Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ ԱՊՐԵԼՆ Է»
«ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ ԱՊՐԵԼՆ Է»

«ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ ԱՊՐԵԼՆ Է»Պահեստազորի եռամսյա վարժական հավաքներին ընդգրկված անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում հանրապետության տարբեր սահմանային հատվածներում։

Դեռ երեկ քաղաքացիական կյանքում տարբեր մասնագիտության, տարբեր տարիքի տեր մարդիկ զինվորական համազգեստ են հագել՝ զինվորացել են երեք ամսով։

Նարեկ եւ Թեւոս Թեւոսյան եղբայրները ուսանողներ են, մինչ եռամսյա պահեստազորայինների վարժանքներին ներգրավվելը, ուսանելուն զուգահեռ, աշխատում էին Երեւանի մետրոպոլիտենում, զբաղվում նաեւ անհատ ձեռներեցությամբ՝ հացաբուլկեղենի փոքրիկ արտադրամաս ունեն։ Հիմա տաք հացաբույրը փոխարինվել է վառոդաբույրով…

Զրուցակիցս եղբայրներից ավագն է՝ Թեւոսը, հենակետի ավագի օգնականն է, կրտսեր եղբայրը՝ Նարեկը, այդ պահին մարտական հերթապահության է։

-Ծնողներիս մի կողմն արմատներով մշեցի է, մյուսը՝ խոյեցի։ Երբ գիտես՝ ինչ է կորցրած հայրենիքը, կորցրած բնօրրանը, երբ հարազատներիդ խոսքուզրույցի առանցքում մշտապես այդ թեման է՝ չսպիացող, բաց վերքի պես հոգեմաշ, պիտի ամեն ջանք ներդնես մի սրտի չափ մնացած, սրտի պես թանկ հողակտորն ամեն գնով պահպանելու համար։ Ուսում, ունեցվածք երկրորդական են, երբ չունես կայուն, հաստատուն հող ոտքիդ տակ։ Շատ կցանկանայի, որ օտար հողում ապրող մեր հայրենակիցներն էլ վերադառնան հարազատ եզերք՝ շենացնեն, ծաղկեցնեն իրենց բնօրրանը: Ամեն մարդ զորավոր է իր երկրում, եւ ամենամեծ երջանկությունը հայրենի եզերքում ապրելն է։

Հայրենասիրությունը, հայրենապաշտությունը գեներով է գալիս Թեւոսյանների գերդաստանում՝ իրենց ազգականներից Գրիգոր Թեւոսյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կոտայքի շրջանի Հացավան գյուղի ղեկավարն էր, նրա երկու եղբայրները զոհվել էին պատերազմի ժամանակ։ Հարազատների վրեժը առնելու նպատակով Թեւոսյանը Հացավանում, որ հայտնի էր ցորենի դաշտերով, համագյուղացիների հետ համատեղ ձեռնարկում է գյուղի հացահատիկի հսկայական պաշարների վաճառքն ու այդ գումարով գնում գրոհային ինքնաթիռ, որը կնքվում է «Վրիժառու-25»՝ «Мститель-25» անունով: Գրիգոր Թեւոսյանի ցանկությամբ այդ օդանավը հանձնում են Նելսոն Ստեփանյանին:

«ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔՈՒՄ ԱՊՐԵԼՆ Է»-Հայրս ամեն անգամ ջերմությամբ եւ հպարտությամբ է հիշատակում այս մասին,- ասում է երիտասարդը:- Մասնագիտությամբ պատմաբան է հայրս, դեռ մանկուց մեզ մեր փառահեղ անցյալից բազում դրվագներ էր պատմում, մեր հերոսների կերպարներով ոգեւորում, ոգեշնչում։ Հայ ժողովուրդը հերոսական կերպարների սակավություն երբեք էլ չի ունեցել, բայց ինձ համար անհամեմատելի է գաղափարի զինվորի՝ Գարեգին Նժդեհի կերպարը։ Նրա ամեն միտք, ամեն ասույթ, այսքան տարիների հեռավորությունից, այսօր էլ արդիական է հնչում։ Նժդեհն ասում է՝ «Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել»։ Ու քանի դեռ սահմանին մեր թշնամին է կանգնած, մենք դատապարտված ենք պատերազմելու, «ազգի հրաշունչ զինվորը լինելու»։

24-ամյա երիտասարդն ինքն էլ երկու պատերազմների մասնակից է։ Քարվաճառում ժամկետային զինծառայող էր, երբ ապրիլյանը սկսվեց, իսկ 44 -օրյա պատերազմին կամավոր է գնացել՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 14-ը մարտնչել է Ակնայում։

Երբ եղբորը՝ Նարեկին ծանուցագիր եկավ՝ եռամսյա հավաքներին մասնակցելու, Թեւոսն էլ կամավոր միացավ.

-Ժամանակն իր հրամայականն ունի. փոխվում է սպառազինությունը, ռազմական տեխնիկան, պահեստազորում հաշվառվածներս եւս պետք է կատարելագործենք մեր ռազմական հմտությունները։ Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեր ռազմական հմտությունները ոչ թե երեք ամիսը մեկ, այլ՝ մշտապես պիտի թարմացնենք եւ կատարելագործենք, պատրաստ լինելով ամեն զարգացման, քանի որ մեր դիմաց երբեք չխաղաղվող, անընդհատ պատերազմ հրահրող թշնամին է:

Երկիրը մենք պետք է պահենք, մեզնից ամեն մեկը, ու թշնամին պետք է զգա, որ իր դիմաց բանակի վերածված մի ամբողջ ազգ է,- ասում է Թեւոսն ու կրկին մեջբերում Նժդեհից. «Հայրենիք մի՛ սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե այն ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ