Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆՕրերս եղանք մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանում և հետևեցինք կուրսանտների ուսումնական պարապմունքներին: Լսարաններից մեկում ապագա օդաչուները տեսական գիտելիքներ ստանալուց հետո  մարզումներ էին անցկացնում Մի-8 ուղղաթիռի վարժասարքի վրա, մյուսում «Իգլա» զինասարքով ձեռք էին բերում ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:

Լսարաններից մեկում էլ կուրսանտները «Ինֆորմատիկայի հիմունքներ» առարկայից հարստացնում էին իրենց գիտելիքները:

-Այս տարի ընդունված կուրսանտները ակտիվորեն են ներգրավվել ուսումնական գործընթացում, ջանադրաբար փորձում են հմտանալ ինֆորմատիկայի դասընթացի շրջանակներում,- ասում է ԱԿՀ ամբիոնի դասախոս Մովսես Սահակյանը:

Կապի լսարանում էլ ռազմական անհրաժեշտ գիտելիքներ էր ստանում ապագա կապավոր Սյուզաննա Հախինյանը: Նա երկրորդ տարին անընդմեջ գերազանց առաջադիմությամբ սովորում է ավիացիոն համալսարանում:

-Կապը բանակի երակն է, ես էլ փորձում եմ հմտորեն ապահովել այդ երակի աշխատանքը,- ասում է Սյուզաննան:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆԿապավորի մասնագիտությունն է ընտրել նաև 17-ամյա Անի Ղուկասյանը: Հետևելով զինվորական հոր օրինակին՝ որոշել է ստանձնել Հայրենիքի պաշտպանի կարևոր առաքելությունը:

-Ես առաջին վճռորոշ քայլն արդեն արել եմ: Բայց հայրենասիրությունից զատ,  անհրաժեշտ են նաև գիտելիքներ, հմտություններ և մարտական ոգի: Հենց այդ նպատակով էլ ջանք ու եռանդ չեմ խնայում լավագույն կապավոր դառնալու համար,- անկեղծանում է երիտասարդ աղջնակը:

Սարգիս Մելքոնյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտելուց հետո է ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան համալսարան եւ որոշել է դառնալ անօդաչու թռչող սարքերի օպերատոր: Նրա նեղ մասնագիտական կողմնորոշման մեջ վճռորոշ է եղել Արցախյան վերջին պատերազմը.

-Մանկուց էլ մեծ սեր եմ ունեցել անօդաչու թռչող սարքերի հանդեպ: Եվ այդ սերը ինձ բերեց այստեղ: Այսօր ես ավելի քան համոզված եմ, որ անօդաչու թռչող սարքերի օպերատորները Հայոց բանակին առավել քան անհրաժեշտ են: Իմ հետագա կյանքի համար ես ճիշտ որոշում եմ կայացրել,- ասում է ապագա օպերատորը:

Կուրսանտ Բեգլարյանը այս տարի է ընդունվել ավիացիոն համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետ:

-Հայրիկիս խորհրդով եմ ընտրել մասնագիտությունս,- անկեղծանում է Ռոբերտ Բեգլարյանը:

-Ապագա մասնագիտության հանդեպ մեծ պատասխանատվության զգացում ունեն մեր կուրսանտները եւ ձգտում են բարձր առաջադիմության,- ասում է ավագ դասախոս Ստյոպա Առաքելյանը:

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ