Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶՈՐԱՎՈՐ ԶՈՐՔԻ ՈւԽՏԱՎՈՐՆ ԵՄ»



«ԶՈՐԱՎՈՐ ԶՈՐՔԻ ՈւԽՏԱՎՈՐՆ ԵՄ»Այս զրույցը Վանուշ Խանամիրյանի ծննդյան 75-ամյակի առիթով՝ հրապարակվել է «Հայ զինվորում»: Մեծ վարպետի խոսքում անսահման սերն է Հայրենիքի հանդեպ, սեփական մշակույթի, բանակի, երկրի, ժողովրդի պաշտամունքը:

 

-Նախքան զրույցն սկսելը ասեմ, որ բանակի թերթին հյուրընկալվում եմ առանձնահատուկ սիրով, պատրաստակամ ու հպարտությամբ, քանի որ անչափ բարձր եմ գնահատում ազգային զինուժի բացառիկ կարեւոր դերն ու նշանակությունը հայրենիքի, պետության ու ժողովրդի համար, պաշտում եմ ազգիս պաշտպան զինվորին, խորին հարգանքով եմ վերաբերվում բանակ կերտած, հաղթանակած փառահեղ սպայականությանը:

-Իսկ հիմա, խնդրում եմ, պատմեք Ձեր կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների մասին:

-Ես տոհմիկ իգդիրցի եմ, ծնվել եմ Երեւանում: Ծանր մանկություն եմ ունեցել: Հայրս բռնադատումի մղձավանջային տարիներին աքսորվեց Սիբիր ու չվերադարձավ, իսկ երբ սկսվեց Մեծ հայրենականը, եղբայրս մեկնեց ճակատ, ու ընտանիքի հոգսը մնաց իմ ուսերին: Ստիպված եմ եղել շատ վաղ տարիքից աշխատել…

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր մասնագիտական գործունեությունը:

-Պարի մասնագետները այցելում էին տարբեր կրթօջախներ ու ընտրում խորեոգրաֆիկ դպրոցի ապագա սաներին, ինձ նույնպես նկատեցին… 1941 թվականից պարել եմ օպերայի եւ բալետի թատրոնում: 68 թվականից մինչեւ 92 թվականը ղեկավարել եմ պարի պետական անսամբլը: Բախտավոր եմ այդ առումով, քանի որ անկասկած ու անսխալ գտել եմ ինքնադրսեւորման իմ տարածքը, իմ հոգու տարերքը: Աստված բարեհաճ է եղել իմ հանդեպ նաեւ անձնական կյանքում, մանր ու մեծ հրապուրանքների, սերերի ու սիրահարությունների անվերջանալի թվացող հերթագայության մեջ գտա իմ միակ ու իսկական սերը: Կինս պարուհի է, մեր հանդիպման օրից եղել է կողքիս, աշխատել ենք միասին պարի պետականում: Հրաշալի դուստր ունեմ՝ իմ Գայանեն: Բախտավոր մարդ եմ, մի խոսքով:

-Մեր ազգային պարարվեստը շատ հարուստ է, ինքնատիպ ու շքեղ: Ձեր բնութագրմամբ՝ ի՞նչ է բովանդակում հայ պարը, եւ ո՞րն է նրա ասելիքը:

-Հայոց ազգային պարը բովանդակում է հայոց պատմությունը, հայ մարդու ազգային նկարագիրը, կերպարը, նրա մտածելակերպի, աշխարհընկալման յուրահատկությունները, արտացոլում է մեր կենցաղը, պաշտամունքը, արժեքներն ու չափանիշները: Մի քանի օրինակ բերեմ: Եթե նկատել եք` հայոց ազգային պարերում շատ քիչ են անհատական կատարումները, մենապարերը: Մենք խմբով ենք պարում: Այդպիսին է հայ մարդու տեսակը: Նա չի կարող մենակ տխրել, մենակ ուրախանալ, հեռվից նայել ուրիշի ցավին, չհրճվել կողքինի երջանկությամբ: Մենք պարում ենք արմունկներով հպված իրար, միմյանց ապավինած, միմյանց հաղորդակից, միմյանց ջերմություն տալով: Խմբային պարը խորհրդանշում է նաեւ գերդաստանի, տոհմի, ազգի գաղափարը, որը շատ ցայտուն է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության մեջ: Խմբային պարը նաեւ մարմնավորում է միաբանության, բռունցքվելու, զորանալու գաղափարը: Հայոց պատմության արտացոլումն են մեր ռազմի պարերը: Որքա՜ն թափ, ուժ, քաջություն, անձնվիրություն, սեր ու ոգի կա այդ պարերում: Դրանք ոգու ճակատամարտ են, ոգու պայքար, ոգու մաքառում ու ոգու հաղթանակ: Այդ պարերը բոցավառել են հայ մարդու արյունը, բազմապատկել նրա քաջությունն ու հայրենասիրությունը, հայ տղամարդիկ քոչարի են պարել, դոփել են հավասար ռիթմով, ոտքը ամուր խփել հայրենի հողին ու ուժ են առել հողից: «Յարխուշտա» պարող քաջերը բաց ափերի ամբողջ ուժով ծափ են զարկել` ձեռքերն արյունոտելու աստիճան, իրար ուժ են տվել, իրար ոգեւորել են: Մի իսկական «ճակատամարտ է» «Շատախի» պարը. պարում են հայ ռազմիկները, օձանման գալարումով հետ քաշվում, կարծես խրամատներից կանչում թշնամուն: Նահանջում, նահանջում են` ուժը ամբարած, հետո միանգամից, ահեղ թափով հարձակվում ու հաղթում: Մեր ռազմի պարերը կատարյալ են, հզոր ու անզուգական: Մեր ազգային նկարագրին շատ բնորոշ են կանանց նազելի ու քնքուշ ծեքծեքումները` մեղմ, ճկուն, հեզ, ներդաշնակ: Հայ կնոջը ճանաչելու համար բավական է դիտել նրա պարը: Սակայն հայ կնոջը կարող ես տեսնել նաեւ ռազմի պարերում: Այստեղ նա այնպիսի «հերոս է», ինչպես տղամարդը: Տղամարդու թիկունքն է, նրան ուժ ու ոգի տվողը եւ պարում է ամուր, կտրուկ, հաստատ: Պարերում մարմնավորվել են մեր կենցաղը, առօրյան, աշխատանքը, հոգսերը: Պարարվեստը հայոց մշակույթի ամենագունեղ ու ամենաինքնատիպ շերտն է:

«ԶՈՐԱՎՈՐ ԶՈՐՔԻ ՈւԽՏԱՎՈՐՆ ԵՄ»-Անվիճարկելի է, որ հայոց ազգային պարերը շատ գեղեցիկ են ու բազմազան, սակայն այսօր հայ երիտասարդները, մանուկները նախընտրում են այլաոճ պարերը` արտասահմանյան ռիթմերով ու շարժումներով: Ինչպե՞ս է արմատավորվում օտարամոլությունը մշակութային հարուստ ու բարձրարժեք ժառանգություն ունեցող այնպիսի ազգի մեջ, ինչպիսին հայ ժողովուրդն է:

-Այդ հարցը շատ ցավոտ է ու մտահոգիչ: Լատինաամերիկյան, նեգրական, արաբական պարերն այսօր ավելի տարածված են, ավելի մասսայական են, քան հայկական ազգային պարը: Սա ազգային ինքնասիրության, հայրենասիրության պակասի ու սխալի դաստիարակության հետեւանքն է: Բեմերը ողողված են պորտապարերով, անպարկեշտ ու անճաշակ, գռեհիկ ու աններդաշնակ շարժումներով: Մենք պիտի տարբերենք օտարասիրությունը օտարամոլությունից: Կարելի է նաեւ այլ ազգերի պարերը պարել, պարել ճիշտ, ճաշակով եւ չխախտելով համամասնությունը, այսինքն` առաջնությունը տալով ազգային պարին: Մեր տարազները ազգային նկարագրի անբաժանելի մասն են: Դրանք գունեղ են, բազմադետալ, հագեցած ազգային նախշազարդերով, զուսպ են, հարուստ, բարձրաճաշակ: Այսօր բեմ են բարձրանում կիսամերկ, պարզունակ, անարվեստ, անճաշակ հագուստներով պճնված «պարուհիներ», աղավաղում են մեր ազգային նկարագիրը, հայ կնոջ կերպարը, ում ազգային տարազի մեջ ամփոփված գեղեցկությունը շատ ավելի ցայտուն է, խորհրդավոր, նազելի ու գայթակղիչ: Ազգային արվեստը` լինի երգ, նկարչություն, գրականություն, թե պար, առաջին հերթին մարդու հոգում արթնացնում է իր արմատները ճանաչելու, իր ինքնությունը բացահայտելու, իր հայրենիքը սիրելու, իր ժողովրդի ստեղծած արժեքները գնահատելու, իր ազգի մշակույթով հպարտանալու գիտակցությունը: Ազգայինի պակասը ուղղակիորեն ենթադրում է հայրենասիրության պակաս, ազգային նկարագրի աղավաղում, արժեզրկում եւ այլն:

Մեկ տարի է, ինչ ձեւավորվել եւ գործում է պարարվեստի գործիչների միությունը, որը ես եմ ղեկավարում: Միությունը ունի ծանրակշիռ ներուժ, պատկառելի ու հեղինակավոր արվեստագետներ են ընդգրկված կազմակերպության մեջ, ինչպես նաեւ 80-ից ավելի պարային կոլեկտիվներ: Պարարվեստի գործիչների միության առաջին խնդիրն է քարոզել ազգային պարարվեստը, տարածել, դարձնել մասսայական, ընկալելի ու սիրելի: Հայ երիտասարդը, փոքրիկը պետք է ավելի հաճախ տեսնեն իրենց ազգային պարը, հասկանան դրա խորհուրդը, զգան գեղեցկությունն ու առավելությունները: Ուստի, պետք է ավելի հաճախ ու ավելի որակով բեմադրվեն պարերը, ավելի հաճախ զարդարեն մեր բեմերն ու հանդիսությունները: Կարեւոր խնդիր է նաեւ պարարվեստի երախտավորներին արժանին մատուցելու, հարգելու, մեծարելու անհրաժեշտությունը: Ժողովուրդը պետք է ճանաչի նրանց, ովքեր բարձրացրել, պահպանել են հայ մշակույթի այդ կարեւորագույն ճյուղը, իրենց արվեստով գեղագիտական ճաշակ են ձեւավորել: Մենք պետք է փորձենք ուղղորդել պարարվեստի բնագավառում առկա գործընթացները, կասեցնել օտար պարերի անճաշակ ու անարվեստ բեմադրումների արշավը, որպեսզի դրանք իրենց տեղը զիջեն ազգային պարին, որն ունի ասելիք, բովանդակություն, որակ ու ավանդույթներ:

-Դուք շատ եք շրջագայել արտերկրում, քաջ ծանոթ եք հայկական սփյուռքին, ի՞նչ տեղ ունի ազգային պարը սփյուռքի մշակութային կյանքում:

-Սփյուռքը գրեթե բոլոր երկրներում բավականին կազմակերպված է ու հավաք, սակայն, այդուհանդերձ, ազգայինը պահպանելու, սեփական մշակույթին հաղորդակցվելու, սեփական արժեքները ճանաչելու խնդիր ունի: Ես ոչ միայն համերգային շրջագայություններ եմ ունեցել տարբեր երկրներում, այլև ապրել, աշխատել եմ, ստեղծել եմ մոտ մեկ տասնյակի հասնող պարային խմբեր, բեմադրել եմ բազմաթիվ ազգային պարեր: Այդ խմբերը այնպիսի հիմք ու մակարդակ ունեն, որ իմ հեռանալուց հետո էլ շարունակում են մեծ հաջողությամբ գործել: Միացյալ Նահանգներում վերջերս իմ անունով անվանակոչվեց պարի դպրոցը, որը ղեկավարում է իմ սանը: Հայաստանում ապրող արվեստագետները պետք է մեծ ուշադրություն դարձնեն սփյուռքին, գիտակցեն իրենց պարտքը հայկական գաղթօջախների հանդեպ:

Սփյուռքը մեծ ուժ է, եթե կապված է հայրենիքին, եթե պահպանել է ազգային ոգին ու ինքնագիտակցությունը: Առանց հայկականության, առանց հայրենասիրության, առանց ազգային արժեքների սփյուռքը կկտրվի հայրենիքից, կձուլվի, կթուլանա:

-Դուք երկար տարիներ դասավանդում եք մանկավարժական համալսարանում: Ի՞նչ կարծիք ունեք երիտասարդ սերնդի մասին, եւ ի՞նչ պետք է անել, որ հանրապետության ուսումնական հիմնարկներում կրթադաստիարակչական գործընթացը լինի արդյունավետ ու նպատակային, հիմնված ազգային ավանդույթների ու գաղափարների վրա:

-Այդ ասպարեզում մենք լուրջ բացթողումներ ենք ունեցել: Ներկայիս սերունդը կրում է անցումային շրջանին հատուկ քաոսային իրավիճակի, ամենաթողության կնիքը, բեւեռացումները խիստ են, տարբերությունները` մեծ` ե՛ւ մտավոր մակարդակի, ե՛ւ բարոյական նկարագրի առումով: Սակայն շատ են նաեւ հուսադրող գործոնները, որոնք լավատեսության հիմք են տալիս: Երիտասարդ սերնդի էության մեջ, երբեմն նույնիսկ չգիտակցված, ինչ-որ ներքին մղումով բավականին հաստատ ու ամուր է հայրենիքի զգացողությունը: Ժամանակավոր, իրավիճակային, արհեստական խոտորումները չեն կարող լուրջ վտանգ դառնալ ու կտրել երիտասարդ հայ սերնդին իր զորավոր, ամուր արմատից: Նոր սերունդը փորձում է ճանապարհ հարթել իր համար, փորձում է գտնել իր ուրույն դիմագիծը, որպես հազարամյակների պատմություն ունեցող քաղաքացի` համատեղել ավանդականն ու ժամանակակիցը: Մենք` ավագներս, պետք է օգնենք երիտասարդ սերնդին: Առաջին հերթին պետք է հավատանք ու վստահենք նրան: Ե՛վ պետական այրերի, ե՛ւ մշակութային գործիչների ու արվեստագետների, ե՛ւ մանկավարժների սուրբ պարտքն է երիտասարդ սերնդին ավանդել ազգային արժանապատվություն, արժեքներ, որպեսզի արթուն մնա հայրենասիրական ոգին ու ազգային ինքնագիտակցությունը, որպեսզի մեր պետության երիտասարդ քաղաքացին գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը հայրենիքի, պետության, ժողովրդի, մանավանդ նրա մշակույթի 5000-ամյա ժառանգության առաջ:

-Հայկական պարի համույթները եւ անձամբ Դուք անդրադարձե՞լ եք Արցախյան պատերազմին, հայոց նորագույն պատմության վերջին տասնամյակի անցքերին, բանակին, անկախությանը:

-Ես երազում էի բեմադրել մեծ կտավի գործ անկախության թեմայով: Որոշ հանգամանքներ խանգարեցին, սակայն այդ մտքից չեմ հրաժարվել: Բանակին, Արցախյան ազատամարտին նվիրված բեմադրություններ են եղել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ հայրենիքից դուրս՝ Սփյուռքի համար, մասնավորապես` «Հպարտ գնացեք» պարային բեմադրությունը` նվիրված ազգային բանակի հերոս զինվորին: Պարողները զինվորական համազգեստով էին, խորհրդանշում էին ազգային բանակի ծնունդը, նրա ուժը, հերոսականությունը: Շատ հերոսական ու գեղեցիկ էր «Գետաշեն» բեմադրությունը, «Արցախյան քաջ մարտիկները» նվիրված էր հենց պատերազմին ու ռազմիկներին, ռազմի պարերով էր համալրված «Արյունոտ դրոշ» բեմադրությունը: Թափը, ուժը, հերոսականությունը իմ տարերքն են: Ես զորավոր զորքի ուխտավոր եմ:

-Որո՞նք են Անկախությունից ի վեր հայոց պատմության ամենանշանակալի իրադարձությունները Ձեզ համար:

-Անկախությունը, Արցախյան ազատամարտը եւ ազգային բանակի ստեղծումը: Բոլոր դժվարությունները, վրիպումները, թերությունները, մանր ու մեծ պարտությունները կորչելու-մոռացվելու են ժամանակի մեջ, քանի որ ամենակարեւոր հարցերում մենք հավաքել ենք մեր ողջ ուժը: Անշուշտ, անկախության ճանապարհը հարթ չէր, ցավոք, հաճախ աններելիորեն նսեմացավ նրա արժեքը: Բայց պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնելու: Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, նվաճումը, պարծանքը: Ես ներողամիտ մարդ եմ, մանավանդ զավակիս հանդեպ, սակայն անզիջում եմ ու չներող, դաժան եմ ու կտրուկ, եթե զավակս հրաժարվում է հայրենիքը պաշտպանելու, զինվորանալու պարտքից: Ես դեմ եմ բուհերի ուսանողներին բանակից տարկետում տալու գաղափարին. հայ տղան պիտի հասկանա, որ ուսումից եւ ամեն ինչից առավել է հայրենիքը պաշտպանելը ու զինվորական պարտքը: Բանակում ծառայած տղան ավելի լավ կիմանա ուսման հարգը, ավելի լուրջ ու խոհեմ կլինի, ավելի ճիշտ կապրի: Բառեր չեմ գտնում նկարագրելու սերս, պաշտամունքս հայ զինվորի հանդեպ: Երբ փողոցում կամ տրանսպորտի մեջ զինվոր եմ տեսնում, զրուցում եմ, հարցնում որպիսությունը, տեղեկանում ծառայության մասին: Հոգիս փառավորվում է, երբ հանդիպում եմ մաքուր, նոր շորերով, խնամված, տաք-տաք հագնված զինվորի…

-Ի՞նչ կմաղթեք հայ զինվորին:

-Փառք ու պատիվ իմ զինվոր զավակին: Հայ զինվորն իմ պարծանքն է, իմ ներշնչանքը, իմ լավատեսությունը, իմ հույսը, իմ ուժը: Ամեն օր գլուխս բարձին դնելիս հիշում եմ, որ իմ զինվոր որդին սահմանին է, որ մենք խաղաղ ու անվրդով քնենք, որպեսզի ապրենք, վայելենք, ստեղծագործենք: Խորին խոնարհում հայ քաջազուն զինվորին ու երախտիք: Թող աչքերում արեւ լինի, հոգում՝ կրակ, մկաններում՝ ուժ: Թող կյանքն անփորձանք լինի, ծառայությունը՝ հաղթանակած:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Հոգևոր-մշակութային


11/11/2021