Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԳԵՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ`ՀԱՐԱՏԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ



Դեկտեմբերի 4-ին Բաքվում ոստիկանությունը ցրել է հերթական քաղաքացիական ակցիան, որը կազմակերպել էր Ադրբեջանի երիտասարդական կազմակերպություններից մեկը:

Որ Ադրբեջանում բացակայում են ժողովրդավարության անգամ պարզագույն տարրերը, ոտնահարվում են մարդու` հանրահավաքներ, ցույցեր և ելույթներ կազմակերպելու իրավունքները, բազմիցս հիշատակվել է հանրաճանաչ մի շարք ԶԼՄ-ների կողմից, ինչպես նաև իր արտացոլումն է գտել աշխարհի խոշորագույն տերությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հաշվետվություններում: Ադրբեջանի ընդդիմադիրների կամ քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած ցանկացած միջոցառում դատապարտված է, իսկ դրանց կազմակերպիչները լավագույն դեպքում ենթարկվում են տուգանքի, էլ չասած` քրեական հետապնդման մասին:

Առաջնորդվելով մինչեւ օրս տեղի ունեցածի տրամաբանությամբ, վերոհիշյալ «իրադարձությունը» կարելի էր դիտարկել որպես սովորական երևույթ ադրբեջանական հասարակական-քաղաքական կյանքում: Սակայն այս անգամ տվյալ փաստը մի տեսակ զարմանք և միաժամանակ վրդովմունք առաջացրեց ադրբեջանցիների շրջանում, քանի որ ակցիան չուներ նույնիսկ չնչին քաղաքական ենթատեքստ, կազմակերպվել էր չքաղաքականացված երիտասարդական կազմակերպության կողմից, նույնիսկ ուղղված չէր ադրբեջանական «հասարակությունում» առկա խնդիրների բարձրաձայնմանը եւ նվիրված էր երկրում ընթերցանության խթանմանը` «Կարդացեք գրքեր» անմեղ վերտառությամբ: Ակցիան ֆլեշմոբ էր, որի ընթացքում ադրբեջանցի 100 երիտասարդներ պետք է գրքերով հավաքվեին Բաքվի «Շատրվանների հրապարակում» և կազմակերպեին խմբակային ընթերցանություն: Այնինչ ֆլեշմոբի մեկնարկից որոշ ժամանակ անց «դեպքի վայրում» հայտնվեցին ոստիկանները և ցրեցին երիտասարդների հավաքը` չցանկանալով նույնիսկ լսել կազմակերպիչների բացատրությունները տվյալ ակցիայի բովանդակության վերաբերյալ:

Ժամանակակից աշխարհում, երբ ինտերնետի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, երբ հասանելի են ժամանցի հազարավոր տարբերակներ, գիրք կարդացողների քանակը շեշտակի նվազում է: Խնդրի արդիականությունը գիտակցում են նաև ադրբեջանական հասարակության որոշ շերտեր, որոնք, ի տարբերություն ադրբեջանական վերնախավի (որը ուրիշ պետությունների մշակույթը գողանալուց, սեփական երկրի նավթային հարստությունը գովազդելուց և ադրբեջանական հասարակությունում հայատյացություն սերմանելուց բացի ոչինչ չի անում), փորձում են գոնե նմանատիպ միջոցառումներով նպաստել երկրում կրթվածության մակարդակի բարձրացմանը:

Համեմատության համար նշեմ, որ գիրք կարդալու բարի սովորության վերականգնումը Հայաստանում ևս բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է: Սակայն, ի տարբերության մեր արևելյան հարևանների, Հայաստանում ընթերցանության բարձրացմանն ուղղված միջոցառումները վայելում են իշխանությունների հովանավորությունը: Մասնավորապես, Հայաստանի ներկայացրած հայտը քննարկելու արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: 2012թ. ապրիլից մինչև 2013թ. ապրիլն անցկացվելիք այս խոշոր միջոցառման շրջանակներում Երևանում կբացվեն նոր գրադարաններ և գրախանութներ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Երևան կժամանեն հյուրեր տարբեր երկրներից: ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2012-ին Հայաստանում պաշտոնապես կնշվի հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը տպագրվել է 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից։

Անդրադառնալով ադրբեջանցի երիտասարդների կազմակերպած ակցիայի ցրման փաստին` պետք է արձանագրել, որ նմանատիպ գործողությունների հրամանները, անկասկած, տրվում են անմիջականորեն նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Ալիևյան կլանը, հավանաբար, վախենում է, որ դրանք կարող են հիմք դառնալ ընդդիմության ցույցերի կազմակերպման համար, որոնք իրենց հերթին կարող են վերաճել բռնատիրական ռեժիմի դեմ քաղաքացիական ելույթների:

Փաստորեն, այսօր Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնտու չէ սեփական ժողովրդի կրթվածության մակարդակի բարձրացումը: Բանն այն է, որ Ադրբեջան պետության հիմնական գաղափարախոսությունը հիմնված է «Ղարաբաղի` ադրբեջանական հող լինելու և այն հայերից ցանկացած գնով հետ նվաճելու» ցնորքի վրա, որին կարող են հետևել միայն մոլեռանդները: Իսկ ինչպես հայտնի է` մոլեռանդությունը կարող է սնունդ առնել միայն կենսական և կրթական ցածր մակարդակ ունեցող հասարակության մեջ, ուստի սեփական երկրում անգրագիտության ամրապնդումը ալիևյան կլանի համար կարող է լինել իշխանության պահպանման հիմնական միջոցներից մեկը. չէ՞ որ նախիր ղեկավարելն ավելի հեշտ է, քան գիտակից հասարակություն:

Ուստի ճիշտ եզրահանգման են եկել «Կարդացե՛ք գրքեր» ակցիան կազմակերպած ադրբեջանցի երիտասարդները` «Ադրբեջանում կարդալն արգելված է. վնաս է աչքերի համար»:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ռազմաքաղաքական


21/12/2011