Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵՑ ՍԱՏԱՆԱՅԻ ԴՐՈՇՄԻՑ

Երկու կուսակրոն քահանաներ, ինչ-որ լեռներում մոլորվելով, փորձում էին ճանապարհը գտնել։ Եվ ահա կարճահասակ մի մարդ տեսան, ում երբ կանչում էին, նրանցից փախչում էր եւ ոչ մի պատասխան չէր տալիս նրանց։

Բայց երբ ստիպեցին եւ հարցին, թե՝ ինչպիսի՞ մեկն է, ասաց.

– Երեսուն տարի է՝ ծառայում եմ դեւերին։ Ինձ նրանց մատնեցի եւ նրանց դրոշմն եմ կրում ձեռքերիս։ Զանազան կերպարանքներով ինձ երեւում են եւ ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ։

Նրանցից մեկն սկսեց մատնանշել նրան դժոխքի տանջանքների ահագնությունը, մեղքերի ունայնությունն ու Աստծո անսպառ ողորմությունը, որից հետո նա զղջալով խրատ էր խնդրում, որով իր անձի փրկությունը գտնել կարողանա։

Այդ ժամանակ քահանան ասաց.

– Խոստովանի՛ր քո բոլոր մեղքերը, քանզի այնքան է խոստովանության զորությունը, որ սատանայի ամբողջ զորությունը բեկանում է, Աստծո ողջ բարկությունը հանգցնում եւ քեզ ամեն տեսակ հոգեւոր զարդով զարդարում։

Արդ, այնժամ, երբ այդ մարդը կատարյալ զղջմամբ խոստովանեց, սատանայի դրոշմն իսկույն ընկավ նրա ձեռքերից։

Այդ ժամանակ քահանաները նրան ասացին.

– Որպեսզի սուրբ խոստովանության զորությունն է՛լ ավելի ստույգ ճանաչես, համարձակ մնա՛ այստեղ, եւ երբ դեւը, որին քեզ մատնել էիր, գա եւ քեզ չճանաչի, իմացած եղիր, որ Տեր Աստված թողություն է տվել հանցանքներիդ։

Իսկ նա, Աստծո ողորմությանը հուսալով, աներկյուղ սպասում էր դեւին։

Երբ քահանաները գնացին, սատանան հեծյալների մեծ բազմությամբ եկավ եւ նրան հարցրեց, թե արդյոք տեսե՞լ է իր ծառային։

Մարդը նրան պատասխանեց.

– Ես եմ, որ քեզ երեսուն տարի ծառայեցի։

Դեւն էլ ասաց.

– Սուտ ես խոսում, խաբեբա՛, ես քեզ չեմ տեսել։ Ես նրան եմ փնտրում, ով իմ կնիքն ունի իր ձեռքերին։

Եվ նա, այս լսելով, քահանաների հետեւից գնաց եւ մինչեւ մահ Աստծուն ծառայեց։