Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄՕրերս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսով փողոցի թիվ 26 շենքի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Էդուարդ Մարտիկի Գալստյանին նվիրված հուշաքարի, պուրակի և հուշաղբյուրի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էդուարդի մարտական ընկերները, «Սիսական» գնդի՝ մի քանի պատերազմների մասնակից հերոսամարտիկները, «Ոգու փորձություն» կամավորների միության մասնաճյուղերի նախագահները, ՀԿ հիմնադիր-նախագահ Հակոբ Հակոբյանը, Էդուարդի հարազատները, այլ հրավիրյալներ:

Էդուարդը ծնվել է 1975 թ. Սյունիքի Սիսիան քաղաքում՝ կոչումով զինվորական Մարտիկ Գալստյանի և մանկավարժ Ստելլա Աբելյանի ընտանիքում: «Մեր Սենյորը». այսպես են Էդուարդին ճանաչում նրա ընկերները, ծանոթ-բարեկամները, այսպես էին նրան դիմում նաև մարտական ընկերները: Այս անվան ծնունդն իր պատմությունն ունի: Կյանքը սիրող, կենսախինդ, կյանքով լեցուն Էդուարդը  դեռ դպրոցում էր սովորում, երբ մի օր հոր դիպլոմատով, բաց գույնի կոստյում-շալվարով գալիս է դպրոց, այն էլ՝ ուշացած: Դասասենյակի դռան մոտ նրան դիմավորում է պատմության ուսուցիչն ու խաղացված մեծարանքով ներս հրավիրում. «Համեցե՜ք, սենյո՛ր»:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1992 թ. պատերազմի ակտիվ փուլում, Էդուարդը զորակոչվեց բանակ: Ծառայության անցավ Սիսիանի նույն զորամասում, որտեղ ծառայում էր նաև Արցախյան ազատամարտի մասնակից հայրը: Այդ ժամանակ նոր էր ստեղծվել Երկրապահ կամավորականների ջոկատը, որի հիմնադիրներից էր Մարտիկ Գալստյանը: Էդուարդը, լինելով ժամկետային զինծառայող, հոր հետ ուս ուսի մասնակցել էր 1993-1994 թթ. Արցախյան ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄազատամարտին: Ջրական, Որոտան, Ֆիզուլի, Քարվաճառ և այլ ուղղություններով փայլուն գործողություններ իրականացնելու համար պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: Էդուարդը անմասն չէր մնացել նաև 2016 թ. Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին՝ որպես կամավոր՝ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել մարտերին: 1998 թ., Էդուարդն ամուսնացել էր, ունի մեկ դուստր, որի մասին էին լինելու նրա վերջին հուշերն, ու որի կարոտը սրտում էլ անմահանալու էր… 2020 թ. սեպտեմբերի 27-ին, լսելով պատերազմի վերսկսման բոթը, Էդուարդը կրկին շտապել էր կամավորագրվելու և մեկնելու Արցախ: Մայրը փորձել էր կանգնեցնել նրան, իսկ նա հակաճառել էր. «Ախր, ո՞նց կլինի, ես չգնամ, մյուսը չգնա, երրորդը, բա ո՞վ պահի մեր երկիրը»: «Ես էլ հետդ կգամ»,- մոր սիրտն անհանգիստ էր. տիկին Ստելլան մի վերջին փորձ էր արել համոզելու, որ չգնա. «Ես գնամ, դու հետո կգաս»,- այսպես ժպիտով համոզել էր մորը:  Մեկնելուց առաջ հագել էր պատերազմի հետևանքով առաջացած առողջական խնդիրներից 2017 թ. մահացած հոր համազգեստը և ասել. «Ես Մարտիկի տղան եմ. սա է իմ ուժը: Ես քո հագուստի մեջ ինձ ավելի լավ եմ զգում, պա՛պ»,- ասել էր ու մեկնել պատերազմ՝ իր և հոր վրեժը լուծելու: Շտապել էր Արցախի ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական…

Հոկտեմբերի 6-ին Էդիկը, իրենց ջոկատից երկու մարտիկների հետ, ընկել էր շրջափակման մեջ: Մինչև այդ վիրավորվել էր ոտքից, բայց հրաժարվել էր թողնել կռվի դաշտը: Եվս մի վիրավորում էր ստացել ուսի հատվածում: Բայց մարտընկերներին արգելել էր այդ նեղ պահին իրենով զբաղվել: Սթափ գնահատելով իրավիճակն ու չցանկանալով ողջ հայտնվել թշնամու ձեռքում՝ երկու ընկերներին առաջարկել էր գրկախառնվել և նռնակի օղակը քաշելով՝ վերջ տալ իրենց կյանքին: Երբ տղաները հրաժարվել են՝ հույս ունենալով դեռ ելք գտնել շրջափակումից, Էդուարդը նրանց հորդորել է արագ ու առանց հետ նայելու հեռանալ. «Այստեղ մնալը հավասարազոր է մահվան. թե կարող եք՝ հետդարձի ճամփան գտեք: Իսկ իմ մասին մի՛ մտածեք: Միայն զգույշ եղեք՝ դրանց ձեռքը հանկարծ չընկնեք»: «Քեզ ո՞նց թողնենք…»,- տարակուսել են ընկերները: «Գնացե՛ք, ինձ փրկել, տանել չեք կարող՝ վիրավոր, ծանր: Ինձ չեք փրկի հերիք չի, նաև ձեր կյանքը կվտանգեք: Համ էլ՝ ես նռնա՛կ ունեմ…»,- հրաժեշտի պահին ժպտացել էր Էդուարդը: Մի վայրկյան անգամ չէր երկնչել, չէր վարանել. Արցախյան ազատամարտում դեռ որպես ժամկետային զինվոր մարտնչած, Ապրիլյան քառօրյա պատերազմում սահմանն անառիկ պահած և 44-օրյա պատերազմում կյանքի-մահվան կռիվ տված կամավոր զինվորը՝ սերժանտ Էդուարդ Մարտիկի Գալստյանը, գերի չընկնելու հաստատակամությամբ քաշել էր նռնակի օղակը…

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄԱյսօր արդեն Էդուարդի հիշատակին նրա շենքի բակում բացված գեղեցիկ պուրակում տեղադրված է նրա հուշաքարը, իսկ դրա կողքին նռնակի տեսքով ցայտաղբյուրն է: Այսուհետ ծանոթ ու անծանոթ անցորդները իրենց ծարավը հագեցնելիս մի պահ կխոնարհվեն քաջ սերժանտի հուշատախտակի, աննկուն զինվորականի հիշատակի առջև…

Միջոցառմանը ներկա ծանոթները, մարտական ընկերները, հարազատները իրենց սրտի խոսքն ունեին ասելու Էդուարդի մասին: Միջոցառումը գեղեցիկ ու ոգեղեն մի համերգի էր վերածվել ու չնայած բացօթյա էր, բայց ձմեռային ցուրտ օրը ջերմանում էր մասնակիցների ոգեշունչ, սրտառուչ խոսքով ու կատարումներով՝ ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերով: Իրենց գեղեցիկ կատարումներով միջոցառումը ծաղկեցրին 44-օրյա պատերազմում զինվոր որդուն կորցրած երգիչ Դավիթ Ամալյանը, աշուղ Աստղանույշը, երգիչ, երգահան, առակագիր Արսեն Համբարյանը և շատ ուրիշներ:

Էդուարդի մասին իր պատերազմական հիշողություններով ու հուշերով կիսվեց նաև Եգոր Գլումովը, որը Էդուարդի մարտական ընկերն է եղել.

-Պատերազմը խտացված կյանք է,- ասաց Եգորը,- Էդիկի հետ մի քանի տասնյակ օրերի ընթացքում շատ դժվար, երկար ու հետաքրքիր, երկար և դաժան կյանքեր ապրեցինք: Երբ օրերս Էդուարդի մայրը՝ տիկին Ստելլան, ինձ զանգահարեց ու ասաց. «Ես Էդուարդի մայրն եմ», սկզբում չհասկացա, ում մասին էր խոսքը, բայց հետո, երբ ասաց. «Սենյորի մայրն եմ», անմիջապես հասկացա: Սենյորի հետ դեռ ավտոբուսում՝ Արցախ մեկնելիս հանդիպեցինք, զրուցեցինք: Շատ զուսպ էր, հավաքված, վճռական: Նրա հետ կապված մի քանի պատերազմական դրվագ եմ հիշում: Դիրքեր բարձրանալիս փորձում էինք միշտ հնարավորինս շատ փամփուշտ վերցնել հետներս: Մի օր տեսա, որ Սենյորը լուրջ դեմքով մի ուսապարկ էր վերցրել և երկու տուփ փամփուշտ էր տեղավորում մեջը: Եթե ինչ-որ մեկը չի պատկերացնում՝ 24 կգ քաշ է սա: Լցրեց, գցեց ուսին: Հարցրի. «Սենյո՛ր, էսքանը ինչի՞ համար ես տանում հետդ: Ո՞նց ես տեղ հասցնելու»: Ասաց. «Ես չկարողանամ, ընկերներս կտանեն»: Նա ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄշատ կապված էր մարտական ընկերների հետ: Նրա հետ կապված մի ուրիշ դեպք էլ է հիշվել. կռվի մի շատ բարդ պահի իրար կողքի էինք: Ասացի. «Կյանքիդ ամենալավ բանը ո՞րն է: Հիմա դրա մասին մտածի, որ վատ բաների մասին չմտածես»: Պատասխանեց. «Իմ կյանքի ամենալավ բանն իմ աղջիկն է…»: Ու, ցավոք սրտի, նա իր աղջկան այլևս չկարողացավ գրկել… Շատ կարևոր մի բան կա. մենք չենք ավարտել մեր պատերազմը: Մենք պարտք ենք բոլոր այս տղաներին: Ցավոք, մեր պատերազմը շարունակվում է, և շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ հայը հային իրավունք չունի նեղացնելու, վատ խոսք ասելու, պարտքով փող տալու: Մենք պետք է շատ սիրենք միմյանց: Եթե մենք չենք հասկանում, թե դա ինչ է, ցավոք, պատերազմն է մեզ սովորեցնում: Մարտի դաշտում յուրաքանչյուրի կյանքը կախված է միայն այն մարդկանցից, որոնք կանգնած են իր աջ ու ահյակ կողմերում: Ո՛չ մի հարստություն, պաշտոն, աթոռ, ոչ մի բան չկա, բացի քեզնից ու քո ընկերներից: Եթե մենք մեր երկրի ներսում ամուր ու միասնական լինենք, Սենյորի և նրա նմանների զոհաբերությունն իզուր չի լինի:

Միջոցառմանը ներկա Էդուարդի հորեղբայրը՝ Մերուժան Գալստյանը, որը նույնպես երկու պատերազմների մասնակից է, «Ոգու փորձություն» կամավորների միության Սիսիանի մասնաճյուղի հիմնադիրն ու ղեկավարը, մի քանի խոսքով ներկայացրեց Գալստյանների ընտանիքի անցած մարտական ուղին.

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՈՍՔՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ-Դեռ 1941 թ. Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է հայրս՝ Հրանտ Գալստյանը: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես ու եղբայրս՝ Էդիկի հայրը, «Սիսիան» ջոկատի հիմնադիրներից ենք եղել: Եվ, իհարկե, պտուղը ծառից հեռու չէր կարող ընկնել. Էդիկը իր նախնիների արժանի զավակն էր,  հայրենասեր ու նվիրված: Նա չէր կարող չկամավորագրվել թե՛ Քառօրյա մարտական գործողություններին, թե՛ վերջին՝ 44-օրյա պատերազմին:

Միջոցառման վերջում խոսեց Էդուարդ Գալստյանի մայրը՝ Ստելլա Աբելյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին ու միջոցառման կազմակերպիչներին՝ տիկին Ստելլան ասաց.

-Դժվար է խոսելը… Հայրենիքը խոսքով չեն սիրում, այլ՝ գործով: Եվ ահա մեր տղաները, որոնց մեջ նաև իմ Էդիկն էր, ապացուցեցին իրենց սերը՝ գերադասելով հայրենիքը, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների: Այո՛, նրանք չկան, բայց նրանք միշտ կապրեն մեր սրտերում, քանի դեռ բաբախում են մեր սրտերը: Հավե՜րժ փառք նրանց և մեր խոնարհումը: Ես շատ կցանկանամ, որ այլևս պատերազմ չլինի, որ մեր ապագա սերունդները շատ երեխաներ ունենան, բազմացնեն մեր ազգը: Ու նաև երբեք չմոռանան, որ մենք շրջապատված ենք թշնամիներով և պետք է միշտ պատրաստ լինենք պաշտպանելու մեր Հայրենիքը: Ամենակարևորը՝ մենք պարտավոր ենք միասնական լինել: Եղել ենք, կանք ու կլինենք…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ