Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՎԵՐԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐ
ՆԱՎԵՐԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐ

ՆԱՎԵՐԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐՏարբեր ավանդույթներ

 

Ծովերի նախկին տիրուհու` Մեծ Բրիտանիայի նավատորմում նավերի անվանակոչությունը կատարվում է պատմական ժառանգորդության ավանդույթների խստագույն պահպանմամբ: Անգլիացիներն ունեն «Արկ Ռոյալ» («Արքայական տապան») անունով ավիակիր, որի ակունքները հասնում են մինչեւ նույնանուն թիանավը, որը ջուրն էր իջեցվել 1587 թ. եւ մարտնչել էր իսպանական «Անպարտելի արմադայի» դեմ:

Ռուսական նավատորմիղում նավերն անվանակոչելիս  հաճախ հիմնվում էին ոչ այնքան պատմական ավանդույթների, որքան կրոնական նախապաշարմունքների  կամ գաղափարական  գերակայությունների վրա` նայած թե տվյալ պահին ով էր իշխանության ղեկին: Երբեմն, կրոնի հետ կապված, իսկական զավեշտալի պատմություններ էին լինում: Օրինակ՝ մի անգամ բրիտանական հետախուզությունը տեղեկություններ էր ստացել, թե ռուսական կայսերական նավատորմը համալրվելու է  տասնհինգ նորագույն զրահանավերով, որոնցից յուրաքանչյուրը կրելու է տասներկու առաքյալների եւ երեք սրբերի անունները: Անգլիական Ծովակալությանն այս լուրը շատ էր անհանգստացրել: Ճիշտ է, մինչ այն պահը, երբ հայտնի էր դարձել, որ խոսքն ընդամենը երկու նավերի մասին է` «Տասներկու առաքյալներ» եւ «Սուրբ Երրորդություն» անուններով:

Համայն Ռուսիո ինքնակալ Նիկոլայ II-ն անխնա կերպով անվանափոխում էր այն նավերը, որոնց անձնակազմերն ապստամբում էին իր`«աստվածային օծյալի» դեմ, որպեսզի հպատակների մեջ հետագայում չարթնանան անցանկալի հիշողություններ:  Այսպես, «Իշխան Պոտյոմին-Տավրյան» էսկադրային զրահակիրը, նավաստիների խռովությունը ճնշելուց հետո, վերանվանվեց «Սուրբ Պանտելեյմոն» (հիվանդների եւ հաշմանդամների հովանավորը), իսկ «Ազովի հիշատակ» հածանավը, որն անվանադրվել էր ի պատիվ Նավարինյան ճակատամարտում աչքի ընկած «Ազով» առագաստային գծանավի, նույնպիսի իրադարձությունների պատճառով վերանվանվեց «Դվինա» եւ զրկվեց պատվավոր  Գեորգիեւյան դրոշից, որն ավանդաբար փոխանցվում էր «ազովցիներին» ու ամրացվում նավախելին: Խռովարար «Օչակով» հածանավը, որտեղ իր դրոշն էր բարձրացրել 2-րդ կարգի բոցաշունչ կապիտան (եւ ամենեւին էլ` ոչ լեյտենանտ) Շմիդտը, ստացավ նոր` ինչ-որ խունացած անուն` «Կագուլ»: Հետագայում` քաղաքացիական պատերազմի տարիներին, Վրանգելը նրան շնորհեց «Գեներալ Կոռնիլով» անունը:

1917 թ. իշխանությունը զավթած բոլշեւիկները ձեռնամուխ եղան արմատախիլ անելու «անիծյալ անցյալի ժառանգությունը», այսինքն` սեփական երկրի պատմությունը, եւ սկսեցին փոխել ցարական նավատորմից իրենց բաժին հասած ռազմանավերի անունները նույնպես: Այսպես, Բալթիկ ծովից Սեւ ծով տեղափոխված «Սեւաստոպոլ» գծանավն ստացավ գաղափարական «Փարիզյան կոմունա» անունը, որը նավաստիներն իրար մեջ սկսեցին անվանել «Փարիզուհի»: Սակայն այդ թեթեւամիտ մականունը նավատորմի քաղաշխատողների ներկայությամբ արտասանելը  կարող էր լուրջ անախորժությունների պատճառ դառնալ: Մեկ ուրիշ բալթյան գծանավ` «Հոկտեմբերյան հեղափոխությունը», «Կայարան» մականունն էր ստացել` նավի բարձրախոս կապի հզոր համակարգի շնորհիվ: «Կայարանի» համար նույնպես «սրախոս» նավաստիները կարող էին արժանանալ քաղաշխատողների «հատուկ ուշադրությանը», մինչդեռ վերջիններս ամենեւին դեմ չէին, երբ գծանավին տրվում էր գաղափարական տեսակետից միանգամայն ընդունելի «Օկտյաբրինա» մականունը:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ գաղափարապես միանգամայն ընդունելի էր նաեւ «Ահաբեկիչ» անունը, որով պաշտոնապես կնքվել էր Վոլգայի կարմիր ռազմական տորմիղի հրետանավերից մեկը: Ասենք` զարմանալի ոչինչ չկա, եթե մտաբերենք, թե ովքեր էին Ալեքսանդր Ուլյանովը եւ իր ընկերները:

Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ամերիկացիների «Ֆլաշ Դեք» տիպի ինը հին չորստուրբինանի ականակիրները, որոնք Անգլիան 1944 թ. փոխանցել էր Խորհրդային Միությանը` ի հաշիվ Իտալիայից հետագայում գանձվելիք ռազմատուգանքի, եւ որոնք համալրել էին Հյուսիսային նավատորմի կազմը, ստացել էին ««Ժանգոտ» տիպի» ծաղրական անունը:

 

«Հոտավետ» նավ

 

ՆԱՎԵՐԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐԽորհրդային նավատորմիղում նավերի անունների հետ կապված անհեթեթ դեպքեր  պատահել են նաեւ երկրի բարձրագույն ղեկավարությանը հալածանքների ենթարկելու առիթներով: Այսպես, Խաղաղ օվկիանոսում կար «Կագանովիչ» հածանավ, որն անվանակոչվել էր (կենդանության օրոք) ի պատիվ բոլորին քաջածանոթ ստալինյան «երկաթյա» (եւ երկաթուղու) ժողկոմի: 1945 թ. այն վերանվանվեց «Լազար Կագանովիչ», որպեսզի բռնությունների կազմակերպիչներից մեկին` Լազար Կագանովիչին հանկարծ չշփոթեն իր եղբոր` Միխայիլ Կագանովիչի հետ, որն այդ հալածանքների մթնոլորտում ինքնասպան էր եղել: Քաղաքական այդօրինակ զգոնությունից ոգեւորված նավաստիներն անմիջապես իրենց հածանավն սկսեցին անվանել «Լազարեթ»: Այդպես շարունակվեց մինչեւ  1957 թվականը, երբ նրան նոր անուն տրվեց` «Պետրոպավլովսկ», քանի որ Լազար Կագանովիչն ինքը հայտնվեց խրուշչովյան անբարեհույսների ցուցակում:

Սեւծովյան «Մոլոտով» հածանավը նույն թվականին վերանվանվեց «Փառք» («Սլավա»), որովհետեւ այդ ժամանակ ընկեր Մոլոտովը նույնպես դուրս էր մնացել վստահելիների խրուշչովյան շրջապատից: Ըստ երեւույթին` նոր անվան հեղինակները զուրկ չէին հումորից, քանի որ Մոլոտովի անունը Վյաչեսլավ էր: Նավաստիներն ասում էին, թե «Մոլոտովը»` Վյաչեսլավը, դարձել է «պարզապես Սլավա»: Ի դեպ, «պարզապես Սլավան» բավական երկար կյանք ունեցավ եւ նույնիսկ արշավների մեկնեց Միջերկրական ծով` իր 180 մմ-անոց թնդանոթների նշանառության տակ պահելով  ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի ավիակիրները: «Սառը պատերազմի» տարիներին միջազգային դրության սրացումների ժամանակ «պարզապես Սլավան», ավիակրից ընդամենը մեկ համազարկի հեռավորությամբ, ցանկացած պահի պատրաստ էր ռմբակոծել այն եւ, բնականաբար, զոհել սեփական կյանքը:

ԽՍՀՄ-ում ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» սուզանավերի օրինակով ստեղծված 667 նախագծի բալիստիկ հրթիռներով ատոմային սուզանավերը  նավաստիներն անվանում էին «Վանյա Վաշինգտոն»: «Կուրսկ» տիպի ատոմային սուզանավերը (949 եւ 949 A նախագծեր) հայտնի են «բատոն» մականունով, քանի որ վերջրյա դրությամբ շատ են նման այդ հացատեսակին:  941 նախագծի («Ակուլա» տիպի) ռազմավարական նշանակության` աշխարհում ամենախոշոր ատոմային հրթիռային սուզանավերն արժանացել են «ջրատարներ» մականվանը` «Ակուլաների» ստորջրյա ջրատարողունակության կեսը կազմող բալաստային ջրի անասելի մեծ քանակի պատճառով:

ՆԱՎԵՐԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԱՅԼԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐՍուզանավերին եւ նավերին հաճախ տրվում էին տարբեր տարածքների «կոմերիտականների» անունները, ինչպես` «Չելյաբինսկյան կոմերիտական», «Լենինգրադյան կոմերիտական», «Վրաստանի կոմերիտական»: Եվ սրանց նմանակումով նավատորմի սրախոսները 613 նախագծի «C-363» միջին դիզելային սուզանավին կպցրին «Շվեդական կոմերիտական» անունը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 1981 թ. հոկտեմբերին, շեղվելով երթուղուց, Շվեդիայի ափամերձ ջրերում` Կառլսկրունի ռազմածովային հենակայանի մոտ սուզանավը խրվեց ծանծաղուտը: Ըստ որոշ տվյալների` նավի վրա միջուկային լիցքերով տորպեդներ կային:

Կասպիական նավաստիներն իրենց «Խորհրդային Թուրքմենստան» պահականավն առօրյա խոսքում անվանում էին «Թուրքմեն», իսկ «Խորհրդային Ադրբեջան» կասպիական պահականավն այնպիսի վիրավորական մականուն ուներ, որն անգամ հրապարակման ենթակա չէ:

Այդ պահականավերը կառուցվել էին 50 նախագծի համաձայն եւ նավաստիական ժարգոնով կոչվում էին «հիսուննոց» կամ «գազանի տիպ»: Բանն այն է, որ այդ նախագծի շատ նավեր «ծնվելիս» ստացել էին կենդանական անվանումներ: Հիշյալ «Թուրքմենը», օրինակ, կոչվում էր «Պանտերա» («Հովազառյուծ»): Նրանց մեջ կար նաեւ, ասենք, «Բարս» («Հովազ»), «Յագուար» («Կատվառյուծ»), «Հեպարդ» («Վագրակատու»), «Բիզոն», մինչեւ անգամ` «Լոս» («Որմզդեղն»), «Ենոտ» («Ջրարջ») կամ «Գիենա» («Բորենի»): Իսկ «հիսուննոցներից» մեկը մոսկովյան ցամաքային  ոմն  «խելոք» ծովապետ անվանել էր «Գրիզոն»` ի պատիվ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում բնակվող կզաքիսի ցեղատեսակի մի կենդանու, որը հետապնդվելիս, ժանտաքիսի նման, իր հակառակորդների վրա հետանցքից գարշահոտ հեղուկ է շփում:

 

Թարգմ. ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ