Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՆոյեմբերի 22-ը ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ծննդյան օրն է

 

1988 թվականին, երբ Երեւանում խաղաղ ցույցեր էին, Լեոնիդ Ազգալդյանը իր խորաթափանց մտքով հասկացավ, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զինված պայքարի միջոցով: Նա սկսեց ինքնաշեն հրթիռներ պատրաստել, այնուհետեւ ստեղծեց կամավորների ջոկատ` ընտրելով 300 մարտիկի, որոնք պետք է կռվեին հանուն Հայրենիքի: Նա անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն` ազատագրելով հայկական հողերը։

 

«50 տարեկանում հազվագյուտ մեկը կարող էր իր մեջ այդքան եռանդ կենտրոնացնել եւ դրսեւորել, այդպես պայքարել, անգամ խոսքի ուժով կրկնապատկել իր զինվորների թիվը: 1990 թ. օգոստոսն էր, Աշոտ Նավասարդյանը հրավիրեց ինձ իր մոտ եւ ասաց, որ Ոսկեպարում վիճակը ծանր է, պետք է օգնենք: Նա ինձ ծանոթացրեց Լեոնիդի հետ. պետք է միասին գործեինք: Հարցուփորձ արեցի, քանի որ հրամանատար էր, ուզում էի իմանալ նրա զինվորական կրթության մասին, բայց պարզվեց՝ ֆիզիկոս է, բարձրակարգ գիտնական: Նա էլ հարցրեց, թե ռազմական ոլորտին առնչվող ինչ գրականություն ունեմ, որ կարող եմ իրեն փոխանցել. զարմացա, մտածեցի` մենք մարտի դաշտ ենք գնում, իսկ նա գրականությունից է խոսում, բայց ժամեր անց հասկացա, որ նա գերազանց տիրապետում է զինվորական օրենքներին, հեռատես է եւ իր գիտելիքները նպատակային է օգտագործում, նա փորձագետի նման էր գործում, թեեւ ինքնուս ռազմական գործիչ էր: Ոսկեպարում հաջողություն ունեցանք, որն ավարտվեց երկու նախագահների հանդիպումով, եւ հակառակորդը հետ քաշվեց: Ես խորհրդային սպա էի եւ Խորհրդային Միությունն էի համարում իմ հայրենիքը, իսկ Լեոնիդի միջոցով հասկացա, որ իմ Հայրենիքը սահման ունի, եւ որ այն իմ հպարտությունն է:

 

ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Ազգային հերոս,

գեներալ-մայոր

 

***

1991 թ. հունիսին Լեոնիդ Ազգալդյանը ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կառույցը, որը Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում: Ես առաջին անգամ Արցախ եմ գնացել Լեոնիդ Ազգալդյանի հետ` 1990 թվականին։ Մեր նպատակը ազգային-ազատագրական բանակ ստեղծելն էր, այդ այցելությունը կամավորներ հավաքագրելու խնդիր ուներ։ Անշուշտ, մարտական փոքր խմբավորումներ արդեն կային, կազմավորվել էին, բայց հավատը վարչակարգի, գորբաչովյան վերակառուցման նկատմամբ դեռևս զորավոր էր։ Հենց այդ պատճառով էլ շատերն անվստահությամբ էին մեզ լսում, սեփական ուժերին, հաղթանակին չէին հավատում։ Բայցեւայնպես, անտառում` ձմեռային դաժան պայմաններում, Լեոնիդն ու ես հիմնեցինք ռազմական ճամբար, մասնակցեցինք Մարտունու, Հադրութի, Մարտակերտի` Արցախի քսանյոթ բնակավայրերի ազատագրմանը։ Հենց որևէ ճակատում իրադրությունը լարվում, օրհասական էր դառնում, մեր օգնությանն էին դիմում:

 

ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր,

պահեստազորի գնդապետ