Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ
ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ

ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՇիրակցի Անդրանիկ Հովհաննիսյանը ապագա սրտաբան է, սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ զորավար Անդրանիկի:

-Հորեղբայրս Ֆրանսիայում է ապրում: Երբ ես ծնվել եմ, այդ տարի Անդրանիկի աճյունը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցից տեղափոխել են Հայաստան, ու հորեղբորս որդու առաջարկով ինձ անվանել են Անդրանիկ:

Դեռ դպրոցական տարիքից հետաքրքրությամբ էր կարդում զորավարին վերաբերող ամեն նյութ.

-Մեծ հայդուկապետի հայրենասիրությունը սահմաններ չուներ, եւ որքան էր պաշտում հայրենիքը, որ մահվանից առաջ պատվիրել էր իր մարմինն օտար հողում չթողնել, անպայման Հայաստան տեղափոխել:

 

***

 

Արթիկի հիմնական դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո Անդրանիկն ընդունվեց բժշկական համալսարան եւ վեց ամիս անց զորակոչվեց բանակ:

-Մեր ծառայավայրը զգալի տարբերվում է մնացած շատ զորամասերից իր բարդություններով. դժվարին, իրարից կտրտված լեռնային տեղանքում է: Ես ձմռանն էի զորակոչվել, ու առաջին հայացքից ամեն ինչ այնքան անհրապույր էր թվում՝ ձյուն, կպչուն ցեխ, մշտական մառախուղ…, բայց, երբ գարունը բացվեց, ինչ հրաշք, շքեղ ու անկրկնելի բնություն…

Սերժանտ էի, դիրքի ավագ, ու այնպիսի պոստ էինք պահում, որ մեքենաների համար հաղթահարելի չէր, պարաններով էինք սնունդ, ջուր հասցնում. այստեղ ծառայության ամեն օրը քեզ է՛լ ավելի էր ամրացնում, կոփում: Մեր գումարտակներից մեկի մուտքի ցուցատախտակին գրված է՝ «Լեռները թույլերին չեն ընդունում», և իրապես այդպես է՝ «Եղնիկներում» ծառայում են միայն ոգով ուժեղները…

Չնայած ծառայության անվերջ, անհամար դժվարություններին, ապագա բժիշկը անկեղծանում է՝ եթե ընտրության հնարավորություն ունենար, առանց երկմտելու նորից նույն հատվածը կգնար ծառայելու, հետո պատերազմական վառոդաբույր օրերն է վերհիշում.

-Հակառակորդի դիրքում շարժը, մարտական տեխնիկայի կուտակումները նկատելի էին: Սեպտեմբերի 25-ին մեր հերթափոխը դիրքերից իջավ գումարտակ, 27-ի առավոտը պայթյունների ձայներով բացվեց…

Գումարտակի հրամանատարը հրահանգեց անտառի միջով ոտքով բարձրանալ մարտական հենակետ. հիմնական ճանապարհը թշնամին թիրախավորել էր՝ անընդմեջ հրետակոծում էր:

ԱԹՍ-ները թռչում էին մեր գլխավերեւում, հակառակորդը գրեթե հասել էր մեր դիրքեր, սակայն անտառապատ, խիստ թեքադիր ձորալանջի պատճառով նրանց մարտական տեխնիկան չէր կարողացել առաջանալ ու կենտրոնացել էր անտառի սկզբնամասում: Մեր սպաները ժամանակ առ ժամանակ իջնում էին այդ տարածք եւ ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ պատճառում թշնամուն: Ավագ լեյտենանտներ Թովմաս Թովմասյանի, Նարեկ Հովհաննիսյանի խիզախությունը սահմաններ չուներ: Հատուկ գրոհային խմբի կազմում նրանք հետո կռվեցին Սղնախում, Քարինտակում, Շուշիում: Կռվել էին մինչեւ վերջ՝ չլքելով իրենց վստահված դիրքերը, երկուսին էլ հետմահու շնորհվեց «Արցախի հերոսի» կոչում:

Սպաներն իրենց անձնական օրինակով ոգեւորում էին զինվորներին։ Մեր հրամանատարը գնդապետ Ջալավյանն էր, ու անգամ անհույս, անելանելի վիճակում էլ թե հայտնված լինեինք, նրա ձայնը նույնիսկ ռացիայով լսելիս ոգեշնչվում էինք, գոտեպնդվում…

ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԹե՛ սպաները, թե՛ ժամկետայինները կռվում էին անվախ, բոլորն էլ առյուծ էին կտրել. ճարտարցի Գրիշը փոքր-մոքր էր, բայց էնքան արագաշարժ էր, ճկուն, դիտարկվող հատվածներն աներկյուղ անցնելով, հաց էր հասցնում, զինամթերք, Գոռ Աբրահամյանի հարազատները մասնակցել էին Արցախյան ազատամարտին, հիմա ինքն էր կռվում հայրերի, պապերի օրինակով…Չեմ կարող թվարկել բոլորի անունները՝ կռվող տղերքից ամեն մեկն էլ հերոս էր: Կյանքի ու մահվան կռիվ էր…

Ծանր էր, անասելի ծանր եղբոր պես հարազատ դարձած մարտական ընկերների կորուստը, մեր վաշտից առաջին զոհը Դավիթ Ուզունյանն էր, մտերիմ ընկերներ էինք, էնքան անկեղծ էր, սրտաբաց, չափազանց բարի, հումորն անպակաս: Իրար հետ հաճախ էինք մեր ապագա ծրագրերից խոսում… Զոհված մարտընկերների կորուստը մեր ոգին լցնում էր վրիժառությամբ. մահից չէինք վախենում այլեւս, հաշտվել էինք արդեն մահվան հետ, բայց ուզում էինք ողջ մնալ, որ վրեժ լուծեինք…

Նվիրումի դրսեւորումներն անպատմելի էին,- շարունակում է Անդրանիկը,- անքնությունից ծանրացած կոպերով, գերլարված էինք, բայց երբ մի հերթափոխը մյուսին առաջարկում էր գնալ մի փոքր հանգստանալու, հրաժարվում էինք, մեկս մյուսին մենակ չէր ուզում թողնել, մեկս մյուսի կյանքը սեփականից վեր էր դասում, իրար էնքան էինք հարազատացել, միասին ցեխոտ, սառը խրամատում օրեր էինք լուսացրել, հաց կիսել իրար հետ ու կիսել նաեւ …կորստի անամոք ցավը… Մենք մարտական եղբայրներ էինք…

Նոյեմբերի մեկին ծնունդս էր, ովքեր անցան արյունոտ պատերազմի թոհուբոհով ու հրաշքով ողջ մնացին, թերեւս ամեն բացվող օրը կարող են ծնունդ համարել կամ վերածնունդ… Գիշերվա ժամը տասներկուսին զինակից ընկերներս շնորհավորեցին, մինչ պատերազմը մաղթանքները տարբեր էին, հիմա միակ մաղթանքը խաղաղությունն է, իսկ երկնքում «հրավառություն» էր՝ ինչ զինատեսակից ասես…

 

Նոյեմբերի 9-ի երեկոյան սպաներից մեկը հայտնեց, որ պատերազմն ավարտվել է:

-Ասաց՝ շատ ծանր պայմաններով է ավարտվել… Ուրախ էինք, որ ավարտվեց այդ մղձավանջը, գոնե այլեւս զոհեր չէինք ունենա, բայց հիասթափությունն անսահման էր…

Երբ զորացրվել, տուն էի վերադառնում, անպատմելի ծանր էր զգացողությունները… Մինչ պատերազմը որոշել էի բանակից հետո ամբողջ Արցախով շրջագայել, տեսնել հայոց բերդաքաղաքը՝ Շուշին…

Պատերազմն ավարտվել է, բայց մեր «կռիվը» չի ավարտվել,- ասում է Անդրանիկը,- ամեն մեկն իր «առաջնագծում» զինվորի նվիրումով պիտի գործի, շենացնի, ծաղկեցնի ու հզորացնի երկիրը… Մենք պարտք ունենք մեր զոհված ընկերներին՝ արժանապատիվ ու հզոր հայրենիք…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկաները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ընտանեկան արխիվի