Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆ
ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆ

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆԶորամասի վարժադաշտում բացազատված ուսումնական կետերում կուրսանտները՝ բանակի ապագա տանկիստները, մեքենավարման, հրաձգության, հոգեբանական արգելագոտիների հաղթահարման գործնական պարապմունքներով իրենց հմտություններն են կատարելագործում:

-Կատարում ենք առաջին ուսումնական հրաձգության վարժությունը՝ ցերեկը և գիշերը շարժվող նշանակետերի վրա: Մինչև կրակային վարժանքներն սկսելը անձնակազմին ծանոթացնում ենք վարժության անվտանգության կանոնների պայմաններին: Մեր գլխավոր նպատակը անձնակազմի՝  հակառակորդին շուտ հայտնաբերելու և արագ ոչնչացնելու գործնական հմտությունները զարգացնելն է,- մեզ հետ զրույցում ասաց դասակի հրամանատարի տեղակալ  Անուշավան Եղիկյանը:

Կարճատև դադարի ժամանակ զրուցեցինք կուրսանտներից մի քանիսի հետ:

-Այս պահին սպաները մեզ սովորեցնում են ինչպես տարածքը հետախուզել և հակառակորդին հայտնաբերելու դեպքում ինչպես վերջինիս արագ ոչնչացնել,- ասաց ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆայել Ասրյանը:

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆ-Կատարելագործում ենք մեր հմտությունները: Մեզնից կախված ամեն ինչ անում ենք՝ լավ տանկիստ դառնալու և մեր բանակին պիտանի լինելու համար,- ընկերոջ խոսքն է շարունակում շարքային Համբարձում Մինասյանը:

Այցելեցինք թիվ 1 ուսումնական կետ, որտեղ հետևակի մարտական մեքենայի անձնակազմին ուսուցանվում էր «Կալաշնիկով» տանկային գնդացրի ոչ լրիվ քանդում և հավաքում վարժությունը, ինչպես նաև գնդացրի մարտավարատեխնիկական բնութագիրը և ըստ վայրկենաչափի ուսումնական վարժության նորմացույցները:

-Տեխնիկան արագ և ճիշտ սպասարկելու գործնական հմտություններն ենք զարգացնում,- ասում է կուրսանտ Աշոտ Հովհաննիսյանը, որը ուսման երեք ամիսների ընթացքում հասցրել է աչքի ընկնել բարձր առաջադիմությամբ, և նրան վստահվել է ուսումնական կետի ղեկավարի պարտականությունները:

ՎԱՐԺԱԴԱՇՏՈՒՄ ԱՊԱԳԱ ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ ԵՆՎարժադաշտում ուսումնական եռուզեռ է: Հետևակի մարտական մեքենաների անձնակազմները հերթով դիպուկ կրակով խոցում են շարժվող և անշարժ թիրախները:

-Քիչ առաջ իմ անձնակազմը անվրեպ խոցեց շարժվող և անշարժ բոլոր թիրախները՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները: Շարունակելու ենք ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին,- վստահեցնում է ՀՄՄ-ի հրամանատար, ժամկետային զինծառայող Գագիկ Տոնոյանը:

Ֆիզիկականից և մասնագիտականից ոչ պակաս կարևոր է նաև հոգեբանական պատրաստությունը, ինչը կուրսանտների ուսումնական առօրյայի կարևոր բաղադրիչներից է: Մենք եղանք հոգեբանական արգելագոտիների հաղթահարման ուսումնական կետում, որը կահավորված էր մարտական իրավիճակին առավելագույնս մոտ և մարտական խնդիրները կատարելիս հավանական հոգեբանական խոչընդոտները հաշվի առնելով:

Կուրսանտներն ընդամենը երեք ամիս է, ինչ համալրել են զինված ուժերի շարքերը, բայց լսարանային պայմաններում հատուկ վարժասարքերի, վարժադաշտում անցկացվող ամենշաբաթյա գործնական պարապմունքների միջոցով արդեն հասցրել են ձեռք բերել անհրաժեշտ փորձառություն:

Վարժադաշտում ուսումնական ակտիվ եռուզեռը շարունակվում է. ՀՄՄ-ի անձնակազմը խոցում է ուսումնական թիրախները, շտկում թերացումները ՝ ավելի բարձր արդյունքի հասնելու համար։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ