Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՄԱ ՄԵՐ ՏԵՂԸ ԽՐԱՄԱՏՈՒՄ Է



ՀԻՄԱ ՄԵՐ ՏԵՂԸ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԷՇուրջօրյա մարտական հերթապահություն և ուժեղացված ծառայություն առավելագույն զգոնությամբ. զինված ուժերում, սահմանագծի ամբողջ երկայնքով, սա անփոփոխ հրամայական է: Սա խնդիր է, որի ճշգրիտ և հստակ կատարումը այլընտրանք չունի: Այս գիտակցմամբ էլ բոլորովին վերջերս սահմանի պահապանների շարքերը համալրեցին եռամսյա վարժական հավաքի մասնակիցները:

Որքան մոտենում էինք մարտական դիրքին, այնքան ցրտում էր եղանակը։ Տեղ-տեղ ձյուն էր նկատվում:

-Անկախ եղանակային պայմաններից, մարտական հերթապահությունն իրականացվում է ըստ օրվա կարգացուցակի ու առանց խախտումների,- վստահեցնում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սևակ Գրիգորյանը:

Մեզ դիմավորում է դիրքի ավագ Արթուր Աղաջանյանը, որը փոխգնդապետին զեկուցում է իրավիճակը առաջնագծում:

-Հակառակորդի շարժ չի նկատվել, կրակոցներ չկան։

Արթուրը պահեստազորի լեյտենանտ է, ծնունդով Վանաձորից։ Երկար տարիներ աշխատել է քրեակատարողական հիմնարկներից մեկում, անցել է թոշակի, սակայն ծանուցագիրն ստանալուն պես անմիջապես ներկայացել է զինկոմիսարիատ ու հիմա արդեն դիրքերում է։

-Ամեն մեկը պետք է գիտակցի, որ ինքը նախևառաջ պարտք ունի Հայրենիքի առաջ և պարտավոր է Հայրենիքի համար այս դժվարին օրերին ծառայել նրան: Զորամասի պահպանության տեղամասի այս հատվածում հիմնականում եռամսյա հավաքի մասնակիցներն են՝ տարբեր շրջաններից, տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ,- ասում է դիրքի ավագը:

Փոխգնդապետ Գրիգորյանը նշում է, որ հենց առաջին օրվանից հավաքի մասնակիցները մարտական տրամադրվածությամբ են ներկայացել զորամաս, անցել են նախապատրաստական համապատասխան պարապմունքներ, ծանոթացել են մարտական դիրքերին ու ոգևորությամբ են իրականացնում մարտական հերթապահությունը։

-Եռամսյա վարժանքներին ներկայացած տղաները ժամանակին ծառայել են ազգային բանակում: Պաշտոնների նշանակվել են ըստ մասնագիտությունների, տիրապետում են իրենց կցված զենքին ու տեխնիկային, և բոլորն էլ պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրը,- վստահեցնում է Սևակ Գրիգորյանը:

Արմեն Խաչատրյանը Ճամբարակի շրջանի Դրախտիկ համայնքից է։ Մինչև հավաքներին մասնակցելը գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ է զբաղվել։

-Այսօր խրամատն է իմ տունը: Նշանակություն չունի բնակության աշխարհագրությունը: Այսօր բոլորս մի մարդու նման պետք է ոտքի կանգնենք ի պաշտպանություն մեր Հայրենիքի, մեր ընտանիքի, մեր տուն ու տեղի: Դրա համար եմ ասում, որ այսօր խրամատն է իմ տունը։ Ոչ մեկը չպետք է ձեռքերը ծալած տանը նստած մնա,- ասում է Արմենը: Թեև ես իմ ծննդավայրից ոչ շատ հեռու եմ մարտական հերթապահություն իրականացնում, սակայն, եթե սահմանագծի հեռավոր այլ հատվածում լինեի, միևնույն է, պարտականությունները կկատարեի նույն վճռականությամբ ու ոգևորությամբ։ Մարտական դիրքերը շատ են, Հայրենիքը մեկն է բոլորի համար։

Ընկերոջ կարծիքը կիսում է գոշեցի Մերուժան Գրիգորյանը.

-Այսօր ոչ մի առողջ տղամարդ տանը նստելու իրավունք չունի: Խորհուրդ կտամ, որ ոչ մեկը չխուսափի և ծանուցագիրն ստանալուն պես ներկայանա տարածքային զինկոմիսարիատ: Մեր շարքերում տասնյակ տղաներ կան, որ առանց ծանուցագիր ստանալու են ներկայացել,- ասում է Մերուժանը: -Հիմա մեր տեղը խրամատում է, և լավ կլիներ, որ այսօր այս գիտակցմամբ ու նվիրումով ապրեինք բոլորս։

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/10/2021