Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ…



ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ…Էջմիածին տանող ճանապարհից  աջ՝  Ծիածան պայծառ անունը կրող գյուղն է, որի մատույցներում Արարատ լեռան թերեւս ամենագեղեցիկ պատկերներից մեկն է բացվում աչքերիդ առջեւ. վեհաշունչ Լեռը՝ դեպի իրեն ձգվող Քասախ գետի արծաթազօծ ժապավենով զարդարված…

-Աչքս բացել՝ այս պատկերն եմ տեսել,- ասում է Արայիկը, երբ մոտենում ենք փոքրիկ գյուղին: Ծիածանը 44-օրյա պատերազմում 4 զոհ է տվել: Նրանցից ամենաերիտասարդի՝ 19-ամյա Հայկի հայրն է  կապիտան Արայիկ Թովմասյանը: Հայկը ռազմադաշտում գործած սխրանքների համար հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:  Արայիկի մյուս որդին՝ Մանվելը, որ Արցախի մեկ այլ զորամասում էր ծառայում. նույնպես հայտնվել է մարտական գործողությունների կիզակետում: Իսկ ինքը՝ կապիտան Արայիկ Թովմասյանը,  որ այդ ժամանակ ծառայում էր ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում, իր խնդրանքով մեկնել է Արցախի ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական՝ ստանձնելով Մոբ-ով ճակատ մեկնածների  մի մեծ խմբի հրամանատարությունը: Անցել է բազում փորձություններով՝ հաջողելով շրջափակումից անվնաս դուրս բերել իրեն ենթակա ամբողջ անձնակազմը:

Պատերազմն ու անդառնալի կորուստը չեն կարողացել կոտրել կոչումով զինվորականին: Վաշտի հրամանատար, կապիտան Թովմասյանն այսօր էլ նույն սկզբունքայնությամբ ու պատասխանատվությամբ մարտական ծառայություն է իրականացնում. դիրքապահ է, սահմանն է հսկում…

-Ինձ հայրական տատս է մեծացրել,- պատմում է Արայիկը: -Վանեցի էր. Եղեռնի ժամանակ ամբողջ գերդաստանից միայն ծնողները, ինքն ու եղբայրն էին ողջ մնացել: Թուրքիայի սահմանը հատելով՝ մազապուրծ Էջմիածին էին հասել, հետո եկել, հաստատվել այս գյուղում՝ Ծիածանում: Մի քանի տարվա մեջ ծնողները կրած սթրեսներից մահացել էին՝ որբ թողնելով երկու երեխաներին: Ծանր կյանք է ապրել տատս: Ինձ միշտ խրատում էր. «Բալա՛ ջան, ոչ մեկից մի՛ նեղացիր: Եթե մարդը միայն քանդել գիտի, պիտի քանդի: Ստեղծողն էլ ստեղծում է: Իմաստ չունի ասել՝ ինչո՞ւ ես քանդում. այդպիսին է, ու վե՛րջ»: Իսկական կառավարիչ էր տատս: Վեցին արթնանում էինք՝ օրվա ճաշը պատրաստ էր: Ասում էր. «Տան ճաշը հաշվով չպիտի պատրաստես: Տուն է՝ մարդ կգա…»: Ինչքան տղամարդու հատկանիշ ունեմ, տատիցս է գալիս: 20 տարեկան էի, երբ հայրս մահացավ… Մայրս մինչ այսօր էլ աշխատում է հացի փռում, դադար չունի. առանց աշխատելու չի կարող:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ…Կապիտան Թովմասյանի ջերմ օջախ մտնելիս ինձ ու նրան ուրախ հաչոցով մի գեղեցիկ շնիկ է դիմավորում. գլուխը սեւ ու սպիտակ հավասար զոլերի է բաժանված: Սկսում է ուրախ ցատկոտել դիրքերից նոր վերադարձած տիրոջ շուրջը: Արայիկի կինը՝ Արմինեն, մեզ տուն ուղեկցելիս պատմում է.

-Հայկս էր բերել այս շանը… Մեծ շները գզել էին. արնաշաղախ բերեց, սկսեց բուժել: Հայկոս… խելոք, համեստ, միշտ իր աղունիկներով տարված… Ծառայության ընթացքում դիրքերում բոստան էր աճեցրել, կանաչի, ծաղիկ էր աճեցնում: Ինձնից սերմեր ուզեց, ուղարկեցի: Տեղ էր պատրաստել. ուզում էր աղունիկներին դիրքեր տանել…

-Երբ Լեսիին գրկած բերեց, այն վիճակում էր շունը, որ հույս չունեինք, թե կապրի,- ասում է Արայիկը:- Մեր այս տան նկուղը անմիջապես դարձրեց վիրահատարան: Հատուկ սեղան բացեց, դեղատնից անուշադրի սպիրտ, ջրածնի պերօքսիդ  բերեց: Փորն էին պատառոտել. աղիքը զգուշորեն մտցրեց ներս, կարեց, վերջում էլ ինչ-որ փոշի դեղորայք լցրեց վրան: Մի շաբաթ այս շնով էր զբաղված. հաց էլ չէր ուտում: Հիմա, երբ գնում եմ Հայկիս շիրմին այցելության, մեկ-մեկ Լեսիին հետս եմ տանում. պետք է տեսնեք, թե ինչ է կատարվում. քիչ է մնում՝ գլուխը պատերին խփի, հողն է փորփրում, կաղկանձում…

…Հայկոս միշտ է հարահաս եղել. գյուղում մեկն օգնության կարիք ունենար, վազում էր… Բայց նույնիսկ ես չէի պատկերացնի, որ նա նման բեռ կվերցնի իր ուսերին՝ միայնակ իր գնդացրի կրակով կպաշտպանի վաշտի մյուս տղաների կյանքը: Հուղարկավորությանը մեր գյուղացիք ձեռքերի վրա տեղ հասցրին, անգամ ծերերն էին օգնում…

Արայիկը որպես ժամկետային ծառայել էր սահմանապահ Այգեպարում: 2009 թ. ավարտելով Աճառյանի անվան ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ դիմել էր զորքերում ծառայության անցնելու խնդրանքով: Կոչումն ստանալուց հետո էլ որպես ծառայավայր նախընտրել էր Տավուշի սահմանամերձ զորամասերից մեկը: Վեց տարի ընտանիքով ապրել ու ծառայել են այդ զորամասում: Ընդհանուր առմամբ, օրացուցային 10 տարի սահմանին դիրքեր է պահել: 2015 թ. տեղափոխվել էր Ավիացիոն համալսարան՝ որպես դասակի հրամանատար: Երեք տարի հետո կրկին սահման՝ Տավուշ: Երկրորդ տարին էր, ինչ ծառայում էր, երբ պատերազմն սկսվեց: Արայիկը մինչեւ այդ մասնակցել էր նաեւ հուլիսյան մարտագործողություններին:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ…-«Կամիկաձեն» գործողության մեջ առաջին անգամ այդտեղ տեսանք: Աշխատում էր ծանր հրետանին, ԱԹՍ-ներ: Գլխավերեւովս անցնող «Բայրաքթար» էլ տեսա: Մեր հրետանին տրված թիրախները խոցում էր մեկից մեկ: Երկու կողմից էլ աշխատում էր հրետանին, բայց մերը ճնշեց իրենցը: Ինչքան կայանքներ հանեցին, բոլորը խոցվեցին: Մարտական գործողությունները ավարտվեցին, բայց դրանից հետո մենք ամեն օր, ամեն վայրկյան սպասում էինք պատերազմի:

Հայկը սեպտեմբերի 25-ին իջել էր դիրքերից: Զանգեց, ասացի.

«Հայկո՛, հոկտեմբերի 1-ից արձակուրդ եմ վերցրել. կգամ քեզ տեսության: Իրար հետ Շուշի կգնանք…»: Հետո սկսվեց պատերազմը…

Մենք էլ նոր էինք իջել դիրքից. այդ օրը հանգստանալու էինք, երբ լուսադեմին զանգ եկավ. ընկերս էր՝ Ավագը: «Ի՞նչ կա»: «Քնա՞ծ ես»: «Հա, ի՞նչ կա որ: Կիրակի է»: «Արցախի ամբողջ առաջնագծով մարտական գործողություններ են…»: Փորձեցի զանգել տղաներիս, երկուսն էլ անհասանելի էին: Ընկերոջս՝ Կարենին զանգեցի՝ Ջրական: Հաստատեց: Որոշ ժամանակ անց նա էլ անհասանելի դարձավ: Հետո իմացա, որ ինձ հետ խոսելուց երկու ժամ անց  «Գրադի» համազարկից վիրավորվել էր. վիրավոր ընկերոջն էր տեղափոխել գրկած, երբ «Գրադի» հրթիռն ուղիղ դիմացն էր պայթել, կես մարդ էր մնացել: Դեմքն էր շատ վնասվել. նկարներն ուղարկեց, հարցրի՝ «Ու դու դեռ ողջ ե՞ս»: Ողջ մնաց ընկերս. վերջերս էլ ամուսնացել է…:

Հոկտեմբերի 3-ին հաջողվեց կապվել Հայկի հետ: Մի տեսակ էր ձայնը: Հարցրի՝ «Ի՞նչ է եղել»: Ասաց. «Ընկերոջս ոտքը աչքիս առաջ կտրվեց…»: Զգացի, որ շատ էր ազդվել. փորձեցի ոգի տալ. ձայնիս առույգ հնչերանգ տալով՝ ասացի. «Հո չե՞ս վախեցել, ա՛յ տղա: Դե, իսկական կռիվ է. ամեն ինչ էլ կլինի: Պիտի պի՛նդ լինես»:

…Դեռ սեպտեմբերի  27-ից կապիտան Արայիկ Թովմասյանը փորձել էր մեկնել Արցախ: Զինծառայող էր. դեռ նրա հերթը չէր եկել, բայց չէր կարողանում հանգիստ տեղում մնալ, հատկապես, որ Արցախում՝ ամենաթեժ կետերում, նրա երկու որդիներն էին կռվում: Տարբեր զորամասերում էին ծառայում. ինքը չէր ուզել, որ նույն տեղում լինեն՝ «Այդպես է ճիշտ»:

Հոկտեմբերի 9-ին Արայիկը իր ղեկավարությանը հանձնված Մոբ-ի անձնակազմի հետ ճանապարհվեց Արցախ:

-Բոլոր ավտոբուսների վարորդներն էլ տարիքով մարդիկ էին: Պարբերաբար իջնում էի, ոգեւորում. «Հը՞, հայրի՛կ ջան, լավ ե՞ք»: «Հա՛, կամանդի՛ր ջան, նորմալ է ամեն ինչ»: Կատակներ էի անում, ոգեւորում, իսկ ներսումս փոթորիկ էր: Պատասխանատվությունը հսկայական էր. ախր, տեսել էի ԱԹՍ-ների հարվածի հետեւանքները…: Անվնաս հասանք Իշխանաձոր: Հոկտեմբերի 11-ն էր: Մինչեւ այդ, բոլոր հեռախոսներն անջատել էի: Արդեն մտնելու էինք բուն պատերազմական գոտի. դրա շունչն արդեն զգացվում էր օդում: Զորակոչվածներին իջեցրի ավտոբուսներից, ասացի՝ «Հա՛ց կերեք»: Իսկ մտքումս մի բան էր՝ տեսնես մեր ո՞րերորդ ուտելը կլինի: Արդեն Իշխանաձորի խաչմերուկից ձախ ընդունեցինք ու 70 կմ դեպի Ջրական: Ամբողջ ճանապարհին այրվող մեքենաներ էին… Շարասյունը անփորձանք հասավ նշանակման կետ: Պիտի դիրքավորվեինք խրամատներում: Այդ օրվանից երկու սպաներս՝ Անտոնյանս ու Մալյանս, կողքիս ամուր կանգնեցին: Կազմակերպեցինք անձնակազմը, անմիջապես «աղվեսափոսեր» սկսեցինք փորել: Առավոտյան վաղ սկսվեց հրետակոծությունը: Երեք օր շարունակ ետ էինք մղում դեպի Իշխանաձոր թշնամական ուժերի ճեղքման փորձերը: Թշնամու ավիացիան թռչում էր մեր գլխավերեւով, 5-6 ռումբ էր գցում, 5-6 ռումբ էլ հետ թռչելիս էր գցում: Ամեն ինչ անում էին, որ թողնենք այդ գիծը: Այդ տեղանքում տարբեր ստորաբաժանումներից մնացած զինծառայողները այսուայնկողմից եկան, տեսան, որ մեր գիծը, խրամատները հստակ գծված են, փորված, միացան մեզ: Շուտով անձնակազմը դարձավ 150 հոգի: Ու այսպես մի կարգին ճակատ դարձանք: Երկրորդ օրը ոտքս ոլորվեց, փորձեցի ուղղել, ուռեց, մգացավ: Դարձա «միոտանի»: Այդ երեք օրվա մեջ ես չգիտեի՝ մեր հրետանային ո՞ր ստորաբաժանումներն էին մեր կրակն ապահովում: Բայց որքան թիրախ էինք տալիս, տեղում ոչնչացնում էին: Կոորդինատը տալիս էի՝ տեղում մեխում էին:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ……Վերջին օրվա «բոյը» Անտոնյանս է վարել: 23 տարեկան, Վ. Սարգսյանի համալսարանը նոր ավարտած, դեռ չամուսնացած: Նա էլ ինձ պես զորամասից խնդրել էր, որ թույլ տան՝ պատերազմ գնա: Ես ի վիճակի չէի տեղիցս շարժվելու: Կենտրոնում նստած՝ ղեկավարում էի մարտերը, բայց ինքս քայլել, վազել չէի կարող: Անտոնյանը խնդրում էր. «Կամանդի՛ր, թող դրանց մի լավ դաս տանք, խնդրում եմ»: Ասում էի՝ սպասի՛ր, զենք-զինամթերքը քիչ է, չգիտենք, դեռ ինչքան կգան, ինչքանի կբավականացնի: Քանի դեռ մեր հրետանին հստակ աջակցում է մեզ, պետք է աշխատի: Բայց այդ օրը համաձայնեցի. «Անտոնյա՛ն, տալիս եմ մարտական խնդիր,- ասացի,- բայց, եթե ձախողեցիր՝ անձամբ կգնդակահարեմ»,- սպառնացի կատակով: Երեխայի պես ուրախությունից սկսեց ցատկոտել խրամատի մեջ: Անտոնյանս հրամանը ստացավ ու գնաց՝ ասես քեֆ-ուրախության էր գնում:

Մեր աջ թեւի վրա թշնամու գյուղ կար: Ճանապարհը գալիս, մտնում էր ու այդ գյուղի միջով դուրս էր գալիս: Դրա հենց դիմացը այն դիրքն էր, որն ուզում էին գրավել: Ես թողնում էի, մինչեւ նրանց շարասյունը գար, մտներ գյուղ: Հենց փորձում էին գյուղից դուրս գալ, մեր հրետանուն ասում էի՝ «Նույն տեղում խփի՛ր, որքան կկարողանաս»: Խփում էին գյուղի շուրջը եւ մեջը: Երկու ժամ չանցած՝ կրկին շարասյուն էր գալիս: Ու այսպես շարունակ. բերում ու բերում էին:

Հերթական անգամ շարասյուն էր եկել գյուղ: Անտոնյանն իր հատվածը նախապատրաստեց մարտի. հենց այդ դիրքում էր տեղադրել իր ստորաբաժանումը: Հրետանուց այս անգամ աջակցություն չխնդրեցի: Որ կրակ չկար՝ թշնամին մտածեց, որ անխոչընդոտ առաջ կգան: Հենց Անտոնյանը տեսավ, որ շարժ է սկսվում, իսկական մարտական սպա, լուսացիրով կրակեց, ուղղություն տվեց զորքին, ու կռիվը սկսվեց: Մերձամարտ: Եղեգնուտ կար այդտեղ. նրանց անձնակազմը փորձում էր դուրս գալ եղեգնուտից, առաջ շարժվել, իսկ Անտոնյանը նրանց գլխին կրակ էր թափում: Դա մի ուրիշ հաճույք էր. կանգնել, նայել, թե ինչպես է իմ սպան կրակը կառավարում: Հիանում էի: Անտոնյանը կրակեց այնքան, որ նրանց զորքը նահանջեց, էլի գյուղ մտավ: Ու այդտեղ հրետանուն հրաման տվեցի. «Նույն տեղում, ինչքան կարող ես»: Գյուղի մեջ էլ վերջները տվեցինք:- Արայիկը այնքան ոգեւորված է պատմում, աչքերը փայլում են ուրախությունից. մանկան պես հրճվում է: Շարժումներն այնքան արտահայտիչ են, ասես այդ պահին մարտական գործողությունների կենտրոնում լինի:- Հրետանիս էլի ինչպես հարկն է աշխատեց: Անտոնյանս եկավ՝ քրտնած, հողոտ, բայց երջանիկ: Միայն մի բառ ասացի. «Ապրե՛ս…»: Մեր Անտոնյանը քայլող լեգենդ է. իմ հետ գալու առաջին իսկ օրվանից իրեն դրսեւորեց որպես իսկական տղամարդ: Նույնն էլ Մալյանս…

Չորրորդ օրը մեզ «նահանջ» հրաման տվեցին: Պարզվում է՝ մեր թիկունքում՝ մեծ տարածության վրա, մեր ստորաբաժանումներից չկային այլեւս: Շրջափակման վտանգը շատ մեծ էր: Երկու սպաներիս հրամայեցի՝ 150 հոգի անձնակազմը ապահով տեղ հասցնել: Իսկ ես մնացի. ի վիճակի չէի, այդ ոտքով բեռ էի դառնալու նրանց համար: Ասացի՝ «Հրամա՛ն է»: Այսպես տարհանում կազմակերպեցինք շրջափակումից ժամեր առաջ: Այնպիսի տարհանում, որ մեկի մազը չծռվեց: Մի քանի կիլոմետր միաշար, ճանապարհի երկու կողմերով իրարից հեռավորություն պահպանելով, գնացել էին՝ ճանապարհի եզրերով, խոտերով, մացառներով:

Երբ մեր անձնակազմը հեռացավ, ժամ պահեցի: Հաշվում էի՝ որքան ժամանակից մոտավորապես անվտանգ տեղ կհասնեն: Որոշ ժամանակ անց իմ դիրքերի ուղղությամբ թշնամու հրետանին սկսեց աշխատել: Ականանետով հո չէին խփում: Չորս կողմից դիրքս գնդակոծում էին, բայց, տարօրինակ բան՝ փոշի, բեկորներ էին թռչում, իսկ ես անվնաս նստած էի. երկու նռնակ դիմացս, երկու հրացան կողքերս ու լիքը փամփուշտներ դիմացս: Մեր հրետանուն ասացի, որ խփեն մեր գծի ուղղությամբ, մեր դիրքերին. ուզում էի մի քիչ էլ ժամանակ շահել, մինչեւ մերոնք ապահով տեղ հասնեն:

Որոշ ժամանակ անց թիկունքումս ձայներ լսեցի. Անտոնյանն ու Մալյանն էին, հետ էին եկել իմ հետեւից:  «Ախր, ինչո՞ւ եք եկել,- զայրացա,- շրջափակման մեջ ենք»: Անհանգիստ էի. գիտեի, որ այդ ընթացքում թշնամին ավելի էր նեղացրել օղակը: Ախր, նախորդ օրերին խիստ էինք ցավեցրել. 300-350 հոգի անձնակազմ էինք վերացրել: «Դե, որ եկել եք, ինձ հետ տարեք»,- ասացի ծիծաղելով:

-Անունները կասե՞ք այդ երկու սպաների,- հետաքրքրվում եմ:

-Հա, ո՞նց չէ,- գորովանքով ժպտում է Արայիկը ու մի պահ լռում… Ծիծաղում է. այնքան է ազգանունով դիմել, որ չի հիշում անուններն այդ պահին:- Հիմա երկուսն էլ ծառայության մեջ են: -Հիշում է՝ Դավիթ Անտոնյանն ու Անդրանիկ Մալյանը: …Ինձ երեք օր ու գիշեր քարշ են տվել: Իշխանաձոր տանող ճանապարհին մեզ մի տարեց կամավորական հանդիպեց. հրազդանցի էր: Մոլորված էր երեւում. «Հրացանս, հրացանս եմ կորցրել: Ինձ կդատեն»,- կրկնում էր: «Անտոնյա՛ն, Մալյա՛ն, իրեն էլ վերցրե՛ք»: «Լավ է, մի պայուսակ էլ իր ձեռքը կտանք»,- ուրախացան տղաները: Կարճատեւ հանգստի պահերին՝ ես ցավերի մեջ, հանկարծ ծերունին դառնում  էր ինձ. «Կամանդի՛ր, մի բան հարցնեմ, էլի. էդ հրացանս կորցնելու համար ինձ ի՞նչ կանեն…»:

Երբ հասանք Իշխանաձոր, մտանք մի տուն, տեսանք՝ սեղանը գցած՝ թողել, դուրս են եկել: Նստեցինք, սոված-ծարավ, մի կուշտ կերանք: Աշխարհի ամենաճոխ սեղանն էր մեզ համար: Հետո արդեն պետք է իմանայինք, որ շունչ շնչի, գրեթե մեզ հավասար, թշնամին մտել էր Իշխանաձոր… Ճանապարհին մի գորիսեցի զինվոր հանդիպեց. պարզվեց՝ Հայկիս հետ նույն տարածքում են եղել: Որոշ բաներ առաջին անգամ նրանից ճշտեցի: Հետագայում արդեն եղա այդ տեղանքում, իմացա մանրամասները…

Ամսի 5-ին Հայկենց վաշտը տարել էին Վարանդայի ու Ջրականի սահմանագծին գտնվող «Դուդուլ» կոչված բարձունքը: Այն դիրքերը, որ նրանց պաշտպանությանն էին հանձնվել, ուղիղ Ջրականի զորամասի դիմաց էին գտնվում: Այդ ուղղությամբ թշնամին ձգտում էր Արալեռով դուրս գալ դեպի «9-րդ խաչմերուկ» կոչվող տեղանքը: Հոկտեմբերի 5-ին դիրքավորվում են, եւ սկսվում է արյունալի կռիվը: Չորս օր է տեւել անհավասար դիմակայությունը: Մի օր գիշերով թուրք դիվերսանտ էր մտել նրանց դիրքերը: Նկատել էին, կրակել, վիրավորել: Մինչ կմոտենային, որ բռնեն, նռնակը հանել ու հենց գլխի տակ պայթեցրել էր. մարմինը չէր վնասվել: Համազգեստի միջից հանել էին փաստաթղթերը. պարզվել էր՝ թուրք հատուկջոկատային է:

Հայկն այդ ընթացքում միաժամանակ եւ՛ կռվել, եւ՛ դիրքի ծառայությունն է կազմակերպել: Երբ գիշերվա ընթացքում մի քանի ժամ կրակոցներ չեն լսվել, կրակել է. «Որ իմանան, որ մենք այստե՛ղ ենք»: Երբ ամսի 8-ին թշնամին հերթական անգամ հարձակվել է դիրքի ուղղությամբ, վաշտը «նահանջ» հրաման է ստացել. ուժերը խիստ անհավասար են եղել: Հայկը ասել է. «Դուք գնացե՛ք, ես գնդացրովս կապահովեմ ձեր նահանջը»… Մի կողմում Հայկն է եղել, մյուս կողմում նրա ընկերը՝ Բաղդասարը: «Բղդո՛, դու ձախ կողմը պահի՛ր, ես էլ այս ուղղությունը կպահեմ, մինչեւ տղերքը մեքենաներին հասնեն…»: Հայկենց ամբողջ վաշտի անձնակազմն այժմ ողջ է: Բաղդասարին փրկել է այն, որ գրոհի հիմնական ուժը Հայկի ուղղությամբ է եղել, եւ նա հասցրել է նահանջել:

Հայկը իր գնդացրով մի մեծ քարի հետեւում է թաքնվել. դանակով, բահով եռանկյունաձեւ փոս է ճեղքել քարի մեջ ու գնդացիրը հարմարեցրել: Պատերազմից հետո խաղաղապահների ուղեկցությամբ եղա այդ տեղանքում, տեսա այդ քարը, անգամ կողքին ընկած բահն ու դանակը, որով Հայկս ճեղքել էր քարը: Այդտեղից է կրակը վարել, երբ թշնամին ականանետի համազարկով թիրախավորել է տարածքը:

Հայկը, կրակի տակ վազելով, հասել է դեպի մոտակա հրամանատարական դիտակետը, բայց հենց այնտեղ էլ նրան շրջապատել ու բռնել են… Փորձել են հարցաքննել, տեղեկություններ կորզել… Անգամ տեսագրություն էր հայտնվել համացանցում: Շատ կարճ է տեսագրությունը. նրան կոտրել չէր հաջողվել…

Մեծամորի դիահերձարանում որդուս գլխատված մարմինն էր…,- խուլ, հազիվ լսելի ձայնով ասում է Արայիկը:

… Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ շարվել էին առավոտյան ստուգատեսի, Դ-30-ի ականը  մյուս որդու՝ Մանվելի զորամասի շարահրապարակի ուղիղ կենտրոնում է պայթել: Անսպասելիությունից զորամասում խուճապ էր սկսվել: Ինչպես հետո Արայիկը Մանվելի ծառայակիցներից էր իմացել (Մանվելն իր մասին չի պատմում) նորաթուխ զինվորը անմիջապես սկսել էր սպաներին հավասար զորքին մաս-մաս թաքստոցներ ուղեկցել: «Դուք էստե՛ղ եկեք, դուք գնացեք այնտե՛ղ, շուտ, էնտեղ ավելի ապահով կլինի»,- անընդհատ ուղղորդել էր զինընկերներին: Դիրքերում էլ էր իր կազմակերչական ընդունակություններով աչքի ընկել: Երբ արդեն իրավիճակը ծայրահեղ է եղել, եւ նահանջ են հայտարարել, այդ պահին անգամ հոգացել է, որ ոչ մի զենք-զինամթերք թշնամուն չմնա. որը հնարավոր չի եղել տանել, քանդել ու հատվածները նետել է տարբեր ուղղություններով, այնպես, որ հավաքել չլինի: Բոլոր զոհերին եւ վիրավորներին Մանվելը շտապել է դուրս բերել մարտի դաշտից:

-Ուրախանում եմ, երբ լսում եմ, որ մարտի դաշտում հոգեպես այդքան ուժեղ են եղել տղաներս,- խոսքն ավարտում է Արայիկը:

Երբ լսում էի նրան, հետեւում էի շարժուձեւին, դիմախաղին. հուսալքություն, ցավ չէի տեսնում նրա կերպարանքում. աչքերը ժպտում էին, անկոտրում կամք էի զգում ձայնի մեջ. ցավը հոգու խորքում էր:

Այսօր էլ Արայիկը մարտական հերթապահություն է իրականացնում. մեր Հայրենիքի դարպասներից մեկի մոտ դիրքապահ է: Ասում է՝ այս ամենով անցնելուց, բոլոր ցավերից ու կորուստներից հետո է՛լ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ է վերաբերվում դիրքապահի իր ծառայություն-առաքելությանը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/01/2022