Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԵՆՔ Է ՆՈՒՅՆԻՍԿ... ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ԶԵՆՔ Է ՆՈՒՅՆԻՍԿ… ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

♦ Անխուսափելի պատերազմ ասվածը գոյություն չունի: Եթե պատերազմը սկսվում է, ապա դա տեղի է ունենում մարդկային իմաստության պակասից:

♦ Պատերազմի ողբերգությունն այն է, որ մարդու մեջ եղած ամբողջ բարին օգտագործվում է վատագույն հանցագործություններ կատարելու համար:
ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ

♦ Հաջորդ պատերազմը քարերով է լինելու:
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Գնալով ավելի ու ավելի շատ են այնպիսի զենքերը, որոնք ո՛չ զենքի տեսք ունեն և ո՛չ էլ տեսանելի են: Ապագայի պատերազմները կլինեն առանց զենքի բացահայտ օգտագործման: Ավելի արդյունավետ են այն մեթոդները, որոնց կիրառման դեպքում հաղթվածները չեն էլ հասկանում, թե ինչ-որ մեկն իրենց հաղթել է:

Այժմ շատ է խոսվում արևի էներգիայի օգտագործման մասին: Ըստ լեգենդի, ռազմական նպատակներով առաջին անգամ արևային էներգիան օգտագործվել է մ.թ.ա. 3-րդ դարում, երբ Արքիմեդը հայելիների օգնությամբ այրեց հռոմեական նավատորմը:

Ցավոք, այսպիսի զենքը դադարում է գործել վատ եղանակին: Սակայն այս թերությունը կարելի է շտկել` հայելիները դուրս բերելով տիեզերք: Նրա օգնությամբ արևի շողքը կարելի է գցել երկրի վրա` լուսավորելով քաղաքներ, տաքացնելով սառը տարածքներ: Ռազմական նպատակների համար էլ նրանք շատ հարմար են: Հաշվարկները ցույց են տվել, որ ֆոկուսավորված արևային հոսքի կենտրոնում ջերմաստիճանը կարող է հասնել մի քանի հազար աստիճանի: Տիեզերքից այդպիսի ճառագայթը հեշտությամբ կարող է անցնել ամենախիտ ամպերի միջով, հալեցնել ու եռացնել մետաղը, մի քանի մետր խորությամբ այրել հողը: Այդ դժոխային ջերմաստիճանին չեն դիմանա ո՛չ մարդիկ, ո՛չ տները, ո՛չ տանկերը, ո՛չ հրթիռները, ո՛չ էլ ստորգետնյա ապաստարանները:

Այս հայելային տիեզերական զենքն ունի նույն թերությունը, ինչ ատոմայինը: Այն ոչ արդյունավետ է, քանի որ անողոքաբար ոչնչացնում է ամեն բան: Իսկ հաղթողների ինչի՞ն է հարկավոր անպտուղ, այրված հողը: Ավելի հարմար է նեյտրոնային ռումբը, որը սպանում է կենդանական աշխարհը` անվնաս թողնելով նյութական արժեքները: Սակայն հսկայական բարեկարգված տարածքներ ձեռք բերել առանց աշխատուժի` դա էլ շահավետ չէ: Լավագույն տարբերակը բնակչության մի մասի ոչնչացումն է, իսկ ավելի լավ է` նրա որոշակի մասի:

Այժմ շատ է խոսվում էթնիկական զենքի մասին, որը ենթադրում է մարդկանց ընտրովի ոչնչացում: Եվ միամտություն կլինի ենթադրելը, թե դա ռումբ է: Էթնիկական զենքը կարող է լինել հասարակ շշերում, սննդամթերքի մեջ: Գենետիկական թույնի միջոցով կարելի է սպանել ոչ միայն որոշակի ազգային պատկանելության, այլ նաեւ տարբեր հատկանիշների հիման վրա, օրինակ` միայն սևամորթներին կամ միայն ճաղատներին, կապուտաչյաներին:

Ցանկացած ժողովրդի պատմություն իր շրջակա միջավայրի հետ հազարամյա փոխազդեցության պատմություն է նաեւ, որն իր խորը հետքն է թողնում մարդու գենետիկական կառուցվածքի վրա: Օրինակ, ծայր հյուսիսի ժողովուրդները խիստ հիվանդագին են վերաբերվում նույնիսկ մեր տեսակետից օգտակար կաթնամթերքի օգտագործմանը, քանի որ նրանց աղեստամոքսային համակարգում դրանք մարսելու համար չկան անհրաժեշտ միկրոֆլորա և ֆերմենտներ:

Սա է պատճառը, որ այս ժողովուրդները լրիվ որակազրկվում են ալկոհոլի ազդեցության տակ: Նրանց, ինչպես նաև Ամերիկայի հնդկացիներին բավական է ընդամենը 50գ ալկոհոլ, որպեսզի նրանք հարբեն: Իսկ ալկոհոլից կախվածությունը շատ արագ է տեղի ունենում: Էսկիմոսը կամ չուկչան կարող է կատարյալ հարբեցող դառնալ 2-3 աննշան չափաբաժնից հետո: Եվ նա հոժարակամ կլինի մի շիշ հրեղեն ջրի դիմաց զիջել ոչ միայն ամբողջ տարին հայթայթած մորթեղենը, այլև իր կնոջն ու դուստրերին: Այնպես որ` այսպիսի ժողովուրդներին ոչնչացնելու համար ոչ մի ռումբ էլ հարկավոր չէ: Բավական է մի քանի տարի անընդմեջ այս վայրերը ալկոհոլ մատակարարել:

«Ինչը ռուսի համար առողջություն է, գերմանացու համար մահ է»: Այս ասացվածքն իր անսպասելի հաստատումն է գտել Պենտագոնի հուշագրում, որը հատուկ պատրաստվել է արտասահմանում ծառայող ամերիկյան զինվորների համար: Այլ օգտակար տեղեկություններից բացի, նրանում նշված է նաև ոգելից խմիչքների առավելագույն թույլատրելի չափը: Այս կետը մտցվել է այն բանից հետո, երբ հաճախակի դարձան անծանոթ ծագման ոգելից խմիչքներից զինծառայողների մահվան դեպքերը: Օղու մահացու չափաբաժին է նշվում 800 գրամը, ապա և ծանուցվում` բացի ռուսներից:

Որոշակի էթնոսի համար վնասակար նյութերը կոնսերվանտների կամ սննդային ներկանյութերի տեսքով կարող են դիտմամբ ավելացվել սննդամթերքի մեջ: Սա է պատճառը, որ Եվրոպայում կամ Ամերիկայում արտադրված շոկոլադը այդ երկրում ուրիշ համ ու բաղադրություն ունի, իսկ Հայաստան ներկրվածը` բոլորովին այլ: Ի դեպ, սննդամթերքի վրա գրված կոդը հուշում է այդ մասին, ինչին տեղյակ են տվյալ երկրի քաղաքացիները: Մասնագետները գտնում են, որ օրգանիզմում վնասակար նյութերի նպատակաուղղված կուտակումը դանդաղ գործողության էթնիկական ռումբ է: Եվ կարող է հանգեցնել օրգանների քայքայման, գենետիկ մուտացիայի, գիտակցության խեղաթյուրման:

Էթնիկական զենք կարելի է համարել նաև համակարգիչը, ավելի ճիշտ` համակարգչային խաղերը, համացանցի միջոցով ծանոթությունների բազմաթիվ կայքերը: Ժամերով համակարգչի դիմաց նստելն ազդում է մաշկի, աչքերի և ընդհանրապես օրգանիզմի վրա: Սակայն սա միայն ֆիզիկական կողմն է:

Համակարգիչն ազդում է նաև գիտակցության վրա: Համակարգչից կախվածությունը հաճախ հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ Ինտերնետի անջատումը մի քանի ժամով ուղղակի կարող է հասցնել խելագարության: Իսկ վերջերս էլ մի դեռահաս կորեացի սպանել էր իր մորը, քանի որ նա թույլ չէր տվել որդուն համակարգչով խաղ խաղալ:

Վիրտուալ ծանոթությունների ազդեցության մասին արդեն սկսել են խոսել: Դրանք մարդուն լրիվ շեղում են իրական կյանքից: Նա արդեն չի կարողանում շփվել կենդանի մարդկանց հետ, ինքնուրույն որոշումներ կայացնել, վախենում է կյանքում լուրջ քայլ անելուց: Արդյունքում` աճում է մի սերունդ, որն ունի թույլ առողջություն, թույլ կամք, անբավարար գիտելիքներ, անիրատես է և վախկոտ: Իսկ նման մարդկանց շատ հեշտ է կառավարել:

Էթնիկական զենք է նաև նորաձևությունը, երբ մի երկիր է ներկրվում այնպիսի հագուստ, որը բոլորովին չի համապատասխանում տվյալ երկրի կլիմայական պայմաններին և ավանդական զգեստներին: Խոսքը շատ կարճ շրջազգեստների, ինչպես նաև ցածր գոտիով շալվարների ու փեշերի մասին է: Բանն այն է, որ այդպիսի բաց հագուստ կրելու պատճառով անընդհատ քամու տակ են մարմնի ամենակարևոր մասերը` երիկամները, ստամոքսը, որովայնը և սեռական օրգանները: Հետեւանքը` տարբեր հիվանդություններ, որոնք առաջին հերթին ազդում են մանկածնության վրա և նույնիսկ կարող են հանգեցնել անպտղության: Այժմ շատ աղջիկներ բժշկի են դիմում երիկամային, որովայնային ցավերի գանգատներով` չկասկածելով, որ այդ ցավերի բուն պատճառը նորաձևությանը գերի լինելն է: Այստեղ հիշենք, որ դարեր շարունակ հայկական տարազի անբաժանելի մաս է եղել գոտին` արծաթ, կաշվե կամ բրդե, որը պահպանել է մեջքը` երիկամները և այլն:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը տարիներ առաջ մի հետազոտություն էին հրապարակել, որը նվիրված էր ապագայի տեխնիկական միջոցներին ու զենքերին: Ենթադրվում է, որ ռազմաօդային ուժերը կհամալրվեն հետևյալ համակարգերով. կենսահոսանքներով ղեկավարվող և ժամում 11000կմ արագությամբ շարժվող անօդաչու մարտական ինքնաթիռ, 500կմ բարձրության վրա թռչող հրթիռներ խփող լազերային հրանոթ, օդային և երկրային նպատակակետ փնտրող արբանյակ, որը նաև հնարավորություն է տալիս ինքնաթիռին վայրէջք կատարելու նույնիսկ զրոյական տեսանելիության պայմաններում:

Արտասահմանյան լրատվամիջոցներում սկսել են ավելի հաճախ տեղեկություններ հանդիպել այն մասին, թե Միացյալ Նահանգները մշակում և ռազմական հակամարտություններում պատրաստ է կիրառել, այսպես կոչված, ոչ մահաբեր զենք: Առանց մարդկանց սպանելու այսպիսի զենքերը կարող են, օրինակ, խափանել հեռախոսների, ռադիոլոկատորների, համակարգիչների և կապի այլ միջոցների աշխատանքը: Դրա համար ենթադրվում է օգտագործել էլեկտրամագնիսական բաբախող գեներատոր, որը շարքից հանում է սարքավորումը` մարդուն վնաս չպատճառելով: Այս կապակցությամբ հիշենք մի քանի տարի առաջ տեղի ունեցած դեպքը, երբ համակարգիչների խափանման պատճառով մի քանի ժամ առանց հոսանքի էր մնացել Հյուսիսային Ամերիկայի ողջ արևելյան ափը: Միգուցե դա հենց այսպիսի զենքի փորձարկո՞ւմ է եղել:

Բայցեւայնպես, ոչ մահաբեր համարվող զենքի տեսակները որոշ դեպքերում պատերազմը կարող են դարձնել առավել դաժան: Օրինակ, հակառակորդի օպտիկական սարքերը ոչնչացնելու համար ստեղծված հզոր լազերների ազդեցությունից կարող են պայթել զինվորների աչքերի խնձորակները: Միկրոալիքային զենքերը թույլ են տալիս անձայն կտրել թշնամու կապի գծերը, սակայն կարող են այրել նաև մարդու ներքին օրգանները:

Ռազմավարները կանխատեսում են, որ ոչ մահաբեր զենքը կարող է օգտագործվել տնտեսական պատժամիջոցների հետ միասին: Էմբարգոյի ենթարկված երկիր տանող ճանապարհներին կարելի է փոշի ցանել, որը կոչնչացնի բեռնատարների անվադողերը: Տանկերները կարելի է մշակել հատուկ միկրոբներով, որի արդյունքում վառելիքը կվերածվի մածուցիկ զանգվածի: Օդանավակայանների թռիչքադաշտերը կարելի է փակել` ցանելով գերկպչուն պոլիմերներ, իսկ երկաթգիծը` անօգուտ դարձնել գերսայթաքուն քսանյութերի օգնությամբ:

Կարող են գործի դրվել նաև ոչ մահաբեր այլ զենքեր: Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները կարող են ինքնաթիռի թևերին քիմիական նյութ քսել, որից դրանք փխրուն կդառնան, կամ էլ` մանրէներ փոշեցրել, որոնք կքայքայեն մետաղը:

Տարբեր հակամարտությունների արդյունքում տարածքում մնում են բազմաթիվ ականներ, որոնցից տուժում է խաղաղ բնակչությունը: Քանի դեռ դիվանագետները գլուխ են կոտրում, թե ինչպես արգելեն հակամարդկային զենքը, գործնական մարդիկ առաջարկում են իրենց լուծումը: Սինգապուրցի մի գյուտարար առաջարկում է հիմնել հակաականային կոշիկների արտադրություն: Դրանց պատրաստման մեջ կօգտագործվեն կերամիկական պլաստմասաներ և այլ կլանող նյութեր: Նույնիսկ եթե մարդը ոտքը դնի պայթուցիկի վրա, կոշիկները թույլ չեն տա վնասվածք ստանալ:

ԱՄՆ-ում կենդանի ուժի դեմ ուղղված ոչ մահաբեր զենքի ինտենսիվ հետազոտություններ են կատարվում, օրինակ` կուրացնել լազերի օգնությամբ, քնեցնել քիմիական նյութերի միջոցով և նույնիսկ հակառակորդի բանակը մոլորության մեջ գցել` ամպերի վրա հոլոգրաֆիական պրոյեկցիա առաջացնելու միջոցով, օրինակ` ցույց տալ մի սրբի պատկեր, որը կստիպի զինվորներին զենքը ցած նետել և տուն վերադառնալ:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ