Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԲԱՆԱԿՈՒՄ ՆԿԱՐԻՉ ԴԱՐՁԱ»
«ԲԱՆԱԿՈՒՄ ՆԿԱՐԻՉ ԴԱՐՁԱ»

«ԲԱՆԱԿՈՒՄ ՆԿԱՐԻՉ ԴԱՐՁԱ»Զրույց նկարիչ Մհեր Չատինյանի հետ

 

-Սիրելի Մհեր, ես Ձեր երկրպագուն եմ ու վաղուց համացանցում հետևում եմ Ձեր հրապարակումներին, ծանոթանում եմ ձեր նոր ստեղծագործություններին: Եվ ահա մի զրույցի ժամանակ Դուք ասացիք, որ բանակում եք նկարիչ դարձել: Հենց այդ միտքն էլ դարձավ այս հանդիպման առիթը:

-Ես ավարտել եմ իմ ծննդավայր Վանաձորի մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը: Բանակում հրամանատարներս ինձ մասնագիտությունից չկտրվելու՝ նկարելու հնարավորություն տվեցին: Ու առաջին անգամ ես սկսեցի նկարել առանց ուսուցիչների հսկողության ու խորհուրդների. նկարել ինչ ուզում եմ, ինչպես ուզում եմ, որոնել իմ գույնն ու գիծը, ինձ հոգեհարազատ թեմաներն ու պատկերները: Ես Քարվաճառում եմ ծառայել, իսկ Քարվաճառը դրախտային բնություն ունի, շատ գեղեցիկ, տրամադրող: Ես խանդավառությամբ նկարում էի Քարվաճառի գողտրիկ անկյունները, նկարում էի ծառայակից ընկերներիս, բանակային կենցաղը:

-Ձեր նկարչությունը վառ է, ընդգծված, գունեղ: Ձեր յուրաքանչյուր նկարում զարթոնքի շունչ կա, ինչ-որ ցնծուն, հեքիաթային պոռթկում, որը վարակում է դիտողին: Եթե ասեք, որ այդ գույները ,, գտել եք,, բանակում, ես կմտածեմ, որ շատ լավ հրամանատարներ եք ունեցել, և ծառայության տարիները անցել են բարձր տրամադրությամբ:

-Իմ հոգեվիճակը կապ չունի այն ամենի հետ, որ ես նկարում եմ: Նույնիսկ ամենամռայլ տրամադրությամբ ես կարող եմ նկարել ամենավառ գույներով: Այդ ամենը տրամաբանական բացատրություն չունի. դու անում ես այն, ինչ քեզ ,,հրամայում են,, ներսից: Ես չգիտեմ՝ ինչու են իմ նկարներում տները կարմիր, իսկ հողը՝ դեղին…Ինչո՞ւ է իմ հայրենիքն այդքան զվարթ: Գուցե դրանք իմ սիրո գույներն են: Ինչ վերաբերում է հրամանատարներիս ու բանակում իմ ծառայության տարիներին, ապա՝ ես ոչ մի խնդիր, ոչ մի դժվարություն չեմ ունեցել բանակում: Թեև եղել են և լավ, և վատ հրամանատարներ:

-Ի՞նչ չափանիշներով եք բնութագրում լավ ու վատ հրամանատարներին:

– Որքան էլ զարմանալի թվա, ես արվեստի մարդ լինելով՝ սիրում եմ, երբ բանակում կա կարգապահություն, օրենք, կարգուկանոն: Լավ հրամանատարը, ըստ իս, բանակային օրենքերին ենթակվող ու ենթակա անձնակազմից կարգապահություն պահանջող հրամանատարն է: Բանակում յուրաքանչյուրի՝ և հրամանատարի, և զինվորի ինքնագործունեությունը թուլացնում է զորքի մարտունակությունը: Ինձ համար իսկական զինվորականի օրինակ էր մեր շտաբի պետը՝ գնդապետ Մաթևոսյանը: Նա հետևողական էր, կարող էր նկատել ամենաչնչին թերացումը: Խստապահանջ էր և իր, և ենթակաների հանդեպ: Չէր հանդուրժում որևէ շեղում կանոնագրքից: Միևնույն ժամանակ բազմակողմանի զարգացած էր, արվեստասեր ու բարձր գեղարվեստական ճաշակ ուներ: Մենք զրուցում էինք կերպարվեստից, ու ինձ զարմացնում էր նրա դիտողունակությունը: Մի խոսքով՝ լավ հրամանատարը կանոնադրային հարաբերություններին հավատարիմ, բազմակողմանի զարգացած հրամանատարն է:

-Իսկ ո՞ւր մնացին սերն ու հոգատարությունը զինվորի, ենթական անձնակազմի հանդեպ:

-Եթե սպաներն ու զինվորները անշեղորեն առաջնորդվեն կանոնագրքով, ավելի շատ սեր ու հոգատարություն կգտնեն միմյանց հանդեպ, քան իրենց գթասրտությանը ապավինելիս: Ես պինդ, ուժեղ, ձիգ բանակի ջատագով եմ, առանց սուտ ու սրտաճմլիկ խոսքերի: Բանակը ուժ է, բիրտ ուժ, որ պիտի հանես թշնամու դեմ: Բանակը անձնազոհություն է, խիզախություն:

-Մհեր, Դուք հաջողակ նկարիչ եք, ցուցադրվում եք արտերկրում, Ձեր գեղանկարները պահանջարկ ունեն: Այն իրողությունը, որ և Ձեր պապն է նկարիչ, և Ձեր հայրը, նպաստե՞լ է Ձեր ձեռքբերումներին:

-Ես ժառանգել եմ նրանց տաղանդը: Իսկ ձեռքբերումներիս համար առաջին հերթին պարտական եմ հորս: Ես օրը տասը ժամ նկարում եմ. բնատուր օժտվածությունը շատ կարևոր է արվեստում, բայց աշխատասիրությունը նույնպես մեծ դեր ունի: Ես չեմ բավարարվում ձեռքբերածով, ամեն օր առաջ եմ շարժվում:

-Առաջ ՝ ո՞ւր: Որտեղ եք ուզում հասնել:

-Հայաստանը համաշխարհային մեծության բազմաթիվ նկարիչներ ունի, բայց աշխարհը ճանաչում է երեքին, որոնցից միակն մեկն է Հայաստանում ստեղծագործել՝ Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Հովհաննես Այվազովսկի…Իմ կարծիքով՝ և Մինասը, և Հակոբ Հակոբյանը, և Հարություն Կալենցը գրեթե չեն զիջում նրանց, բայց մնացել են ստվերում, որովհետև փոքր երկրի նկարիչներ են եղել: Հայաստանցի նկարիչը պիտի շատ աշխատի, ներդնի ամբողջ ուժերը մեծ հաջողությունների հասնելու համար:

-Արտասահմանցի դիտողին չե՞ն զարմացնում Ձեր գույները, Ձեր կարմիր-դեղին աշխարհը:

-Ընդհակառակը: Նրանց համար վառ գույները նորություն են, ու ներքին կապվածություն են զգում այդ գույների հետ: Որովհետև կյանքը ինքնին վառ է, ամեն մարդու համար իր կյանքը՝ մեկ անգամ տրված, իր աշխարհը, ապրելու իր ժամանակը ամենացնծունն է, ամենակարևորը: Երբ ինձ հարցնում են, թե որտեղի՞ց եմ եկել, ի՞նչ ազգի ներկայացուցիչ եմ, ես սկսում եմ բացատրել իմ փոքրիկ հայրենիքի տեղը քարտեզի վրա, պատմել իմ ժողովրդի մասին…Ու շատ եմ ցավում, որ աշխարհում ճանաչելի լինելու առաջին պայմանը ոչ թե հզոր արվեստն է, այլ հզոր տնտեսությունը: Մենք պիտի շատ աշխատենք: Բոլորս պիտի տքնենք օրնիբուն, ամեն մեկս՝ մեր բնագավառում: Մենք պիտի հասկանանք, որ փոքր երկրի զավակներ ենք ու չենք կարող սպասել, որ մեկ ուիրշը մեզ համար Հայրենիք կառուցի: Մենք պետք է հասկանանք, որ առանց ուժեղ Հայրենիքի մենք ոչինչ ենք, որքան էլ տաղանդավոր կամ հարուստ լինենք: Բարձրանալիս պիտի մի քանի հայի բարձրացնենք մեզ հետ՝ որքան ուժներս պատի, որպեսզի մեր հավաքական ներուժը մեծ լինի, որպեսզի հայրենիքը հզոր լինի: Ամեն հայ պիտի նվիրյալ լինի:

-Դա կօգնի՞ հաղթահարելու մեր վերջին տարիների անհաջողությունները:

-Իհարկե: Ես ծնվել եմ Վանաձորում, երկրաշարժից մեկ տարի անց: Աչքս բացել եմ տնակում: Հայրս նկարչություն էր դասավանդում դպրոցում, ու մեր ընտանիքը ապրում էր նրա համեստ աշխատավարձով: Ես մեծացել եմ զրկանքի, կարիքի մեջ…Երկրաշարժից հետո սկսվեց Արցախյան պատերազմը: Թվում էր՝ խավար գիշերը չի հեռանալու: Թվում էր՝ երբեք հաղթանակ բառը չի հնչելու մեր շուրթերից, բայց մենք ինքներս մեր ձեռքերով կռեցինք մեր լուսաբացը: Ես վստահ եմ, որ մենք ամուր բռնելու ենք իրար ձեռքից ու քայլելու ենք դեպի լույսը…

-Իսկ ես մտածում էի, որ Ձեր զվարթ գույները մանկությունից եք բերել…որ հեքիաթային պատկերները ձեր մանկական նկարներից են մնացել:

-Իմ մանկությունը առհասարակ գույն չի ունեցել:Թերևս միակ բանը, որ կարոտով եմ հիշում, ընտանիքիս սերն ու ջերմությունն էր: Ես չեմ նկարել մանկության տարիներին: Իհարկե, ապրել եմ արվեստի մթնոլորտում, շփվել եմ հորս արվեստագետ ընկերների հետ, բայց երբեք նկարելու ցանկություն չեմ ունեցել:

-Իսկ ի՞նչ նախասիրություններ ու երազանքներ ունեիք:

-Ես կարող եմ հետաքրքիր մտքեր ասել, որ մեր զրույցը գեղեցիկ ստացվի, բայց գերադասում եմ ճշմարտությունը: Գուցե գորշ մանկությունն ու կենցաղային դժվարություններն էին պատճառը, գուցե կար մեկ այլ բան, որը ես չեմ հասկանում, բայց դպրոցում չեմ փայլել իմ առաջադիմությամբ, երազանքներ չեմ ունեցել…10-րդ դասարանում մատիտով ինչ-որ բան խզմզեցի: Նկարը հորս դուր եկավ: Նա քաջալերեց ինձ, այդպես սկսեցի նկարել: Ես երկար ժամանակ գրաֆիկայով եմ զբաղվել՝ առանց գույների: Իսկ ուսանող ժամանակ ջրաներկով էի նկարում:

-Ջրաներկով չէիք կարող ստանալ Ձեր այժմյան գույները:

-Իհարկե, չէի կարող: Եվ ահա բանակում Քարվաճառի չքնաղ բնությունը ինձ հուշեց յուղաներկ օգտագործել: Գույները, մտածողությունը, ոճը եկան նկարելու ընթացքում…Իսկ առաջին անգամ հայրենիքիս հանդեպ սերն ու կարոտը, հայրենիքիս կարիքը զգացի Հոլանդիայում: Գնացել էի նկարներս ցուցադրելու ու կես տարի մնացի այնտեղ: Մինչև հիմա էլ չգիտեմ՝ Հոլանդիան անգո՞ւյն երկիր է, թե՞ իմ հոգին չէր տեսնում նրա գույները: Ես չէի կարողանում նկարել: Արդեն հասկացել եմ, որ միակ տեղը, ուր կարող եմ ապրել ու ստեղծագործել, Հայաստանն է: Որովհետև Հայաստանը իմ հայրենիքն է: Անքննարկելի, անհամեմատելի… Պարզապես իմն է:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ