Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՇԱՔԱՐԻՆ 26 ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՀՈՒՇԱՔԱՐԻՆ 26 ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ՀՈՒՇԱՔԱՐԻՆ 26 ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆԵրևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջից շատ շրջանավարտներ ու սաներ մասնակից եղան պատերազմին, նրանցից 26-ը զոհվեցին…

Հոկտեմբերի 22-ին քոլեջի բակում տեղի ունեցավ հերոսների ոգեկոչման, հոգեհանգստյան և նրանց նվիրված հուշակոթողի օրհնման արարողությունը: Ներկա էին ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, այդ թվում նաև՝ վիրավոր, ՀՀ   կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ մարզական մշակույթի ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոններ, զինվորականներ, հոգևորականներ: Տուֆակերտ հուշակոթողի վրա 26 Անմահ հերոսների անուններն են փորագրված, հերոսներ, որ մեր երկրի պատիվը կարող էին և շատերը կարողացել են բարձր պահել մարզաշխարհում, սակայն եղավ պատերազմ… Ու նրանք առաջնագծում էին, կռվեցին թշնամու դեմ, հերոսացան: Հուշակոթողի բազալտե պատվանդանին Եղիշեի հայտնի խոսքն է. «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն»: Զինվորական նվագախումբը հնչեցրեց ՀՀ օրհներգը: Հուշաքարի մոտ պատվո պահակ էին կանգնել հայոց բանակի զինվորները: Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը «Տերունական» աղոթքով կատարեց հուշաքարի բացումը: Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էլ իր խոսքում Հայոց Վեհափառի անունից զորակցություն, ցավակցություն և Սուրբ հոգու մխիթարություն հայտնեց զոհվածների հարազատներին ու մտերիմներին, քոլեջի անձնակազմին և բոլոր մեր հայրենակիցներին, որոնք այս վերջին պատերազմում կորցրել են իրենց սիրելիներին:

Հոգևոր արարողությունից հետո հավերժությունը խորհրդանշող պսակներ դրվեցին հուշակոթողի մոտ, հընթացս հնչեցին նահատակ քաջորդիների անունները, իսկ  քոլեջի սաները, սպիտակ համազգեստ հագած, խաղաղության աղավնիներ բաց թողեցին երկինք: ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վ. Գալուստյանն իր խոսքում դիմելով ծնողներին՝ ասաց. «Ձեր հերոս զավակները իրենց կյանքի գնով դարձան հայ ժողովրդի հարատևման երաշխավորը…»:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ