Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեևին ձիթենու ճյուղեր է նվիրել, որոնք խորհրդանշում են խաղաղություն եւ բարգավաճում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եռակողմ բանակցություններում ընդգծել է Ռուսաստանի միջնորդական դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շփումների շարունակման գործում։

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը՝ այն համարելով կարեւոր, արդյունավետ ու կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Ռուսաստանը չի տեսնում պարտավորությունների խախտումներ Ղրղըզստանի կողմից «Bayraktar» ԱԹՍ-ներ գնելու մտադրության կապակցությամբ, թեկուզև Ղրղըզստանը ՀԱՊԿ անդամ է: Մոսկվային չի մտահոգում նաև այն փաստը, որ մասնագետների կարծիքով՝ Թուրքիան փորձում է Թուրքմենստանին ներքաշել թյուրքական պետությունների միության մեջ՝ Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու նպատակով:

ԱՄՆ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններ Անատոլի Անտոնովը եւ Ցին Հանը «National Interest» պարբերականում հրապարակված հոդվածում տարբեր գաղափարախոսական եւ սոցիալական համակարգեր ունեցող երկրների խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության կոչ են արել։ Հեղինակները նաեւ բավական կոշտ տոնայնությամբ մեղադրել են ԱՄՆ-ին դեկտեմբերի 9-ից 10-ը կայանալիք «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին Չինաստանին եւ Ռուսաստանին չհրավիրելու պատճառով։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել նվազեցնել «լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին: Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակելու Ուկրաինային «քաղաքական եւ գործնական աջակցության տրամադրումը, որպեսզի երկիրն ինքը կարողանա իրեն պաշտպանել ագրեսիայից»։ Միաժամանակ իրենք բաց են Ռուսաստանի հետ երկխոսության համար։

 

Թուրքիա

 

Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարիչը մոտ մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ այցելել է Թուրքիա՝ ազդարարելով տարածաշրջանի ամենաբարդ հարաբերությունների ջերմացման մասին: Աբու Դաբիի թագաժառանգը եւ արաբական աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը Անկարայի նախագահական պալատում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վերլուծաբանները Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերություններում տասնամյա թշնամանքից հետո այս այցը շրջադարձային են համարել ամբողջ տարածաշրջանի համար: ԱՄԷ-ն իր շեշտադրումը տեղափոխում է տնտեսական դիվանագիտության ոլորտ՝ ձգտելով արագացնել վերականգնումը համավարակից հետո, իսկ Էրդողանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները տարածաշրջանային մրցակիցների հետ:

ԱՄԷ-ն Թուրքիային 10 մլրդ դոլար է հատկացրել էներգետիկայի, տեխնոլոգիաների եւ առողջապահության, ինչպես նաեւ նավահանգիստների և լոգիստիկայի ոլորտներում ներդրումների համար:

Թուրքիայում երկրի նախագահ Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել լիրայի փոխարժեքի անկման եւ դրա հետեւանքով տնտեսական դժվարությունների ֆոնին։ Արտարժույթի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը ռեկորդային ցուցանիշի է հասել նոյեմբերի 23-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ամբողջ օրվա ընթացքում կազմել է 13,45 լիրա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը դարձյալ մեղադրել է արտաքին ուժերին թուրքական լիրայի անկման մեջ:

 

Իրան

 

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախագահությամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները եւ Ղազախստանի փոխվարչապետը, ինչպես նաեւ ՏՀԿ գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրին։

Կողմերը ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթը՝ Աշխաբադի Գործողությունների կոնսենսուսը։ Մասնավորապես՝ կողմերը մտադիր են ակտիվացնել կազմակերպության տարածքում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ինչպես նաեւ մշակել արդյունաբերական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզներ։

Իրանի նախագահի կարծիքով՝ Կովկասյան տարածաշրջանում հրադադարը կխորհրդանշի տարածաշրջանային զարգացման եւ ինտեգրման նոր սկիզբը:

Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի մատակարարումների շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին: ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կարևորել է տվյալ հարցում բոլոր խոչընդոտները վերացնելուց հետո տնտեսական աճ ու արտահանման զարգացում ապահովելը:

Իրանի ճանապարհային սպասարկման եւ տրանսպորտի կազմակերպության (RMTO) տարանցման եւ միջազգային փոխադրումների բյուրոյի գործադիր տնօրեն Ջավադ Հեդայաթին հայտարարել է, որ առաջիկայում կշահագործվի ԱՄԷ-Իրան-Թուրքիա տարանցիկ միջանցքը: Նոր միջանցքը 12 օրով կկրճատի նախորդ տարանցիկ երթուղին, ինչը նշանակում է, որ բեռները ԱՄԷ-ից Թուրքիայի նավահանգիստ հասցնելու համար կպահանջվի 8 օր։

Իրանի նախագահ Ռայիսին իր թուրք պաշտոնակից Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ օտարերկրացիների միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը: Նրա խոսքով՝ Իրանն ու Թուրքիան կարող են ամրապնդել տնտեսական ու քաղաքական հարաբերությունները՝ հասցնելով ռազմավարական մակարդակի:

Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի համար անհրաժեշտ է զարգացնել եւ ամրապնդել երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցությունն Իրանի հետ: «Մենք կարող ենք առաջընթաց գրանցել հատկապես տնտեսական ոլորտում»,- ասել է նա:

 

Ադրբեջան

 

Աշխաբադում՝ Տնտեսական գործակցության կազմակերպության 15-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռայիսին վերահաստատել է իր երկրի աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կրկնել՝ տարածաշրջանում որևէ օտարերկրյա ներկայություն չեն հանդուրժի: Նաև նշել է, որ իրենք թույլ չեն տա թշնամիներին խաթարել երկու ժողովուրդների միջև երկարատև և խոր արմատներ ունեցող քաղաքակրթական, մշակութային և կրոնական կապերը:

Թեհրանն ու Բաքուն ստորագրել են համաձայնագիր Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների վերաբերյալ: Ենթադրվում է, որ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան կմատակարարվի 1,5-2 մլրդ խորանարդ մետր գազ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին: Նա կոչ է արել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը (ՏՀԿ) միջանցքի գործունեության հետ կապված հարցերում լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն»: Նրա գնահատմամբ՝ տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւոր մաս: ՏՀԿ երկրներն էլ կօգտվեն «Զանգեզուրի միջանցքի» հնարավորություններից: Ալիևը խոսել է Ղարաբաղի «օկուպացված» «Արեւելյան Զանգեզուրի» տարածքները վերականգնելու ուղղությամբ տարվող լայնամասշտաբ աշխատանքների մասին: 2021 թվականին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 1,3 մլրդ դոլար, 2022 թվականին կհատկացվեն առնվազն նույնքան միջոցներ: Ադրբեջանում այդ տարածքները հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտիներ, որտեղ արեւային էներգիայի ներուժը գնահատվում է 7200 մեգավատ, քամու էներգիան՝ 2000 մեգավատ:

Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից՝ համաձայն «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծի։ Ըստ երեւույթին, արգելքի պատճառը սոցցանցերում ադրբեջանցի զինծառայողների հրապարակած հսկայական քանակությամբ նյութերն են, որոնք Արցախի եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի հիմք են դարձել։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1418) 1.12.2021 – 7.12.2021, Տարածաշրջան


02/12/2021