքով կերտելով պատմությունը, փլուզելով մեզ պաշարած անզորության պատնեշները աշխարհազորով։

Այս ժամանակների խելահեղ բեմահարթակներում լուսաշերտ էր բացվելու ազգային զարթոնքի և հերոսականության համար, որով ներս էր խուժելու նույն ինքը՝ նորին մեծություն պատմությունը՝ գրված նոր էջից, և Վազգենը ոչ թե իր գիր ու գրականությամբ, այլ իր ճակատագրով էր կերտելու այդ պատմությունը՝ միաձուլվելով նրան և իր ետևից տանելով մի ամբողջ հերոսական սերունդ, որոնք իրենց կյանքով գծեցին հայրենիքի նոր սահմանները։

Ու հետո՝ նրա չարագույժ վախճանը։ Ու հետո՝ բոլորիս գահավեժ անկումը։ Եվ ակամա հիշում ես մեծ բանաստեղծի տողերը՝

 

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,

Եվ հայրենիքներն անձուկ նրա մեջ,

Եվ աստվածները նրանց զանազան,

Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան։

 

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին,

Ամեն հայրենիք՝ իրեն զավակին…

 

ՆՐԱ ԹՌԻՉՔԸ ԱՂԵՂ Է ԿԱՊՈՒՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎՆրա կյանքն անձնական խիզախում էր, որ դարձավ մեր հավաքական ուժի, հերոսականության խորհրդանիշը, իսկ մահը սողոսկեց մեր սրտերն՝ իբրև համազգային ողբ, անձնական ողբերգություն՝ դառնալով մեր տրոհման, քայքայման խորհրդանիշը. մեր դեմքերին կրկին հայտնվեցին դավաճանության խարանի, հավիտենական անեծքի բծերը, և մենք միանգամից գահավիժեցինք՝ դառնալով կորուսյալ սերունդ։ Եվ սիզիփոսյան ինչ տքնանք, չարչարանց ինչ ճանապարհ պետք է անցնենք մենք՝ լեռան կատարը կրկին, Վազգենի նման գեթ մեկ անգամ բարձրանալու համար և նայելու «սիրտ պայթելու չափ պայծառ» մեր գալիք հորիզոններին, որ նա՛ բացեց իր խոյանքով, իր թռիչքի լուսածիրով։

Բայց դա վերապահված է, ավա՜ղ, դարձյալ գալիք սերունդներին, որոնք «չեն պղծել իրենց շուրթերն անեծքով», քանի որ մենք արժանի չեղանք նրան՝ մեր հերոսին, քանզի նախապես արդեն մեր մեջ մեռել, նեխել էր նրան սնող արյունը՝ հերոսականությունը։

Հետո անցան օրեր, տարիներ, դարեր, իսկ մենք կանք, շնչում ենք։ Մենք ասում ենք՝ նա մեզ հետ է եղել մեր ապրած բոլոր օրերին. այդպե՞ս է արդյոք։ Եվ եթե այդպես է, ի՞նչ է նա մեզ պատգամում…    Նրա փոխարեն բարբառում է իր բացած խոր ակոսը մեր պատմության մեջ՝ խիզախումի, հպարտության, արյան խենթության այդ խոյանքը, որ ետևից տարավ իր նման խենթերին, և բազմապատկվեց ուժը մեր, և զորացավ հայոց այրուձին՝ լուսածիր կապելով երկնքում։

Այդ սրարշավ ընթացքը, այդ խելահեղ թռիչքը մեզ համար չէ, գալիք սերունդների համար է, որոնց արյունը հում է դեռ, որոնք նոր են հղանում գալիքի գաղտնարաններում։ Նրա թռիչքը աղեղ է կապում ժամանակների միջև, և այս է նրա խիզախումի գերագույն խորհուրդը…

Եվ Վազգենի մասին խոսելիս համակվում  ես նրանով և ուզում ես բարձրաձայնել.

 

Ժամանակների կանչը հարատև

Հնչում էիբրև սրբազան պատգամ,

Ե՛լ ի ննջմանեդ, ո՛վ սպարապետ,

Երբ վայրկյանի չափ մոտ է ապագան

 

Ե՛լ ի ննջմանեդ քո արքայական

Երկինք են ելնում և՛ աղոթք, և՛ ձոն,

Օ՜, եղբայրության երջանիկ վայրկյան

Մենք աղոթում ենք կրկին՝ Տե՛ր, կեցո՛

 

Ալեկոծվել են կրկին զորքերը,

Դու մահապարտ ես, սակայն չես պարտվել

Քեզ ժողովրդի ցասումն է ոգել,

Ե՛լ ի ննջմանեդ, ո՛վ սպարապետ:

 

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

♦♦♦

Վազգեն Սարգսյանն ասում էր…

 

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանը արել են միջին դարերում, մյուսները՝ ավելի ուշ, եւ յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արեւի տակ:

♦♦♦

Ժողովո՛ւրդ, պատերազմը չի ավարտվել: Չի՛ ավարտվել: Աստված գիտի՝ ինչ է լինելու: Մի քիչ թուլացանք՝ պարտվելու ենք: Զգոն եղեք, որ չպարտվեք:

Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին. սա է էս երկրի փրկությունը: Սա է, էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը: Ցավալիորեն:

Մտածեք էս երկրի մասին:

♦♦♦

Կարեւորը ժողովրդի ոգին է: Ոգով եւ սոցիալական ավելի վատ պայմաններով կարելի է պատմական կտրվածքով հերոսություններ անել: Առանց ոգու՝ սոցիալական ամենալավ պայմաններում անգամ կարելի է դառնալ անդեմ, անգույն եւ աշխարհի հզորների հետ նույն սեղանի շուրջ նստելու իրավունք չունեցող մի զանգված:

♦♦♦

Միասնությունը կարող է սարեր շուռ տալ:

Կարող է աշխարհ զարմացնել: Նաեւ դառնալ փաստարկ նույն աշխարհի համար: 21-րդ դար հաղթանակած, պատվով մտնելու մեր միակ երաշխիքն է միասնությունը:

Երանի մեր բոլոր քաղաքական կուսակցություններն ու անհատներն այդ գիտակցությամբ առաջնորդվեն: Երանի նրանց օրինակ ծառայի, ոգեւորի պարզ ու պինդ տղաների՝ իրենց հին ու նոր ընկերների օրինակը:

♦♦♦

Կան վճռական պահեր ժողովուրդների եւ պետության կյանքում, երբ պիտի ի հայտ գան վճռական գաղափարներ եւ այդ գաղափարներն իրագործող մարդիկ, որ կկարողանան ժողովրդին իրենց ետեւից տանել: Հազվագյուտ բարեբախտություն է, երբ ժամանակը, ժողովուրդը եւ առաջնորդները գտնում են իրար: 1988 թ. այդպես էր: Շատ կարճ տեւեց: Ցավոք սրտի: Ժամանակի պահանջը, ժամանակի ոգին եւ ժամանակի առաջնորդները իրար համապատասխանեցին: Մեզ խանգարեց անհանդուրժողականությունը:

♦♦♦

Ես երջանիկ մարդ եմ: Որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնելու այն երազանքները, որ փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ ես այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ՝ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա: