Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ



ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ-Արցախյան վերջին պատերազմում իմ երկու որդիները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով,- ասում է Մարգարիտա Աղասյանը:- Ավագ որդիս՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աղասյանը, հասցրեց իմանալ, որ ինքը «Արցախի հերոսի» կոչման է արժանացել: Ռազմադաշտում իմացավ: Նա զոհվեց հաջորդ օրը: Կրտսեր որդիս՝ շարքային զինվոր Արսեն Աղասյանը, հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Երկու որդիները… այս երկու բառերը ռիթմիկ հնչում են գլխիս, ականջներիս մեջ: Լուսանկարում, որ չգիտես ինչու ամուր բռնել եմ երկու ձեռքով, Արթուրն ու Արսենը միասին են, երկուսն էլ՝ զինվորական համազգեստով: Բնազդաբար, ձեռքերս ցավեցնելու աստիճան սեղմում եմ լուսանկարն ափերիս մեջ՝ ասես ինչ-որ բան պաշտպանելու, ինչ-որ մեկին պահել-չկորցնելու համար: Գուցե այդպես հավաքում եմ ուժերս, որ կարողանամ հարցնել Հայրենիքին կյանքը նվիրաբերած երկու հերոսների մորը.

-Որտեղի՞ց եք ուժ գտնում:

Կինը մի քիչ մտածում է ու ասում.

-Իմ երկու որդիների փոխարեն հիմա ես ունեմ նրանց Հայրենիքը:

…Փոխարե՞ն… ինչը կարող է փոխարինել որդիներին: Չեմ հարցնում, մտածում եմ…

-Ախր, Դուք չգիտեք, թե Արթուրս ինչպես էր սիրում Մատաղիսը: Նա զինվոր էր, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: «Յաշմա» անունով ադրբեջանցի հատուկջոկատայինների խումբը համարյա գրավել էր դիրքը: Թշնամին թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էր մեր տղաներին: Բայց մեր տղաները չեն նահաջում, կռվում են մինչև վերջին փամփուշտը: Արթուրիս նետած նռնակից երկու ադրբեջանցի է զոհվում, հետո հայտնաբերում ու ոչնչացնում են ավագ լեյտենանտի կոչումով սպային: Ադրբեջանցիները սկսում են փախչել՝ զոհերի մի մասին տանելով իրենց հետ, 3 հոգու թողնելով մարտադաշտում: Արթուրս Ապրիլյան պատերազմում կատարած սխրանքների համար ստանում է լեյտենանտի կոչում ու արժանանում «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Ժամկետային զինծառայության ավարտին նրան առաջարկում են մնալ բանակում՝ որպես դասակի հրամանատար:

Տիկին Մարգարիտան միացնում է տեսանյութը, ու էկրանին հայտնվում է Արթուր Աղասյանը՝ սպայի համազգեստով, ավտոմատը ձեռքին: Փոքրամարմին տղա է, նուրբ, գեղեցիկ դիմագծերով:

-Շատ ուրախացա, որ կարող եմ շարունակել իմ դիրքի պաշտպանությունը, այս անգամ արդեն որպես դասակի հրամանատար,- ասում է նա:

Հետո խոսում են Արթուր Աղասյանի հրամանատարները, զինվորները: Նրանք Արթուրին բնութագրում են գովեստի բոլոր հնարավոր խոսքերով: Քաջ, հայրենասեր, անկոտրում, անձնազոհ… Իսկ զինվորները ասում են, որ տարեկից հրամանատարը տղամարդու օրինակ ու կատարելատիպ է եղել իրենց համար:

-Նա իմ հերոսն է,- ասում է Դավիթ Հակոբյանը:

-Հպարտ եմ, որ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աղասյանի զինվորն եմ եղել,- ասում է Հունան Խաչատրյանը:

Մայրը լսում է՝ աչքերը հառած մի կետի, բայց հայացքն անորոշ չէ, դեմքին ինչ-որ ամուր, վճռական շեշտ կա: Ու եթե գտնեմ ճիշտ հարցը, կհասկանամ, թե ինչ է նա մտածում այդ պահին, երբ լսում է հերոս որդու հրամանատարների ու զինվորների՝ սիրով, ցավով, կամքով ու հպարտությամբ լցված խոսքերը: …Չեմ հասցնում ոչինչ հարցնել, մայրն ասում է.

-Ես եմ որդիներիս հերոս դաստիարակել: Ես եմ հայրենիքի հանդեպ սերը բորբոքել նրանց սրտում:

Իմ մարմնով սարսուռ է անցնում: Երկու որդի կորցրած մոր ձայնի՝ կապարի պես ծանր արձագանքը անցնում է երակներիս միջով, հասնում սրտիս:

ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ-Իբր քիչ էր, որ տղաներիս հայրն ու հորեղբայրը Արցախյան պատերազմի մարտիկներ էին ու անընդհատ պատմում էին մեր ազատագրական կռվի, հաղթանակի ու հերոսների մասին, մի կողմից էլ ես էի հայրենասիրական բանաստեղծություններ սովորեցնում՝ նրանց շուրջ կառուցելով մի աշխարհ, որտեղ հայրենիքի համար կռվելը ամենամեծ առաքինությունն էր, հայրենիքի համար զոհվելը՝ ամենամեծ պատիվը: …Ժամկետային զինծառայության ժամանակ և՛ Արթուրը, և՛ Արսենը մեդալների պակաս չունեցան: Երկուսն էլ սիրում էին բանակը, երկուսն էլ օրինակելի զինվորներ էին:

Երբ Արթուրս որպես սպա ծառայում էր Մատաղիսում, ասում էր՝ այնքան եմ սիրում Մատաղիսը, ասես՝ իմ ծննդավայրը լինի: Նույնիսկ սկսել էր Մատաղիսի բարբառով խոսել: Նա միշտ սահմանին էր, իսկ երբ տանն էր գիշերում, մի քանի ժամը մեկ զանգում էր դիրքեր: Նրա սիրտը դիրքերում էր, սահմանին: Ու այնտեղ էլ մնաց… Նրա սիրտը այնտեղ էր, որտեղ իր զինվորներն էին: Զինվորներին եղբայրական սիրով էր սիրում, արյունակցի պես: Աշխատավարձը իր զինվորների կարիքների համար էր ծախսում: Ո՜նց էր ուրախացել, որ Ամանորին իր 6 պոստերի զինվորների համար նվերներ էր պատրաստել: Նա այդպես էր երջանկանում:

…Ես վստահ եմ՝ եթե չլիներ պատերազմը, տարիներ անց Արթուրը կդառնար բանակի հենասյուներից մեկը ու իր նման քաջերի հետ մեր զորքն անպարտ կդարձներ ու մեր հայրենիքն՝ անառիկ: Պատերազմի ժամանակ, երբ լրագրողները զրուցում էին տարբեր ճակատներում կռվող եղբայրների՝ Արթուրի ու Արսենի հետ, երկուսն էլ ճիշտ նույն բառերն ասացին.

«Մեր հայրենիքից ոչ մի թիզ չենք տա թշնամուն»:

Ու չտվեցին: Նրանք ընկան աննահանջ ու անպարտ: Հոկտեմբերի 2-ին թշնամին վերջին կատաղի գրոհն էր սկսել Մատաղիսի գրավման համար: Մատաղիսը գրեթե ընկել էր, իսկ Արթուրի ու նրա զորքի համար նահանջի միակ ճանապարհը մնացել էր ականապատված դաշտը: Զինվորներին մինչև վերջին մարդը զոհվելու վտանգ էր սպառնում: «Ես կգնամ առջևից, դուք կգաք իմ ոտնահետքերով»,- ասել էր Արթուրը զինվորներին: …Ոչ մի պայթյուն չէր լսվել ականապատված դաշտում: Զորքն անվնաս հասել էր ապահով վայր: Հետո Արթուրն ասել էր. «Ես վերադառնում եմ դիրք, ով ցանկանում է, թող միանա ինձ: Ես չեմ պարտադրում, սա հրաման չէ»:

18 հոգի, 18 զինվոր իրենց 23-ամյա հրամանատարի հետ գնացել էին ստույգ մահվան, գնացել էին թշնամուն ասելու, որ մինչև վերջին շունչը կռիվ են տալու իրենց հողի համար ու քանի ողջ են, չեն նահանջելու…

Թշնամին գործի էր դրել անօդաչուները: Նրա հետևակը, նույնիսկ հրետանին անզոր էին հաղթել 23-ամյա կապիտանին, ու ադրբեջանցիները Արթուրի վրա 3 հատ ավիառումբ էին նետել, ուղղակի օղակել էին նրան ռումբերի հարվածով…

…Այդ նույն ժամանակ Արթուրի հետախույզ եղբայրը՝ շարքային Արսեն Աղասյանը, մեկ այլ դիրքում էր: Նահանջի հրաման էին տվել, բայց զինվորն ու նրա զինակից Տիգրան Հայրապետյանը՝ երկուսով մնացել էին դիրքում ու շարունակել կռիվը…Նրանք զոհվել էին կողք կողքի՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը թշնամու վրա կրակելուց հետո:

Տիկին Մարգարիտան պատմում է, իսկ իմ գլխում տարտամ արթնացել է մի միտք ու գնալով ահագնանում է: Ես ֆիզիկական ծանրություն եմ զգում ուսերիս: Թվում է՝ հենց հիմա պարտավոր եմ ինչ-որ բան անել, որը կարդարացնի ապրելու իրավունքս: Երկու եղբայրների լուսանկարը դեռ ձեռքերիս մեջ է, չգիտես ինչու՝ չեմ կարողանում դնել սեղանին:

-Հիմա ես ի՞նչ անեմ,- հարցնում եմ մորը: Զարմացած չէ, նայում է տխուր…:

-Ես ի՞նչ կարող եմ անել նրանց համար,- կրկնում եմ,- Ձեզ համար….

Ու սպասում եմ պատասխանի, ասես՝ այդ պատասխանից է կախված մնացած կյանքս: Ասես՝ հենց հիմա ինչ-որ հանձնարարություն պիտի ստանամ ու թեթևացնեմ հոգուս բեռը, որից անգամ ուսերս են կքել;

-Շատ սիրիր Հայրենիքը,- պատասխանում է հերոսների մայրը,- մենք՝ ապրողներս, միայն մի պարտք ունենք զոհվածների հիշատակի առաջ՝ սիրել այն հայրենիքը, որի համար ընկան նրանք: Սիրել նաև նրանց փոխարեն: Սիրել բազմապատկված սիրով:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1418) 1.12.2021 – 7.12.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


02/12/2021