Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԿյանքի և մահվան սահմանաբերանին թե ինչի ականատես եղան 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցները,  ինչ հոգեցունց ապրումների  միջով անցան, անհնար է բառերով նկարագրելը:

Պատերազմը խեղում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Հոգեվնասումը դուրս է սովորականի շրջանակներից…

Պատերազմն սկսվելուց ընդամենը օրեր անց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով մարտական գործողությունների հետեւանքով առաջացած հոգեբանական տրավմաների աննախադեպ ծավալը և բանակի մարտունակության վրա այդ ամենի ակնհայտ ազդեցությունը, համակողմանի վերլուծության արդյունքում որոշում կայացրեց անհապաղ կազմավորել հետտրավմատիկ-հոգեվերականգնողական ստորաբաժանում:

-Հոկտեմբերի 11-ին «Զառ» ուսումնական կենտրոնում, զինված ուժերում առաջին անգամ,  իր գործունեությունը ծավալեց  հետտրավմատիկ- հոգեվերականգնողական բաժանմունքը, որի նպատակը մարտական գործողություններից տուժած, հոգեբանական, հետսթրեսային և դեռեւս չախտորոշված հոգեբուժական խնդիրներ ունեցող զինծառայողների բժշկական տեսակավորումն էր, հոգեբանական աջակցության ցուցաբերումը եւ ստացիոնար բուժումը։ Մինչ նոյեմբերի 9-ը, այսինքն՝ մինչ ռազմական գործողությունների ավարտը,  հնարավոր եղավ բուժել եւ իրենց մարտական խնդիրների կատարմանը վերադարձնել բազմաթիվ զինծառայողների,- նշում է ՌԲՎ բժշկական օգնության կազմակերպման  բաժնի ավագ սպա, մասնագիտությամբ հոգեբույժ, բուժծառայության փոխգնդապետ Տիգրան Թունյանը: Պատերազմի ավարտից մեկ օր անց, զինծառայողների  հոգեվերականգնողական գործընթացի  շարունակականությունն ապահովելու, բուժման արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով  ստորաբաժանումը մինչ 2021 թվականի ավարտն իր գործունեությունը շարունակեց ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային  Հայաստան» հանգստյան տանը։ Այստեղ նեղ մասնագիտական որակյալ օգնությանը գումարվել էին նաեւ  հանգստավայրի բնակլիմայական եւ սոցիալ-կենցաղային բարձրակարգ պայմանները, ինչը, իր հերթին,  բավականին նպաստեց մարտական իրադարձությունների հետ կապված տրավմատիկ վերհուշի վերափոխմանը:

Հետտրավմատիկ-հոգեվերականգնողական բաժանմունքում բուժում են ստացել ե՛ւ պարտադիր ժամկետայիններ, ե՛ւ սպաներ, ե՛ւ զորահավաքով զորակոչվածներ:

ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ-Սուր սթրեսային ռեակցիաներով կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով ընդունված բոլոր հիվանդները ունեցել են սթրեսին նախորդած տարբեր վիճակներ`  ականապայթյունային, բեկորային վիրավորում, հրազենային վիրավորում (բուժումից հետո), ականատես են եղել մարտական ընկերների կամ հարազատ եղբոր, հոր զոհվելուն,  ոմանք շրջափակման, գերության մեջ են եղել…

Տարբեր էին  հոգեվնասման աստիճանները՝ բնականաբար մեծապես կախված  անհատի անձնային, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններից. նույն ազդակն ամեն անձի մոտ տարբեր դրսեւորումներով է հանդես գալիս։ Անհատական  մոտեցում է ցուցաբերվել յուրաքանչյուր հիվանդի հանդեպ,- վստահեցնում է փոխգնդապետը:

Տղաների հետ աշխատել են ռազմական հոգեբույժներ, նյարդաբաններ, ֆիզիոթերապեւտներ, ինչպես նաև՝ կամավոր հիմունքներով ներգրավված փորձառու հոգեբաններ: Ռազմաբժշկական վարչության հետ ակտիվորեն համագործակցել են   Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնը:

-Բուժման ընթացքում համակցել ենք  ե՛ւ ավանդական, ե՛ւ նորարարական տարբեր մեթոդներ՝ ֆարմակոթերապիա, հոգեդիագնոստիկա,  հոգեթերապեւտիկ ուղղություններ եւ միջոցներ՝ ռացիոնալ-էմոտիվ թերապիա (բազմակողմանի, ակտիվ-ուղղորդող,  փորձի վրա հենվող հոգեթերապիա է, որն ուղղված է հուզական և վարքային խնդիրների և խաթարումների հաղթահարմանը),  կոգնիտիվ-վարքային (դիսֆունկցիոնալ մտածողության, վարքի և հուզական հակազդումների հաղթահարմանը),   Biofeedback՝ կենսաբանական հետադարձ կապի թերապիա՝ մարմնի ֆիզիոլոգիական և հոգեկան վիճակի ինքնակառավարման սկզբունքն է՝   հատուկ սարքի միջոցով   կարողանում ես բառացիորեն տեսնել և լսել սեփական ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությունները: Այս գործընթացում մեծ դեր է խաղում ինքնակառավարման սկզբունքը։ Մարդը դառնում է ակտիվ մասնակիցն իր բուժման՝  սովորում է գիտակցաբար կառավարել հույզերը, զարկերակի աշխատանքը, արյան ճնշումը, մարմնի ջերմությունը, շնչառությունը..

ՉԿԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԿիրառել ենք նաեւ արտ թերապիա՝ երաժշտաթերապիա, նկարչաթերապիա: Արտ թերապիան եւս հոգեթերապիայի ժամանակակից  ճյուղերից է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա, հոգում կատարվող խմորումները բացահայտվում են գուներանգներով, մեղեդիով… Այսինքն` խորհրդանիշների լեզուն օգնող միջոց է ներքին հուզական կուտակումները, լարվածությունը ոչ վերբալ ճանապարհով դուրս բերելու համար…

Համատեղված ջանքերի  ու համակցված բազմազան բուժմեթոդների կիրառման շնորհիվ  դրական տեղաշարժն ակնառու է՝ հետտրավմատիկ-հոգեվերականգնողական կենտրոնում  բուժված, օգնություն ստացած հիվանդների 80-90 տոկոսը լիարժեք ապաքինված վերադարձել է իր  բնականոն կյանքի ռիթմին,- ամփոփում է  փոխգնդապետ Տիգրան Թունյանն ու  շեշտադրում բանակում  հոգեկան առողջությանն ուղղված ծառայությունների մեծացման կարեւորությունն ու սթրես կենտրոն ունենալու անհրաժեշտությունը. «Այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ անընդհատ սահմանային լարված իրավիճակների կիզակետում ենք, սթրես կենտրոն  հիմնելով մենք կկարողանանք արդիական միջոցներով եւ մեթոդներով առավել արդյունավետ աշխատել հոգեվնասումներ ստացած զինծառայողների հետ եւ ժամանակին հաղթահարել հոգեկան առողջության կայունությունը խաթարող տարաբնույթ խնդիրները։ Գաղտնիք չէ, որ այդօրինակ խնդիրները ժամանակին չբուժելը  հանգեցնում է ծանր հետեւանքների՝ վնասակար սովորությունների հակվածություն՝ ալկոհոլամոլություն, թմրամոլություն եւ այլն, հակասոցիալական վարք,  ագրեսիվ դրսեւորումներ,  ինքնասպանությունների, ինքնախեղումների բարձր ռիսկ…

Մարդու գործունեությունը սերտորեն կապված է առողջության հետ՝ չկա առողջություն առանց հոգեկան առողջության:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ