Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին եւ զինծառայողներին

Սիրելի զինակից ընկերներ

Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, եւ բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը: Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ` զրկեցին լիարժեք աշխատելու եւ արարելու հնարավորությունից:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը եւ հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակների, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, եւ դրա համար անչափ թանկ գին վճարեցիք: Բայց փոխարենը, ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, եւ նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք: Ձեր սխրանքն անմահ է եւ ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ:

Լավ հասկանում եմ ու կիսում ձեզ ու ձեր ընտանիքներին բաժին ընկած դժվարությունները, բայց, իմ խորին համոզմամբ, կարեւորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է, եւ մեր երկիրն ամենից առաջ հենց այդպիսի մարդկանց կարիքն ունի:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ ոգու արիություն, տոկունություն, առողջություն եւ խաղաղ ու երջանիկ կյանք ձեր պաշտպանած Հայրենիքում: Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է եւ կանի ձեր հոգսը թեթեւացնելու համար: