Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱՑ...
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱՑ…

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱՑ...«Հակառակորդը նախաձեռնել էր մասշտաբային հարձակում: Ականանետի նշանառու, շարքային Դավիթ Ադոյանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմում անցել է պաշտպանության: Գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զրահատեխնիկայի, ավտոտեխնիկայի և անձնակազմի կորուստներ, սակայն ուժերի անհավասարության պատճառով ստիպված է եղել նահանջել դեպի «9-րդ կմ» տեղամաս, որտեղ կատարվել է վերախմբավորում։

Հոկտեմբերի 5-ին եւ 6-ին իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում, որտեղ Դավիթ Ադոյանը իր դասակի հրամանատարի և համածառայակիցների հետ ընկել է շրջափակման մեջ: Այստեղ կռվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ, նրանց պատճառելով մեծաքանակ կորուստներ։

Հոկտեմբերի 7-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք և տեղակայվել են դպրոցում՝ վերախմբավորման համար։ Հոկտեմբերի 9-ին անցել են պաշտպանության Հադրութի «Խորհատ սար» տեղանքում։ Հոկտեմբերի 10-ին հակառակորդի հերթական դիվերսիոն խմբերի ներթափանցման ժամանակ Դավիթ Ադոյանը ակտիվ մասնակցել է մարտին՝ հակառակորդին հասցնելով բազմաթիվ կորուստներ, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ ու վիրավորվել։

Հոկտեմբերի 10-ին հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցնելու համար անմիջական շփման պայմաններում մարտի է բռնվել և 21 զինծառայողների հետ մնացել շրջափակման մեջ։ Հոկտեմբերի 28-ին ծանր վիրավորման պատճառով մահացել է»։

Այս գրությունը վերնագիր ունի՝ Մարտական ուղի: Սա շարքային, 18-ամյա Դավիթ Ադոյանի մարտական ուղին է, որ տևեց 30 օր: Ժամանակ, որ դուրս էր սովորական չափումներից: Ժամանակ, որի ամեն վայրկյանը փորձություն էր՝ կամքի, խիզախության, պատվի, հայրենասիրության…

-Իմ տղան փառքով անցավ իր մարտական ուղին,- ասում է զինվորի մայրը՝ Լիլյան,- նա մինչև վերջ կանգուն մնաց:

…Ես հետո՛, ավելի ուշ կհարցնեմ, թե ի՞նչն էր փառք բերում մարտական ուղի անցած զինվորին: Հետո՛ կիմանամ, թե ինչ ասել է կանգուն մնալ շրջափակման մեջ, երբ օղակված ես թշնամու զինյալներով …Երբ ծանր վիրավոր ես, բայց տնեցիներին ասում ես՝ փոքր քերծվածք է, ու վերջին ուժերով կրակում ես թշնամու վրա: Բայց հիմա ես ուզում եմ վանել այդ պատկերը, ուզում եմ՝ պատերազմի «կադրերն» անհետանան, ուզում եմ հետ պտտել ժամանակը, որ զինվորը ժպտա, խոսի, երազի…

-Եկեք ամենասկզբից սկսենք,- ասում եմ զինվորի մորը,- Դավիթի մանկությունից պատմեք…

Մոր դեմքին դանդաղ վեհերոտ ժպիտ է բողբոջում:

-Իմ երեք որդիներից կրտսերն էր, մեր տան լույսը, մեր տան ուրախությունը: Ակզբում տարվեց ֆուտբոլով: Բակում խաղալիս մարզիչներից մեկը նկատել էր Դավիթիս օժտվածությունն ու առաջարկել էր մարզվել «Ալաշկերտում»: Երբ ավելի մեծացավ, տարվեց խոհարարությամբ: Ավելի ճիշտ՝ ընկերները ներշնչեցին այդ միտքը՝ Սևակը, Վարդանն ու Սահակը: Նրանք հասակակիցներ էին ու մանկապարտեզից ընկերություն էին անում:… Չորսն էլ մասնակցեցին 44-օրյա պատերազմին ու հավատարիմ ընկերներ մնացին մինչև վերջ…

-Սևակը, Վարդանն ու Սահակն է՞լ էին սիրում խոհարարություն,- հարցնում եմ ես:

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱՑ...-Չորսն էլ ընդունվեցին խոհարարական քոլեջ: Ավարտելուց հետո Դավիթս ուսումը շարունակեց գյուղատնտեսական ինստիտուտի գինեգործության բաժնում: Երազում էր գինու արտադրամաս հիմնել, գինի արտադրել: Նույնիսկ գինու անունն էր որոշել՝ «Դավվայն»:

Ես անուղղելի երազող եմ. անմիջապես որոշում եմ՝ գինի արտադրել «Դավվայն» անունով, փոքրիկ ուղերձով՝ հայրենիքի զինվորից: Նույնիսկ պատկերացնում եմ գինու կանաչ պիտակը՝ բանակի գույնի:

-Ինչո՞ւ եք ժպտում,- հարցնում է մայրը: Ես թոթվում եմ ուսերս ու ոչինչ չեմ ասում:

-Դավիթին երեխաները շատ էին սիրում,- անսպասելի ասում է մայրը,- վազում, փաթաթվում էին ոտքերին: Դավիթս մեծացավ, բայց երեխայի մաքրությունը այդպես էլ չլքեց նրան: Տատիկին շատ էր սիրում, ասում էր՝ աշխարհը մի կողմ, տատս մի կողմ…

Ամուսինս փոխգնդապետի կոչում ունի, նա ուզում էր, որ Դավիթը ռուսական զորքում ծառայեր, բայց Դավիթս կտրուկ մերժեց, ասաց՝ մեր՝ հայկական բանակում եմ ծառայելու…Շատ գոհ էր ծառայությունից, բոլորը սիրում էին Դավիթիս՝ հրամանատարները, ընկերները…Չմտածեք՝ իմ տղան է՝ գովում եմ:

Ես բացասաբար շարժում եմ գլուխս՝ չէ՛, այդպես չեմ մտածում:

-Ծանր վիրավոր էր, բայց մեզ ասում էր՝ թեթև քերծվածք է: Փրկված ընկերները պատմում են, որ շրջափակման մեջ, երբ ջուր կամ սնունդ էին հայթայթում, առաջինը վիրավորներին էին տալիս, Դավիթս չէր վերցնում, ասում էր՝ հավասար բաժանեք բոլորին:

Երբ թուրքերը հարձակվել են, Դավիթս՝ վիրավոր, տղաներին ասել է՝ ես կրակով կպահեմ ձեր թիկունքը, դուք փորձեք ճեղքել շրջափակումը: Բայց ընկերները չեն համաձայնել… Ասում են՝ Դավիթս քնած ժամանակ մարել է: Ասում են՝ Արտաշս երեխայի պես լաց էր լինում:

Արտաշս, Սևակս, Սահակս, Վարդանս…Մայրն այդպես է խոսում զինվոր որդու ընկերների մասին:

-Հետո տղաները իրենց բուշլատներով փաթաթել են Դավիթիս ու սպիտակ քարեր են շարել շուրջը:

Ընկերների բուշլատներով փաթաթված, արդեն հավերժորեն ննջող հերոս զինվորը….Իմ գլխում ինչ-որ բան է կատարվում: Ես չեմ լսում, ես տեսնում եմ մոր պատմածը:

-Մենք չենք պարտվել,- ասում եմ ես,- մենք հիմա ավելի ուժեղ ենք…որովհետև հիմա ամեն մեկիս մեջ մի հերոս զինվոր է ննջում՝ մարտական ընկերների բուշլատներով փաթաթված: Այս օդը, որ մենք շնչում ենք, լցված է ասքերով: Մենք հիմա ավելի ուժեղ ենք: Երբեք այսքան ուժեղ չենք եղել…

Կինը նայում է՝ տարակուսած իմ հանկարծահաս հուզում-ոգևորությունից:

-Դավիթի մանկության երեք ընկերները՝ Սևակը, Վարդանն ու Սահակը, վերադարձա՞ն պատերազմից,- հարցնում եմ ես՝ արդեն առանց վախենալու պատասխանից:

-Սևակս էլ զոհվեց,- պատասխանում է Լիլյան:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ