Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Հիմնահատակ ավերվեց Շահումյանը

 

«1992 թ. հունիսի 12-ի ժամը 16-ից 17-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու հյուսիսարեւելյան, արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով ադրբեջանական զորամիավորումներն անցան լայնամասշտաբ հարձակման: Շուրջ 120 կմ երկարությամբ մարտական թատերաբեմի վերածված ռազմաճակատային հատված նետվեց համարյա ողջ ռազմական ներուժը:

Բացի այդ, հակառակորդը գործողության մեջ դրեց նաեւ Գյանջա քաղաքում տեղակայված նախկին խորհրդային 4-րդ բանակի ուժերը: Մոտավոր հաշվումներով, հարձակմանը մասնակցում էր 150 միավոր զրահատեխնիկա, տասնյակ հազարների հասնող հետեւակ: Հիմնական հարվածներն ուղղելով Ասկերանի, Կիչան-Քոլատակի եւ Շահումյանի շրջանի հյուսիսարեւելյան մասի ուղղություններին, Ադրբեջանի ռազմական վերնախավը վճռել էր զրահատեխնիկայի, «Գրադ» կայանքների, հրետանու եւ ռազմական օդուժի հուժկու հարվածներով ընկճել հայ զինուժի դիմադրությունը եւ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը:

Հանկարծակի եւ լայնամասշտաբ հարձակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց ծանր կացություն:

Իրավիճակը չափից ավելի ծանր էր Ասկերանի ուղղությամբ. զավթելով Նախիջեւանիկը, Փրջամալը եւ Աղբուլաղը, թշնամին ընդհուպ մոտեցավ Ասկերան շրջկենտրոնի մատույցներին: Նույն դրությունն էր նաեւ Կիչան-Սրխավենդ ռազմաճակատային հատվածում: Ստրատեգիական կարեւոր նշանակության ճանապարհը, որը Մարտակերտը կապում էր մայրաքաղաքի հետ, հայտնվել էր փակման վտանգի առաջ: Իսկ դա նշանակում էր Մարտակերտի շրջանի չզավթված տարածքների մեկուսացում հիմնական ինքնապաշտպանական ուժերից:

Հունիսի երկրորդ կեսին մարտերը շարունակվեցին Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում: Ադրբեջանական զինյալները, ունենալով տեխնիկայի եւ կենդանի ուժի մեծ առավելություն, հիմնահատակ ավերեցին Շահումյանի ողջ շրջանը, ապա Մարտակերտի շրջանի դաշտային մասը` իր խոշոր բնակավայրերով: Մարտակերտ քաղաքը հայտնվեց հրետակոծության կիզակետում:

Հյուսիսային Արցախում Ադրբեջանի ազգային բանակի աննախադեպ լայնածավալ հարձակման հետեւանքով բռնագաղթի ճանապարհը բռնեցին հանրապետության ավելի քան 40 հազար բնակիչներ, ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ բնակավայրեր»:

(Սենոր Հասրաթյան, «Ղարաբաղյան պատերազմ», Երեւան, 2001)

 

ԱՊՀ բանակի մասնակցությամբ

 

«Հայկական կողմը հայտարարում է, որ ադրբեջանցիների հարձակումը հաջողությամբ պսակվեց միայն այն բանի շնորհիվ, որ դրան մասնակցում էին ԱՊՀ 4-րդ բանակի 23-րդ եւ 295-րդ դիվիզիաների ուժերը, ընդ որում՝ գործի են դրվել 280 միավոր զրահատեխնիկա եւ Սու-25 գրոհային ինքնաթիռներ, որոնցից մեկը խփվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Նշանակություն է ունեցել նաեւ ադրբեջանցիների կողմից քիմիական զենքի կիրառումը»:

Վիկտոր Յադուխա («Մեգապոլիս-էքսպրես», 24.06.1992, կրճատումներով)

 

Աղետալի կացություն

 

«Հուլիսի 4-ին երեք ուղղություններով` Լենինավանի, Կարմիրավանի եւ Փափրավենդի կողմից սկսվեց լայնածավալ հարձակում Մարտակերտ քաղաքի վրա, որին մասնակցում էին ադրբեջանական կազմավորումների հազարավոր հետեւակայիններ, 70 հրասայլ եւ այլ զրահատեխնիկա: Ադրբեջանցիների բազմակի գերազանցող ուժերի դեմ կատաղի մարտեր մղելուց հետո հայկական ինքնապաշտպանական ջոկատները ստիպված էին թողնել Մարտակերտ շրջկենտրոնը եւ նահանջել դեպի Ներքին Հոռաթաղ գյուղի առավել հարմար դիրքերը: Մարտական գործողությունների ողջ ընթացքում Մարտակերտը ռմբակոծվում էր Սու-25 ինքնաթիռից:

Նույն օրվա գիշերը ադրբեջանական զինված միավորումները, Քելբաջարի շրջանից ներխուժելով շրջանի` իր մեծությամբ երկրորդ բնակավայրը` Հաթերք գյուղը, հրկիզեցին այն: Ինքնապաշտպանները հասցրին բնակչությանը դուրս բերել գյուղից եւ պաշտպանական դիրքեր գրավել Թարթառ գետի հարակից բարձունքներում:

Մի քանի օր հետո հակառակորդի վերահսկողության տակ ընկան Մոխրաթաղ, Ներքին Հոռաթաղ, Դամիրլու, Կուսապատ, Մեհմանա, Ջանյաթաղ գյուղերը: Հուլիսի 10-ի դրությամբ ռազմաճակատի գիծն անցնում էր Դրմբոն-Գյուլաթաղ հատվածով: Հետեւում Չլդրան-Սրխավենդ-Ղազանչի մարտագիծն էր, որի գրավումով ադրբեջանական զորքերը հնարավորություն կստանային լուրջ սպառնալիք ստեղծել ոչ միայն Խաչենի հովտի գյուղերի, այլեւ քաղաքամայր Ստեփանակերտի համար:

Աղետալի կացության առաջ էր կանգնած ԼՂՀ-ն»:

(Սենոր Հասրաթյան, «Ղարաբաղյան պատերազմ», Երեւան, 2001)

 

 

Հանձնվել է Մարտակերտը

 

«Հուլիսի 4-ի առավոտից սկսվեց ադրբեջանական բանակի հերթական լայնամասշտաբ հարձակումը Մարտակերտի շրջանում: Գրոհին մասնակցում են 70 տանկ եւ այլ զրահատեխնիկա: Հուլիսի 4-ի երեկոյան ադրբեջանցիները մտան Մարտակերտ: Գրոհի ընթացքում շրջկենտրոնն անընդհատ գնդակոծվում էր գետնից ու օդից Սու-25 գրոհայիններով: 8-հազարանոց քաղաքի բնակիչների հիմնական մասին հաջողվեց տարհանել: Հայկական ինքնապաշտպանության ջոկատները նահանջեցին շրջկենտրոնին մերձակա գյուղ եւ այնտեղ զբաղեցրին պաշտպանական դիրքեր:

Ադրբեջանցիները գրավել են նաեւ Մարտակերտի շրջանի` մեծությամբ երկրորդ գյուղը` Հաթերքը, որտեղ, բացի 2.5 հազար բնակիչներից, կային մինչեւ 2 հազար փախստականներ Շահումյանի շրջանից:

Մարտակերտը ԼՂՀ-ի ամենամեծ շրջանն է եւ ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այստեղից ուղիղ ճանապարհ կա դեպի Ստեփանակերտ, Շուշի, Լաչինի միջանցք եւ ՀՀ Գորիսի շրջան:

Հուլիսի 5-ի ամբողջ օրն ու 6-ի վաղ առավոտից ադրբեջանական բանակի տանկային խոշոր խմբավորումներ շարունակում էին գրոհել հայկական ինքնապաշտպանական ջոկատների` Թարթառ գետի եւ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դիրքերը` փորձելով հարձակումը զարգացնել Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից մարտի են նետվել ավելի քան 100 միավոր տանկ ու ՀՄՄ, մոտ 10 հազար հետեւակային: Որոշ տվյալներով, հակառակորդի տանկերի թվում հայտնվել են նորագույն Տ-80-ներ: Երեկվա ժամը 15:40-ի դրությամբ հայկական ջոկատներին հաջողվում էր դիմանալ թշնամու ճնշմանը:

Երեկ, հուլիսի 6-ին, հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին ԼՂՀ Ասկերանի շրջանի` հունիսի 12-ին գրաված ու թալանված հայկական Նախիջեւանիկ, Փրջամալ, Վարազաբուն եւ Աղբուլաղ գյուղերը: Այդ ուղղությամբ խփվել է ադրբեջանական 3 տանկ ու 4 ՀՄՄ: Երկու կողմերից էլ կան կորուստներ:

Այդ ընթացքում Ասկերանի շրջան են եկել արդեն համարյա 20 հազար փախստականներ Մարտակերտի բռնագրավված շրջաններից: Կան անհայտ կորածներ»…

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 07.07.1992)

 

Ոչ ոք չդատապարտեց

 

«Այս օրերին Հռոմում տեղի է ունենում 11 պետությունների նախապատրաստական հանդիպում ԵԱՀԽ Մինսկի առաջիկա կոնֆերանսի շրջանակներում, որը նվիրված է լինելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Հայաստանի Հանրապետությունը որոշել է հրաժարվել այդ հանդիպումից: Այդ առթիվ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳՆ եվրոպական բաժնի վարիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որը նշել է քննարկումից հայկական ներկայացուցիչների հրաժարվելու երկու պատճառ: Առաջին` հանդիպման մասնակից երկրներից ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց Մարտակերտի շրջանի բռնազավթմանը: Երկրորդ` ԼՂՀ ներկայացուցիչները պաշտոնական նիստերում հնարավորություն չունեն ներկայացնելու իրենց տեսակետը տարածաշրջանում հակամարտության վերաբերյալ»:

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 07.07.1992)

 

ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահության եւ Կառավարության հայտարարությունը

 

«Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահությունը եւ Կառավարությունը արձանագրում են, որ ի հեճուկս ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված` ԵԱՀԽ  անդամ-երկրների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերի, Ադրբեջանի իշխանությունը վերջին ամսվա ընթացքում ծավալել է լայնամասշտաբ ագրեսիա` ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` նպատակ ունենալով ղարաբաղյան հիմնահարցը լուծել ուժային մեթոդով:

Շահումյանի շրջանի, Մարտակերտի շրջանի հյուսիսային մասի, իսկ հուլիսի 4-ին նաեւ Մարտակերտ քաղաքի զավթումը, դրանց բնակչության տեղահանումը վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունը չի ընդունում խնդրի խաղաղ կարգավորման փորձերը, մասնավորապես` ԵԱՀԽ շրջանակներում բանակցությունների ճանապարհով եւ ամեն ինչ անում է դրանք տապալելու համար:

ՀՀ ԳԽ նախագահությունն ու Կառավարությունը տարածաշրջանում սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ամբողջ պատասխանատվությունը դնում են Ադրբեջանի իշխանության վրա, որը հետեւողականորեն տապալում է ազգերի ինքնորոշման շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման ցանկացած փորձ:

ՀՀ ԳԽ նախագահությունն ու Կառավարությունը հայտարարում են, որ կձեռնարկեն բոլոր միջոցները` Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդին եւ իշխանություններին պաշտպանելու, ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու եւ հետ մղելու համար:

Միաժամանակ, ՀՀ ԳԽ նախագահությունն ու Կառավարությունը դիմում են ԵԱՀԽ անդամ-երկրների խորհրդարաններին ու կառավարություններին` կոչ անելով գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին եւ գործնական քայլեր ձեռնարկել ԼՂՀ դեմ ագրեսիան սանձելու ուղղությամբ:

5 հուլիսի, 1992 թ., Երեւան»:

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 07.07.1992)

 

Հրետակոծվել է Մեղրին

 

«Հուլիսի 6-ի գիշերը Ադրբեջանի տարածքից հրետանային «Գրադ» կայանքով հրետակոծվել են Մեղրի շրջկենտրոնն ու Կապանի շրջանի սահմանամերձ գյուղերը, ինչպես նաեւ Հայաստանի Արարատի շրջանի Երասխավան գյուղը: Կան ավերածություններ ու վիրավորներ: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել»:

 

Վիրավորների հոսքը շարունակվում է

 

«Ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության պետ Արմեն Աթաբեկյանը, Արցախից շարունակում են վիրավորներ բերվել հանրապետություն: Միայն հուլիսի 4-6-ը, այսինքն` երկու օրում, Երեւան է բերվել 34 վիրավոր, հիմնականում Մարտակերտից»:

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 07.07.1992)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ