Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ



ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸՆոյեմբերի 25-ին ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ եռամսյա վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայինների զորացրման արարողությունը: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի և ամբողջ սպայակազմի անունից շնորհակալություն հայտնեց վարժանքներին մասնակից պահեստազորայիններին՝ կարևորելով նրանց առաքելությունը զինված ուժերում: Մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, զորամիավորման հրամանատարի և զորամասի հրամանատարի հրամաններով արժանացան տարբեր խրախուսանքների:

Եռամսյա վարժական հավաքների, ինչպես նաև պահեստազորայինների ծառայության կարևորության մասին զրուցեցինք զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Հարոյանի հետ:

 

-Պարո՛ն գնդապետ, ինչպե՞ս կգնահատեք եռամսյա վարժական հավաքների արդյունավետությունն ու դրանց կարևորությունը:

-Առաջին հերթին կարևորում եմ վարժական հավաքների մասնակիցների փորձի ձեռքբերումը: Այս ամիսների ընթացքում եռամսյա վարժական հավաքների մասնակիցների հետ բարձր մակարդակով և արդյունավետությամբ իրականացվեցին մարտական պատրաստության պարապմունքներ, անձնակազմի հետ տարվել են մշտական հրահանգավորման աշխատանքներ: Հատկանշական է, որ եղել են պահեստազորայիններ, որոնք մի քանի շաբաթ ծառայելուց հետո ցանկություն են հայտնել շարունակելու հետագա ծառայությունը պայմանագրային հիմունքներով:

-Պահեստազորայինների եւ պայմանագրային կամ ժամկետային զինծառայողների իրականացրած հերթապահության միջեւ ի՞նչ որակական տարբերություն կա:

-Չենք կարող համեմատել կյանքի փորձ ունեցող, շատ դեպքերում նաև զինվորական ուղի անցած մարդկանց մոտեցումներն ու կամային հատկանիշները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնենք, որ երեք ամսում լիարժեք ուսուցանվել, պատրաստվել ու կատարյալ մարտական հերթապահություն իրականացնելը ևս հնարավոր չէ: Սակայն սպայական կազմի բանիմացության, սրտացավ մոտեցման, ինչպես նաև պահեստազորայինների նվիրված ծառայության շնորհիվ կարողացանք ունենալ դրական արդյունքներ:

-Երեք ամիսը բավարա՞ր է անձնակազմին մարտական պատրաստության բարձր որակի հասցնելու և մարտական խնդիր իրականացնելու համար:

-Միանշանակ ժամանակահատվածը քիչ է լիարժեք պատրաստվելու համար: Ի դեպ, նաեւ պահեստազորայինների ծառայությունն է նպաստում քաղաքացիների շրջանում զինված ուժերի վերաբերյալ դրական կարծիքի ձևավորմանը:

-Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

-Առաջինը մասնագետների ճիշտ ընտրության հարցն է և համապատասխան հաստիքների վրա ճիշտ նշանակումներ կատարելը: Այս հավաքներին զորամասը համալրվեց նաև վարորդներով եւ տեխնիկայով, ինչը շատ կարևոր էր: Պետք է նաև հաշվի առնել, որ առջևում ձմեռ է՝ եղանակային պայմանների, ճանապարհային անանցանելիության և այլ խնդիրներով: Պետք է լրջագույնս պատրաստվել:

Եվս մեկ անգամ կարևորելով եռամսյա վարժական հավաքների անցկացումը, ինչպես նաև պահեստազորայինների դերն ու նշանակությունը մարտական հերթապահության կրման գործում, ցանկանում եմ վստահաբար խորհուրդ տալ չերկմտել, անվերապահորեն մասնակցել ու զարգացնել ունեցած զինվորական գիտելիքները, հմտությունները եւ ամեն վայրկյան պատրաստ լինել Հայրենիքի պաշտպանությանը:

 

ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Խորագիր՝ #47 (1418) 1.12.2021 – 7.12.2021, Ազգային բանակ


02/12/2021