Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԻ ՏԵՂՈ՛ՒՄ ԼԻՆԵՄ



ՊԻՏԻ ՏԵՂՈ՛ՒՄ ԼԻՆԵՄՄարտկոցի հրամանատար, կապիտան Միքայել Բրսոյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Քառօրյա պատերազմի մասնակից է: 44-օրյա պատերազմում մասնակցել է ռազմավարական կարևոր նշանակության  պաշտպանական մարտերին:

-Արցախը հիմա, առավել քան երբևէ, մեր կարիքն ունի: Նույնն էր 1994 թվականին, նույնն է այսօր:  Տասն օր էր, ինչ ամուսնացել էի, երբ կռիվն սկսվեց: Սեպտեմբերի 21-ին գնացինք Արցախ: Գնալուց առաջ կնոջս տատիկ-պապիկներն ասում էին՝ «Ախր, բալա՛ ջան, ապահո՞վ է, որ տանում ես էս էրեխին»: Ասում էի՝ 150 հազար մարդ նորմալ ապրում է. ի՞նչ կա որ… Նորաստեղծ ընտանիք էինք. պետք է տեղավորվեինք, հարմարվեինք: Այդ օրերին կինս անընդհատ ասում էր. «Գնանք՝ Շուշին տեսնեմ». չէր եղել երբևէ: Պատասխանում էի՝ «Դեռ կգնանք, ո՞ւր ես շտապում: Դիմացը շաբաթ-կիրակի է, անպայման կգնանք»:

– …Ամսի 25-ին ես տագնապով գնացի առաջնագիծ, 27-ին պատերազմն Արցախի ամբողջ ճակատի երկայնքով սկսվեց:  Կինս Ստեփանակերտում էր: Առավոտյան դիտակետից տեսնում էի, թե ինչպես են ԱԹՍ-ների «պարսերը» շարժվում դեպի Ստեփանակերտ: Հնարավոր չէր լավ բան մտածել: Հրետակոծությունը մի ժամ տևեց: Առաջին ալիքը վերջացել էր, հանդարտվել էր, զանգեցի կնոջս: Ստեփանակերտում տագնապ էր հայտարարվել: Մարդիկ իջել էին նկուղները: Հաջորդող օրերին բոլորը զանգում էին ինձ, առաջարկում էին նրան Ստեփանակերտից դուրս բերել, բայց նա հրաժարվում էր: Ի վերջո մի կերպ համոզեցի:

…Գուցե տարօրինակ հնչի, բայց առաջին պահին ուրախացել էինք, որ սկսվեց կռիվը: Մտածում էինք՝ ի վերջո մեր պատմությունը սրբագրելու ժամանակն է եկել: Հայրս էլ է ազատամարտիկ եղել: Մեր՝ Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղից երեք հոգի են մասնակցել Արցախյան ազատամարտին: Հիմա հորս հրամանատարների հետ նույն զորամասում եմ ծառայում: Նրա վաշտի հրամանատարի՝ Արթուր հորեղբոր հետ մի տուն ենք, կարելի է ասել: Ես նրա թոռների կնքահայրն եմ: Արցախ գալով՝ պիտի կնունք անեինք… Այս ամառ Գանձասարում կնքեցինք:

Միքայելի հայրը՝ Հովհաննեսը, հերթափոխի «Ուրալի» վարորդ  է եղել: Հետագայում նաև գործողությունների մասնակից: Անհավանական բաներ էր պատմում, օրինակ, թե ինչպես էր մեքենան վարելիս անվադողերի արանքը հակատանկային ական մտել, բայց չէր պայթել…

ՊԻՏԻ ՏԵՂՈ՛ՒՄ ԼԻՆԵՄՆրա վաշտի հրամանատարը, որ ասկերանցի է, պատմեց, որ մի օր մարտերից մեկին, հորս՝ որպես վարորդ, չէին տարել իրենց հետ: Թողել էին, որ եթե վիրավոր ունենային, մեքենայով դուրս բերեր: Չնայած ամբողջ գիշեր կռիվը շարունակվել էր, այդ օրը վիրավոր չէին ունեցել: Հետ էր բերել վաշտի տղաներին ու, որպես միակ մարդը, որն այդ օրը քիչ թե շատ հանգստացել էր, հանձնարարել էին մարտական հերթապահություն իրականացնել դիրքերում: Վաշտի հրամանատարն էր պատմում. «Գնդացիրը տվեցի, ասեցի՝ հենց թուրքերը գան, սրանով կկրակես, ու գնացինք քնելու: Առավոտյան եկա, տեսնեմ՝ ծխախոտը բերանը, ծառի մի մեծ քոթուկ կտրած-մաքրած կողքին»: Հայրս աժդահա մարդ էր, ֆիզիկապես շատ ուժեղ: Գնացել, անտառից ծառի մի հսկա ճյուղ կտրել ու ձեռքը բռնած նստել էր. «Ա՛յ տղա, հո դու չոբան չե՞ս,- զայրացել էր վաշտի հրամանատարը,- ես քեզ գնդացիր եմ տվել, իսկ դու ի՞նչ ես այս փայտը քարշ տվել»: «Կամանդի՛ր, թուրքն ի՞նչ է, որ դրանց վրա փամփուշտ ծախսենք: Որ գան, էս ծառի ճյուղով էդ բոլորին կլարեմ էստեղից»:

Պատերազմից հետո մարտական գործողությունների մասնակցի մեդալ էր ստացել: Լավ եմ հիշում, 1994 թ. հունիս-հուլիս ամիսներին էր: Երբ պատերազմից հետ եկան, մեր ամբողջ շրջանին ազատամարտիկների պատվին երեք օրով լույս տվեցին: …Իսկական գիժ էին: Անգամ քեֆ-ուրախությանը զենքը ձեռքներին էր: Մեկ էլ լավ եմ հիշում, թե հայրս ինչ էր բերել մեզ համար Արցախից՝ մի պարկ կաղին, որ երեխաներն ուտեն, հիշեն համը, իմանան, որ Արցախը մրգի-պտղի երկիր է: Կյանքում միայն տուն կառուցած, ոչ ոքի առջև երբեք գլուխ չխոնարհած, ոչինչ չխնդրած, մաքուր-զուլալ գյուղացի մարդ էր:

Հայրս 2020 թ. գարնանը մահացավ՝ 60 տարեկանում: Հիմա մտածում եմ, լավ է՝ այս կռիվը չտեսավ…

… Երբ նոր էի եկել ծառայավայր, ինձ համար դժվար էր, որովհետև շատ խիստ էր. ամեն ինչ կանոնակարգված էր մինչև թվացյալ մանրուքներ: Թե՛ մինչև պատերազմն էր այդպես, թե՛ պատերազմի ընթացքում: Զորամասի հրամանատարը գնդապետ Սասուն Գրիգորյանն էր, մինչ այն պահը, երբ ավիահարվածով հրամանատարական կետը թիրախավորվեց, և նա վիրավորվեց…

…44-օրյա պատերազմում առաջին անգամ էի այն գումարտակի հրամանատարական կետում, որին աջակցում էի: Իմ ստորաբաժանումը ղեկավարում էր փոխգնդապետ Հակոբյանը: Մի օր շատ ոգևորված էինք: Թշնամու՝ մեր դիմացի  հրամանատարական կետին էինք խփում: Թշնամու զորամասն էլ էր նշանառության տակ. հրետակոծում էինք: Մերը կենտրոնական մարտկոցն էր. բոլոր տեսակի նշանառումներն արվում էին մեր մարտկոցով: Ճեղքում կատարել փորձող թշնամական զորքին շատ էինք նեղել այդ ուղղությամբ: Կարծեմ՝ հոկտեմբերի 6-ն էր. շատ ծանր մի օր: Անընդհատ հրետակոծություն էր: Մոտ 20 տանկ շարժվում էր մեր ուղղությամբ: Խրամատների հետևով գալիս էին, բարձրանում հատուկ հարթակների վրա, կրակում ու էլի հետ գնում: Երբ առաջին տանկը դուրս եկավ հարթակին, կրակեցինք: Արկը մոտ 45 վայրկյան թռչում է. մինչև մեր արկը տեղ հասավ, տանկը հարթակից հետ քաշվեց թաքստոց: Սկսեցինք նշանափորձում անել: Երկրորդը կրակեցինք դրա իջնելու ուղղությամբ: Իսկ հաջորդ կրակով այդ երկու կետերին միաժամանակ խփեցինք ու… արկերից մեկը «բռնեց» դրան. տանկի 13 տոննայանոց աշտարակը մոտ 20 մետր օդ թռավ: Մյուս տանկերը շրջվեցին ու հետ դարձան: Մտածում էին՝ հակատանկային «ֆագոտներով» ենք կրակում: Չգիտեին, որ խենթ հայերը հրետանային այլ միջոցներ են կիրառում:  Երկու օր շարունակ վառվում էր տանկը: Դրանից մեկ օր անց էլ մի ՀՄՄ խփեցինք:

ՊԻՏԻ ՏԵՂՈ՛ՒՄ ԼԻՆԵՄՓոխգնդապետ Արսեն Հակոբյանը խաղաղ ժամանակ մեզ դաշտում անընդհատ մարզում էր: Մարզելը ո՞րն է՝ տանջում էր: Ասում էինք. «Մենք էլի ջահել ենք: Դու մեծ մարդ ես. չե՞ս հոգնում, տուն չե՞ս ուզում գնալ»: «Չէ՛, կարող է՝ կռիվ լինի. պիտի պատրաստ լինենք»: Եվ սրա արդյունքը հստակ տեսանք ռազմի դաշտում: Մերն այն ուղղություններից էր, որ թշնամուն ոչ մի կերպ չհաջողվեց ճեղքել:

Ադրբեջանցիների հիմնական մարտավարությունը սա էր. առավոտյան  6-ից սկսում էին գրոհը մինչև 8-ը, հետո՝ երեկոյան՝ 6-ից մինչև 8-ը: Հասցնում էին գիշերը քնել, հանգստանալ ու թարմ ուժերով նետվել մարտի: Մինչդեռ մենք գիշերվա ժամը 2:00-ից արթուն էինք մինչև լուսաբաց:

Միայն 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում էի «հանգում» մեկ ժամով: Արթնանում էի հրետակոծությունից: Դաժան օրեր շատ են եղել: Դրանցից մեկն էլ այն էր, որ ինձ հետ էին կանչում, ես համառում էի:  Խնդիր առաջացավ, երբ երկու հրանոթ պետք է վերցնեի ու գնայի ավելի առաջ: Առաջին գծում էի իմ մարտկոցով: Լայնամասշտաբ հարձակում էր սպասվում. թշնամու զինտեխնիկայի կուտակումներ էինք տեսնում: Դիվիզիոնի հրամանատարը՝ Արսեն Հակոբյանը, կապ տվեց. «Կարկուտ 751», հե՛տ արի, 12-15 կմ հետ քաշվի՛ր»: «Չէ՛, կմնամ: Եթե հետ գանք, միևնույն է, գալու են հասնեն, էստեղ լինեմ, կոտրենք հարձակման ուժը»: Որոշ ժամանակ անց լսեցինք մեր գլխավերևով սուրացող արկերի ձայնը և պայթյունները: Դեռ փորձում էին նշանակետը ճշգրտել: Մեզնից ոչ հեռու տարածության վրա պայթում էին թշնամու հրանոթի արկերը: Զինվորներին արագ իջեցրի թաքստոց: Պայթյուններն ավելի մոտ էին հնչում. շուտով ուղիղ մեր կրակային դիրքի վրա սկսեցին թափվել արկի բեկորները: Հակոբյանին կապ տվեցի. Կրակի՛ր, շո՛ւտ»: Հանդարտ պատասխանեց. «Մի րոպե»: «Ի՞նչ մի րոպե. չունենք այդքան ժամանակ: Խեղդում են»: Իմ դիրքի դիտակետերն այդ պահին օդ էին բարձրանում հակառակորդի հրանոթների զարկերից: «Անկապ-անկապ մի՛ խոսիր,- կապով իր խաղաղ ձայնով խոսում էր փոխգնդապետ Հակոբյանը,- համբերի՛»: Ու հաջորդ պահին կրակի տարափ տեղաց հակառակորդի կրակակետերի վրա: Նրանց այդ նշանակետից 6 հրանոթ էր աշխատում մեր ուղղությամբ. 6-ից 5-ը կարճ ժամանակում խոցվեցին, կրակը լռեց:

«Տրապա»՝ «արահետ» հասկացություն կա հրետանավորներիս մոտ: Ականապատված դաշտը պայթեցնելու համար հակառակորդը դեպի դիրքը մոտ 50 մ հեռավորության վրա հատուկ խողովակներ է նետում: Խփում են, պայթեցնում ականները, հետո այդ տարածքով առաջ շարժում զինտեխնիկան: Մենք էլ ենք արել, մի քանի դիրք ենք այդպես գրավել: Երբ թշնամին զգաց, որ չի կարողանում մեր ուղղությամբ ճեղքում իրականացնել, թուլացրեց հարձակման ուժը:

ՊԻՏԻ ՏԵՂՈ՛ՒՄ ԼԻՆԵՄՀոկտեմբերի 8-ին առաջին հրադադարը հայտարարվեց: Մինչ այդ դիվիզիոնով ու հատկապես այդ մարտկոցի ուժերով հասցրել էինք տանկ խփել, ՀՄՄ, մարտկոցի կրակային դիրքն էինք պայթեցրել, թշնամու մոտոհրաձգային գումարտակի կենտրոնացման շրջանը, մշտական տեղակայման վայրը, հրամանատարական կետերը: Խրամաբջիջներ էինք պատրաստել իմ անձնակազմի պատսպարման համար, բայց դեռ բավարար վիճակի չէինք հասցրել: Ամրաշինական աշխատանքների կարիք կար: Ամսի 8-10-ը լավ առիթ էր, որ ավարտեինք աշխատանքները: Հոկտեմբերի 8-ի երեկոյան էր. իբր հրադադար: Անձնակազմը դուրս էր եկել ավարտելու աշխատանքները: «Առանց կուտակումների աշխատեք»՝ հրահանգեցի սպաներիս: Իրիկնանում էր… Իմ այդ կրակային դիրքը շատ էր ցավեցրել նրանց. ջարդուփշուր էր արել… Վրեժ ունեին, և սա հարմար առիթ էր: «Բայրաքթարը» խփեց հենց մեր այն հրանոթին, որով մենք նրանց Տ-90 տանկն էինք խոցել:  5 զոհ ունեցանք՝ երկուսը ժամկետային զինվորներ էին, երեքը՝ մոբով եկած տղաներ: Զինվորներիցս մեկը գյումրեցի էր՝ սերժանտ Արթուր Աթոյանը: Տանկ խփող հրանոթի հրամանատարն էր: Մյուսը՝ ժամկետային Սարգիս Վարդանյանը, հրազդանցի էր: Կամավոր եկած տղաներից մեկը՝ դավթաշենցի  Հարութ Հարությունյանը, երգիչ էր: Ավետիսյան Վլադը, Աթայան Վլադիսլավը… Լավ է՝ դու զոհվես, քան զինվորիդ մատը փուշ մտնի… Բոլորի ընտանիքներին այցելել եմ: Հայրերի հետ դեռ կարողանում ես խոսել: Ամենադժվարն այն է, երբ կանգնում ես որդեկորույս մայրերի դիմաց…

Կնոջս ընտանիքում, հորից սկսած, շատ տղամարդիկ 29 տարեկանում են մահացել կամ զոհվել: Կինս շատ էր վախենում այդ թվից: Ավելի ուշ պատմում էր.՝ «Ամեն օր աղոթում էի, որ 30-ամյակիդ օրը գար ու անցներ… Ինձ արդեն թվում էր, որ կյանքիս բոլոր կարևոր տղամարդիկ 29 տարեկանում են ինձնից հեռանալու»:

…Նոյեմբերի 1-ին 30-ամյակս էր:  Այդ 44 օրվա մեջ ամենաթեժ, ամենադաժան օրն էր: Մեր հրամանատարի եղբայրն այդ օրը երկու պարկ հավ էր բերել՝ նշելու ծնունդս: Նրանք չորս արցախցի եղբայրներով առաջնագծում էին, բոլորն էլ խենթի պես կռվողներ: Հավերը պատրաստել, սպասում էին ինձ: Իսկ ես այդ ամբողջ օրը դիտակետից չէի կարողանում իջնել, որ գոնե մի պահ նստեի տղաների կողքին, շնորհավորեին: Ուշ գիշերով նոր կարողացա իջնել: Զինվորներիցս մեկը՝ Արթուր Դավթյանը, մի տեսակ վերացած-նստած էր. «Հը, ո՞նց է պատերազմը»,- ասացի, որ հասկանամ՝ ի՞նչ մտքերի մեջ է: «Որ Ձեզ հետ եմ, լավ է, պարո՛ն կապիտան»: «Բա ինչո՞ւ ես էսպես սուս-փուս նստած, ի՞նչ ես մտածում»: «Պարո՛ն կապիտան, թույլ կտա՞ք՝ դուրս գամ, տուն զանգեմ»: «Նոր ենք նստել հաց ուտելու, ո՞ւր ես դուրս գալիս»: «Ծնունդս է, է՜, պարո՛ն կապիտան: Զանգեմ, թող մերոնք ինձ շնորհավորեն»:

…Պատերազմից հետո, երբ տուն եկա, առաջին բանը, որ մայրս ասաց. «Տղե՜ս, ո՜նց ես ծերացել…»:

Կորուստներն ու հիասթափությունները չեն կոտրել Միքայելին: Պատերազմից հետո էլ երբևէ մտքով չի  անցել դուրս գալ ծառայությունից.

-Արդեն 14 տարի է, ինչ զինվորական եմ: Եթե հիմա պետք չգամ իմ պետությանը, երկրիս, ուրեմն ո՞ր օրվա համար եմ զինվորական դարձել: Փառք Աստծո,  առողջություն ունեմ, ուժերս տեղն են: Պիտի տեղո՛ւմ լինեմ…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/11/2021