Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՐՄԵՆՉՈՆ



Մեր Արմենը՝ Արմեն Գասպարյանը, հիրավի, մարտական մեծ ու փառավոր ուղի է անցել։ Իբրեւ հմուտ ու փորձառու հրամանատար, առավել եւս՝ իբրեւ անվեհեր մարտիկ – զինվոր, նա միշտ առաջին գծում էր։ Ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ թշնամին գլուխ էր բարձրացնում, եւ հարկավոր էր մի լավ դաս տալ երես առած խուժանին։ Այս մասին գիտեն բոլորը, ինչպես հայրենի Տողում, այնպես էլ Ցորում, Դոլանլարում, Կարմիր Շուկայում… Մի խոսքով՝ այնտեղ, որտեղ ոտք է դրել, որտեղ կատաղի մարտեր է մղել, արիություն, խիզախություն է ցուցաբերել եւ իր անձնական օրինակով ոգեւորել, ուժ ու կորով ներշնչել տղաներին։ «Ամե՜ն, ամեն տեղ. ե՛ւ Մարտակերտի ու Ասկերանի շրջանների գրավյալ հողերը ազատագրելիս, ե՛ւ Ֆիզուլիի, Աղդամի ու Լաչինի, ապա եւ Բերդաձորի, Շուշիի համար մարտնչելիս, ե՛ւ, իհարկե, հարազատ գյուղի լինել-չլինելու հարցը վճռելիս։ Ու ամենեւին էլ զարմանալի չէ, որ այստեղ էլ նրա սխրանքների, նրա մարդասիրական արարքների մասին հարգանքով ու պատկառանքով են հիշատակում.

– Նա իրեն Գտչավանքի զինվոր էր համարում ու սիրում էր հաճախակի կրկնել՝ թուրքի գնդակն ինձ չի կպչի,- հիշում է զինակից ընկերներից Կառլեն Միքայելյանը՝ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ։- Ես,- շարունակում է նա,- որ միշտ նրա հետ եմ եղել, նրա կողքին, շատ անգամ ականատես եմ եղել դեպքերի, որոնք նկարագրել անգամ չեմ կարող։ Պատմեմ միայն մեկը. Հողեր գյուղի հյուսիսարեւելյան բարձունքին՝ Մոզի գինու գործարանի ուղիղ գլխավերեւում ամրացած հակառակորդը կրակակետ էր դրել, որտեղից դիպուկահարները խփում, շարքից հանում էին մեր ազատամարտիկներին, նաեւ՝ կաշկանդում ռազմական ակտիվ որեւէ գործողություն։ Արմենը, որ, ի միջի այլոց, հմուտ սակրավոր էր, դիմում է հանդուգն քայլի, մոտենում է կրակակետին եւ «անակնկալ» մատուցելով թուրք դիպուկահարին՝ պայթեցնում է կրակակետը։ Ա՛յ, այսպիսին էր մեր գումարտակի հրամանատարը, մեր Արմենչոն, որից սարսափում էին ազերիները, օմօնականները՝ զարհուրում։

♦♦♦

… Ադրբեջանցիներն ու հատուկ նպատակով բերված օմօնականները անում էին ինչ կամենում էին։ Գյուղը պարզապես վերածվել էր ավազակաորջի։ Մի օր էլ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ղեկին նստած ադրբեջանցի մի տղա, որին Ֆիզուլիի ԽՍՀՄ ներքին զորքերի պարետատունը ըՁՀ ու մինչեւ ատամները զինված զինվորներ էր տրամադրել, հասնելով գյուղ ու տեսնելով հավաքված տողեցիներին, սկսել է լուտանքներով ու հայհոյանքով սպառնալ, թե իրենք բոլորին կկոտորեն, եթե հայերը 16 կգ իրենց հասանելիք բեռը շալակած՝ չհեռանան գյուղից։

Եվ, ահա, հենց այդ պահին, չգիտես որտեղից, հայտնվել է Արմենը ու դիմելով «գահրաման» (հերոս) բալին՝ պահանջել, որ «նեղություն քաշի» ու ցած իջնի մեքենայից… Ամբարտավան կեցվածքով ազգայնամոլը, որ օրը ցերեկով անարխիստի օյիններ էր խաղում, ձեռքը տարել է ատրճանակին, որ իր հերթական ոճիրն իրագործի, սակայն Արմենը ճարպիկ մի շարժումով ինքնաձիգից կրակել է ուղիղ ճակատին, հետո ավելի մոտենալով՝ կրակահերթով քառատել է նրա մարմինը, ինչպես ամիսներ առաջ անիծվածներն էին քառատել նորածին հայ մանկանը… Նա հերոս էր, հերոս բառիս իսկական իմաստով։ Ահա թե ինչու նրա մասին մի առանձին սիրով, ակնածանքով են խոսում ոչ միայն մարտական ընկերները, այլեւ բոլորը՝ մեծերն ու փոքրերը։ Ասում են՝ Արմենի պատվին նույնիսկ երգ են հորինել, որ երգում են ուրախության հանդեսների ժամանակ։

Հայրենի գյուղում կռիվ էր մղվում.

Արմենչոն առա՜ջ, առա՛ջ էր գնում…

Այսպես է սկսվում երգը։ Ու ավարտվում է այս տողերով.

Մեր Արմենչոն հերո՜ս, հերո՛ս կմնա,

Մեր սրտերում նա հավե՜րժ կմնա…

Գուցե խոսքերը շատ են պարզունակ, բայց փույթ չէ. ժողովուրդը սիրում, պաշտում է իր ծոցից ելած հայ քաջորդուն ու նրա հիշատակը անմեռ է պահում իր սրտի խորքում։

♦♦♦

Արմեն Գասպարյանի հրամանատարական ունակությունները դրսեւորվեցին ազատագրական պայքարի առաջին իսկ օրից։ Նա խոհեմ էր, համարձակ ու չէր հանդուրժում ցանկացած խուճապային տրամադրություն։ Ու քանի որ մանկուց քաջածանոթ էր միջավայրին եւ ժամանակին էլ լավ էր յուրացրել կինոմեխանիկի ու ռադիոտեխնիկի մասնագիտությունները, ռազմական այլազան տեխնիկային տիրապետում էր անկաշկանդ ու հմտորեն։ Եվ գումարտակը, որը, ըստ էության, հրաձգային էր, կարելի էր առանց վարանելու համարել նաեւ սակրավորային, քանզի ինքը՝ Արմենը, նաեւ փորձված սակրավոր էր։

Պատերազմի հենց սկզբից հակառակորդը փորձեց տիրանալ Դրախտիկին՝ ցանկանալով Հադրութը մեկուսացնել Ստեփանակերտից։ Կանխագուշակելով թշնամու հավանական առաջխաղացման երթուղին, Արմենը մի գիշերվա ընթացքում ականապատեց Դրախտիկ եւ Գյոմշատտո գյուղերի միջեւ ընկած ճանապարհները, որով եւ կասեցվեց հակառակորդի զրահատեխնիկայի ու հետեւակի գրոհը։ Ի դեպ, մեծթաղերցի չորս տղաների հետ նույն բանը նա արել է այն ժամանակ, երբ հարձակում պիտի սկսվեր հայրենի Տողի վրա։ Մի գիշերվա մեջ ականապատել էր Ղաջարից մինչեւ «Ջաղացի բանդ» կոչվող տեղամասը, ինչը բոլորովին էլ դյուրին չէր…

♦♦♦

Որպես հրամանատար` նա հոգ էր տանում զինվորի մասին։ Բայց նաեւ պահանջում էր, ստուգում, փորձում։ Տեղեկանալով, որ Կարմիր Շուկայի տղաները հակատանկային զենք-զինամթերք են ձեռք գցել, գնում է, որ գոնե մի բան էլ ինքը բերի։ Երբ մութն ընկնում է, զենքը ուսին դրած՝ վերադառնում է Դրախտիկ, ու քանի որ կեսգիշեր էր, որոշում է հընթացս ստուգել դիրքերը հսկող ջոկի սթափությունը, արթունությունը։ Որոշում ու դիրքերին մոտենում է ոչ թե թիկունքից կամ կողքից, այլ հենց ճակատից՝ դեմ հանդիման։ Հանկարծակիի եկած մարտիկները, պարզ է, արժանանում են խիստ հանդիմանանքի, ոմանք նաեւ՝ պատժի, իսկ ինքը, երկար ճանապարհից, անքնությունից հոգնած, պառկում է մտերիմ ընկերոջ՝ Վաչիկ Առուշանյանի տան թախտին ու հանգիստ քնում մինչեւ լուսաբաց՝ համոզված, որ հակառակորդի տանկային գրոհը հնարավոր կլինի կասեցնել։

Ուրիշ էլի շատ դեպքեր, վիշտ ու տրտմություն, ժպիտ եւ ուրախություն պարունակող եղելություններ են պատմում։ Բոլորի մասին հիշատակել չի լինի ու միտք էլ չունի։ Պարզապես պետք է նկատել, որ մեր՝ Արմենչոյի կարճատեւ կյանքը կարծես խաղաքարտ լիներ, որի վրա նա դրել էր այն ամենը, ինչ ուներ՝ սերը հայրենիքի հանդեպ, հոգու տառապանքն ու ցավը մարտի դաշտում ընկած զինվորի համար, անզուսպ ատելությունը մոլեռանդ խուժանի նկատմամբ, որ փորձում էր ահավոր սպանդ կազմակերպել, հրի ու սրի մատնել իր բնօրրանում, իր պապենական հողում, իր արդար վաստակով ապրող հայ շինականին, հայ մարդուն…

♦♦♦

Զինակիցների վկայությամբ՝ Արմենը սերտ կապեր ուներ Մոնթե Մելքոնյանի հետ։ Եվ որ նրա հետ բազմիցս հանդիպել, ծունկ-ծնկի նստել ու լուծելիք հարցեր է քննարկել, ոգեւորվել ու ոգեւորել։ ՈՒ թերեւս զարմանալի չէ, որ Տողի ու Մարտունու ճակատներում մեր զինվորների առաջխաղացումը անկասելի էր։ Տողի գումարտակը մասնակցել է Հադրութի շրջանի հայաթափված բոլոր գյուղերի ազատագրմանը։ Տողեցիները կռվել են Մարտակերտում, Ասկերանում, հասել Ղուբաթլու, Զանգելան, Ջեբրայիլ։ Մարտական ընկերները ասում են, որ Բաշարաթի համարյա բոլոր բարձունքները Արմենն անձամբ է գրավել եւ մեր դիրքերը 4-5 կմ առաջ տարել։

Հայրենի գյուղի ազատագրումը Արմենի համար երազանք էր, բայց ոչ վերջնակետ։ Դրանից հետո նա դեռ շուրջ երկու տարի կռիվ էր մղում համառորեն դիմադրող ու մեկ-մեկ էլ իր «անպարտելի ուժը» ցուցադրող ազերիների կանոնավոր բանակի դեմ՝ հեռվում ծվարած հայկական գյուղերի՝ Առաքելի, Սարինշենի, Մաճկալաշենի, Ավդուռի, ուրիշ շատ բնակավայրերի համար՝ արհամարհելով նոր-նոր սպիացող վերքերի (երեք անգամ վիրավորվել է) ցավն ու մորմոքը:

♦♦♦

Վերջին մարտը մղեց Նորաշենի համար։ 93-ի հուլիսի 2-ին էր, երբ նոր էր բոլորել իր 32 տարին։ Մայրը՝ Նինան, պատմում է.

– Այդ օրը, հուլիսի 2-ին, մի քանի հոգով նշում էինք հոր՝ Լենոյի մահվան տարելիցը։ Արմենը, մինչ արարողությունը ավարտելը, տեղից վեր կացավ ու՝ «Ինձ ներեցե՛ք, ես պիտի գնամ… Պիտի շուտ հասնեմ տղաներին… Այնտեղ արդեն թեժ կռիվ է…»։ Այս բառերը վերջինն էին, որ ես լսեցի իմ այնքան սիրելի Արմենից։

Ասում ու արցունքը խեղդում է կոկորդում։ Հետո լուռ, խոհուն հայացքով նայում է կապուտակ երկնքին, հեռուներին ու ինչ-որ բան մրմնջում։ Ապա, «ուշքի գալով», շարունակում է.

-Հողն է մարդուն պահում ու ապրեցնում, առանց հողի մենք ի՞նչ մարդ ենք։ Հող ծաղկեցնողը միայն հայրենիք կպահի… Ինչքա՜ն զոհեր տվեցինք մեր հողի համար, ինչքա՜ն ջահել-ջիվաններ…- Ու անուններ է շարում։- Ռուբիկ, Գրիշա, Յուրա, Արարատ, Վալերիկ, Արթուր, Վիգեն, Վահան… Ա՛յ, այս քաջերի կյանքի գնով մենք հաղթեցինք…Ապրեցինք։

Կողքին նստած թոռը՝ Հայկը, կամաց ասում է.

– Բաբո՛, լյավ…, հանգստացի։

ՈՒ բաբոն ա՛խ է քաշում, հանգստանում։

♦♦♦

Փառք Աստծո, Արմեն Գասպարյանը իրենից հետո հայրական օջախի հավատարիմ պահնորդներ է կարգել, որոնք այսօր բարձր են պահում իր պատիվն ու բարի համբավը։ Երեք տղա ու մի աղջիկ։

– Մեծ եղբայրս՝ Հարութը,- ներկայացնում է Հայկը,- ավարտել է ռազմական ակադեմիան։ Ավագ լեյտենանտ է։ Ծառայում է։ Հրայրը զորացրվելուց հետո ընդունվել, սովորում է Արցախի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետի 2-րդ կուրսում, քույրս՝ Հեղնարը, քիմիայի ու կենսաբանության բաժինն է ընտրել։ Առաջին կուրսում է։ Դե՛, ես էլ նույն բուհի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի բաժնի 4-րդ կուրսում եմ սովորում (հեռակա), որոշել եմ ե՛ւ սովորել, ե՛ւ աշխատել։ Քաղաքից եկել. այստեղ, տատիկիս մոտ եմ մնում։ Մեծ հողատարածք եմ վերցրել, մտադիր եմ հացահատիկային կուլտուրաներ ցանել։ Հուսանք, որ լավ կլինի։

Հրաժեշտ եմ տալիս հյուրընկալ օջախի տերերին՝ պարզ ու արդարամիտ Նինա տատիկին, շիտակ ու բանիմաց Հայկին, պատերազմի բովով անցած քաջակորով Կառլենին, ու հայացքս վերջին պահին վերստին սահում-կանգ է առնում Արմենի մեծադիր նկարին եւ այնքա՜ն շատ բան ասող վկայականին, որ մայրը (ասեմ՝ վախո՞վ թե՞ ափսոսանքով) դեռ պահում էր ափի մեջ։

Վերցնում եմ, կարդում.

«Արմեն Լենոյի Գասպարյան.

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ անձնական արիության համար ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993թ. որոշմամբ պարգեւատրվում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով»…

Քեզ փառք ու պատիվ, մեր Արմենչո…

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
գ. Մեծ Թաղեր, ԼՂՀ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ճակատագրեր


21/12/2011