Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ»
«ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ»

«REGNUM» տեղեկատվական գործակալությունը տարածել է Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունը այդ երկրի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Փաստաթուղթը տպագրում ենք մասնակի կրճատումներով:

«Մեր թանկագին եղբայրներ և որդիներ

Ահա ավելի քան քսան տարի է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը մեր ժողովուրդներին պարտադրում է պատերազմել Արցախ-Ղարաբաղի հայերի դեմ: Սա թերևս մեծագույն անարդարությունն է, որին ակամայից մասնակցում են Ադրբեջանի բնիկ ժողովուրդները: Քսան տարուց ավելի մեր երիտասարդները իրենց ջահել կյանքը վտանգում ու զոհում են ադրբեջանցիների շահի համար: Զոհվում են նրանք ու նաև սպանում են մեր դարավոր հարևաններին՝ հայերին: Եվ այս ամենը՝ Բաքվի իշխանությունը մեր հայրենիքում ամրապնդելու համար:

Ո՞վ կարող է մեզ բացատրել, թե ինչու պիտի լեզգիները, թալիշները, ավարները, ցախուրները, ուտիները, ռուտուլները կռվեն հայկական սարերում: Բաքուն ասում է, որ մենք պետք է պաշտպանենք հայրենիքը թշնամուց: Բայց մի՞թե Ղարաբաղը մեր հայրենիքն է, և մի՞թե հայերը մեր թշնամիներն են:

Երբ 20 տարի առաջ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից, մեզ՝ տարածաշրջանի բնիկներիս, չհարցրեց՝ համաձա՞յն ենք արդյոք այդ որոշմանը: Այդ կամայականության արդյունքում մեզնից շատերը դարձան սահմաններով տարանջատված ժողովուրդներ: Այսօր մեզ՝ ավարներիս, ցախուրներիս, ուտիներիս, ռուտուլներիս պարտադրում են կռվել նաև այդ տարանջատող սահմանները ամրապնդելու համար՝ հանուն ներկա ասիմիլյացիոն ռեժիմի վերջնական հաստատման:

Ողջ աշխարհն է տեղյակ, թե 1988-94 թթ. պատերազմի տարիներին Ղարաբաղում ապրող ադրբեջանցիներն ու քրդերը վախկոտի պես ինչպես փախան հայ զինվորներից: Իսկ նույն ժամանակ հազարավոր մեր տղաները զոհվեցին Ղարաբաղում, ինչն էլ օգնեց Ալիևներին ամրապնդելու իրենց իշխանությունը Ադրբեջանում: Այսօր Ալիևները մեր հողերը բնակեցնում են Լեռնային Ղարաբաղից փախած ադրբեջանցիներով ու քրդերով, մեր ձեռքից խլում են մեր տները, Ադրբեջանից վտարում մեր հայրենակիցներին:

Մեր հողը, մեր բազմադարյան հայրենիքը բնակեցվում է Նախիջևանի և Վրաստանի ադրբեջանցիներով, և, որքան էլ ցավալի է, դրանում մեր մեծ մեղքի բաժինն էլ կա:

Ադրբեջանը բանակին հսկայական միջոցներ է հատկացնում, և կարելի է չկասկածել, որ վաղ թե ուշ այդ բանակը շրջվելու է մեր՝ բնիկ անդրենածին բնակիչներիս դեմ: Մեր հայրենիքը թյուրքացնելու խնդիր իրականացնող Բաքվի հանցավոր իշխանության կարծիքով՝ մենք իրավունք չունենք սովորելու և խոսելու մայրենի լեզվով, իրավունք չունենք երգելու մեր երգերը, գովերգելու մեր ազգային հերոսներին: Մեզնից խլում են մեր պատմությունը, լեզուն, մշակույթը: Մեզնից խլում են մեր Հայրենիքը: Եվ այս ամենում մենք ինքներս մեր լռությամբ ու անգործությամբ օգնում ենք թշնամուն:

Մեր թանկագիր որդիներ ու եղբայրներ, մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հայ ժողովրդի թշնամին չենք: Նաև պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հայ ժողովրդին մեզ թշնամի չենք համարում: Հայերի և մեր ժողովուրդների պատմությունը միահյուսված է մեր սրբազան հողում և խոր արմատներ ունի: Չպետք է թույլ տանք, որ մեր ընդհանուր թշնամին մեր միջև ատելություն և թշնամանք սերմանի:

Կոչ ենք անում բոլորիդ, վճռականորեն հրաժարվել Ադրբեջանի զինված ուժերի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին ծառայելուց: Մենք դեմ չենք բանակում ծառայելուն, սակայն կտրականապես դեմ ենք հայերի վրա կրակելուն: Մեր երիտասարդները պետք է ծառայեն միայն մեր պատմական հայրենիքի տարածքում՝ լեզգիները՝ Լեզգիստանում, թալիշները՝ Թալիշում, ավարներն ու ցախուրները՝ Ջարում… Մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը ցանկացած թշնամուց, որքան էլ այն հզոր ու մեծաթիվ լինի, բայց չենք ուզում գրավել Ղարաբաղը նրանց համար, ովքեր ոչնչացնում են մեզ՝ մեր պատմական ժառանգության ու անցյալի հետ միասին:

Սա մեր արդար դիրքորոշումն է Բաքվի և Ստեփանակերտի հակամարտության առնչությամբ: Դա մեր պատերազմը չէ, և մեր տղաները, մեր ապագան չպետք է վտանգվեն այնտեղ: Եթե Ադրբեջանին հաջողվի հաղթել հայերին Լեռնային Ղարաբաղում, ապա ուրիշների ունեցվածքը զավթելու ճանապարհին հաջորդ թիրախը, անտարակույս, մենք ենք լինելու՝ լեզգիներս, թալիշներս, ավարներս, ցախուրներս, ուտիներս, ռուտուլներս… Ու այդժամ հավիտյան կզրկվենք մեր պատմական հայրենիքում ինքնիշխան ապրելու հույսից:

Մեր թանկագին որդիներ և եղբայրներ:

Պարտավոր ենք հասկանալ, որ այսօր օգնելով Ադրբեջանին պատերազմելու հայերի դեմ, դրանով նրան հնարավորություն ենք տալիս ճնշելու ազատության մեր բնական ձգտումը: Չպետք է վախենալ այս արդար որոշման դեմ ադրբեջանական իշխանությունների հակազդեցությունից: Եթե անգամ մեր տղաների կեսը կամ մեկ երրորդն ընդունեն սույն որոշումը, նրանք անուժ կլինեն մեր դեմ: Բաքուն լավ գիտի, որ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները հանրապետությունում շատ ավելի են, քան ադրբեջանցիները: Ժողովրդի դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Բաքվում պետք է հասկանան. մեր պահանջը պատերազմի կոչ չէ Ադրբեջանի իշխանություններին, այլ պարզ, մարդկային ցանկություն խաղաղ ապրելու հարևանների հետ:

Մենք խաղաղ Հարավային Կովկասի կողմնակից ենք: Մենք քվեարկում ենք հանուն խաղաղության:

Եղբայրներ և քույրեր: Մի՛ թույլ տվեք, որ ձեր որդիները ծառայեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին: Մենք պարտավոր ենք Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղ կյանք ապահովել և դատապարտել ադրբեջանական իշխանությունների նոր պատերազմի անպատասխանատու կոչերը:

Սա բացառիկ իրավիճակ է. եթե ընդունենք այս որոշումը և վճռականորեն իրագործենք, ապա պատերազմի սպառնալիքը կվերանա, քանզի ադրբեջանցիները երբեք չեն համարձակվի պատերազմը միայնակ վերսկսել: Ադրբեջանի բնիկ ժողովուրդները լրջագույն քաղաքական գործոն են: Հարավային Կովկասում խաղաղությունը մեզնից է կախված: Հազարավոր մեր զավակների կյանքը կախված է մեր վճռականությունից»:

Հայտարարությունը, որը բաց է բոլոր կազմակերպությունների և անհատ անձանց համար, ստորագրել են՝

Ավարների Ջամաաթների միություն՝ ՄՈՒՍԼԻՄ ՄԱԳՈՄԵԴՈՎ, ՄԱԳՈՄԵԴ ՉՈՒՊԱՆՈՎ, ԻԶՐԻ ՕՄԱՐՈՎ, ՇԱՄԻԼ ՄԱԳՈՄԵԴՈՎ

Լեզգի ժողովրդի համաշխարհային կոնգրեսի նախագահ՝ ՄԱԳՈՄԵԴ ՄԱԳՈՄԵԴՈՎ,

«Լեզգի սպաներ» համառուսաստանյան միության նախագահ ՄԱԳՈՄԵԴ ՕՄԱՐԻ ՄԱԳՈՄԵԴՈՎ

Լեզգի երիտասարդների համառուսաստանյան միության նախագահ ԷՆՎԵՐ ԱԲԴՈՒԼԱԵՎ

Ռուտուլ գրող, հրապարակախոս՝ ՖԱԶԻԼ ԴԱՇԼԱՅ

Իրանի ռադիոյի թալիշական խմբագրության տնօրեն՝ ՅԱՍԵՐ ՔԱՐԱՄԶՈԴԱ