Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔԱՋ ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎ
ՔԱՋ ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎ

ՔԱՋ ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎՍեպտեմբերի 27-ին Թեքեյան կենտրոնում պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի «Հայ զինվորականության պատվո վարքականոնը» գրքի շնորհանդեսն էր։

-Շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված,- նշում է հեղինակը:- Հայ ժողովուրդը պատմության քառուղիներում մղել է հազարավոր ճակատամարտեր, հարյուրավոր պատերազմներ, եղել են փառահեղ հաղթանակներ, նաեւ՝ ծանր պարտություններ, բայց միշտ էլ մեր ազգը, մեր բանակը կարողացել է շտկել մեջքը, նորից ոտքի կանգնել, այս անգամ էլ, համոզված եմ, որ ոտքի  է կանգնելու:

Գիրքն ընթերցողի դատին է հանձնվել երկրորդ, ընդլայնված և լրամշակված տարբերակով:

Պատվո վարքականոններն ամենեւին խոր անցյալի երեւույթ չեն. ժամանակակից զարգացած պետությունների կադետական եւ սպայական ուսումնարաններն իրենց սաներին եւ առանձին ստորաբաժանումների եւ զորամիավորումների հրամանատարությունը իրենց մարտիկներին գաղափարապես եւ բարոյահոգեբանորեն պատրաստելիս, նրանց զինվորական պատասխանատվության զգացումն առավել ամրապնդելու նպատակով, այսօր էլ օգտագործում են հատուկ մշակված պատվո վարքականոններ: Պատվո վարքականոններ ունեն ֆրանսիական արտասահմանյան լեգեոնը, ԱՄՆ բանակի ռեյնջերները, ԱՄՆ ռազմական ակադեմիան, Վիրջինիայի ռազմական ինստիտուտը…

«Հայ զինվորականության պատվո վարքականոնը» ուսումնասիրությունը բացահայտում է հայ զինվորականության գաղափարական և բարոյահոգեբանական արժեհամակարգը 4-5-րդ դարերում, ուրվագծվում են հայ ժողովրդի մտայնության և մշակույթի վրա հին հայկական զինվորական դասի թողած ազդեցությունները։ Գրքում ներառված են նաեւ օտարների՝ հայոց մարտական հատկանիշներին տված գնահատականները։

Թեեւ որպես ժամանակահատված մատնանշված են 4-5 դարերը, բայց այն չի պարփակվում ժամանակային նեղ շրջանակի  մեջ, քանզի ավելի շատ վերաբերում է արժեհամակարգին, գաղափարախոսությանը.  իրականում  գաղափարաբարոյական հիմնադրույթը հայ զինվորականության միջավայրում սկիզբ է առել դեռեւս վաղնջական ժամանակներից՝ հայկական  պետության եւ բանակի ստեղծմանը զուգընթաց եւ որոշակի ձեւափոխումների ենթարկվելով, հասել է նաեւ  նոր, նորագույն ժամանակաշրջան՝ գրեթե նույն ձեւակերպումներով, նույն բառապաշարով։

Այսինքն՝ հայրենիքի, սեփական սրբությունների, հավատի նկատմամբ  մեր ընկալումները, արժեհամակարգը անխաթար շարունակաբար հասել են մեր օրեր եւ անխախտ ժառանգվելու է հաջորդիվ:

Կարեւոր է փաստել նաեւ,  որ հայկական ռազմական մշակույթն ու ավանդույթները ձեւավորվել են հայրենիքի ազատության եւ անկախության համար մղված արդար՝ պաշտպանական բնույթի բյուրավոր մարտերում:

ՔԱՋ ՆԱԽՆՅԱՑ ՈԳՈՎՀայ մատենագրությունը  բավականին հարուստ նյութ է պահպանել հայ զինվորականության եւ հայոց բանակի գաղափարախոսությունը լուսաբանելու համար։

Արմեն Այվազյանը հանգամանալից ուսումնասիրել է մեր գրավոր աղբյուրները եւ ընթերցողի դատին հանձնել այդ գոհարները՝ հայրենապաշտության եւ հայրենանվիրումի, հերոսականության մի յուրօրինակ ծաղկաքաղ:

«Պատերազմի՛ր եւ անձը քո զոհի՛ր հանուն Հայոց աշխարհի, ինչպես քաջ նախնիներդ են այս աշխարհին սիրահոժար զոհաբերել իրենց կյանքը». մահվան մահճին գամված   սպարապետ Մանվել Մամիկոնյանը այս պատգամն է հղում որդուն՝ Արտաշիրին, երբ նրան հանձնում էր իր իշխանությունը…

-Հայոց զորքերի գլխավոր հրամանատարի՝ հանուն հայրենիքի անձնազոհության դիմելու այս պատվիրանը ոչ այլ ինչ էր, քան հայ զինվորականության գաղափարական -բարոյահոգեբանական պրոֆեսիոնալ արժեհամակարգի եւ գործող վարքականոնի բաղկացուցիչ մաս,- նշում է հեղինակը:-Անձը հանուն հայրենիքի զոհելու նույն գաղափարը  իր «Հայոց պատմության» ամբողջ շարադրանքում քարոզում է նաեւ Մովսես Խորենացին,  ինչպես, օրինակ, հայ ռազմիկ-թագավոր Արամի մասին հետեւյալ հատվածում.

«Սա աշխարհասեր եւ հայրենասեր մարդ լինելով…լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարածինների որդիք ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները, և օտար մարդիկ տիրում են իր արյունակից հարազատների վրա…»:

Հեղինակը հանգամանալից ուսումնասիրել է նաեւ  Եղիշեի երկը՝ զինվորականության վարքականոնի տեսանկյունից:

-Եղիշեն նախապես եղել է սպարապետ Վարդան Մամիկոնյանի համհարզներից մեկը, հետեւաբար, նաեւ հայոց բանակի ընտրագույն զրահապատ հեծելազորային՝ վստահաբար քաջածանոթ էր հայ զինվորականության պատվո վարքականոնին,- նկատում է հեղինակը:- Նրա նկարագրումներում հավաստվում է ինչպես հայոց բանակի բարոյահոգեբանական պատրաստության բարձրագույն՝ «մահապարտական» մակարդակը, այնպես էլ զենք վերցրած հայ աշխարհազորայինների, ներառյալ հոգեւորականների անընկճելի մարտական ոգին։ Սեփական կյանքի գնով ազգային հիմնարար արժեքների պաշտպանությունն ամփոփիչ  կերպով  իմաստավորված է Եղիշեի «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն» հանրաճանաչ ասույթում։

Հայ զինվորականության արժեհամակարգն առավել կուռ, ամբողջական շարադրված է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունում»: Պատմիչն ինքն ահա այսպես է դասակարգում սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի  անձնական առաքինությունները. «Հայոց քաջ զորավարը և սպարապետը իր ամբողջ կյանքում լի էր մեծ եռանդով և նախանձախնդրությամբ, նա հավատարմությամբ ու արդար վաստակով, ջանասիրությամբ ու մշտապես ծառայում էր Հայոց աշխարհին և թագավորությանը։ Զօրուգիշեր նա գործի մեջ էր. ջանում ու ճգնում էր պատերազմի ճակատներում և երբեք թույլ չէր տալիս, որ Հայոց աշխարհի սահմաններից գեթ մի կորու չափ հող օտարվի։ Նա կյանքն էր դրել իր երկրի համար եւ կմեռներ քաջի անվան համար, քրիստոնեական հավատի համար…»:

Եվ մեկ առ մեկ թվարկում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության և հայ ազգի առջև ստանձնած գլխավոր հանձնառությունները։

Հենվելով այս արժեքավոր տվյալների վրա՝ ըստ Փավստոս Բուզանդի նշած առաջնակարգության, գրքում ներկայացվում են 4-5-րդ դարերի հայ զինվորականության պատվո վարքականոնի գլխավոր դրույթները.

1.հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը,

2.ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով,

3.հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»),

4.հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից,

5.քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն,

6.նվիրվածություն ընտանիքին,

7.նվիրվածություն տոհմակիցներին,

8.հավատարմություն զինակիցներին։

Դարերի խորքից մեզ հասած Պատվո վարքականոնի դրույթներն այսօր էլ կենսունակ են՝ ամուր եւ հաստատուն արմատավորված հայ զինվորականության  մտայնության եւ վարքագծի մեջ, վկան՝ մարտերում հերոսացած եւ հերոսացող մեր քաջարի տղաներն են, որ հայրենիքը սիրում են կյանքի չափ եւ կյանքից առավել…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ