Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼՆոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվեց 44-օրյա պատերազմում հերոսացած վեց նորնորքեցիների՝ Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Տարիներ առաջ այս հերոս տղաներն առաջին անգամ ոտք էին դրել դպրոց, անվարժ ձեռագրով, մի քիչ վարանոտ գրել այբուբենի առաջին տառերը, իսկ տարիներ անց, երբ վտանգվեց հայրենի եզերքի խաղաղությունը, առանց վարանելու գնացին կռվելու, որ Հայոց աշխարհի բոլոր դպրոցներում շարունակի հնչել ոսկեղենիկ հայերենը՝ աղոթքի պես մեղմ, զենքի պես հատու…:

Միասին կռվեցին ամենաթեժ կետերում, միասին էլ անմահացան…

-Հենց սեպտեմբերի 27-ին, երբ իմացան, որ պատերազմ է սկսվել, ընկերներով հավաքվեցին ու ուղիղ գնացին զինկոմիսարիատ: 33 օր առանց հերթափոխի կռվել են: Կռվի դաշտից իրենք էին մեզ ոգեւորում.«Դուխով մնացեք, լավ կլինի…»: Հոկտեմբերի 29-ին՝ տուն վերադարձի ճանապարհին, զոհվել են ԱԹՍ-ի հարվածից,- հուզմունքով պատմում է հերոս քաջերից Դերենիկ Կիրակոսյանի հայրը…

Հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր տղաների զոհվելու տարելիցի օրը:

Հուշահամալիրը կառուցվել է տղաների մանկության ընկերների՝ Տիգրան Մարտիրոսյանի և Գրիգոր Վարժապետյանի նախաձեռնությամբ և նրանց ընկերների աջակցությամբ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ-Ընտրել ենք այս բակը, որովհետև մեր ընկերներից երեքը սովորել են այս դպրոցում, դպրոցի դիմացի զինկոմիսարիատից էլ գնացել են ծառայության, այստեղից էլ հետո որպես կամավոր մեկնել պատերազմ,- ասում է Գրիգոր Վարժապետյանը:

Նա հիշում է, թե ինչպես էին տղերքը բոլորին կոչ անում իրենց հետ ճակատ մեկնելու…:

-Հուշահամալիրի՝ հենց դպրոցի բակում կառուցելու նպատակը նաեւ այն է, որ այստեղ սովորող մատաղ սերունդը ճանաչի իր ազգի հերոսներին, կրթվի նրանց հայրենասիրական ոգով,- նշում է Գրիգորը:

Հուշահամալիրի կառուցման մյուս նախաձեռնողի՝ Տիգրան Մարտիրոսյանի հայրն էլ՝ Արմեն Մարտիրոսյանը, լրացնում է, որ հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջորդիների սխրանքն առավել կարժեւորենք երկիրը հզորացնելով, շենացնելով, երկրին տեր կանգնելով.

-Եթե մի մեղվի չափ արժանապատվություն ունենք, մեր վիրավոր փեթակը չպիտի լքենք, դրանով եւս մենք կարժեւորենք մեր տղաների հերոսությունը: Մենք պիտի շատանանք, կառուցենք մեր տունը, մեր հարեւաններից տասն անգամ ուժեղ երկիր ստեղծենք, որ էս հերոս տղերքի արյունը իզուր չկորչի…:

Արսեն Մարտիրոսյանը, Արտավազդ Մարտիրոսյանը, Գոռ Ավագյանը, Արմեն Պետոյանը, Ռաֆայել Գեղամյանը և Դերենիկ Կիրակոսյանը հետմահու արժանացել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանին:

Խիզախներն իրենց կյանքը զոհեցին՝ ապրելու ու պայքարելու ուժ տալով ապագա սերունդներին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ