Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՅԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
ԿՅԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

ԿՅԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆԵրբ և որտեղից սկսվեց Հայրենիքը, Նորայրը չնկատեց, բայց հետո Հայրենիքը ծավալվեց, դարձավ սար, թուփ ու ծաղիկ, դարձավ հող՝ վրան նախնիների ոտնահետքերը, դարձավ ամրոց ու բերդ, խաչքար ու կոթող…Պարոն Սպարտակի «Ռոբինզոն» կոչվող արշավորդների խումբը Հայաստանում «աննվաճ» տեղ չթողեց: Ու պարզվեց, որ Հայրենիքի ամեն քար պատմություն ունի, ամեն լեռ, ամեն ձոր ունի անցյալ: Պարոն Սպարտակը պատմում էր ու պատմում: Պարոն Սպարտակը ասում էր, որ Հայաստանի կենսագրությունը յուրաքանչյուր հայի կենսագրությունն է: Հետո սկսեց յուրացնել գոյատևելու «արվեստը». սարերում, անտառներում ջուր ու ուտելիք հայթայթել, արևի շողերով կողմնորոշվել տեղանքում, կապել արնահոսող ընկերոջ վերքերը, կոտրվածքները, ցույց տալ առաջին բուժօգնություն: Նորայրն ինքն էլ չգիտեր, թե ինչու է սովորում այդ ամենը: 21-րդ դարում ինչո՞ւ պիտի հայտնվեր քաղաքակրթությունից դուրս ու նախամարդու նման քարերն իրար շփելով կրակ ստանար, կամ խմեր տերևների վրա հավաքված ջուրը: Չգիտեր, բայց ինչ-որ ներքին մղում, ինչ-որ չգիտակցված ցանկություն նրան ստիպում էր սովորել այդ ամենը:

Միշտ չէ, որ մենք ընտրում ենք մեր ուղին գիտակցաբար: Հաճախ ենթագիտակցորեն մենք գնում ենք դեպի մեզ վերապահված դժվարությունները հաղթահարելու՝ անցնելով փորձառության ճանապարհով: Նորայրին ճանաչող մարդիկ ասում են. «Նախկին աշխույժ, արկածներ փնտրող, չարաճճի տղան միանգամից հանդարտվեց ու սկսեց սովորել: Այնքան լավ սովորել, որ գերազանցով ավարտեց դպրոցը»: Իսկ թե ինչն էր նրան 9 տարի տանում նկարչական դպրոց, ինչ էր զգում կտավի առաջ գույներ ընտրելիս, և ինչ անուն ունի այն անբացատրելի խաղաղությունը, որ հայտնվում էր նկարը ավարտելուց հետո, նույնիսկ ինքը չի կարող ասել:

Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ 9 տարի նկարչական դպրոց գնալուց հետո Նորայրը կորոշի ծրագրավորող դառնալ: Իսկ ո՞ւր մնացին գույներն ու հույզերը: Նույնքան անհասկանալի էր ուսումնական տարկետումից հրաժարվելու Նորայրի որոշումը:

ԿՅԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ…Կտրուկ շրջադարձով՝ հայտնվեց Մատաղիսի դիրքերում, զինվորական համազգեստը հագին, ավտոմատով: Բայց իսկական փորձությունը հետո էր գալու, երբ միանգամից կրակը լափեր հողը, ռումբերը դժոխային ոռնոցով թափվեին իրենց երկրում, իրենց հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորների վրա: 44 օր: Մի ամբողջ կյանք չի հերիքի պատմելու այդ 44 օրերի մասին, որովհետև դրանց ամեն վայրկյանը ցավ էր, կորուստ, փորձություն ու խիզախում:

Կյանքն իրեն նախապատրաստել էր այդ պատերազմին: Ամեն անգամ ընկերոջ մարմնին ժգուտ կապելիս հիշում էր պարոն Սպարտակի խորհուրդները: Քանի վիրավորի առաջին բուժօգնություն ցույց տվեց, մինչև կմոտենար սանիտարական մեքենան, չի հիշում: Չի հիշում անգամ, թե քանի օր թափառեց անտառում շրջափակման մեջ, առանց հաց ու ջրի: Ռոբինզոնի նման չէ, որովհետև քար ու թփի տակ դարան մտածը սովորական գազան չէր, մարդ-գազան էր, ու գոյատևելը միայն ջուր ու ուտելիք հայթայթել չէր նշանակում, այլև կռվել, փակել թշնամու ճանապարհը դեպի երկրիդ խորքերը, դիմակայել անօդաչուների հարվածին, հեռահար զենքերի թափին ու անշշուկ դիպուկահարների փորձությանը:

Երբ նահանջում էին, հրաման ստացավ կրակով փակել զինակիցների թիկունքը: Հանկարծ գլխում միտք ծագեց, որ թշնամուն պետք է մոլորեցնել, իբր՝ շատ ենք, իբր տարբեր զենքերից ենք կրակում, որ տղաները կարողանան անվտանգ ու անկորուստ հետ քաշվել: Զենքերը շարեց կողք կողքի: Կային զենքեր, որոնցով առաջին անգամ էր կրակում: …Մի քանի կրակոցից հետո ինչ-որ անբնական բան կատարվեց: Վազում էր զենքից զենք ու կրակում: Ուղեղում՝ ոչ մի միտք , սրտում ոչ մի հույզ չկար: Կային զենքերն ու կար կրակը, որ թվում էր՝ այլևս երբեք չի դադարելու:

ԿՅԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆՈղջ մնաց: Հրաշքով շուրջը վխտացող թուրքերի ձեռքը չընկավ Շուշիի մատույցներում, 45 կիլոմետր ոտքով քայլելիս կարողացավ քողարկվել: Ու հասավ Ստեփանակերտ: Չգիտեր, որ այսքան տառապանքից հետո ամենադժվարը հետո էր գալու, երբ նոր դիրքում կանգնած տեսներ, թե ինչպես են թուրքերը վխտում իր նախկին դիրքում: Ասես՝ առաջին անգամ ամբողջ խորությամբ ու ցավով հասկացավ կատարվածը:

…Մոր հայացքն ասում էր՝ լուռ ես, տխուր, մեծացած: Ինչքան էլ փորձում էր ուրախ երևալ, մոր հայացքում դաջված էր մտահոգությունն ու ցավը: Երևի պիտի հրաժարվեր արձակուրդից, պիտի չգար տուն: Միակ լավ բանն այն էր, որ կարողացավ տեսնել մարտական ընկերներին: Կամավորականներ էին՝ Կոռնիձորի Արոյի ջոկատից, որոնց հետ կռվել էր: Եկան, տունը լցրին իրենց ուժեղ ու աղմկոտ ներկայությամբ: Կենդանի լեգենդ Կոռնիձորի Արոն էլ եկավ: Ու նրանց հետ մի մեծ հույս, ավելի ճիշտ՝ հավատ, որ մի օր բոլորը միասին անպարտ կկանգնեն Հայրենիքի բարձրադիր լեռներում…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ