Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2010թ. ուսումնական տարին փոխգնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասում համարվում է հաջողված։ Որպես ձեռքբերում առաջին հերթին նշվում են ծառայողական կարգապահության բարձրացումը եւ պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը։ Անդրադառնալով մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը՝ հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Առաքելյանը նշեց, որ 2010թ. ապրիլին զորամասը քննություն հանձնեց գլխավոր ռազմական տեսչությանը եւ արժանացավ «լավ» գնահատականի։ Նույն արդյունքը կրկնվեց նաեւ առաջին ուսումնական փուլի ավարտին, երբ քննություն ընդունողը զորամիավորման հանձնաժողովն էր։ Ընդհանուր առմամբ, ուսումնական տարին հագեցած էր գործնական պարապմունքներով։ Արդեն փետրվարի 10-15-ը կատարվեցին ջոկերի, իսկ նույն ամսվա վերջում՝ դասակների ներդաշնակման ստուգողական պարապմունքներ։ Ապրիլին մարտավարական զորավարժություններ անցկացվեցին վաշտերի կազմերով, իսկ մայիսի վերջին՝ գումարտակների։ Բոլոր դեպքերում կատարելագործվել են հրամանատարների կարողությունը, ստորաբաժանումների գործողությունները, զինվորների ֆիզիկական պատրաստվածությունը եւ մարտական հրաձգության վարպետությունը։
2010թ. երկրորդ ուսումնական փուլը զորամասի համար նույնպես եղել է հաջող։ Ճամբարային հավաքը Բաղրամյան ուսումնական կենտրոնում եզրափակվել է մարտավարական զորավարժությամբ։ Հրետանային դիվիզիոնի ստորաբաժանումները եւ մոտոհրաձգային գումարտակները ցույց են տվել բավարար արդյունք։ Խոցվել են բոլոր թիրախները։ Փոխգնդապետ Գ. Առաքելյանն առանձնապես կարեւորեց հակատանկային, ականանետային մարտկոցների, զենիթահրթիռային դասակի ցույց տված արդյունքները։
-Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվածությամբ եւ առաջադրանքների կատարման գործում ցուցաբերած պատասխանատվությամբ առանձնացել են մայոր Մ. Ժամհարյանի, կապիտաններ Գ. Սաֆարյանի, Կ. Սիմոնյանի, Բ. Նավոյանի եւ Ա. Սահակյանի ստորաբաժանումները։ Մենք շատ գոհ ենք ականանետային մարտկոցից, որը կապիտան Զ. Մադաթյանի գլխավորությամբ մեծ առաջընթաց կատարեց։ Ափսոսում ենք, որ ուսումնական տարվա ավարտին այլ զորամասեր տեղափոխվեցին հակատանկային մարտկոցի հրամանատար կապիտան Ա. Պետրոսյանը եւ դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Հ. Ավետիսյանը։ Երկուսն էլ շատ շնորհալի սպաներ են։ Ծառայողական կարգի բարձրացմամբ առաջնագծի զորամասից մեզ մոտ է տեղափոխվել դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ա. Բալասանյանը, որն արդեն հասցրել է իրեն լավագույն կողմերով դրսեւորել։
Այժմ նախապատրաստվում ենք հավուր պատշաճի դիմավորել Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Կանենք այնպես, որ մեր զինվորների սեղանը լինի առատ, առօրյան՝ տոնական։ Մշակվել է միջոցառումների լայն ծրագիր։ Միաժամանակ նախապատրաստվելու ենք նոր ուսումնական տարվան։ Մարտավարաշարային պարապմունքների վերջում զորամասը դուրս է գալու կենտրոնացման շրջան, տեղաշարժվելու է ողջ տեխնիկան, եւ արդեն այսօրվանից անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ ենք անցկացնում։
***
Ստորաբաժանումների հրամանատարները եւ իրենց զինվորները
Կապիտան Գ. Սաֆարյանի հրամանատարությամբ գործող վաշտը շարային պատրաստությունից ամենալավ արդյունքն է ցույց տվել զորամիավորումում։ Կրակայինից եւ մարտավարության բոլոր առարկաներից ստացել է «լավ» գնահատական։ Գ. Սաֆարյանը վարդենիսցի է։ Նա 2005թ. է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ ծառայության նշանակվել առաջնագծի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել է այստեղ ու ամուսնացել, պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով։
-Անհնար է, որ հետեւողական աշխատանքն արդյունք չտա։ Նույնիսկ ամենաթույլ զինվորի հետ տարվող անհատական աշխատանքը երկու-երեք շաբաթից ամեն ինչ տեղն է դնում։ Ես իմ վաշտում արդեն վատ պատրաստված զինվոր չունեմ, իսկ լավերը շատ-շատ են։ Զորացրվելուց հետո իրենց ծառայությամբ կարող են հպարտանալ սերժանտ Լեւոն Առաքելյանը, կրտսեր սերժանտ Սահակ Մելիքսեթյանը, շարքայիններ՝ Գարուշ Բադալյանը, Խորեն Հովհաննիսյանը, մեխանիկ-վարորդ Վարազդատ Անտոնյանը եւ շատ ուրիշներ, որոնց հետ ես կգնամ կատարելու նույնիսկ ամենադժվարին առաջադրանքը։
***
Դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ա. Բալասանյանն այստեղ ծառայելու չորս ամիսների ընթացքում էապես բարձրացրել է դասակի մարտունակությունը։ Զորամասի կազմով անցկացված զորավարժության ընթացքում ցույց է տվել լավագույն արդյունքը։ Արշակը երեւանցի է, կապիտան Գարիկ Սաֆարյանի հետ է սովորել ռազմական ինստիտուտում։ Երկուսն էլ պարգեւատրվել են «Վազգեն Սարգսյան» մեդալով։
-Ինձ շատ են օգնում սերժանտ Լեւոն Մանուկյանը, սերժանտ Երվանդ Գաբրիելյանը, շարքային Ալբերտ Մկրտչյանը։ Այժմ տղաները նախապատրաստվում են Ամանորին, պետք է տոնական միջոցառումների կազմակերպման հարցում էլ դասակը լավագույնը լինի,- ասաց ավագ լեյտենանտը։
***
Զրուցեցինք նաեւ երկու տարի անընդմեջ զորամասում լավագույն արդյունքը ցույց տված գումարտակի հրամանատար մայոր Մ. Ժամհարյանի հետ։ Նա ասաց, որ ուսումնական տարվա ընթացքում բարեխիղճ ծառայությամբ մշտապես աչքի են ընկել դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Երեմ Կրոյանը, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Հայկ Աբրահամյանը, հրաձիգ շարքային Արտակ Թադեւոսյանը, գնդացրորդներ Մանուկ Մանուկյանը, Մարզպետ Պողոսյանը, նռնականետորդներ Մուրադ Մելոյանը, Գեւորգ Կարապետյանը, Գոռ Գալոյանը, ջոկի հրամանատար սերժանտ Արման Առաքելյանը, շարքայիններ Հարութ Աղասյանը, Գրիգոր Թորոսյանը, Մենուա Մելոյանը եւ ուրիշներ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան