Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՀաճախ ենք լսում, ինքներս էլ մեր հերթին հաստատում, որ բանակ ասելով առաջին հերթին հասկանում ենք զինվոր՝ լավ վարժված, ֆիզիկական գերազանց տվյալներով, կուշտ, հագուստ-կապուստը տեղը, լավ զինված։ Միանգամայն ճիշտ է։ Սակայն նույնքան ճիշտ է, եթե այս միտքը մենք արտահայտենք հրամանատարի դեպքում։ Որովհետեւ ի՞նչ կարող է ասել աշխարհի ամենալավ զինվորը, եթե նրան  գործելու, նպատակաուղղելու հնարավորություն տվողը չկա, այսինքն՝ հրամանատարը։

Հրամանատարը սպա է, բայց ամեն սպա դեռեւս հրամանատար չէ։ Հրամանատարը գիտելիքի, փորձի եւ առանձնակի օժտվածության տեր մեկն է։ Ինչո՞ւ ենք շեշտում վերջին հատկանիշը։ Որովհետեւ շատ հաճախ անակնկալ կերպով առաջացած սուր եւ հրատապ իրադարձություններում երբեմն պահանջվում է ոչ ստանդարտ լուծում, երբ պետք է փայլատակի հնարը գտնելու հանճարը։

Բոլոր ժամանակների համար իր արդիականությունը չկորցնող օրինակ է Նապոլեոնի մարշալներից Գրուշին, որին ճակատագիրը քմահաճորեն հանձնել էր ե՛ւ կայսեր, ե՛ւ Եվրոպայի բախտը տնօրինելու սանձը։ Վաթեռլոյի ճակատամարտից մեկ օր առաջ Նապոլեոնն իր զորքի  մեկ երրորդը հանձնում է մարշալ Գրուշիին՝ հետապնդելու պրուսացիների զորքին, որ չմիավորվեն դիմացը բանակած անգլիացիներին։ Գրուշին զորքն առած գնում է հնազանդորեն կատարելու կայսեր հրամանը։ Պրուսացիները խորամանկորեն հետ են դառնում դեպի Վաթեռլո, իսկ  այս մարշալը գնում է նախանշված ուղղությամբ, որտեղ արդեն պրուսացիների հետքն իսկ չկար։ Հաջորդ օրն սկսվում է ճակատամարտը։ Երկու բանակներն էլ հավասարապես ջարդում են իրար, եւ երկուսից ում որ օգնական զորք հասներ, նա էլ կտիրանար անվերապահ հաղթանակին։ 3-4 ժամվա երթարշավի հեռավորությունից Գրուշին լսում է թնդանոթների ձայնը, նրա սպաները համոզվում են, որ ճակատամարտում են ֆրանսիացիներն ու անգլիացիները։ Մարշալին հորդորում են հետ դառնալ, հասնել կայսերն օգնության։ Գրուշին ընկնում է մտատանջության մեջ, մի ակնթարթ խորհում է տագնապած, սակայն նրա մեջ հաղթում է խղճով կամակատարը, եւ նա շարունակում է զորքը տանել դեպի այնտեղ, որտեղ ոչ մի պրուսացի չկար. նա հրաման կատարող մեկն էր եւ ուրիշ ոչինչ։

Պրուսացիները վերադառնալով միանում են անգլիացիներին։ Մի պահ Նապոլեոնին թվում է, թե անտառից դուրս հորդացող հեծելազորը Գրուշիինն է, հոգին հուսավառվում է հրճվանքից, բայց, ավաղ, դա տեւում է մի ակնթարթ միայն։

«Եթե Գրուշին քաջություն ունենար, եթե նա հանդգներ հրամանը խախտել, եթե նա հավատ ընծայեր իրեն եւ բացահայտ, հրատապ անհրաժեշտությանը՝ Ֆրանսիան փրկված կլիներ։ Բայց ենթակա, ստորադրյալ մարդը միշտ էլ կարգադրությանն է հետեւում եւ ականջ չի դնում ճակատագրի կանչին»,- գրում է Ստեֆան Ցվայգը։

Հրամանատարների հանճարին է պարտական պատերազմող երկրների պատմությունը զանազան մեծ ու փոքր հաղթանակների եւ նվաճումների համար։ Հռոմի հրամանատարներն են Հռոմը դարձրել աշխարհակալ երկիր, ռուս հրամանատարներն են ռուսական սահմանները ընդարձակել հյուսիսային եւ հարավային ծովերի միջեւ, արեւմուտքից մինչեւ ծայր արեւելք։ Անգլիացի հրամանատարները ծովում եւ ցամաքում հասան վիթխարի նվաճումների եւ ստեղծեցին բրիտանական գերտերությունը… Այն երկրներում, որոնց բանակների տարիքը հարյուրավոր տարիներով է հաշվվում, լավ հրամանատարների պակաս չի զգացվում։ Հրամանատարն իր երկրի ռազմարվեստի պատմության կրողն ու շարունակողն է, ինչպես որ գրողը իր հայրենի գրականության, երաժիշտը՝ երաժշտության, ճարտարապետը՝ ճարտարապետության ավանդների։

Ճիշտ է, հայերս հարյուրամյակներով ազգային բանակ չենք ունեցել պետականության բացակայության պատճառով, բայց ունեցել ենք երանելի զորահրամանատարներ՝ աշխարհի այլեւայլ բանակներում։ Ու քիչ չէ նրանց թիվը, առավել նշանակալի է որակը։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ մեր հրամանատարական ավանդույթը դարերի մեջ չի ընդհատվել։ Այդ էր պատճառը, որ Արցախյան պատերազմի օրհասին դրսից հասած զինվորական հայորդիք պատկառելի հրամանատարներ էին, պատրաստ ցանկացած մարտ վարելու եւ հաղթանակներ կռելու։ Լավագույն ապացույցը Շուշիի ազատագրման գործողությունն էր՝ հայ հրամանատարական մտքի իսկապես ճառագումը… Պատերազմի ընթացքում ծնվեց հայ մարտական հրամանատարների մի հրաշալի սերունդ, որը ոգու եւ փորձի առումով մեծ օրինակ ծառայեց հետագայում եկողների համար…

Ինչպես կյանքում ցանկացած ոլորտի մարդու, այնպես եւ զինվորականի հոգեւոր աշխարհը, մտահորիզոնը սնվում եւ հարստանում են մշակույթի լույսով։ Բոլոր դարերում մշակույթն է առաջնորդել մարդուն իր ճանապարհն անցնելիս։ Առավել խոհուն եւ բանիմաց ուղեկից, քան մշակույթը չի կարող լինել մարդու համար։ Հին աշխարհի մեծանուն զորավար Ալեքսանդր Մակեդոնացին ասիական արշավանքի ժամանակ հաղթում է պարսից Դարեհ արքային։ Վիթխարի քանակությամբ ավար, հարստություն են գրավում պարտված բանակից. շլացուցիչ ակնեղենի, ոսկու եւ արծաթի հսկա կույտերի մեջ Ալեքսանդրի ուշադրությունը գրավում է ակնավառ դրվագներով երկու արկղ։ Զորավարը զմայլանքով զննում է արկղերը եւ հրամայում զինվորներին դրանց մեջ դնել Հոմերոսի պոեմները։ Ուրեմն՝ Հոմերոսի պոեմները Ալեքսանդրի հետ էին, նրա ուղեկիցներն էին եւ նրա հետ նվաճում էին մարդկության հոգեւոր աշխարհը։

Այս փոքրիկ պատմությունը շատ բան է ուսուցանում մեզ. նախ՝ այն, որ զորավարի համար գանձերի գանձը հոգեւոր հարստությունն է, եւ ապա՝ եթե մարդ իր մեջ կրում է այդ հարստությունը, ուրեմն նա չի շլանա ոսկու փայլից։ Այս պատմությունը նաեւ դարերի խորքից պատգամում է. մեր մտքի թռիչքը գալիս է գրքերից, պետք է ամենամեծ պատվի արժանանան գրքերը։

Հիմա, ցավոք, այս պատգամը չի պահպանվում մեզանում, բացառություն չեն նաեւ զինվորականները։ Բայց սա պիտի համարել տեղատվության ժամանակաշրջան, որը երբեմն-երբեմն հայտնվում է քաղաքակրթության որեւէ շրջադարձում։

Հրամանատարը, այսինքն՝ նա, ում տրված է ինքնուրույն գործելու եւ հրաման տալու հնարավորություն, գիտելիքից, փորձից ու հմտությունից զատ, իր մեջ անհրաժեշտաբար պետք է կրի բարոյական բարձր հատկանիշներ։ Այլապես նրա հրամանը լիարժեքորեն չի կատարվի, նրա հանդեպ վստահության պակաս կառաջանա ենթակաների մեջ։ Ճիշտ եւ ճիշտ առաքինությունից զուրկ այն ծնողի նման, որը չի կարող ապահովաբար վարել ընտանիքի ղեկը։

Հրամանատարը, մանավանդ կրտսեր կազմը, որն անմիջաբար շփվում է զինվորների հետ, մասնակիցն է նրանց առօրյայի, պետք է տեղյակ լինի յուրաքանչյուրի կյանքին ու կենսագրությանը, հակումներին, ուժեղ եւ թույլ կողմերին։ Ինչպես որ անտառում ամեն ծառ իր արմատն ու սաղարթն ունի եւ ապրում է նախ եւ առաջ սեփական ճակատագրով, այնպես էլ համազգեստի միանման ձեւ ու գույնի տակ տրոփում են տարբեր սրտեր, շնչում են տարբեր աշխարհներ։ Հրամանատարը պետք է գտնի դեպի այդ արժեքները տանող ճամփաները, որ հենց  այդ ճամփաներով տեղ հասնեն նրա արձակած հրամանները։ Այ, այդ տեղ հասնող հրամանով է ուժեղ բանակը։

 

Ս. ՂՈՒԿԱՍՅԱՆ