Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻ
ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻ

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻ«Նախկինում պահեստազոր բառը շատ էի լսել, բայց այս անգամ ակամա ուշադրություն դարձրի դրա բովանդակությանը: Պահեստազոր: Այսինքն՝ պահեստային զորք, կամ պահեստային զորություն: Բանակ՝ բանակի թիկունքում: Մենք փոքր երկիր ենք՝ մեծ խնդիրներով, ու մեր ամբողջ ուժը պիտի մեկտեղված լինի՝ թե՛ պահեստային, թե՛ գործող: Մենք պիտի ոչ մի կաթիլ ուժ չկորցնենք: 44-օրյա պատերազմից մեկ տարի անց արդյոք ամեն հայ կարո՞ղ է ասել՝ ես ռազմաճակատին տվեցի, ինչ կարող էի: Արդյոք մեր ամբողջ պահեստային զորությունը՝ հայրենիքում ու սփյուռքում, մաքառո՞ւմ էր թշնամու դեմ արհավիրքի օրերին: Եվ այսօր մեր ամբողջ զորությա՞մբ ենք լծվել պատերազմի հետևանքները վերացնելու, երկիրը շենացնելու, բանակը զորացնելու գործին: Ամեն հայ պիտի իր հայրենիքի զորության մասնիկը լինի: Միայն այդ դեպքում մենք կլինենք ուժեղ, կհաղթենք ու կիրականացնենք մեր ազգային երազանքները»:

…Այս գրության հեղինակը նկարչուհի Նազանի Սիրանուշ Նազանյանն է: Ես այն ընթերցել եմ նրա ֆեյսբուքյան էջում և զրույցի եմ հրավիրել նկարչուհուն:

 

 

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻ-Նազանի՛, քո գրառումը անչափ սրտամոտ է ինձ: Բայց այն առավել կարևոր ու բովանդակալի կլինի, եթե դու ասես, թե անձամբ ինչո՞վ ես սատարել պատերազմի օրերին, այսօր ինչպե՞ս ես կանգնում բանակի կողքին ու որքանով ես քո ուժն ու գիտելիքները ծառայեցնում Հայրենիքին:

-Եթե հիշում ես, ես Ապրիլյան պատերազմից հետո գլխաշորեր էի նվիրում մայրերին՝ իրենց զոհված որդիների թռչնագիր անուններով: Խոստացել էի, որ Քառօրյայի բոլոր զոհերի մայրերը նման գլխաշորեր կստանան…Դա կլինի իմ խոնարհումը առյուծածին մայրերի սխրանքի ու ցավի առաջ: Բայց չհասցրի կատարել խոստումս. վրա հասավ 44-օրյա աղետը: Ու հիմա ես ամբողջ կյանքում, քանի ողջ եմ պիտի փորձեմ իմ հնարավորությունների սահմանում, իմ արվեստի միջոցով սիրել, մեծարել ու սատարել պատերազմում որդի կորցրած մայրերին: Բացի այդ, պատրաստվում եմ մեծ ցուցահանդեսի՝ նվիրված հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված քաջերի մայրերին: Դա լինելու է թեմատիկ ցուցահանդես, որի հերոսը հայ կինն է:

-Դու և՛ պատերազմի, և՛ բանակի մասին խոսելիս անպայման անդրադառնում ես զինվորների մայրերին, մեծապես կարևորում նրանց…Այսօր էլ քո ցուցահանդեսի թեման մայրերն են, ոչ թե նրանց՝ հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսները:

-Երկրի հիմնասյունը կինն է, մայրը: Մայրերն են վառ պահում օջախի կրակը, մայրերն են հերոսներ ծնում, մայրերն են դաստիարակում նրանց հերոսավայել: Ցուցահանդեսի ժամանակ պատկերվելու է հայ կնոջ կերպարը՝ սկսած վաղնջական ժամանակներից՝ հայ թագուհիների, կին ռազմիկների, կին արվեստագետների, պարզապես՝ հայ մայրերի…Ես փորձելու եմ հայ կնոջը ներկայացնել իր ամբողջ առաքինություններով, ինքնատիպությամբ, փառքով ու գեղեցկությամբ: Սկզբում որոշել էի, որ ցուցահանդեսի նկարները կլինեն սև ու սպիտակ՝ որպես չարի ու բարու, լույսի ու խավարի հավերժական պայքարի խորհրդանիշ, հետո որոշեցի սև պաստառները ներկել ամենավառ գույներով, որովհետև հիմա մեզ վառ գույներ են պետք՝ հույս, հավատ, ուրախություն, խանդավառություն, դրական ակնկալիքներ ապագայից: Մի խոսքով՝ որոշեցի ոչ թե լուսավորել, այլ գունավորել սևը հաղթանակի գույներով:

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻ-Դու ունես բիզնես՝ Nazani Collection Art-ը, որ արտադրում է հագուստ, պայուսակներ, զանազան աքսեսուարներ: Դու այն կոչում ես արվեստի բիզնես…

-Այո՛, որովհետև իմ ամբողջ արտադրանքի հիմքում հայ ազգային զարդանախշերն են, մեր տարազների զանազան մանրամասները, թռչնատառերը…

-Քեզնից առաջ որոշ մարդիկ փորձել են վերադարձնել տարազը, բայց չեն հաջողել: Խնդրում եմ, ասա՝ դու ինչո՞ւ ես ուզում, որ 21-րդ դարում հայ ազգային հագուստը մտնի կենցաղ: Դա ի՞նչ է տալու մեզ:

-Նախ՝ հին հայկական մշակույթի ինքնատիպության վերականգնումը ու ներմուծումը կենցաղ արմատներին վերադառնալու, սեփական անցյալը սիրելու ու դրանով հպարտանալու, ազգային ինքնությունը պահպանելու ուղերձ է: Մենք շատ «գունեղ» ազգ ենք ու պիտի պահպանենք մեր գույները: Մենք մշակութային ազգ ենք, ու մեր ինքնատիպությունը մեր ինքնության այցեքարտն է: Ես ուզում եմ այս ցուցահանդեսով ասել մարդկանց, որ հայ լինելը ահռելի պարտավորություն է, որովհետև հայ ծնվելով՝ մենք դառնում ենք ահռելի ու բազմադարյան մշակույթի ժառանգորդն ու ստանձնում այն պահպանելու սրբազան պարտքը: Ես ասում եմ, որ հայ լինելը մեծ երջանկություն ու պատիվ է: Ինքս պատմաբան եմ ու երկար տարիներ զբաղվել եմ ազգագրությամբ, ուսումնասիրել եմ տարազները: Ինչո՞ւ չփորձենք աշխարհում տարածել հայկական բրենդը՝ մեր տարազների զարդանախշերով ու վառ գույներով: Դրանք այնքան գեղեցիկ են ու յուրօրինակ, այնքան թեթև են ու ցնծուն: Պետք է տարազների ինքնատիպությունը համադրել 21-րդ դարի մտածողությանն ու պահանջներին:

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻ-Հայ աղջիկները կրո՞ւմ են Ձեր արտադրանքը:

-Այո՛, հայկական զարդանախշերով, թռչնագրերով զգեստներ, պայուսակներ ու աքսեսուարներ են կրում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Իհարկե, դրանք չունեն այն տարածումը, որին ձգտում ենք, բայց մենք ճանապարհի սկզբին ենք դեռ և հույս ունենք իրականություն դարձնել մեր բոլոր երազանքները:

-Հայ մայրերին նվիրված ցուցահանդեսին ցուցադրվելո՞ւ են Nazani Collection Art-ի նմուշները:

-Այո՛, անկասկած: Երիտասարդ սերնդի հոգում պետք է հայրենասիրություն սերմանել ամեն քայլափոխին, պետք է արթնացնել նրա ազգային հպարտությունը, ինքնության զգացողություն: Հայրենասիրությունը չպետք է լինի լոզունգ, այլ՝ համատարած մտածողություն ու վարք, ապրելակերպ: Եթե ամեն մեկն իր բնագավառում փորձի սնվել ազգային ակունքից, մենք ավելի ակնառու հաջողություններ կունենանք: Ես 14 ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿԸ ԼԻՆԻտարեկան տղա ունեմ, ապագա զինվոր: Անկեղծ ասած՝ նրան հայրենասեր դաստիարակելու համար ոչ մի առանձին ջանք ու եռանդ չեմ ծախսում, որովհետև մեր օրը ափեափ լցված է Հայրենիքով: Իմ տղան մեծ խանդավառությամբ է սպասում իր զորակոչվելուն: Նա գիտի, թե ինչ դժվարություններ են սպասում իրեն բանակում, սահմանին, բայց պատրաստ է սիրով, հպարտությամբ հաղթահարելու բոլոր խնդիրները, որովհետև հայրենիքը թանկ է նրա համար:

-Նազանի՛, որպես մայր, որպես արվեստագետ՝ ինչպե՞ս ես պատկերացնում մեր երկրի ապագան:

-Մենք շատ մեծ չիրացված ներուժ ունենք, այսպես ասած՝ պահեստազոր՝ պահեստային զորություն: Եթե այդ ուժը ի մի բերենք, եթե համախմբվենք, եթե ջանանք մեր երազած Հայրենիքը կառուցելու համար, ապա անպայման կհաջողենք: Մի պահ պիտի կանգ առնենք, թոթափենք հոռետեսական տրամադրությունները, նայենք մեր անցյալին, մեր բազմադարյան դժվար ճանապարհին, մեր ստեղծած արժեքներին ու փորձենք շարունակել նույն ոգով ու արժանավայել:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ