Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ»-Ի ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԸ
«ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ»-Ի ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԸ

«ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ»-Ի ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԸՏիգրան Արմենի Ավագյանը ծնվել է 1991 թ. փետրվարի 11-ին, Երևանում: 1997-2001 թվականներին սովորել է Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցում, այնուհետև նրանց ընտանիքը տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի նորաստեղծ շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղ: Հակարի գետի ափերին է փռված Իշխանաձորը. արևելյան կողմում Թովմասարի հարթությունն է, որտեղով ճանապարհը տանում էր Ջրական ու Հադրութ: Հակարի գետի ափին հասակ առավ Տիգրանը եւ ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ 2008 թ. ընդունվեց Արցախի պետական համալսարանի նախազորակոչային և ֆիզկուլտուրայի բաժին: 2009-2011 թթ. Հայոց բանակի զինվոր էր՝ սահմանապահ, և հսկում էր Արցախի սահմանները: Զորացրվելուց հետո զբաղված էր ընտանիքին օժանդակելով: Իշխանաձորն այն բնակավայրերից է, որտեղ մեր հայրենակիցները բերք ու բարիք էին ստեղծում՝ հարյուրավոր հեկտար հողատարածքներ դարձնելով այգիներ ու բանջարանոցներ, ցորենի ու գարու արտեր:

…2016 թ. ապրիլ-հունիս ամիսներին Արցախի սահմանները ժամկետային զինծառայողների հետ նաև 1000-ից ավելի քաշաթաղցի կամավորականներն էին հսկում: Այդ օրերին Իշխանաձորում էր տեղակայված «Սև հովազ» կամավորական ջոկատը Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ (Ռ. Գասպարյանն ու 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը, զոհվեցին 2020 թ. հոկտեմբերի 16-ին Հադրութի շրջանում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից): Տիգրանը նույնպես դարձավ այս ջոկատի մարտիկ և մեկնեց առաջնագիծ: Հաղթանակած տուն եկան: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևի արժանացավ նաև Տիգրանը:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց նոր պատերազմը, դարձյալ շատերը դարձան զինվոր: «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում Տիգրան Ավագյանը կրկին կամավոր մեկնեց առաջնագիծ՝ չնայած ուներ առողջական խնդիրներ: Այս պատերազմում «Մեծն Տիգրան»-ը նույնպես մեծ կորուստ ունեցավ՝ 9 զոհ, 3 անհայտ կորած: Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ 2020 թ. հոկտեմբերի 5-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածից զոհվեցին «Մեծն Տիգրան»-ի մարտիկներ Արտակ Դեղոյանը, Մենուա Հովհաննիսյանը (հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման), Միհրան Մանուկյանը և Սարգիս Խաչատրյանը: Օրեր անց՝ հոկտեմբերի 19-ին, «Մեծն Տիգրան»-ի հետախուզական ջոկատի մարտիկներից Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Սևակ Մնացականյանը, Հարություն Ստեփանյանը եւ Տիգրան Ավագյանը դարձան ԱԹՍ-ի հարվածի թիրախ ու զոհվեցին:

Տիգրանը հուղարկավորված է Երևանում՝ «Եռաբլուրում»՝ մարտական ընկերների՝ Արթուրի ու Սևակի կողքին: Վերջերս, Ամանորի նախօրեին, Երևանում՝ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, հանդիպեցի Տիգրանի մորը՝ տիկին Գոհարին, որն իր սաների մեջ է տեսնում իր միակ զավակին… Ինչ խոսք, տխուր է երբեմնի երջանիկ մայրը, բայց եւ հպարտ. որդին հայրենիքի համար մարտիրոսվեց՝ անառիկ պահելով իր պաշտպանած տարածքը:

Հետմահու հերոսն արժանացել է  «Մարտական ծառայություն» մեդալի:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ