Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ



Հունվարի 11-ին ազգային բանակում սկսվեց նոր ուսումնական տարին, իսկ մինչ այդ հունվարի 8-ին պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի վարչությունների, ծառայությունների եւ բաժնի ղեկավար կազմերի, մասնագետ սպաների, զորամասերի հրամանատարների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նոր ուսումնական տարվա խնդիրներին, նշեց, որ ազգային բանակի շինարարությունը շարունակվելու է «Զինված ուժերի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, իսկ 2011թ. հայտարարվում է մարտական վարպետության բարձրացման տարի։ Նա մարտական պատրաստության պատասխանատուներին կոչ արեց ուսումնական գործընթացում կարեւորել մարտկոցների, ջոկերի, դասակների եւ վաշտերի կազմերով անցկացվող մարտավարաշարային պարապմունքները, այդ ստորաբաժանումների հետ ավելի հաճախ անցկացնել գործնական պարապմունքներ եւ զորավարժություններ։
Տարիներ շարունակ բանակում ուսումնական փուլի մեկնարկը տրվում է շարային ստուգատեսով, հանդիսավոր միտինգով եւ եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով։ Զորամասերում պարապմունքների ընթացքը վերահսկում, անձնակազմերին գործնական օգնություն են ցուցաբերում պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի, զորամիավորումների հանձնաժողովները։
Գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորման կազմի մեջ մտնող զորամասերի եւ զորամիավորման վարչական եւ զինվորական անձնակազմերի համատեղ անցկացված հանդիսավոր միտինգին ներկա էր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հանդիսավոր միտինգը բացեց զորամիավորման շտաբի պետ գնդապետ Գ. Առաքելյանը։ Այնուհետեւ ելույթ ունեցավ եւ զինծառայողներին Ամանորի, Սուրբ Ծննդյան եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Զորամասերի անձնակազմերին ներկայացնելով նոր ուսումնական տարվա հիմնական խնդիրները՝ նա կոչ արեց ջանք ու եռանդ չխնայել զինվորական գիտելիքներն ու հմտությունները բարձրացնելու, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու համար։ Ելույթ ունեցան եւ նոր ուսումնական տարում զինծառայողներին հաջողություններ մաղթեցին զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը, զորամասի հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանը, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Ազիբեկյանը, շարքային Սամվել Հովակիմյանը։
Միտինգն ավարտվեց զորամասերի ստորաբաժանումների հանդիսավոր երթով։ Շարահրապարակից ստորաբաժանումները շարժվեցին զորանոցներ, որտեղ էլ անմիջապես սկսվեցին մարտավարաշարային պարապմունքները ջոկերի եւ դասակների կազմերով։
Այստեղ մենք հետեւեցինք գնդապետ Գ. Խաչատրյանի զորամասի կապիտան Արսեն Մկրտչյանի հրամանատարությամբ գործող վաշտի ստորաբաժանումների պարապմունքներին։ Վաշտը լավագույնն է զորամիավորման կազմում։ Անցած ուսումնական տարում անցկացրել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն եւ ստացել «լավ» գնահատական, իսկ ուսումնական տարվա ավարտին բարձր արդյունքներ է ցույց տվել կրակային պատրաստությունից, մարտավարամասնագիտական առարկաներից։ Այժմ վաշտը համալրվում է երիտասարդ զինվորներով, որոնք առաջին անգամ են մասնակցում մարտավարաշարային պարապմունքների։
-Շատ կարեւոր է, որ նորակոչիկները ճիշտ պատկերացում կազմեն պարապմունքների եւ ուսումնական գործընթացի մասին, այս երեք օրերի ծանրաբեռնվածությունը չպետք է նրանց հիասթափեցնի,- ասաց կապիտան Ա. Մկրտչյանը։
Տագնապի ազդանշանով վերկացը, զենքի եւ ուսապարկի ստացումը, զորանոցից դուրս գալը ջոկերի եւ դասակների կազմերով բավական վարժ են անցնում։ Վաշտի հրամանատարը, հետեւելով պարապմունքին, անընդհատ խրախուսում էր դասակների եւ ջոկերի հրամանատարներին, նրանց հորդորում գործել վստահ եւ թույլ տված սխալներից չկաշկանդվել։ Իրենց լավ էին դրսեւորում ջոկի հրամանատարներ, կրտսեր սերժանտներ Վոլոդյա Իսունցը, Արտակ Հախինյանը, շարքայիններ Հակոբ Հակոբյանը, Խաչիկ Սարգսյանը, Ոսկան Ավետիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Հրաչ Շահբազյանը, Վահե Պարոնյանը, Գեւորգ Աղաբաբյանը, Տարոն Մարգարյանը, Վաղինակ Կարապետյանը։
***
Հունվարի 11-ի առավոտյան ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելեց նաեւ գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամաս, որի անձնակազմը նույնպես պատրաստ սպասում էր միտինգի սկսվելուն։ Այստեղ նույնպես գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ողջունեց եւ շնորհավորեց զորամասի անձնակազմին, անդրադարձավ անցած ուսումնական տարում զորամասի ձեռքբերումներին եւ կարեւորեց զորամասի դերը զինված ուժերի համակարգում։ Մաղթելով հաջողություններ սկսվող ուսումնական տարում՝ գլխավոր շտաբի պետը հույս հայտնեց, որ 2011թ. զորամասի համար կդառնա հմտությունների կատարելագործման եւ նոր ձեռքբերումների ժամանակաշրջան։
Անձնակազմին ողջունեցին եւ հաջողություններ մաղթեցին զորամասի հրամանատար գնդապետ Ա. Գրիգորյանը, հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Կ. Բեջանյանը։
Միտինգն ավարտվեց հանդիսավոր երթով, որից հետո անցկացվեց շարային ստուգատես։ Երբ ստորաբաժանումները շարժվեցին զորանոցներ՝ ջոկերի կազմերով սկսելու մարտավարաշարային պարապմունքները, զորամասի հրամանատար գնդապետ Ա. Գրիգորյանը հրավիրեց զորամասի հրամանատարական կազմի ընդլայնված խորհրդակցություն՝ ծանոթացնելու մարտական պատրաստության պլանի ղեկավար փաստաթղթերում կատարված փոփոխություններին, ինչպես նաեւ համատեղ քննարկելու մարտավարաշարային պարապմունքների հետագա ընթացքը։
***
Քանի որ ստորաբաժանման հրամանատար փոխգնդապետ Ռ. Գաբրիելյանը խորհրդակցության էր մասնակցում, պարապմունքները վերահսկում էր շտաբի պետ կապիտան Ա. Կյուրեղյանը։ Նա ասաց, որ դեռեւս երեկոյան անվանականչի ժամանակ անձնակազմը ծանոթացել է մարտական հաշվարկին, եւ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր ջոկ հստակ պատկերացնում է իր անելիքը։
Մայոր Մ. Ջուլհակյանի հրամանատարությամբ գործող վաշտում հերթական տագնապն ազդարարեց Ա. Աբրահամյանը։ Ճիշտ է, այստեղ առանձին նորմատիվներ չեն գործում, սակայն արագությունը զինվորների համար շատ կարեւոր է։ Ջոկերի հրամանատարներ կրտսեր սերժանտներ Սոս Աբազյանի եւ Դավիթ Մազմանյանի հրամաններով եւ նրանց ոգեւորող արտահայտությունների ներքո զինվորներն արագ հագնվեցին, մտնելով զինանոց՝ վաշտի ավագ կրտսեր սերժանտ Նարեկ Հլղաթյանի հսկողությամբ վերցրին իրենց զենք-զինամթերքը, հակագազերը, հետեւակային փոքր բահերը, պահասենյակից՝ զրահաբաճկոններն ու ուսապարկերը եւ, հանդերձավորվելով ինչպես հարկն է, վազքով դուրս եկան շարահրապարակ։ Ամբողջ գործընթացն ամենալավը կատարեցին շարքային Հայկ Վարդանյանը, Գեւորգ Փանոսյանը, Արտյոմ Թամրազյանը, Խաչատուր Հովսեփյանը եւ երիտասարդ զինվոր Մհեր Վարդանյանը։
Նկատված թերությունները զինվորներին պարզաբանելուց հետո ենթասպա Ա. Աբրահամյանը պահանջեց գործողությունը նորից կրկնել։
Պարապմունքները շարունակվեցին մինչեւ ճաշ, որից հետո պետք է անցկացվեին հրահանգչամեթոդական պարապմունքներ։ Առջեւում մարտավարաշարային պարապմունքներն են վաշտ-գումարտակի, այնուհետեւ զորամասի կազմերով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Ազգային բանակ


20/01/2011