Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՎՈՐ ԶՐԱՀ



ՀՈԳԵՎՈՐ ԶՐԱՀ

Գյումրեցի Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադարձավ Հայրենիք եւ որպես կամավորական մեկնեց առաջնագիծ:

Տնեցիք գիտեին, որ երբ վտանգված է հայրենի եզերքի խաղաղությունը, Արամը օտար հողում հանգիստ չի նստի, կշտապի միանալու հայրենիքի պաշտպաններին: Արամի ազատամարտիկ հայրն արդեն ճակատում էր, և տնեցիները թաքցրին Արամի անձնագիրը, ցանկանալով գոնե այդ կերպ նրան հետ պահել իր մտադրությունից:

Արամը երկվորյակ եղբոր՝ Սայաթի անձնագրով վերադարձավ ծննդավայր ու Գյումրու կամավորական ջոկատի կազմում մեկնեց սահմանաբերան՝ իր հետ տնից վերցնելով միայն Աղոթագիրքը.

-90-ականներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, հայրս մշտապես ծոցագրպանում էր պահել աղոթքների  այդ գիրքն ու ողջ-առողջ տուն վերադարձել, ու երբ պատերազմ էի գնում, ես էլ որոշեցի Աղոթագիրքը հետս վերցնել: Մի անգամ մեզ քնապարկեր էին ուղարկել թիկունքից՝ մեջը խաչ: Խաչն էլ դրեցի Աղոթագրքիս մեջ ու պահեցի ծոցագրպանումս:

Հոկտեմբերի 10-ին, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս, Արամը վիրավորվում է եւ հրաշքով ողջ մնում. թշնամու գնդակը սրտին չէր հասել՝ շնորհիվ ծոցագրպանում դրված Աղոթագրքի ու խաչի. գնդակը դիպել էր խաչին ու շեղել ուղղությունը՝ վնասելով թևը։

ՀՈԳԵՎՈՐ ԶՐԱՀ

Մարտերի մասնակիցների հետ զրուցելիս հաճախ եմ ունկնդիր եղել նմանօրինակ պատմությունների: Պատերազմի  թոհուբոհն անցած զինվորներից մեկն էլ պատմում էր, որ երբ մի պահ  ծնկել է աղոթելու,  հենց այդ պահին գլխի վրայով սուրացել է փամփուշտը…

-Աղոթքը ոչ միայն հույս, այլեւ փրկություն է տալիս մարդուն,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն ու դրվագներ վկայակոչում 44-օրյա պատերազմի օրերից: -Ես Հատուկ ջոկատայինների գնդերեցն էի, և աչքիս առաջ հերոսության, ինքնազոհության ու քաջության բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, բայց մի բան անկասկած է՝ Աստծո զորությունը մեզ ուղեկցել է ամբողջ պատերազմի ժամանակ։

Հիշում եմ՝ տեղակայվել էինք Խնձորեսկի մատույցներում,  հոկտեմբերի 16-ն էր: Խումբը գնացել էր մարտական առաջադրանք կատարելու և ծանր վիճակի մեջ էր հայտնվել։ Տղաներից մեկը զանգեց ու ասաց.

«Տե՛ր հայր, խնդրում եմ, աղոթե՛ք մեզ համար, ծուղակի մեջ ենք։ Եթե 15 րոպեի ընթացքում չկարողանանք շրջապատումից դուրս գալ, մեզ այլևս չսպասեք»։

Մոտ վաթսուն հոգի էինք՝ հոգնած, թրջված, ցեխոտ: Վառարան էինք վառել, մեր հագուստն էինք չորացնում։ Բոլորս ծնկի իջանք ու սկսեցինք աղոթել։

Ժամանակը չէր անցնում։ Րոպեները կապարի ծանրությամբ հարվածում էին ամենքիս սրտին։ Մենք շարունակում էինք խնդրել Տիրոջը ու սպասել հրաշքի: 16-17 րոպե անց նույն տղան զանգեց ու ասաց, որ դուրս են եկել շրջափակումից։

Բառացիորեն հրաշքով էին փրկվել, նույնիսկ մի հոգի չէր վիրավորվել…

ՀՈԳԵՎՈՐ ԶՐԱՀ

Ամեն անգամ, երբ մեր տղաները պատրաստվում էին մարտի մեկնել, ես նախ բոլորին խնդրում էի «Հայր մերն» ասել, հետո պահպանիչ աղոթք էի կարդում, նաև պատվիրում էի.

«Աշխատեք շատ աղոթել, իսկ երբ ծայրահեղ վիճակի մեջ եք ընկնում, և երկար աղոթք ասելու ժամանակ չկա, բարձր ձայնով խնդրեք.

Տե՛ր, ողորմեա, Տե՛ր, ողորմեա…»

Տղաներից շատերը վկայում էին, որ երբ լսում էին արկի սուլոցը, կանչում էին՝ Տե՛ր, ողորմեա… Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ արկը չի պայթել, կամ պայթյունը շրջանցել է իրենց ու չի վնասել:

Մարտերի կարճատեւ դադարների ժամանակ, երբ հանգստանում էինք կամ լավ տրամադրություն էինք ունենում, տղաները մեկ-մեկ կատակում էին. «Տե՛ր հայր, ի՞նչ ես ասում՝ «Տեր ողորմեա» չգոռա՞նք…

Պատմում է զորամասի գնդերեց Արթուր սարկավագ Օհանյանը.

-Սեպտեմբերին, երբ Ջրականում զորավարժությունների էինք, զորամասի հրամանատար, Հայաստանի Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը մարտական հենակետերը զբաղեցնելու հրաման ստանալով՝ սպայական ժողով հրավիրեց և սպայակազմին հայտնեց հնարավոր պատերազմի մասին։ Տեղափոխվելու մասին լուրն ստանալով՝ որոշեցի զորքի հետ լինել… Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը «Սմերչ» կայանքով հրետակոծեց մեր նախկին տեղակայման վայրը եւ, ցավոք սրտի, մի պայմանագրային զինծառայող զոհվեց։

ՀՈԳԵՎՈՐ ԶՐԱՀ

Օրեր անց հրետակոծման վայրից դուրս էին բերում պահպանված իրերը, դրանց մեջ էր նաև իմ Աստվածաշունչը։ Սուրբ Գիրքն ինձ փոխանցելիս մայոր Հովհաննես Այվազյանն ասաց. «Սարկավա՛գ, պահարանդ ամբողջությամբ ծակծկվել էր, բայց Աստվածաշնչի վրա որևէ խազ չի եղել…»։

Բազում հրաշքներ են պատահել նաև  զինվորներիս հետ. շարքային Արման Արսենյանը պատմում է, որ հակառակորդի անօդաչուն հարվածել է իր «Գրադ» կայանքին: Կայանքը պայթել է, իսկ զինվորը, լինելով ռեակտիվ կայանքի մեջ, հրաշքով փրկվել է։ Նմանատիպ դեպք է պատահել նաև շարքային Տոնոյան Գոռի հետ, ու միայն Աստծո ողորմածության շնորհիվ է նա փրկվել գրադի պայթյունից:

Հրետակոծության ընթացքում դիրքի վրա արձակված արկն ընկել էր Արման Բեգլարյանին շատ մոտ, կտրել մեջքից կախված ավտոմատի փողը, բայց զինվորը չէր վնասվել։

Արկի բեկորը ծակել էր շարքային Սերոժ Աթոյանի բանկային քարտը, հասել Աղոթագրքին ու կանգ առել… Աթոյանը այդ Աղոթագիրքը մշտապես պահում է ծոցագրպանում՝ սրտին մոտ…

Զորամասի գնդերեց Կարո սարկավագ Ղարիբյանն էլ պատերազմական օրերից իր հիշողություններն ունի.

-Սեպտեմբերի 30-ին թշնամին մեր պաշտպանական շրջանի ձախ թևի ուղղությամբ տանկային գրոհ էր ձեռնարկել։

ՀՈԳԵՎՈՐ ԶՐԱՀ

Զորամասի հակատանկային մարտկոցի զինվորները մեկը մյուսի ետևից խոցում էին տանկերը, սակայն դրանցից մեկը հաջողել էր բավականին առաջանալ և մտնել մեզանից 100 մետր աջ գտնվող խրամատի մեջ: Տանկը կրակեց մեզ վրա, կապի դասակի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Վազգեն Հովսեփյանը, վիրավորվեց:  Նրան շալակած՝ մոտ 600-700 մետր տարա մինչեւ «100-ի բազա» կոչվող վայրը: Այդտեղ զորամասի «Ուազ» մեքենաներից մեկը հրաշքով պատահեց (սպան համարյա արնաքամ էր. ամեն րոպեն բախտորոշ էր), Վազգենին դրեցինք մեքենան ու արագ շարժվեցինք դեպի հրամանատարական կետ:

Մի քանի մետր չանցած՝ ճանապարհի եզրին ընկած զինվորի տեսանք, վիճակը չափազանց ծանր էր, դժվարությամբ էր շնչում,  բայց հայացքը երկինք հառած՝ աղոթում էր: Վիրավոր զինվորին ևս տեղավորեցինք մեքենայի մեջ եւ ճանապարհեցինք թիկունք…

Դժվարությունների, տառապանքի, հուսալքության որոգայթներում հայտնվելիս հայացքներս հավատով հառում ենք վեր՝ Ամենակարո՛ղ Տեր, օգնի՛ր: Եվ Հավատքը մարդուն արժանացնում է հրաշքի…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


07/02/2022