Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄՀՀ ԶՈւ ավիացիոն բոլոր ստորաբաժանումները ունեն օդերևութաբանական ծառայություններ, որոնք ինչպես ամենօրյա, այնպես էլ շուրջօրյա ռեժիմով ապահովում են ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, ինչպես նաև պարաշյուտային թռիչքների օդերևութաբանական տեղեկատվությունը, նպաստում ավիացիային առաջադրված խնդիրների օպերատիվ, արդյունավետ և որակով իրականացմանը։

Քանի որ ոլորտը շատ ընդգրկուն է, մենք ԶՈՒ ավիացիայի վարչության օդերևութաբանական ծառայության պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, մայոր Մամիկոն Եփրեմյանի հետ զրուցեցինք դրան առնչվող մի շարք առանցքային հարցերի շուրջ։

 

-Պարոն Եփրեմյան, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ղեկավարած ծառայության հիմնական, առանցքային գործառույթները։

-Զինված ուժերի ղեկավարությունը կարևորելով այս ծառայության խիստ անհրաժեշտությունը՝ 2019 թ. նպատակահարմար գտավ ավիացիայի վարչության կազմում բացել օդերևութաբանական ծառայություն, որը 2020 թ. սկզբից ղեկավարում եմ ես: Ծառայությունը բավական երիտասարդ է, չնայած այն հանգամանքին, որ զինված ուժերի ավիացիայի կազմավորման օրվանից ի վեր ավիացիոն բազաներում սկսել են գործել օդերևութաբանական ծառայություններ, որտեղ ծառայության են ընդունվել ԽՍՀՄ ժամանակաշրջանում Հայաստանում գործող օդանավակայանների օդերևութաբանական սպասարկման բաժինների մասնագետները։ Վերջիններս մեծ ավանդ ունեն ավիացիոն օդերևութաբանական ծառայությունների կայացման գործում եւ իրենց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու փորձը շղթայական փոխանցել են երիտասարդ մասնագետներին։

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄՆերկայումս մեր երկրի ռազմական օդերևութաբանական ծառայությունների հիմնական և առանցքային խնդիրը թռիչքների օդերևութաբանական և թռչնաբանական անվտանգության արդյունավետ, օպերատիվ, որակով և բարձր մակարդակով ապահովումն է, որը ենթադրում է հսկայածավալ գիտագործնական աշխատանք։ Ընդհանրապես ավիացիոն օդերևութաբանությունը օդերևութաբանության առանցքային և ամենակիրառական ճյուղերից է։ Այսպես, թռիչքից առաջ՝ նախաթռիչքային պատրաստության և թռիչքային հրահանգավորման ժամանակ հրամանատարական կազմը, օդաչուական անձնակազմը, թռիչքների ղեկավարման խումբը և այլ ստորաբաժանումներ ու զինծառայողներ, որոնք անմիջական օգտագործում են օդերևութաբանական տեղեկատվություն, մանրամասնորեն ծանոթանում են օդերևութաբանական պայմաններին՝ եղանակի փաստացի տեղեկատվությանը և կանխատեսումներին, գնահատում են տվյալ պայմաններում թռիչքների իրականացման նպատակահարմարությունը, և դրանց համաձայն վերադաս հրամանատարությունը կայացնում է որոշում ու տալիս է թույլտվություն թռիչքների իրականացման համար։ Այս գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար օդերևութաբանական ծառայությունը յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ թռիչքների համար բարդ օդերևութաբանական պայմանների դեպքում առավել հաճախ, երկրի մակերևույթին՝ օդանավակայանի տարածքում, իրականացնում է եղանակի դիտարկումներ օդերևութաբանական տարրերի ու երևույթների վերաբերյալ, որոնք չափազանց կարևոր են ավիացիոն անվտանգության ապահովման համար։ Դրանցից են, օրինակ, ամպերի տեսակները, դրանց քանակը և բարձրությունները, հորիզոնական տեսանելիությունը, քամին, օդի ջերմաստիճանը և խոնավությունը, մթնոլորտային ճնշումը, մառախուղը, ամպրոպը, մթնոլորտային տեղումները և բազմաթիվ այլ օդերևութաբանական երևույթներ։ Համաձայն սահմանված կարգի՝ իրականացվում են եղանակի ավիացիոն կանխատեսումներ, որոնք ընդգրկում են մի քանի ժամից մինչև 5-7 օր՝ ըստ թռիչքային պլանների։ Եղանակի ավիացիոն կանխատեսումների մշակման համար անհրաժեշտ են լուրջ տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ու փորձ, բազմաբովանդակ տեղեկատվության համադրման ու վերլուծության կարողություններ։

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄՕդերևութաբանական ծառայությունների մասնագետները ընդգրկվում են ուսումնամարզական, պարաշյուտային թռիչքների և մարտական հերթափոխներում, որտեղ անընդհատ և օպերատիվ տիրապետում են օդանավակայանների, թռիչքուղիների և ընդհանրապես մեր երկրի ամբողջ տարածքում դիտվող փաստացի եղանակային պայմաններին ու կանխատեսումների տեղեկատվությանը։ Մեր կողմից օդերևութաբանական անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվում նաև անօդաչու թռչող սարքեր շահագործող ստորաբաժանումներին՝ թռիչքների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման նպատակով։

Բացի այս ամենը, օդերևութաբանական ծառայությունների մասնագետները իրականացնում են նաև գիտագործնական լուրջ աշխատանք, մասնավորապես՝ ուսումնասիրություններ են իրականացվում մշտական տեղակայման վայրերի, վերաբազավորման օդանավակայանների, թռիչքուղիների, թռիչքահարթակների, հրաձգարանների ու զորավարժարանների ավիացիոն կլիմայական բնութագրերի վերաբերյալ, կազմվում են տեղեկագրեր, վերլուծություններ են իրականացվում տարբեր եղանակային պայմաններում ու տարբեր եղանակներին թռչունների վարքի ու ռեժիմի վերաբերյալ. դրանք ևս չափազանց կարևոր են ավիացիոն անվտանգության ապահովման տեսակետից։

Պետք է նշեմ, որ բոլորովին վերջերս առաջին անգամ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գ. Ասլանյանի վերահսկողությամբ, ավիացիայի պետի տեղակալ-ավիացիայի շտաբի պետ, գնդապետ Հ. Վարդանյանի գլխավորությամբ և իմ մասնակցությամբ հայերենով կազմվել և ավարտին է հասցվել զինված ուժերի ավիացիայի օդերևութաբանական ծառայության ձեռնարկը, որը գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով դեկտեմբերի 1-ից կուղարկվի զորքեր։ Այս ձեռնարկով ամբողջությամբ կարգավորված են օդերևութաբանական ծառայությունների կազմակերպչամեթոդական, եղանակի դիտարկումների և կանխատեսումների, թռիչքների օդերևութաբանական ապահովման, զինծառայողների պաշտոնամասնագիտական պարտականությունների և բազմաթիվ այլ իրավակարգավորման հարցեր։

-Ասում են՝ եթե տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես։ Ձեր բնագավառում էլ եթե չլինի ճշգրիտ տեղեկատվություն մթնոլորտի վիճակի, օդերևութաբանական երևույթների, դրանց պայմանների փոփոխությունների, բարդ օդերևութաբանական պայմանների, ոչ թռիչքային եղանակների, եղանակի փաստացի տեղեկատվության ու կանխատեսումների մասին, կարծում եմ, թռիչքների օդերևութաբանական ապահովումը լուրջ ձախողումներ կունենա, դրանից բխող բոլոր հետևանքներով։

-Օդերևութաբանական տեղեկատվության առաջնային, այսպես կոչված՝ ելակետային տվյալներ են երկրի մակերևույթին և մթնոլորտի բարձր շերտերում բազմաթիվ մեթոդներով ու միջոցներով իրականացվող դիտարկումները, այնուհետև եղանակի քարտեզները, արբանյակային լուսանկարները և այլն, որոնք օդերևութաբանական ծառայության մասնագետներին հնարավորություն են տալիս կատարելու փաստացի եղանակի և դրա ապագա դրսևորումների, այն է՝ կանխատեսումների վերաբերյալ բազմաբովանդակ, գիտականորեն հիմնավորված վերլուծություններ, և վերջնարդյունքում կազմվում են այս կամ այն ժամանակահատվածի համար եղանակի ավիացիոն կանխատեսումներ։ Տեղեկատվության այս ամբողջ փաթեթը տրվում է վերադաս հրամանատարությանը, օդաչուական անձնակազմին, թռիչքների ղեկավարման խմբին և այս տեղեկատվությունը օգտագործող այլ հասցեների, որոնց հիման վրա էլ կայացվում է թռիչների իրականացման որոշում։ Առանց այս տեղեկատվության ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամբողջ աշխարհում որևէ թռիչք իրականացվել չի կարող։ Ինչպես ասել է ռուս հայտնի օդաչու Աս Վ. Չկալովը՝ «Օդաչուն չի կարող թռչել՝ անտեսելով եղանակը, նա կնմանվի որսորդի, որը գնում է գազանին դեմ հանդիման՝ փակ աչքերով և առանց զենքի»։

Տեղեկատվության հավաքագրման հարցում ներկայումս բարձր մակարդակով փոխգործակցություն ենք իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի հետ։

Նշեմ, որ թռիչքների իրականացման բոլոր փուլերում անընդհատ իրականացվում է օդերևութաբանական տեղեկատվության հավաքագրում, մշակում, վերլուծություն և տրամադրում։ Եթե թռիչքի որևէ փուլում զարգանում են վտանգավոր օդերևութաբանական երևույթներ, ի հայտ է գալիս ոչ թռիչքային եղանակ կամ կա մեծ հավանականություն դրանց առաջացման համար, ապա թռիչքները կա՛մ սահմանափակվում են, կա՛մ դադարեցվում։

ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄՀայրենական ավիացիայում նորագույն ինքնաթիռների ապահով թռիչքների համար այժմ օդերևութաբանական ծառայությունը օդերևութաբանական պայմանների կանխատեսումներ է իրականացնում ոչ միայն երկրի մակերևույթի և մթնոլորտի համեմատաբար ցածր շերտերի, այլ նաև դրա բարձր շերտերի վերաբերյալ՝ ընդհուպ մինչև տրոպոպաուզա, այն է՝ մինչև 11-12 կմ բարձրությունները։ Այս բարձրություններում կարող են առաջանալ թռիչքների համար այնպիսի վտանգավոր օդերևութաբանական պայմաններ, ինչպիսիք են՝ ամպերում և դրանցից անդին ինքնաթիռների սառցակալումը և էլեկտրականացումը, շատ ուժեղ քամիների և այսպես կոչված մթնոլորտի տուրբուլենտ գոտիներում առաջացող թռչող տեխնիկայի թափահարումը և այլն։ Այս երևույթները կարող են հանգեցնել մինչև անգամ թռչող տեխնիկայի անկառավարելիության վիճակի առաջացման։

Ես մանրակրկիտ վելուծության եմ ենթարկել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի օդերևութաբանական և եղանակային պայմանները։ Ըստ որի՝ մարտական գործողությունների իրականացման շրջաններում ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ դիտվել են թռիչքների իրականացման և օդերևութաբանական տեսակետից անվտանգության ապահովման համար բարենպաստ պայմաններ և միայն առանձին օրերին կամ օրվա որևէ ժամանակահատվածում է, որ առկա են եղել ոչ թռիչքային եղանակներ կամ ավիացիայի կիրառման համար անբարենպաստ օդերևութաբանական պայմաններ։ Այս վերլուծություններով կարելի է եզրակացնել, որ  հակառակորդը մարտական գործողությունների նախապատրաստման ընթացքում նախօրոք և մանրակրկիտ ուսումնասիրել ու վերլուծել է մարտական գործողությունների իրականացման շրջանների եղանակային երկարաժամկետ (մեկ ամսվա կամ սեզոնի համար) և միջնաժամկետ (3-10 օր) կանխատեսումները, իսկ մարտական գործողությունների վարման ընթացքում՝ գերկարճաժամկետ (9-12 ժամ) և կարճաժամկետ (12-72 ժամ) կանխատեսումները՝ ավիացիոն տեխնիկայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման, հրետանու առավել արդյունավետ օգտագործման և զորաշարժի կազմակերպման նպատակով:

-Այսօր գիտության բոլոր ճյուղերը զարգանում են թռիչքային արագությամբ, և գիտության ցանկացած ճյուղ, ցանկացած ոլորտ մրցակցությանը դիմանալու, արդի մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենա հագեցած զինանոց։ Հարցս հետևյալն է՝ մեր զինված ուժերի ավիացիայի օդերևութաբանական ծառայությունը ունի՞ տեխնիկական անհրաժեշտ զինանոց՝ հավուր պատշաճի և բարձր մակարդակով իրականացնելու թռիչքների կազմակերպումն ու դրանց անվտանգության ապահովումը, առաջադրված խնդիրների ճիշտ, արդյունավետ և օպերատիվ լուծումը։

-Դեռեւս 2009-2010 թթ. մեր հիմնական թռիչքներն ապահովող բոլոր օդերևութաբանական ծառայություններում տեղադրված են ժամանակակակից ավտոմատ օդերևութաբանական համակարգեր, որոնք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել են՝ որպես աշխարհում լավագույն օդերևութաբանական սարքավորումներ։ Բացի այդ, ծառայությունները հագեցած են անհրաժեշտ այլ մեխանիկական գործիքներով։

Ներկայումս լուրջ ջանքեր են գործադրվում օդերևութաբանական ծառայությունների սարքավորումներն առավել արդիականացնելու ու վերազինելու ուղղությամբ։

Պետք է նշեմ, որ բացի դիտարկումների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներից, անհրաժեշտ է նաև ունենալ փորձառու և իր գործին գիտակ եղանակի դիտորդներ, քանի որ կան օդերևութաբանական երևույթներ, որոնք պետք է դիտարկել կա՛մ միայն ակնադիտական մեթոդով, կա՛մ տվյալները համադրելով ավտոմատ համակարգի դիտարկումների տվյալների հետ՝ ստանալու համար վերջնական հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն։ Ընդհանրապես, եղանակային պայմանների բոլոր տարրերն ու երևույթները չափազանց մեծ ազդեցություն ունեն ավիացիոն անվտանգության ապահովման վրա, այստեղ մանրուքներ և եղանակի վերաբերյալ հաշվի չառնվող գործոններ գոյություն չունեն։

-Մեր մասնագետների պատրաստվածության աստիճանի, նրանց մասնագիտական գիտելիքների ու որակների մասին ի՞նչ կասեք։

-Յուրաքանչյուր թռիչքի օդերևութաբանական ապահովումը պայմանավորված է մասնագիտական ծառայության ամբողջ անձնակազմի լուրջ, բարդ ու պատասխանատու աշխատանքով: Աշխատանքները բարձր մակարդակով, օպերատիվ ու որակով իրականացնելու համար պետք է ունենալ հոգեպես պատրաստ, մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ բազա ու գործնական հմտություններ ունեցող զինծառայողներ։ Ներկայումս օդերևութաբանական ծառայություններում մասնագիտական ծառայություն  իրականացնող և համապատախան պաշտոններ զբաղեցնեղ բոլոր զինծառայողները ունեն բարձրագույն կրթություն. նրանք ավարտել են կա՛մ ՀՀ բուհերը, կա՛մ ՌԴ ռազմական ուսումնական հաստատությունները՝ ստացել են ինժեներ-օդերևութաբանի, ջրաօդերևութաբանի, աշխարհագետի որակավորում։ Ընդ որում, մեր մասնագետների մի մասն ունի «ռազմական օդերևութաբանի» առաջին աստիճանի կարգային որակավորում։ Չսահմանափակվելով այս ամենով, անընդհատ իրականացնում ենք մասնագետների վերապատրաստման աշխատանքներ՝ հավաքների, դասընթացների, սեմինարների, գործնական փորձի փոխանակման ու այլ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործելու և ունենալու անհրաժեշտ տեսական ու գործնական մակարդակ ապահովող մասնագետներ։

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ