Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑԻՆ ԱԲՈՒ ՋԻՀԱԴԻՆ



1985թ. ապրիլյան մի գիշեր Ալժիրի ափերից դեպի Իսրայել ուղղություն վերցրեց երկու տասնյակ զինված պաղեստինցիների մի նավակ: Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) զինյալները մտադրվել էին ափ իջնել Թել-Ավիվից ոչ հեռու, գրոհել իսրայելյան բանակի շտաբն ու ոչնչացնել այն ժամանակվա պաշտպանության նախարար Իսհակ Ռաբինին: Սակայն իսրայելացիներն աչալուրջ էին. նրանք խորտակեցին պաղեստինցիների նավը ծովային սահմանը հատելուց անմիջապես հետո: Ութ գրոհային գերեվարվեց: Հարցաքննությունների ընթացքում նրանք խոստովանեցին, որ իրենց իրականացնելիք գործողությունը մշակել էր Աբու Ջիհադը` ՊԱԿ-ի ռազմական պարագլուխներից:

Խալիլ Իբրահիմ Մահմուդ էլ-Վազիրը (այս էր Աբու Ջիհադի իրական անունը) վաղուց էր գրավել իսրայելյան հատուկ ծառայությունների ուշադրությունը: Նա ՊԱԿ-ի ամենամեծ և զորեղ թևի` Ալ-Ֆաթհի կենտրոնական դեմքերից էր: Հենց Աբու Ջիհադն էր պաղեստինյան այլազան ահաբեկչությունների կազմակերպիչը: Նրա աղմկահարույց գործերից հիշատակելի են 1974 թ. ապրիլին Նախարիա ավանի վրա կատարված գրոհը (4 սպանված, 2 վիրավոր իսրայելցի), հարձակում Թել-Ավիվի «Սավոյ» հյուրանոցի վրա (ապրիլ 1975. 10 սպանված, 12 վիրավոր), սպանդ Թել-Ավիվի մերձակա մի ակումբում (մարտ 1978. 38 զոհված): Այս և նմանատիպ այլ գործողությունները Աբու Ջիհադին հրեաների համար դարձրել էին Աբու Նիդալից հետո «թիվ 2 թշնամի»:

Աբու Ջիհադը, որ վերլուծաբանի սուր միտք ուներ և կազմակերպչական տաղանդ, վտանգավոր էր ոչ միայն իբրև ահաբեկիչների առաջնորդ: Հենց նա էր պաղեստինցիների ապստամբության` «ինթիֆադայի» ոգեշնչողը: Իր նախաձեռնությամբ էր, որ ապստամբածները ոչնչացնում էին «Աման»-ի հետ համագործակցող մատնիչներին: Աբու Ջիհադի մտահղացումն էր նաև պաղեստինյան վտարանդի կառավարության ձևավորումը: Նա մի քանի անգամ իր` «սրբազան պատերազմի հոր» հեղինակությամբ ՊԱԿ-ը փրկել է մասնատումից: Եվ զարմանալի չէ, որ նրա ժողովրդականությունն ու ազդեցությունը օր օրի աճում էին: Ըստ ամենայնի, նա կարող էր հընթացս ժամանակի փոխարինել Արաֆաթին: Աբու Ջիհադը համոզված էր, որ Պաղեստինում արաբական պետության ստեղծումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով: Բնական է, որ Իսրայելը ոչ մի կերպ չէր կարող թույլ տալ, որ իշխանական լծակները կենտրոնանան նրա ձեռքում:

ԲԵՐԵՏՏԱ

«Ալ-Ֆաթհ»-ի երեք զինյալներ 1988 թ. մարտի 7-ին Նեգեվ անապատում զավթեցին ուղևորատար ավտոբուսը: Իրադրությունը սրվում էր նրանով, որ այդ ավտոբուսում էին գտնվում Դիմոնի հույժ գաղտնի իսրայելական ատոմային կենտրոնի աշխատակիցները: Ուստի Իսրայելի զինվորական հրամանատարությունը այս գրոհը որակեց իբրև հարված պետության ամենակարևոր օղակին: Պատանդներին ազատելու նպատակով կայծակնային գրոհ իրականացվեց. երեք պաղեստինցիները ոչնչացվեցին, սակայն նրանք հասցրին սպանել երեք պատանդի: Սրանից հետո Իսրայելի կառավարությունը թույլատրեց իրականացնել վաղուց ի վեր մշակված` Խալիլ Իբրահիմ Մահմուդ էլ-Վազիրի ոչնչացման գործողությունը:

Մոսսադում (Իսրայելի քաղաքական հետախուզությունը, ամերիկյան ԿՀՎ-ի անալոգը) տեղյակ էին, որ Աբու Ջիհադն ընտանիքով ապրում է Սիդի Բուզիդում (համանուն պետության Թունիս մայրաքաղաքից ուղիղ գծով ավելի քան 200, իսկ ափամերձ գոտուց` 100 կմ հեռու): 1982 թվականից ի վեր այնտեղ էր գտնվում ՊԱԿ-ի պաշտոնակայանը: Այդ իսկ պատճառով իսրայելյան հատուկ ծառայություններն այնտեղ ընդլայնված ցանց էին ստեղծել, գործակալական համակարգեր, որ քողարկված էին իբրև առևտրային ընկերություններ և մանր ձեռնարկություններ: Գործակալները հիմնականում արաբներ էին, որ համոզված էին, թե աշխատում են ամերիկյան, ֆրանսիական կամ որևէ եվրոպական երկրի հետախուզության համար:

Աբու Ջիհադի ոչնչացման գործողությունից առաջ իսրայելցիները Թունիսից ետ կանչեցին բոլոր հրեա հետախույզներին և դադարեցրին հավաքագրված արաբների գործունեությունը` դրանով իսկ բացառելով «պատահական արտահոսքը»: Գործակալներին ետ կանչելու վրա ծախսված մի քանի օրվա ընթացքում իսրայելյան ծովուժի հատուկ նշանակության «Յամի» ստորաբաժանման ծառայողները մանրամասն զննեցին ափամերձ պաշտպանական համակարգը և ընտրեցին ափ դուրս գալու առավել հարմար տեղերը: Բանակի հետախույզները տեղեկություններ հավաքեցին ճանապարհների, օդակայանների, ոստիկանների պարեկության կետերի և ՊԱԿ-ին պատկանող շենք-շինությունների մասին: 24 ժամ անընդմեջ լսվում էր եթերը, և ձայնագրվում էին Աբու Ջիհադի և նրա շրջապատի հեռախոսային զրույցները: Ստացված տեղեկությունները ստուգվում էին հնարավոր ամեն եղանակով, ենթարկվում էին համակարգչային մշակման և վերլուծության…

1988 թ. ապրիլի սկզբներին կայացավ «գլխավոր փորձը»: Մասնակցում էին Մոսսադի և Sayeret Matkal-ի (Իսրայելի ռազմական հետախուզության հատուկ ստորաբաժանում) ծառայողները: Ուսումնական վարժանքն անց էր կացվում Հայֆայից ոչ հեռու, ուր վերստեղծվել էին Աբու Ջիհադի առանձնատունն ու հարակից թաղամասը: Բացարձակ գաղտնիություն ապահովելու նպատակով վարժանքներն անց էին կացվում օրվա այն ժամերին, երբ վերևում չկային ո՛չ ամերիկյան, ո՛չ խորհրդային լրտես-արբանյակներ: Փորձերը հաջող էին ընթանում. հատուկջոկատայինները առաջադրանքը կարողանում էին կատարել 22 վայրկյանում, որ նշանակում էր, թե նրանք կունենան ևս մի քանի վայրկյան չնախատեսված պարագաների համար:

ՄԻՆԻ-ՈՒԶԻ

Ապրիլի 14-ին կատարողների առաջին խումբն արդեն Թունիսում էր. 6 տղամարդ և 1 կին: Նրանք լիբանանյան անձնագրերով էին և կատարելապես տիրապետում էին արաբերենի համապատասխան խոսելաոճին: Նրանք ժամանել էին տարբեր ինքնաթիռներով և խառնվել միլիոնավոր զբոսաշրջիկների ամբոխին: Հաջորդ օրն այնտեղ էր նաև Sayeret Matkal-ի հրամանատարը: Նա պետք է անձամբ համոզվեր, որ ամեն բան պատրաստ է, և կարելի է սկսել:

14-ի` լույս 15-ի գիշերը իսրայելական 2 կորվետ (ոչ մեծ ռազմանավ) Կիպրոսի մերձակա ջրերում միացան 2 այլ նավերի: Պաշտոնական տեղեկատվությամբ` իսրայելյան նավատորմը միջազգային ջրերում ուսումնամարզական վարժանք էր անցկացնում: Իրականում` նավերից մեկի վրա տեղակայվել էին ամերիկյան արտադրության «Կոբրա» տեսակի արագընթաց նավակներ, որ պետք է կրակային օժանդակություն ցույց տային գրոհային խմբին, եթե չնախատեսված պայմաններում շուտափույթ նահանջի անհրաժեշտություն ստեղծվեր: Այնտեղ էր նաև գործողության շտաբը: Այն գլխավորում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս` իսրայելյան բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ` գեներալ-մայոր Էհուդ Բարակը:

Մյուս նավը վեր էր ածվել շարժական հոսպիտալի, և անձնակազմում ընդգրկվել էին Իսրայելի լավագույն վիրաբույժները: Տախտակամածին կանգնած էր «Բելլ-206» ուղղաթիռը: Այն պատրաստ էր գրոհայիններին օժանդակելու իր խոշոր տրամաչափի գնդացիրներով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վիրավորներին դուրս բերելու: Քաղաքացիական ինքնաթիռների օդուղիներով Միջերկրական ծովի վրա ճախրում էր իսրայելական 2 «Բոինգ-707»: Առաջինում օդուժի հրամանատար գեներալ-մայոր Ավիհու Բեն-Նունն էր, որ մշտական կապի մեջ էր Էհուդ Բարակի հետ: Մյուս ինքնաթիռը հարմարեցված էր էլեկտրոնային և ռադիո սարքավորումների համար: Այն ի վիճակի էր ճնշելու թե՛ պաղեստինցիների, թե՛ թունիսցիների վերգետնյա կապի և կառավարման ցանկացած միջոց: Այս ինքնաթիռով թռչում էր «Աման» միավորման (ռազմական հետախուզության) ղեկավար` գեներալ-մայոր Ամնոն Շահակը: Նա անձամբ էր վերլուծում ստացվող տվյալները: Որոշակի հեռավորության վրա թռչում էին ևս 2 «Բոինգներ», որ նախատեսված էին վառելիքի վերալիցքավորման համար: Իսկ սրանք իրենց հերթին 4 «Ֆ-15»-ների պաշտպանության ներքո էին:

Ապրիլի 16-ին` մութն ընկնելուն պես 4 կորվետները մոտեցան Թունիսի տարածքային ջրերին: Այստեղ դրանք բաժանվեցին. երկուսը շարժվեցին ափի երկայնքով, իսկ մյուսներն ընթացան դեպի ափ: Սրանց վրա էին գտնվում Sayeret Matkal-ի 30 մարտիկները, որ միավորվել էին 4 խմբի մեջ` «Ալեֆ» (Այբ), «Բետ» (Բեն), «Գիմել» (Գիմ) և «Դալեդ» (Դա): Առաջին երկուսը պետք է իրականացնեին չեզոքացման գործողությունը, վերջինները պետք է պաշտպանեին գրոհողների թիկունքը:

Ափից 2 կմ հեռավորության վրա կորվետներն անջատեցին շարժիչները: «Բետ» խմբից 4 սուզակ մտավ ջուրը: Էլեկտրական ստորջրյա քարշակներով նրանք լողացին դեպի Ռաս Կարթագեի ամայի ափը` այն վայրն, ուր ժամանակին հնամենի Կարթագենն էր: Ափին նրանց սպասում էին իբրև զբոսաշրջիկ երկիր մուտք գործած մոսսադյան գործակալները:

Նավերն ազդանշան ստացան, որ մնացյալ 26 մարտիկները կարող են ափ իջնել: Ռետինե նավակները թաքցնելուց հետո հատուկջոկատայինները նստեցին մոսսադականների վարձակալած մեքենաները` 2 «Վոլկսվագեն» և 1 «Պեժո», իսկ կորվետները հեռացան ափից` խուսափելով թունիսյան ռադարներից (այս ընթացքում դրանց աշխատանքը խափանում էր «էլեկտրոնային» «Բոինգը»):

Գործողության մասնակիցները սև համազգեստով էին: «Ա» և «Բ» խմբերի մարտիկները զինված էին խլացուցիչավոր «Բերետտա 71» ատրճանակներով և «Մինի-Ուզիներով», «Գ» և «Դ» խմբերը` «Գալիլ»-ներով և «ՖՆ ՄԱԳ» գնդացիրներով: Բոլորին հատկացվել էին ականջակալային կապի միջոցներ և տեղացուցիչներ, որոնց շնորհիվ հրամանատարները կարող էին կապվել յուրաքանչյուր զինվորի հետ և էկրանին տեսնել, թե որտեղ է նա գտնվում:

Գիշերվա 1:00-ի կողմերը մեքենաները հասան Սիդի Բուզիդ: Պետք էր գործել արտառոց զգուշությամբ, որովհետև Աբու Ջիհադից բացի այստեղ էին բնակվում ՊԱԿ-ի նաև այլ պարագլուխներ, որոնք բոլորն էլ զինված թիկնազոր ունեին: Ժամանելուն պես գրոհայինները գործակալներից տեղեկացան, որ Աբու Ջիհադը տանը չէ, և ստիպված եղան սպասել: Վերջապես 1:30 վարորդ-թիկնապահը Էլ-Վազիրին տուն բերեց: Մարտիկներից մեկն անմիջապես կտրեց առանձնատան հեռախոսագիծը: Բոլորը միացրին գիշերային դիտման սարքերը և սկսեցին սպասել: Ըստ ծրագրի` գրոհը պետք է սկսվեր այն բանից հետո միայն, երբ Ջիհադը պառկեր: Տան լույսը մարեց մոտավորապես մեկ ժամ անց: Հնչեց ազդանշանը. «Դ» խումբը փակեց դեպի առանձնատունը եկող բոլոր ճանապարհները, իսկ «Գ»-ն օղակի մեջ առավ տունը: Մարտիկներից մեկը գնդակահարեց մեքենայում քնած վարորդ-թիկնապահին: «Բ» խումբը ներս մտավ ետևի կողմից, իսկ «Ա»-ն` շքամուտքով: «Ալեֆ»-ի գրոհայինները վազքով բարձրացան երկրորդ հարկ` դեպի ննջարան, իսկ «Բետ»-ի մարտիկներն իրենց հսկողության տակ առան առաջին հարկն ու տան մուտքերը:

Հանկարծ սև ստվերները հանդիպեցին քնաթաթախ մի պաղեստինցու, որ դետք էր կատարում: Անաղմուկ կրակոց, և գրոհայինի ամուր ձեռքերը պաղեստինցուն զգուշորեն վայր իջեցրին: Նույն ճակատագրին արժանացավ նաև թունիսցի թիկնապահը:

Դռան ճռռոցից զարթնած Աբու Ջիհադը միայն հասցրեց գլուխը բարձրացնել, և կրակահերթերը քրքրեցին նրա մարմինը: Նրա ծոցում քնած կինը զարթնեց, երբ գրոհայիններն արդեն դադարեցրել էին կրակը: Սարսափից կաթվածահար` նա տեղում քարացած մնաց: Եվս մեկ վայրկյան` և տիկինն արդեն մենակ էր ննջարանում, իսկ կողքին արնաթաթախ ամուսնու դիակն էր` 68 գնդակով խոցված: Առանձնատուն մտնելուց մինչև դուրս գալու պահն անցել էր ընդամենը 13 վայրկյան` 9-ով ավելի քիչ, քան փորձի ժամանակ էր: Ժամանակը հերիքել էր նաև, որ Աբու Ջիհադի աշխատասենյակից դուրս բերեին մի քանի թղթապանակ գաղտնի փաստաթղթեր: Մեկ րոպե անց բոլոր խմբերի մարտիկներն արդեն դեպի Ռաս Կարթագե սլացող մեքենաներում էին:

Թունիսյան ափին թողնելով վարձված մեքենաները` կորվետներն ուղղություն վերցրին դեպի Իսրայել: Առավոտյան երկիրը լքեցին նաև «զբոսաշրջիկ» հետախույզները:

Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր

2. ԲԵՐԵՏՏԱ

3. ՄԻՆԻ-ՈՒԶԻ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ռազմաքաղաքական


21/12/2011