Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒԺԵՂԻՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՆ ԻՆՉ…»



«ՈՒԺԵՂԻՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՆ ԻՆՉ...»Օգոստոսի 25-ին մեկնարկած եռամսյա վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններն արդեն բավականաչափ ռազմական գիտելիքներով եւ հմտություններով զինված՝ պատրաստվում են մեկնել մարտական հերթապահության։

Զորամասի հրամանատարը՝ փոխգնդապետ Արթուր Քոչարյանը, որ կռիվների բովում թրծված զինվորական է, վստահեցնում է՝ անձնակազմը պատշաճ մակարդակով պատրաստված է. 

-Պահեստազորայինների համալրումից հետո յուրաքանչյուրին նշանակել ենք համապատասխան պաշտոնների, անցկացվել է անհատական պատրաստություն, ջոկերի, դասակների ներդաշնակում, վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Պարապմունքներն անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման ավաններում, կազմակերպվել են նաեւ երթարշավներ…

Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, բոլորն էլ հստակ հասկանում են իրենց առաքելության կարեւորությունն ու պատրաստ են ցանկացած խնդիր կատարելու։

 

***

 

«ՈՒԺԵՂԻՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՆ ԻՆՉ...»Տարբեր ժամանակահատվածներում ծառայած, տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների տեր են պահեստազորայինները՝ լեզվաբան, իրավագետ, փիլիսոփա…, հիմա ընդհանուր զինվորական հանդերձանքով են եւ ընդհանուր մի նպատակով՝ հանուն հայրենիքի ամրության։

Շարքային Գեւորգ Հակոբյանը ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալն է.

-Այստեղ էլ նռնականետորդի տեղակալ եմ,- սրամտում է Գեւորգը։

Խոսքաշեն է Գեւորգը, խոսքը մշտապես համեմված մեծերի ասույթներով։

-Վարժական հավաքների միջոցով պահեստազորայինների ռազմական ունակությունները կատարելագործելու կարեւորությունը քննարկման ենթակա չէ։ Վերջին անգամ ես անձամբ զենք եմ վերցրել, պոստ պահել քսան տարի առաջ՝ ժամկետային ծառայությանս ժամանակ։ Պետք չէ մտածել, թե՝ եթե կանչում են նմանօրինակ հավաքների, ուրեմն՝ պատերազմ է սկսվելու, ճիշտ հակառակը՝ երբ չես պատրաստվում, պատերազմը հենց այդ ժամանակ է սկսվում, քանզի թշնամին նկատում է թույլ կողմերդ…  Այստեղ յուրաքանչյուրը խորապես գիտակցում է՝ ուր է եկել, ինչու է եկել… Պարզ տղամարդկային ինքնասիրությունից ենք եկել, հանուն արդարության ենք եկել: Ժամանակին դեռ Պլատոնն է ասել՝ մարդ կարող է ամեն ինչ հանդուրժել, ամեն ինչի հետ հաշտվել ու տանել, բացի անարդարությունից։ Այո՛, անարդար է, որ անօրեն թուրքը ոտնձգություն է գործում մեր հողի, մեր կյանքի, մեր մշակույթի դեմ, մենք պետք է թույլ չտանք, որ շարունակվի այս անարդարությունը…

-Ժամանակի հրամայականն է՝ առավել մարտունակ հասարակություն ունենալը,- բանաձեւում է ապագա իրավագետ, շարքային Գոռ Բադալյանն ու ինքն էլ Նժդեհից մեջբերում. «Քանի դեռ սուրն է կառավարում աշխարհը, ձիթենու ճյուղով զինված լինելը ծիծաղելի է և անմտություն: Ուժն է ծնում իրավունք: Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը, ամեն ինչ… Ուզում ես փրկել՝ եղի՛ր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում»: Ու քանի դեռ թշնամին է մեր դիմաց, պարտավոր ենք ամեն ջանք ներդնելու, որ հայրենիքն առավել ապահով եւ անվտանգ լինի։

Պահեստազորային Արմենակ Բաբայանն էլ շուրջ տասը տարի բանկային համակարգում է: Այստեղ՝ հրանոթի մարտկոցի ղեկավարման դասակում հետախույզ-հեռաչափորդ է.

-Բանակային ծառայությանս ժամանակ տիրապետել եմ զինվորական այս մասնագիտությանը, հիմա վերհիշում եմ, թարմացնում գիտելիքներս։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում ամեն հանձնարարականի, կատարելագործում ենք կրակ վարելու, մարտավարական տարբեր իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու հմտությունները, ամրապնդում ենք ֆիզիկականը։

Կարծում եմ՝ ավելի շուտ պետք է կազմակերպվեր այս ամենը, կռվի ժամանակ ավելի պատրաստ կլինեինք թե՛ հոգեպես, թե՛ կազմակերպվածության, համախումբ գործելու առումով։ Պատերազմին պատրաստ լինելով ես կանխում պատերազմը, միանշանակ է՝ խաղաղություն չեն մուրում։ Հայրս էլ է ժամանակին կռվել. Արցախյան ազատամարտի մասնակից է։

Հայի ամեն սերունդ իր բաժին պատերազմն ունի, անգամ՝ պատերազմները. ջոկի հրամանատար, սերժանտ Գեղամ Բաղդասարյանը ե՛ւ քառօրյա, ե՛ւ 44-օրյա պատերազմի մասնակից է, կռվել է Հադրութում, աշխարհազորայինների ջոկատում։ Ջոկատը 18 օր շրջափակման մեջ է եղել, բայց հմուտ մարտավարության շնորհիվ կարողացել են ճեղքել ու դուրս գալ շրջափակումից։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար Գեղամը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

-«Մարտական խաչն» է՛լ ավելի է պարտավորեցնում: Այս զորահավաքին կամավոր եմ եկել, չեմ սպասել, որ ծանուցագիր ստանամ, նոր ներկայանամ։ Եկել եմ առավել կատարելագործելու գիտելիքներս, իմացածն էլ փոխանցելու մյուսներին։ Այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, կարծում եմ, ոչ թե պետք է երեք ամիս պարապենք, այլ՝ անընդհատ, անընդմեջ։ Պիտի պատրաստ լինենք ամեն զարգացման, չթողնենք այլեւս հողը պղծվի թշնամու ոտքի տակ, այս հողի վրա մեր մարտական ընկերների արյունն է թափված, հողը հիմա առավել թանկ ու հարազատ է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/09/2021