Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆ Է»



«...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆ Է»Արմանի ձայնի մեջ ժպիտ կա: Ինչպես կարող է ուրախությունն այսքան ցավոտ լինել, ու ցավը՝ այսքան գեղեցիկ:

-Հոգեհանգստի ժամանակ մի գեղեցկադեմ աղջիկ մոտեցավ Լիանային ու ասաց՝ ես Հասմիկն եմ՝ Արամի ընկերուհին: Կինս ապշել էր: Մենք չգիտեինք, որ Արամը ընկերուհի ունի: Հասմիկը շատ համեստ ու խելացի աղջիկ է, հրաշալի ծնողներ ունի: Սկսեցինք շփվել, մտերմացանք: Հետո մենք մտածեցինք, որ մեր ներկայությունը կարող է խանգարել Հասմիկին. նա երիտասարդ է, պիտի նայի առաջ, նոր կյանք սկսի: Պիտի երջանիկ լինի: Բայց Հասմիկի հայրն ասաց, որ մենք պիտի շարունակենք շփվել ու է՛լ ավելի մտերմանալ:

-Տղաս վերջին անգամ ընկերուհու հետ է խոսել,- ասում է Լիանան,- այդ օրը առավոտյան զանգել է ընկերոջը, երեկոյան՝ Հասմիկին: Սովորականից երկար է խոսել: Նրանք, ովքեր շփվել են տղայիս հետ, ինչ-որ մասնիկ ունեն նրանից: Մենք Արամին փնտրում ենք ամենուր, ամենքի մեջ, հավաքում ենք ամեն մանրուք…

Ես փակում եմ կոպերս, փորձում եմ պատկերացնել Արամին: Ու անմիջապես աչքերիս առաջ հայտնվում է ռազմադաշտը: Զինակից ընկերների պատմածը ֆիլմի նման սահում է՝ կադր առ կադր:

-Արամը դասակի հրամանատարի պարտականություններն էր կատարում: Անընդհատ ասում էր՝ մտե՛ք թաքստոց, իսկ ինքը միայնակ մարտ էր վարում: Բոլոր թնդանոթները խոցվել էին, բացի Արամի թնդանոթից: Արամն անվրեպ էր խփում, ինքը լիցքավորում, ինքն էլ կրակում էր: …Նա եւ զինակից ընկերները զոհվեցին անօդաչուի հարվածից, երբ փորձում էին անվտանգ տեղ հասցնել վիրավորներին: Կադրը քարանում է…

-Արամը իմ երրորդ տղան է,- ասում է տիկին Լիանան, 9-10 տարով փոքր է մյուս եղբայրներից: Երբ նա ծնվեց, դարձավ մեր վեց հոգանոց ընտանիքի՝ տատիկի, պապիկի, եղբայրների, իմ ու հոր ուրախությունը: Արտասովոր երեխա էր: Մտածող, վերլուծող: Երբ ինչ-որ բան արգելում էինք, մեծ տղաներս առանց հակաճառելու կատարում էին, Արամը հարցնում էր՝ ինչո՞ւ: Ու եթե բացատրությունդ իրեն չբավարարեց, հակադրվում էր ու չէր ենթարկվում: Սիրում էր շփվել մեծերի հետ, հավասարը հավասարի պես դիտողություն էր անում մեծերին, վիճում: Երբեք չէր ընդօրինակում, չէր թեքվում մեծամասնության կողմը, իր ուրույն կարծիքն ուներ: Արամին չէիր կարող ինչ-որ բան պարտադրել: Այդպիսին էր և՛ մանկության, և՛ պատանեկության տարիներին:

Արամին բարձրահասակ, ընդգծված դիմագծերով ու հաղթանդամ եմ պատկերացնում: Հավանաբար՝ ուժեղ բնավորությամբ մարդկանց անհնար է այլ կերպ պատկերացնել: Լիանան ժպտում է.

«...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆ Է»-Արամս միջահասակ էր, գեղեցկադեմ, 5 տարի մարմնամարզություն էր պարապել Շահինյանի անվ. մարզադպրոցում: Նա անհանգիստ մարդ էր, անընդհատ ինչ-որ բան էր որոնում: Մի անգամ ասաց՝ կյանքս անցնում է անիմաստ: Ես ծիծաղեցի՝ ինչո՞վ պետք է իմաստավորվի դպրոցական երեխայի կյանքը: Բայց ինչ-որ բան չէր հերիքում նրան, անընդհատ որոնումների մեջ էր: Ուզում էր մեծ ու նշանակալի բան անել: Շտապում էր:

…Լիանան շարունակում է պատմել, իսկ ես զգում եմ, որ կիսատ, չասված ինչ-որ բան կա, կարևոր մի բան, վերջին վրձնահարվածը…

-Արամս շատ արտիստիկ էր: Նրա պահվածքի, շարժուձևի մեջ ինքնավստահ, ինքնաբավ շեշտ կար, ներքին հմայք…

Ես հիշում եմ, որ չենք խոսել կյանքը իր երկրի ազատության համար նվիրաբերած զինվորի հայրենասիրության մասին: Գուցե հենց դա է պակասող գույնը:

-Երբ փոքր էր, մենք Արամին ցույց տվեցինք ամբողջ Հայաստանը, տարանք ամենաանհասանելի տեղերը, բարձունքներ, ձորեր: Երբ մեծացավ, ասում էր՝ ապշում եմ, թե ինչպես են հեռանում Հայաստանից ու ապրում արտերկրում: Ասում էր՝ ես Հայաստանից բացի ուրիշ ոչ մի երկրում չեմ կարող ապրել: Նա Հայաստանի մասին խոսում էր այնպես, ինչպես մարդու մասին կխոսեր, շնչավոր արարածի: Ասում էր՝ աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է: Հայաստանն իմ հարազատն է:

… Երբ Գևորգը՝ միջնեկ տղաս պատմում էր իր ծառայությունից, Արամը ոգևորված լսում էր: Հպարտանում էր իր զինվոր եղբորով, անհամբերությամբ էր սպասում զինվորանալու իր հերթին: Ճարտարապետաշինարարական համալսարանում էր սովորում, երբ զորակոչվեց: Ուսումնական զորամասում զինվորական մասնագիտություն սովորելուց հետո ծառայությունը շարունակեց Հադրութում: Շատ գոհ էր զինվորական կյանքից: Իսկ պատերազմի ժամանակ զանգելիս ամեն անգամ ասում էր՝ թուրքերին առաջխաղացման ոչ մի հնարավորություն չենք տալիս: Մի անգամ էլ ասաց՝ էս ինչքան շատ են, հազարներով ոչնչացնում ենք, նորից գալիս են: Ոնց որ ֆանտաստիկ ֆիլմ լինի… Մինչև վերջին օրն անվերապահորեն հավատաց մեր հաղթանակին, ոչ մի վայրկյան չհուսահատվեց, չընկճվեց, չվախեցավ զոհվելուց: Մինչև վերջ կանգուն մնաց, ձայնի մեջ՝ ուժ, հպարտություն, վստահություն…

Կյանքը Հայրենիքին նվիրաբերած ազգային բանակի զինվոր Արամ Գյուլամիրյանը ամփոփված է ընտանեկան գերեզմանոցում: Գուցե մի օր ես մի փունջ ծաղիկ կխոնարհեմ նրա սխրանքի առաջ ու կխնկարկեմ նրա փառքը: Բայց մի բան հաստատ է՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆ Է բառերը կպահեմ սրտիս մեջ, իբրև հերոսից մնացած պատգամ, իբրև պարտք՝ նրա հիշատակի ու նրա հարազատ Հայրենիքի առաջ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1414) 3.11.2021 – 9.11.2021, Ճակատագրեր


04/11/2021