Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի մասնակից զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանը դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, երեւանյան իր բնակարանում, որտեղ ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ, առավոտից սպասում էր, ինչպես ինքն ասաց՝ կարեւոր հյուրերի ժամանմանը:

«Շարժման սկզբին Արարատում էի բնակվում, ընտանիք էի կազմել Թամարայի հետ, երեք որդի ունեինք, փոքրս 1.5 տարեկան էր: Աշխատում էի որպես էլեկտրազոդող»,-պատմում է Ապետը: Նրա Լուսիկ տատը ջարդերի ժամանակ Հայաստան էր գաղթել Վանից եւ միշտ պատմում էր թուրքերի դաժանությունների մասին: Դպրոցական տարիներից ի վեր Ապետը չէր հանդուրժում ադրբեջանցիներին, Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օրը պարբերաբար ընդհարվում էր նրանց հետ, իսկ հերթական վիճաբանությունից հետո ադրբեջանցի ուսմասվարը ոտքով հարվածեց նրան եւ հեռացրեց դպրոցից:

Արցախյան պատերազմի տարիներին Ապետ Աղաբաբյանը անդամագրվեց «Արաբո» ջոկատին, այնուհետեւ, երբ 1993թ. կազմավորվեց 5-րդ բրիգադը՝ Ռոմիկ Վարդանյանի հրամանատարությամբ, տեղափոխվեց այդտեղ:

«1993 թ. փետրվարի 25-ն էր: Գիշերը 60 հոգով դիրքերում ամրացանք, սպասում էինք, որ լուսաբացին մեզ կմիանա եւս մեկ ջոկատ, ու կազատագրենք Սարսանգի ջրամբարը: Բայց առավոտյան պարզվեց, որ շրջափակման մեջ ենք ընկել: Մեր շուրջը անտառ էր, տեղանքին ծանոթ չէինք, հակառակորդը սկսեց կրակել առանց դադարի: Արձակած գնդակները կարծես կարկտի նման պարում էին շուրջդ: Տղաները թշնամու գնդակից տապալվում էին, չորս կողմս արյուն էր: 1993թ. փետրվարի 26-ն էր: Ուժեղ կրակահերթի տակ ընկա, ադրբեջանցու գնդակը նախ պոկեց ձեռքիս մատները, այնուհետեւ կպավ ուսիս, ոտքերս էլ չփրկվեցին»:

Ապետը հիշում է կլորիկ դեմքով, փայլող աչքերով բուժքրոջը՝ Նառային, որ փորձում էր կրակի տարափի տակ փրկել տղաների կյանքը: Նառան վիրակապում է իրեն եւ վազում դեպի վիրավոր մյուս զինվորը: Ճանապարհին թշնամու գնդակը խլում է նաև նրա կյանքը: Ապետն էլ փետրվարի 26-ից մինչև մարտի 3-ը վիրավորված, կիսագիտակից վիճակում մնում է ռազմադաշտում. «Այդ մի քանի օրերի ընթացքում Արցախի հետախույզները եկան, նրանք փորձեցին ինձ հանել այդտեղից: Տեղափոխեցին մի մեծ քարի հետեւ: Իրենք նորից կռվի նետվեցին՝ խոստանալով, որ կվերադառնան: Բայց չեկան, կարծում եմ՝ զոհվեցին: Ես փրկվեցի հրաշքով, տղաների շնորհիվ: Փոխհրաձգությունից հետո ոչ ոք չէր հասցրել հավաքել զոհերի դիակները, իսկ հակառակորդը մտավ մարտադաշտ եւ խեղեց դիակները: Բարեբախտաբար, ինձ չգտան»:

Ապետը մի քանի օր մնացել է զոհվածների կողքին՝ արնաքամ եղած ու ցրտահարված: Նա ասում է, որ ոչ միայն խեղված մարմնի ցավն էր այդ օրերի ամենադաժան փորձությունը, այլեւ ծարավի զգացողությունը: Մարտի 3-ին 5-րդ բրիգադի տղաներին հաջողվում է Ապետին հանել մարտադաշտից, եւ նրան տեղափոխում են Դրմբոնի դաշտային հոսպիտալ, որտեղ ազատամարտիկին բժշկական օգնություն է ցույց տալիս Ա.Բունիաթյանը: Աջ ոտքը բժիշկները չկարողացան փրկել, փտախտի վտանգ կար… Երկու օր անց Ապետ Աղաբաբյանին տեղափոխում են Երեւանի Մարաշի հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները հեռացնում են մյուս ոտքի վիրավոր ոտնաթաթը. «Այժմ վիճակս սովորական է դարձել, սկզբից էր դժվար. դյուրագրգիռ էի, ինքնամփոփ: Տարիներ անց հասկացա, որ թեեւ թշնամու գնդակն ինձ տապալեց, բայց կյանքս չխլեց, ուրեմն ֆիզիկական դժվարությունները կարելի է հաղթահարել եւ շարունակել ապրելու առաքելությունը»:

Որդին՝ Կամոն, ասում է, որ հայրը ամեն անգամ հպարտությամբ է հիշում իր ջոկատն ու զինակիցներին եւ ցավ է ապրում զոհված մարտական ընկերներին մտաբերելիս. «Կարծում եմ՝ հորս երջանկությունը այսօր ընտանիքն ու զավակներ են, մեր հաջողություններն ու ձեռքբերումները: Նա միշտ Աստծուն իր գոհությունն է հայտնում վերստացած կյանքի համար»:

Ապետը վերցնում է ձեռնափայտն ու հաղթահարում երկու հարկի աստիճանները, իջնում է բակ՝ նախարար Սեյրան Օհանյանին դիմավորելու: Ձեռքսեղմում, ապա բարձրանում են տուն:

Մտերմիկ զրույցի ընթացքում նախարարը ծանոթացավ ազատամարտիկի անցած մարտական ուղուն, նրա սոցիալ-կենցաղային խնդիրներին, հանձնեց նվերներ: Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց Ապետ Աղաբաբյանին` Արցախյան ազատամարտում ունեցած ավանդի համար եւ նշեց, որ ինքն էլ նույն վիճակում է հայտնվել, բայց ամենակարեւորը` մարդ հոգեպես առողջ լինի, հոգեպես հաշմանդամ չդառնա. «Հենց այդ ոգին է, որ պատերազմի հետեւանքով ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր մարտական ընկերներին տոկուն է պահում»:

Նույն օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ զինված ուժերի ղեկավար կազմը մասնակցեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Դահլիճում էին նրանցից շատերը, ովքեր Արցախի գոյատեւման համար վճարեցին իրենց առողջությամբ:

Սեյրան Օհանյանը առաջին կարգի զինհաշմանդամներին պարգեւատրեց ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով: Նախարարը նշեց. «Ես չեմ ուզում հաշմանդամ բառը օգտագործել, դուք գաղափարի մարտիկներ եք: Յուրաքանչյուր վիճակում էլ մարդը կարող է արարել եւ պիտանի լինել հասարակությանը: Դուք մեզ հաղթանակ պարգեւեցիք, որի արդյունքը քսանամյա անկախ Հայաստանն է եւ ստեղծված կանոնավոր բանակը, որի մարտիկները այսօր ապահովում են հայ ժողովրդի զարգացումը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ