Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵԼ, ԿՌՎԵԼ, ԳՐԵԼ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՆՅԱՐԴԵՐՈՎ



Նորահայտ փաստեր Նժդեհի մասին` նրա թոռնուհի, դերասանուհի ԳՈՀԱՐԻՆԵ ՏՐԴԱՏՅԱՆԻ հուշերում

Սկիզբը` նախորդ համարում

Ամուսինս` բանասեր Պավել Անանյանը, մեր ամուսնությունից հետո է իմացել, որ ես Նժդեհի թոռնուհին եմ: Սկսել է ուսումնասիրել Նժդեհին, թարգմանել նրա գործերը ու մի տեսակ հիվանդացել է Նժդեհով: Ճիշտն ասած, մի շրջան կար, ուզում էինք հեռանալ Հայաստանից, բայց երբ տարվեց նժդեհյան գաղափարախոսությամբ, ասաց` ես չեմ գնա այս երկրից, այստեղ պետք է մնամ: Եվ դա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին մենք Հայաստանում տիրող ներքին մթնոլորտը համեմատում էինք Շեքսպիրի Համլետում նշված օրինակի հետ, երբ Համլետն ասում է, որ աշխարհը բանտ է, իսկ Դանիան ամենավատ բանտախուցն է, նույն կերպ Հայաստանը դիտարկում էինք իբրև խորհրդային վարչակազմի ամենավատ դրսևորումը:

Մեր հանդիպումն էր բավական հետաքրքիր: 1976-ին ներկայացում էինք պատրաստում, այն ժամանակ ես ռեժիսուրայի ֆակուլտետում էի, մեկ էլ դուռը բացվեց, ու մի տղամարդ ներս մտավ: Ես նայեցի ու անկախ ինձնից ասացի, ամուսինս եկավ: Ընկերուհիս կողքս էր, մի լավ ծիծաղեց, հետո, իմ լրջությունը տեսնելով, ասաց` ախր, լրիվ անծանոթ է, բայց ես արդեն ամբողջովին այդ մտքերով էի: Պարզվեց` մեր ռեժիսորի` Յուրայի ընկերներից է, Յուրան ծանոթացրեց բոլորիս հետ: Պավել Անանյանն էր` Վախթանգ Անանյանի եղբոր թոռներից: Շատ հարգալից բոլորիս բարևեց, ծանոթացավ, սակայն վրաս նույնիսկ չնայեց էլ: Ինձ ուտում էի, եկա տուն, մայրիկիս ասացի, որ չեմ ամուսնանալու…: Մեկ ամիս անց ես ու Պավելը ամուսնացանք:

Երբեմն մտածում եմ ու այնքան լավ եմ զգում, որ ես Նժդեհի թոռնուհին եմ, որ նրա արյունն է իմ մեջ հոսում: Ինչպես պապս, տատս, մայրս են ապրել` առանց նյութական ձգտումների, հոգեկերտվածքի ձևախեղումների, նույն կերպ ես եմ ապրել: Հակառակ դեպքում ես ինձ չէի հարգի, կհամարեի, որ դավաճանել եմ պապիս: Ուրախալի է, որ նույն կերպ էր մտածում նաև ամուսինս` Պավելը: Երբ ամուսնանում էինք, նա ասաց` Գոհար, դու կարող ես լավ ապրել, արժանի ես ամեն ինչի, բայց ես ոչինչ չունեմ: Հավատացնում եմ, մեր համատեղ կյանքի ընթացքում շատերից երջանիկ ենք եղել` չտրվելով նյութապաշտության մոլուցքին, հետևելով Նժդեհի գաղափարներին ու օրինակին: Պարզապես ստեղծագործել ենք հանուն ավելի պայծառ կյանքի: Ե՛վ լավ ապրել, և՛ ունենալ սկզբունքներ չի կարելի:

Ամուսինս այնքան տարվեց Նժդեհով, որ հանձն առավ նրա գերեզմանը գտնելու գործը: Մի քանի համախոհների հետ միասին ծրագիր մշակեցին: Մի անգամ` ձմռանը գնաց Վլադիմիրյան բանտ, ոչինչ չգտավ, բացի այդ, նրան ասացին, որ շուտով տվյալ տարածքով պետք է մայրուղի անցնի: Պավելը վերադարձավ և Վարագ Առաքելյանի հետ պայմանավորվեց, որ գործընթացը պետք է արագացնել: 1983թ. նա աճյունը բերեց Հայաստան: Բերեց մի նկարի միջոցով: Սփյուռքահայ դաշնակցական գործիչ Հովհաննես Դեվեջյանը, որ Նժդեհի հետ Վլադիմիրյան բանտում էր նստել, հետաքրքիր մարդ էր, հիշողություններ է տպագրել այդ շրջանի մասին: Նրա մոտ կար Նժդեհի գերեզմանի լուսանկարը` արված հիսնականներին: Նկարում գերեզմանի վրա տախտակից ցուցանակ է եղել` վրան գրված Տեր-Հարությունյան, հետագայում այն կա՛մ հանել են, կա՛մ ուղղակի չի պահպանվել, դրա հետ միասին կորել են նաև բանտային արխիվներում պահվող փաստաթղթերը գերեզմանի տեղի մասին: Երբ ամուսինս հարցրել է բանտում, թե այսինչ մարդու գերեզմանը որտեղ է, նրան պատասխանել են, թե տվյալներ չկան, բայց Պավելը գտել է առանց կոնկրետ տվյալների, այդ մի լուսանկարի միջոցով: Գտել է նկարում երևացող ցանկապատը, թեև գերեզմանատան բոլոր հատվածները միանման են եղել: Գտել է Աստծո օգնությամբ: Հետաքրքիր է, որ Պավելին օգնել է ՊԱԿ-ի մի աշխատակից: Պավելը ոչինչ չէր ասել իր այցի իրական նպատակների մասին, իսկ այդ մարդը իմացել է, թե նա իր պապիկին է փնտրում: Ու ասում էր` ինչ լավ տղա ես, այսքան տարի է անցել, իսկ դու եկել ես քո պապիկի հետևից: Օգնել է նաև մի հրեա տղա: Բոլորով համատեղ օրը ցերեկով սկսել են քանդել գերեզմանը, մյուսները բնականաբար չգիտեին: Պավելի համար այդպես ավելի լավ էր, կասկած չէր հարուցում, կկարծեին, թե սովորական ինչ-որ գործ են անում: Պատմում է, որ նույնիսկ վերջին պահին կասկածներ են եղել` ճիշտ տեղում են քանդում, թե ոչ: Ձեռքը դրել է հողի վրա ու ասել` այստե՞ղ ես, ու նույն պահին կարծես ինչ-որ դղրդոց է զգացել ու միանգամից ուղեկիցներին ասել` նա այստեղ է, քանդում ենք: Եվ ինչպես չհավատաս, որ Նժդեհի գերեզմանը գտնվել է Աստծո նախախնամությամբ… Աճյունը տեղափոխելն արդեն շատ բարդ է եղել… Սկզբում` Մոսկվա, հետո նոր Երևան: Այն ժամանակ կովկասցիների համար ընդհանրապես դժվար էր Ռուսաստանում, հաճախ կանգնեցնում էին: Աճյունը տեղափոխել է մեն մենակ, որևէ մեկը չի եղել, որ նրան փոխարինի անհրաժեշտության դեպքում, ապահովագրի հնարավոր ձախողումից: Հոգնած, անքուն, երկաթգծի կայարանում նա նստած տեղը ննջել է, արթնացել է միլիցիոների հրելուց, որը պահանջել է ներկայացնել փաստաթղթերը: Եվ նորից Աստծո ողորմածությամբ Պավելը շարունակել է ճանապարհը: Իսկ արդեն գնացքի վագոնում նա ամենամեծ ապրումներն է ունեցել: Տեսնելով, որ բոլորը քնած են, և մտածելով, որ ճամպրուկն ապահով տեղում է, նա մի պահ դուրս է եկել, իսկ երբ վերադարձել է, տեսել է ճամպրուկը չկա: Պատկերացնո՞ւմ եք նրա վիճակը, այդքան մեծ ռիսկի դիմես, բոլորի քթի տակից փախցնես Նժդեհի աճյունը ու հանկարծ այն քեզնից գողանան: Երկար փնտրում է ու վերջում գտնում կուպեում իր դիմացի նստատեղին քնած մի ռուս զինվորի գլխի տակ, ով ճամպրուկը տիրոջ բացակայության ընթացքում օգտագործել է որպես բարձ: Ամբողջ գիշեր արթուն նստել է, հենց զինվորը արթնացել է, միանգամից վերցրել է ճամպրուկը, նոր միայն հանգստացել:

Տարիներ հետո մի արարողության ժամանակ Պավելին է մոտեցել պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը և սկսել հարցուփորձ անել, թե ոնց է գտել Նժդեհի գերեզմանը, բանտի որ մասում են փորել, հանել աճյունը և այլն: Երբ բոլոր պատասխանները ստացել է, հանգիստ ասել է` բերել ես… Նա փաստորեն գիտեր տեղը, լսել էր մի մարդուց, ով մասնակցել էր Նժդեհի թաղմանը: Այդ օրը Պավելը երբ եկավ տուն, խորը շունչ քաշեց, մի տեսակ թեթևացած էր զգում իրեն, որովհետև երկար ժամանակ որոշակի կասկածներ բոլորիս մեջ կային` արդյոք Նժդեհի աճյո՞ւնն է բերվել Հայաստան, արդյոք սխալ ճանապարհո՞վ չենք գնացել, նույնիսկ պատրաստվում էինք ԴՆԹ քննության ենթարկել ոսկորները: Ժամանակի ընթացքում բոլորս էլ հանգստացանք ու համոզվեցինք, որ չենք սխալվել: Ցավալի է, որ երկար ժամանակ Պավելի անունը չէր հիշատակվում Նժդեհի աճյունի տեղափոխման կազմակերպիչների թվում:

Մորս մահանալուց երկու օր առաջ երկուսով գնացինք հիվանդանոց, նրա համար ճաշ տարանք, զրուցեցինք, դուրս գալիս մայրս հանկարծ ասաց` Պավել, մի րոպե, ապա բռնեց նրա ձեռքը, համբուրեց ու գնաց: Հիվանդանոցի երկար միջանցքով քայլում էր և ոչ մի անգամ հետ չշրջվեց, մինչ այժմ այդ պատկերը դրոշմվել է իմ հիշողության մեջ: Զարմացած իրար նայեցինք ամուսիններով, իսկ երկու օր հետո մայրս այլևս չկար: Հետո հասկացանք, որ նա շնորհակալ էր լինում իր հոր աճյունը տեղափոխելու համար: Շատ դրամատիկ, դառը կյանք ապրած կին էր, որ երբևէ չի արտահայտվել իր դժվարությունների ու զգացմունքների մասին:

Եվ հանկարծ 88-ի վերջերին Պավելը պատահաբար գտնում է Նժդեհի նամակներից մի քանիսը, որոնց մեջ լինում է մեկը` ուղղված մորս: Ցավոք, նա արդեն մահացել էր, բայց այդ նամակը ինձ համար էլ էր կարևոր:

Երբեմն զարմանում էինք, թե ինչպես է Նժդեհը իր խոհերում իդեալականացնում մեր ժողովրդին, երկիրը, բայց հետո հասկացանք, որ դրա գաղտնիքը յուրաքանչյուրս իր մեջ պետք է գտնի, իր կատարած գործերի, արարքների մեջ, եւ որ իդեալականացնելու միջոցով նա ցանկացել է ավելի բարձր բարոյական արժեքներ սահմանել մեր ժողովրդի համար` ամեն մեկին հորդորելով սկսել հենց իրենից: Օրինակ` 90-ականների սկզբին Պավելը հայտարարեց, որ մեկնում է Արցախ: Նա արդեն մեծ էր, համոզում էինք, որ չմեկնի, բայց նա գնաց ու ամենահեռավոր գյուղերից մեկում սկսեց ուսուցչություն անել: Ավելի քան երկու տարի նա ոգևորված ապրեց այնտեղ, որտեղ չկար ո՛չ լույս, ո՛չ ջուր, չկային տարրական հարմարություններ: Ես մեծ դժվարությամբ մի քանի ամիսը մեկ մեկնում էի նրա մոտ, օգնում էի` ինչով կարող էի: Նույնիսկ տեղի պաշտոնյաներն էին զարմանում, Պավելին առաջարկում էին «ավելի լավ» գյուղ տեղափոխվել, սակայն ապարդյուն:

Նժդեհն իմ պապն է, սակայն ես մշտապես Նժդեհով ապրելու, նրա հետ նորովի ծանոթանալու անհրաժեշտություն եմ զգում: Այսօր Նժդեհն առաջին հերթին անհրաժեշտ է երիտասարդներին, որ նրա օրինակով պետություն, ազգ սիրեն, օրենքներ պահպանեն` ճշմարիտ գործի սկզբունքներին հավատարիմ ու հանուն երկրի բարօրության: Դրա համար պետք է Նժդեհ կարդան, դպրոցում անցնեն, ինստիտուտներում վերլուծեն: Ամենամեծ երջանկություններից է ազգը սիրելը, դա է ամենակարևորը: Նա ասում էր` պետք չէ լավ հայ լինել, հարկավոր է լավ մարդ լինել, հետո նոր` լավ հայ: Ասում են, որ Նժդեհը հարյուրավոր բոլշևիկների գցել է ձորը: Մի հարևան ունեինք` Կոլյան: Մի օր այսպիսի դեպք պատմեց. իրենց գյուղ է եկել Նժդեհը, մտել իրենց տուն, զինվորները բռնել բերել են Կոլյայի բոլշևիկ քեռուն: Նժդեհը դուրս է հանել իր զինվորներին, իսկ այդ մարդուն ասել է` հեռացի՛ր, դու հայ ես, ես քեզ ձեռք չեմ տա: Գնա՛ ու մտածի՛ր քո արարքի և դրա հնարավոր հետևանքների մասին: Այնպես որ նրա դաժանությունների մասին պատմություններին դժվար է հավատալ:

Նա ուսումնասիրել է սեփական ժողովրդի պատմությունը, համոզվել, որ այս ազգը շատ լավ կողմեր ունի և անընդհատ ցանկացել է հիշեցնել այդ մասին: Ցեղակրոնության գաղափարին էլ, իմ կարծիքով, նա հանգել է առավելապես այն պատճառով, որ ցեղի սկզբնավորման շրջանում առավել շատ դրական հատկանիշներ է գտել:

Հատկանշական է, որ տարբեր երկրներում վերջերս ցեղակրոնության թեման գլուխ է բարձրացրել: Համոզված եմ, շատ դեպքերում հենց Նժդեհի գաղափարն է ոգևորել այլ ազգերի ներկայացուցիչներին: Ռուս հայտնի մտածող Դմիտրի Անդրեև կար, որ Վլադիմիրյան բանտում նստել է նույն ժամանակահատվածում, ինչ Նժդեհը: Պատկերացնում եք, որոշ ժամանակ անց նա սկսել է խոսել ցեղակրոնության մասին:

Գարեգին Նժդեհը քաղաքական մտքի, ռազմական ոգու, աստվածաշնչյան ճշմարտությունների միակ և բացարձակ մարմնավորում էր: Նա սովորեցրեց մեզ մտածել մեր անցյալի, ներկայի և հատկապես ապագայի մասին, ձգտել հայ ժողովրդի նվիրական գաղափարների իրականացմանը: Նրա աճյունի մի քանի մասունքներ թաղվեցին Խուստուփ լեռան լանջին, իսկ մյուս մասը` Վայքի Սպիտակավոր եկեղեցու բակում, որտեղից սկիզբ են առնում Զանգեզուրի լեռները: Նժդեհն այսօր էլ շարունակում է հսկել Լեռնահայաստանը, հսկում է նաև իր ընտանիքի օրը` պարզապես «պարտադրելով» հավատարիմ մնալ իր պատգամներին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


21/12/2011