Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«...ՈՐ ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«…ՈՐ ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

«...ՈՐ ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»Նստել եմ համակարգչիս առջև, ու հուզմունքը խանգարում է, որ մտքերս ժողովեմ… Չնայած մեկ տարի է անցել, բայց Հովիկի լուսեղեն պատկերն անմիջապես աչքիս առջև է գալիս, ու ցավը վերականգնվում է: Հատկապես աչքերն եմ հիշում՝ մաքուր-մաքուր, պարզկա երկնքի պես. նրա հոգու շիտակության, մաքրության հայելային արտացոլումը…

Հովհաննես Դավթյան: Այս երիտասարդին և նրա մորը՝ Լիլիթին, հանդիպեցի 2019 թ. զորակոչին ընդառաջ: Զինկոմիսարիատում տեղեկացել էի, որ մի շատ կիրթ ու խելացի տղա է եկել Գերմանիայից ծառայելու: Մասնագիտությամբ ավիաէլեկտրիկ: Համեստ երիտասարդը սկզբում հրաժարվում էր հարցազրույց տալ՝ «Առանձնահատուկ ոչինչ չեմ արել՝ եկել եմ Հայրենիքում ծառայելու: Ո՛չ որևէ մեկից ավելի եմ և ո՛չ էլ պակաս, ինչո՞ւ չծառայեմ»: Որոշ ժամանակ անց էլի զանգեցի, այս անգամ համաձայնեց. «Օրինակս գուցե արտասահմանում բնակվող ինձ պես ուրիշ երիտասարդների համար վարակիչ լինի…»: Թեթև ձեռքով, հպարտության մեծ զգացումով ու նաև մոր ու որդու անկեղծ տեսակի հանդեպ մարդկային համակրանքով, ներկայացրել էի ծառայելու նպատակով Գերմանիայի Դաշնությունից ինքնակամ Հայաստան եկած երիտասարդին, նրա նախածառայական մտորումները: Հարցազրույցի հաջորդ օրը Հովհաննեսին ու Լիլիթին ուղեկցել էի Երևանի մանկատներից մեկը, որի երեխաներին այցելելու ու օգնություն տրամադրելու ցանկություն էին հայտնել: Անչափ հուզիչ էր հատկապես Հովիկի հանդեպ հաշմանդամ երեխաների վերաբերմունքը. լավ մարդուն պարզ հոգիներն անմիջապես են նկատում, առանձնացնում. «Նա ո՞վ է»,- հարցրին՝ մատնացույց անելով Հովիկին: «Հովհաննեսն է. երկու օրից զինվոր է դառնալու»: Գեղեցիկ սև աչքերով աղջնակը մոտեցավ, բռնեց ձեռքը: Դժվարությամբ, բայց արտաբերեց. «Զինվորը պաշտպանում է»: Իսկ հաշմանդամի սայլակներին նստած երկու տղաները հպարտությամբ վստահեցրին. «Մե՛նք էլ ենք զինվոր դառնալու, երբ մեծանանք…»:

Մինչև Գերմանիա մեկնելը Հովհաննեսը 8 տարի ըմբշամարտով էր զբաղվել: Մեկ տարի հաճախել էր «Փոքր Մհեր» կրթահամալիր: 12 տարեկան էր, երբ ընտանիքով մեկնեցին Գերմանիա: Աշխույժ, խելացի, ֆիզիկապես կոփված  ու հետաքրքրասեր տղան այնտեղ ապրած ութ տարիների ընթացքում հասցրեց  ոչ միայն հմտանալ իր սիրելի՝ «Պարկուր ու ազատ վազք» մարզաձևում, այլև հավաստագրված մարզիչ դառնալ: Գերմանական դպրոցների տրամադրած հնարավորությունից օգտվելով՝ իրեն դրսևորեց մի քանի մասնագիտական ուղղություններում: Փորձել էր առևտրի ոլորտում աշխատողի, վարսավիրի, ավտոմեխանիկի ու մի քանի այլ մասնագիտություններ, բայց երբ հնարավորություն էր ստացել շփվելու ինքնաթիռների հետ…, նրա համար մի ամբողջ  նոր աշխարհ էր բացվել:

«...ՈՐ ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»Մասնագիտական ուսումնառության չորս տարիների ընթացքում Հովհաննեսը Շտրաուբինգ քաղաքի օդանավակայանում «Ավիոնիք Շտրաուբինգ» ընկերությունում գործնական աշխատանքով էր զբաղվում և միաժամանակ մասնագիտական տեսական գիտելիքներ ստանում Մյունխենի ամենահեղինակավոր դպրոցներից մեկում: Ընկերությանը դիմում էին ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական խնդիրներով: «Ամենաճիշտն այն է, որ հենց օդում ստուգես, գտնես անսարքության պատճառը,- իր կյանքի ամենամեծ սիրո մասին անվերջ հիացմունքով պատմում էր Հովիկը:- Երբ թռչում ես, ու երբ հատկապես քամու հոսանքը քեզ ուժգին թափ է տալիս այս ու այն կողմ, պետք է և՛ քեզ պահես, և՛ օդանավը… Աներևակայելի զգացումներ ես ունենում: Ես հիմա երբեք գլուխս չեմ բարձրացնում՝ տեսնելու, թե ինչ ինքնաթիռ է թռչում. ձայնով եմ որոշում»:

2016-ը շրջադարձային եղավ Հովհաննեսի կյանքում. առանց այդ էլ Հայրենիքը ջերմորեն սիրող ու կարոտող տղան տագնապալի լուրեր էր ստանում հայրենիքից, ցավով էր լսում հերոս տղաների զոհվելու լուրը: «Մինչ այդ էլ շատ էր կարոտում իր երկիրը,- պատմում էր մայրը,- բայց քառօրյայից հետո վերջնական որոշում ընդունեց, ու ես հարգեցի այդ որոշումը: Ազդվել էր, հատկապես՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերջին հաղորդագրություն-ուղերձից: Այն ժամանակվանից որոշեց ծառայության անցնել Հայրենիքում, հնարավորության դեպքում՝ իր մասնագիտությամբ օգտակար լինել, հատկապես, որ ռազմական ավիացիայի հետ էլ է գործ ունեցել»:

Գերմանիայում Հովհաննեսը բարեկեցիկ կյանքով է ապրել, նրա արհեստավարժությունը շատ բարձր էին գնահատում, բարձր վարձատրվող աշխատանք էին առաջարկել օդանավակայանում, բայց իր որոշման մեջ անսասան էր եղել՝ Հայրենիքը կրկին կարող է վտանգվել. ինքը՝ զենքը ձեռքին, ազգակից տղերքի կողքին պիտի կանգնի…

Հիմա, երբ հետադարձ հայացքով անդրադառնում եմ հատկապես Ապրիլյան քառօրյայից հետո սրտի կանչով Հայաստան վերադարձած տղաներին, որոնք ապահովված կյանքի համար ամեն ինչ ունեին երկրից դուրս, բայց որոշում էին կայացրել Հայրենիք վերադառնալ, նախախնամություն եմ տեսնում նրանց ընտրության մեջ… Ինձ համար Հովիկը այդ առանձնահատուկներից մեկն է, որ եկավ ու չընկրկեց ոչ մի դժվարության առջև, նախազգաց վտանգը, իր անձի անվտանգությունը մի կողմ դնելով, գնաց դրան ընդառաջ, կռվեց իսկական հայ մարտիկի պես՝ վեհ, ազնվասիրտ, աննահանջ, ու… իր 21-ամյա կյանքը նվիրաբերեց մեզ՝ բոլորիս…

«Գերմանիան իմ երկրորդ երկիրն է,- ասում էր Հովհաննեսը:- Բայց Հայաստանն առաջին տեղում է. ի՛մ Հայրենիքն  է: Ոչ մի երկիր«...ՈՐ ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ» Նրան չի կարող փոխարինել: Վստահ եմ, որ հայը միայն իր երկրում կարող է լավ զգալ: Իսկ վատը… ամեն տեղ իր վատն ունի, և դեռ պարզ չէ՝ ո՞րն է ավելի վատ: Ուրեմն, ինչո՞ւ քո երկրում չապրես:

…Իմ վերադարձին այստեղ տարբեր կերպ են վերաբերվում,- հիշում եմ Հովհաննեսի խոսքերը, որ այն ժամանակ էլ ցավալի էին, իսկ հիմա՝ հատկապես:- Շատերը չեն հասկանում, թե ինչու, բարեկեցիկ կյանքն ու երկիրը թողած, եկել եմ այստեղ ծառայելու: Բայց, օրինակ, երեկ տաքսու վարորդն ինձ հարցուփորձ անելուց հետո ոչ մի կերպ չէր ուզում ճանապարհավարձը վերցնել: Հարազատության այս զգացողությունը ուրիշ ոչ մի տեղ չես գտնի…»:

Ծառայության ընթացքում միշտ Լիլիթից տեղեկանում էի Հովիկի մասին. Արցախ, առաջնագիծ, դժվարին պայմաններով զորամաս… Իսկ ինքը՝ Գերմանը (ծառայակիցներն այս մականունով էին կնքել նրան), երբեք չէր դժգոհում: Միշտ միայն լավ բաներից էր խոսում Գերմանիայում գտնվող մոր հետ՝ զինվորական ընկերությունից, Արցախ աշխարհից…

Ինձ համար պատերազմի ամենաթեժ օրերին, մարտերից մեկում Հովիկի զոհվելու մասին իմանալը հատկապես ցավոտ էր, քանի որ ծառայության բերումով Լիլիթից շուտ իմացա բոթը ու ստիպված էի ինքս նրան հաղորդել… Կյանքիս ամենածանր օրերն էին, երբ ռազմաճակատից անընդհատ մեր լուսավոր տղաների զոհվելու մասին էինք իմանում, այդ օրն էլ մարտական ընկերներից մեկը հաստատեց պայծառ այս տղայի զոհվելու փաստը…

Լիլիթը Երևան էր եկել, անագե զինվորիկի ամրությամբ կարգադրել որդու հետ հրաժեշտի բոլոր խնդիրները: «Չէի կարողանում լացել,- ավելի ուշ պատմում էր ինձ:- Շատերը զարմանում էին, թե ինչ սառնասրտությամբ եմ կարողանում կարգադրել բոլոր հարցերը… Իսկ երբ վերադարձա Գերմանիա, զգացի, որ ծնկներս ծալվեցին…»: Լիլիթը որոշ ժամանակ ստիպված է եղել սայլակով տեղաշարժվել, վերականգնողական բուժում է ստացել հուժկու սթրեսից հետո: Հովիկը մանկահասակ քույր ու եղբայր ունի Գերմանիայում, որոնք կարոտում ու դեռ սպասում են իրենց մեծ եղբորը… Երևանում մոտ հարազատներից միայն Հովիկի Անուշ անունով անուշ տատիկն է ապրում: Երբ հանդիպեցինք հուղարկավորության օրը, տիկին Անուշն ասաց. «Փառք Աստծուն, որ գտանք մեր տղային. կլինի մի տեղ, ուր կարող եմ նրան այցելել… Շատերը անգամ այդ հույսը չունեն…»: Մարդկային հոգու վեհությունն ու մեծությունը մի քանի բառում ամփոփված…

…«Եռաբլուր» այցելելիս առաջինը միշտ Հովիկի շիրմին ենք մոտենում: Գիտեմ՝ նրա հոգին այդ պահին ճախրում է ինչ-որ տեղ՝ կապույտ ու ջինջ  վերևներում: Իսկ շիրմաքարից իր ոչ երկրային ժպիտով ժպտում է հարազատ դարձած այս տղայի, համեստ հերոսի, մե՛ր Հովիկի պատկերը. «Մեծ բան չի արածս. պարզապես կյանքս եմ տվել, որ դուք շարունակեք ապրել Հայրենիքում…»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ