Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՅՍՏԵՂ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԵՆ, ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ...»
«ԱՅՍՏԵՂ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԵՆ, ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ…»

«ԱՅՍՏԵՂ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԵՆ, ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ...»Անցյալ տարի սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում էինք։

Զորամաս այցելելուց առաջ խնդրել էի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալին, որ մի քանի շնորհալի, ստեղծագործելու ջիղ ունեցող զինվորների ներկայացնի՝ «Հայ զինվոր»-ում նրանց մասին նյութ հրապարակելու համար:

Մի քանի մարտական հենակետ այցելեցինք եւ երբ հետ եկանք զորամաս, մութն արդեն իր թեւերն էր փռում, շտապում էինք վերադառնալ Երեւան, բայց մինչ այդ դեռ պետք է հանդիպեինք շնորհաշատ զինվորներին, որոնք ակումբի մոտ խմբված մեզ էին սպասում: Միացրի ձայնագրիչն ու արագ-արագ հարցեր էի տալիս, որոշել էի՝ գոնե մի քանի տողով հանդեսում կներկայացնեմ տղաներին, բայց հասկացա, որ ամեն մեկի մասին ոչ միայն մի քանի տող, անգամ մի քանի էջ գրելն էլ քիչ է՝ այնքան զարգացած էին, կիրթ, բազմաշնորհ` նկարիչ, դերասան, բանաստեղծ… Պայմանավորվեցինք, որ մի քանի շաբաթ անց կրկին կայցելեմ զորամաս, առանձին կզրուցենք, նոր միայն նյութը կշարադրեմ։

Երկու օր անց պատերազմն սկսվեց…

Տղաներից մի քանիսը զոհվել են… Մյուսներն էլ հրաշքով փրկվել են պատերազմի ամենակուլ երախից։ Նրանցից մեկն էլ այժմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արման Սիմիկյանն է։

Եվ ահա զորամասային հանդիպումից ուղիղ մեկ տարի անց թատրոնում հանդիպում եմ Արմանին։

Երիտասարդ դերասանը տարբեր ներկայացումներում է խաղացել, տարբեր կերպարներ է մարմնավորել, բայց հանդիսատեսին առավել հայտնի է դարձել «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։

«ԱՅՍՏԵՂ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐՆ ԵՆ, ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ...»-Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո բանակ զորակոչվեցի։ Անկեղծ ասած՝ սկզբնական շրջանում կարծում էի, որ արվեստի ոլորտի մարդու համար այդ ժամանակահատվածը անտեղի վատնում է, դրան էլ գումարած բանակի չոր ռեժիմը՝ քնել, արթնանալ, սնվել, հանգստանալ, սովորել ըստ ժամանակացույցի, բայց, դե, աստիճանաբար հարմարվում էի նոր կարգավիճակին:

Արմանը բանակում հետախույզ-գնդացրորդ էր, մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։

-Սեպտեմբերի 27-ին մայրիկիս ծնունդն էր, չկարողացա շնորհավորել… Ավագ եղբայրս էլ սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի հենց հաջորդ օրը կամավորագրվեց, «Եղնիկներում» էր…

Հոկտեմբերի ութին, երբ իրենց զորամասի զինվորներին տեղափոխում էին արդեն մարտադաշտ, ասացին, որ ով առաջնագծում հարազատ եղբայր ունի, իրավունք ունի չգնալու, սակայն Արմանը վճռական էր տրամադրված.

-Մեզնից ամեն մեկը կռիվ մեկնելիս մի գերագույն նպատակ ուներ՝ հստակ լուծում տալ այս ձգձգվող հակամարտությանը, թեկուզ կյանքի գնով վերջակետ դնել պատերազմին:

Մարտերն ընթանում էին Կարմիր շուկայի անտառներում:

-Թեեւ թվաքանակով, զինտեխնիկայով թշնամին մեզ գերազանցում էր, բայց մեզնից ոչ մեկը զիջելու, նահանջելու, թեկուզ մի քայլ հետ գնալու մասին մի վայրկյան իսկ չէր մտածում, քանի որ պարզ գիտակցում էինք՝ ամեն մետր նահանջը հավասարազոր էր թշնամուն ավելի մոտեցնել մեր շեներին, մեր օջախներին, մեր հարազատներին…Կռվող տղաներից ամեն մեկը հերոս էր՝ խիզախ, անահ…

 

***

 

Թշնամին գործի էր դրել իր ամբողջ զինանոցը, ինչ զինատեսակից ասես չէր կրակում, կրակի տարափ էր, կյանքն էլ՝ կրակի տակ…

-Ինքս ինձ ոգեւորելու համար երբեմն ասում էի՝ պատկերացրու՝ մի ֆիլմի սյուժե է…

Բայց կյանքը կինո չէ, անկանխատեսելի է ճակատագրի խաղը…

Մարտի թեժ պահին Արմանը որովայնի հատվածում հրազենային ծանր վիրավորում ստացավ, զինակից ընկերը՝ Ռուբենը, շտապեց օգնության:

Ուժասպառ էր լինում, չէր կարողանում այլեւս առաջ գնալ, արդեն հաշտվել էր մահվան հետ, չէր հավատում, որ կփրկվի, հուսահատ անզորությունից ընկերոջը խնդրեց վերջ տալ կյանքին:

-Հիմա կհասնենք, քիչ էլ համբերիր, կփրկվես,- հուսադրում էր Ռուբենը:

Կարմիր շուկայի հոսպիտալում վիրահատող բժիշկն ու բուժքույրը վիրավոր Արմանին ոչ միայն փրկեցին, այլ նաեւ ճանաչել էին. «Վերջին ուսուցիչը» ֆիլմում իր մարմնավորած կերպարից էին խոսում, ինքը վիրահատասեղանին պառկած՝ չկարողացավ էլ մի կարգին վայելել քիչ թե շատ հանրաճանաչ լինելու բերկրանքը. աչքերի առաջ սպիտակ խալաթները, բեմը, ամեն ինչ մշուշվում էր…

Հետո արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հաջորդեց երկրորդ վիրահատությունը։ Պատերազմի վերքերն այսօր էլ դեռ վերջնական չեն ապաքինվել…

 

***

 

Դժնդակ, հոգեցունց օրերից ուղիղ մեկ տարի է անցել…

-Պատերազմը բոլորիս մեջ ինչ-որ բան փոխել է…Պատերազմը սովորեցրեց գնահատել ապրածդ ամեն օրը, առավել գնահատել այն, ինչ ունես…

Ասում է՝ մասնագիտության բերումով ուրիշ երկրներ, իհարկե, կգնա, բայց, ինչ հաջողությունների էլ հասնի, միշտ վերադառնալու է հայրենիք.

-Այստեղ իմ արմատներն են, իմ հենման կետը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,

ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ