Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆ Է
ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆ Է

ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԷՀայոց ցեղասպանությունը ուսումնասիրող հեղինակները Արմին Թ.Վեգներին ներկայացնում են առավելապես իբրեւ 1915-1916 թթ. Միջագետքում ծառայած սանիտար զինվոր կամ սպա: Դա, պարզապես, անգիտության հետեւանք է: Իրականում, Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին Վեգները Բրեսլաուի, Ցյուրիխի եւ Բեռլինի համալսարաններում ստացել էր իրավաբանական կրթություն, իսկ 1914 թ. փետրվարի 17-ին պաշտպանեց ատենախոսություն «Գործադուլը քրեական օրենքում» թեմայով, որի համար նրան շնորհվեց իրավագիտության դոկտորի գիտական աստիճան (Doktor der Jurisprudenz): Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1915 թ. օգոստոս-սեպտեմբերին, զորակոչվելով Միջագետքի գերմանական ռազմական շտաբ, որը ֆելդմարշալ Ֆոն դեռ Գոլցի հրամանատարությամբ գլխավորում էր անգլիացիների դեմ գործող թուրքական VI բանակը, Վեգները ականատես եղավ 1,5 միլիոն (իր հաշվով 2 միլիոն) հայերի ծրագրված տեղահանման եւ բնաջնջման բազմաթիվ տեսարանների: Գերմանացի սպաներից ծածուկ նա այցելեց անապատներում տեղակայված հայոց մահվան ճամբարները եւ Գերմանիայում ապրող իր հարազատներին ու մտերիմ գրողներին հղած նամակներում, ինչպես եւ իր ձեռքով լուսանկարած եղեռնի բազմաթիվ պատկերներում ի ցույց դրեց երիտթուրք կառավարիչների վաղօրոք ծրագրած մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը: Նրա նամակներն ու օրագրային գրառումները` լուսանկարների հետ միասին, ոչ թե սոսկ սանիտար զինվորի վկայություններ են, այլ երիտթուրք առաջին ցեղասպանների աննախադեպ ոճրագործությունը բացահայտող իրավագիտության դոկտորի եւ ականատեսի ձեռքով գրված իրավական վավերագրեր: Դրանցում, ինչպես եւ հրապարակախոսի կրքով գրված հետագա պամֆլետներում («Կտակ անապատում», «Ճիչ Արարատից» եւ այլն) Վեգները ցույց տվեց, որ հայ ժողովրդին իր բնակության պատմական վայրերից տեղահանելով ու բնաջնջելով, երիտթուրք պարագլուխները` այդ ծայրահեղ ազգայնամոլները, նպատակ ունեին սեփականել նրա հազարամյակների հայրենիքը եւ տիրանալ դարերով կուտակած նրա անբավ հարստություններին, որ այդ ժողովրդի գեղջուկներն ու արհեստավորները, մտքի եւ գիտության մշակները ձեռք էին բերել ժրաջան ստեղծարար աշխատանքով (ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին հղած բաց նամակից):

Ժողովրդական վրիժառու, 24-ամյա ուսանող Սողոմոն Թեհլերյանը 1921 թ. մարտի 15-ին կեսօրից առաջ Բեռլինի Շառլոտենբուրգի Հարդենբերգշտրասե փողոցում ատրճանակի կրակոցով գնդակահարեց նախկին երիտթուրք կառավարության ներքին գործերի նախարար մեծ վեզիր Թալեաթ փաշային:

Մինչ այդ, 1919 թ. Կոստանդնուպոլսի թուրքական ռազմական տրիբունալը հայերի կոտորածները կազմակերպելու համար երիտթուրք պարագլուխներին հեռակա դատապարտեց մահապատժի, քանի որ նրանք գտնվում էին երկրից դուրս փախուստի մեջ, բայց Սողոմոն Թեհլերյանը ի կատար ածեց ոչ թե այդ մահավճիռը, այլ հայ ժողովրդի նահատակների վրեժը, որը երբեք եւ ոչ մի ներման ենթակա չէ:

Նույն թվի հունիսի 2-ին եւ 3-ին Բեռլինի երկրամասային երրորդ դատարանը` դոկտոր Լեմբերգի նախագահությամբ, քննելով Սողոմոն Թեհլերյանի գործը, 1870 թ. գերմանական «Պատժիչ օրենսգրքի» դիտավորյալ սպանության հոդվածով (211) ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանի նկատմամբ կայացրեց արդարացման վճիռ:

Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրական տեղեկագիրը Արմին Թ. Վեգները հրապարակեց նույն 1921 թ. Բեռլինում առանձին գրքույկով` «Թալեաթ փաշայի դատավարությունը» (Der Proze Talaat Pascha) խորհրդանշական վերնագրով եւ իր փայլուն նախաբանով, որով նա մեղադրյալ եւ դատապարտյալ էր ներկայացնում սպանված Թալեաթին` հաստատելով հասարակական կարծիքի համընդհանուր համերաշխությունը գերմանական երդվյալների դատարանի արձակած արդարացման դատավճռի եւ սպանությունն իրագործած երիտասարդ Սողոմոն Թեհլերյանի նկատմամբ: «Թալեաթ փաշայի դատավարությունը» սղագրական տեղեկագրի նախաբանում Արմին Թ.Վեգները, լիովին պաշտպանելով Բեռլինի երդվյալների դատարանի արձակած արդարացուցիչ վճիռը, Սողոմոն Թեհլերյանի ձեռքով Թալեաթ փաշայի սպանությունը գնահատեց որպես միլիոնավոր անմեղ հայերի բնաջնջումը ծրագրած եւ իրագործած դահճի մահապատիժ:

Իբրեւ իրավագիտության դոկտոր` Վեգները միաժամանակ հրապարակախոսի կրքով գրված այդ նախաբանում բարձր գնահատեց այդ դատավճռի միջազգային-հասարակական նշանակությունը, «քանզի նրանում ի հայտ եկած դեպքերն այնպիսի ցնցող ուժով են ազդում, որ, չնայած բացահայտ բռնի սպանությանը, երդվյալները արդարացման վճիռ կայացրին, որով այս դատավարությունը, հակառակ քաղաքականությունից այն զերծ պահելու բոլոր ջանքերին, փշրում է պատնեշները եւ ծավալվելով` դառնում համամարդկային տրիբունալ, իսկ նրա վճիռը` համաշխարհային պատմական նշանակություն ունեցող դատավճիռ: Ինքը` Սողոմոն Թեհլերյանը, խորհրդանիշ է միայն, մի հյուլե, որի մեջ կուտակված է մի ողջ անիրավված ցեղի (Rasse) վիշտը, ցեղ, որ հուսահատ ինքնապաշտպանության մեջ ի կատար է ածում իր հատուցումը»:

Նույն նախաբանում երիտթուրքերի կառավարիչների իրագործած հայ ժողովրդի զանգվածային սպանդը իրավագիտության դոկտոր Արմին Վեգները որակեց իբրեւ «Ցեղի ոչնչացում» – գերմաներեն «Vernichtung einer Rasse» իրավական արտահայտությամբ:

ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԷԱյսօր, երբ Գյոտինգենի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ավետարանչական աստվածաբանության պրոֆեսոր Մարտին Թամկեն միանգամայն բնական է համարում 1915 թ. օսմանյան կայսրության մեջ ապրող հայերի տեղահանումը եւ նրանցից հարյուր հազարավորների մահը արդարացնում է «ռազմական միջոցառումների անհրաժեշտությամբ», 90 տարվա հեռավորությունից այդ աղետալի դեպքերին ժամանակակից եւ ականատես Արմին Թեոֆիլ Վեգները ցաքուցրիվ է անում ավետարանչական պրոֆեսորի աստվածուրաց անհոգի համերաշխությունը երիտթուրքերի եղեռնագործության հետ: Վեգները ցույց է տալիս, որ «ռազմական անհրաժեշտությամբ թելադրված միջոցառումը սոսկ պատրվակ էր», քանի որ «ստիպեցին արտագաղթել անգամ Արեւմտյան Անատոլիայի վիլայեթների հայ բնակիչներին, որոնց թիվը չափազանց նվազ էր` որեւէ վտանգ ներկայացնելու համար, եւ որտեղ նրանք խաղաղ ու անվնաս լծված էին իրենց աշխատանքին` հարյուրավոր մղոններով պատերազմական թատերաբեմերից հեռու: «Եվ մի՞թե ամերիկյան դեսպան Մորգենթաուն,- հարցնում է Վեգները,- վեհանձնաբար չէր առաջարկում Թուրքիայից արտաքսված ժողովրդին փոխադրել Ամերիկա: Հենց թուրքական կառավարության կողմից նրա առաջարկը մերժելու այս մի փաստն արդեն բավական չէ՞ ցույց տալու համար, որ ռազմական միջոցառումների շինծու անհրաժեշտությունը, ըստ էության, սոսկ մի պատրվակ էր, «անապատում բնակեցնելը»` մի փուչ արտահայտություն` ներկա դարի ամենաարյունալի ոճիրը քողարկելու համար, որի նպատակը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ջանասեր ու բարձր կանգնած ցեղի իսպառ ոչնչացումը»: Այստեղ «ցեղ» (Rassa) ասելով Վեգները նկատի ունի «հայ» ցեղի, այսինքն` մարդկության «հայ» տեսակի բնաջնջումը, բուն իմաստով` «ցեղասպանությունը»: Այսպիսով, «Vernichtung einer Rasse»` «ցեղի ոչնչացում» արտահայտությամբ «Թալեաթ փաշայի դատավարության» նախաբանում դոկտոր Արմին Թեոֆիլ Վեգները` իբրեւ իրավագետ, առաջինը XX դարի իրավագիտության մեջ մուծեց «ցեղի` մարդկային տեսակի ոչնչացման» գաղափարը, որպես «դարի ամենաարյունալի ոճիր», ավելին` որպես մարդկության դեմ ուղղված մահապատժի արժանի ոճրագործություն, որն իրագործվեց առաջին ցեղասպան Թալեաթ փաշայի նկատմամբ: Ըստ այսմ, «ցեղասպանություն» բառը` իբրեւ ոճիր եւ իրավական տերմին, առաջինը կիրառել է Արմին Վեգները հայերի բնաջնջումը բնորոշելու համար` դատապարտելով նաեւ այն նպատակը, որի համար իրագործվել է այդ ցեղասպանությունը. դա գերիշխող ազգի կամ ժողովրդի ծայրահեղ ազգայնամոլ պարագլուխների մտագար մարմաջն է` սեփականելու հպատակ ժողովրդի, տվյալ դեպքում՝ հայերի հազարամյա պատմական բնօրրանը եւ դարերով ստեղծած ազգային հարստությունը:

Հայ ժողովրդի աներեւակայելի տառապանքը եւ անսքող բնաջնջումը ծայրահեղ ազգայնամոլ երիտթուրքերի եւ նրանց հաջորդած քեմալականների ձեռքով աշխարհի առաջ բացահայտելու Արմին Թ.Վեգների անօրինակ ջանքերին ջերմորեն արձագանքեցին եվրոպացի մտավորականները, ինչպես նաեւ ամերիկյան հրեա դեսպան Հենրի Մորգենթաուի կրտսեր ազգակիցները` գրող Ֆրանց Վերֆելը, երիտասարդ իրավաբան Ռաֆայել Լեմկինը  եւ այլք:

Ռաֆայել Լեմկինը ծնվել է 1900 թ. հունիսի 24-ին Լեհաստանի (հետագայում Բելոռուսիայի) Բեզվոդնե բնակավայրում` լեհաստանցի հրեայի ընտանիքում: Վախճանվել է Նյու Յորքում 1959 թ. օգոստոսի 28-ին: Դեռեւս հրեական հոլոքոստից (ողջակեզ) շուրջ 20 տարի առաջ, երբ նա բանասիրություն եւ իրավաբանություն էր ուսանում Լվովի համալսարանում, նրա մեջ լուրջ հետաքրքրություն ծագեց ժողովուրդների սպանդի թեմայի հանդեպ, որի համար խթան ծառայեց Թուրքիայի ներքին գործոց նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանությունը հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանի ձեռքով 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում օրը ցերեկով` անցորդների աչքի առաջ: Ուսանող Լեմկինին խորապես ցնցեց գրեթե հասակակից հայ երիտասարդի արտառոց արարքը, որ մեծ աղմուկ առաջ բերեց ոչ միայն Գերմանիայում, այլեւ ամբողջ Եվրոպայում, եւ իբրեւ ապագա իրավաբան նա վճռեց ուսումնասիրության առարկա դարձնել այդ բացառիկ թեման` Օսմանյան կայսրության մեջ հայերի համատարած տեղահանությունն ու սպանդը: Օգտվելով Վեգների հրապարակած «Թալեաթ փաշայի դատավարությունը» սղագրական տեղեկագրում բացահայտված բազմաթիվ փաստերից եւ Վեգների նամակներից, մանրամասն ուսումնասիրելով հայ ժողովրդի պատմության վերաբերյալ բազմաթիվ եվրոպական աղբյուրներ եւ ժամանակակից ականավոր գործիչների վկայություններ՝ 1926 թ. Լեմբերգի համալսարանում Լեմկինը պաշտպանեց ատենախոսություն, որի մեջ ցույց տվեց հայերի զանգվածային ջարդերը` սկսած 1890-ական թվերից մինչեւ Ադանայի 1909 թ. կոտորածը, ապա եւ 1915-16 թթ. հայերի տեղահանությունը եւ բնաջնջումը Միջագետքի անապատներում՝ տալով նաեւ դրա իրավական բնորոշումն ու ծնող պատճառները, որի համար ստացավ իրավաբանության դոկտորի աստիճան:

Ամերիկահայ անվանի իրավաբան Վարդգես Եղիայանը 2008 թ. Գլենդեյլում (Կալիֆոռնիա) հրատարակեց Ռաֆայել Լեմկինի ձեռագիր ժառանգությունից մի աշխատություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը ամենայն հավանականությամբ հենց այն դոկտորական ատենախոսությունն է, որի մասին հիշեցի վերեւում: Աշխատությունը բաղկացած է 5 գլխից` «Հայերը», «Հարկահանությունը», «1915-16 թթ. ջարդերը եւ տեղահանությունը», «Սպանդի նպատակը. ո՞վ է հրահրողը», «Արտաքին արձագանքներ»:

Լեմկինը ցույց է տալիս հայ ժողովրդի անցած ավելի քան 3000-ամյա պատմական դժվարին ուղին, որի ընթացքում՝ «հայերը շարունակ ենթարկվել են Նաբուգոդոնոսորի, Քսերքսեսի, Ալեքսանդրի, հռոմեացիների, պարթեւների, պարսիկների, Բյուզանդիայի, սարակինոսների, խաչակրաց, սելջուկի եւ օսմանցու, ռուսի եւ քրդի բռնությանը»: Այնուհետեւ իր հետազոտությունը այդ ասպարեզում նա խորացրեց Հայդելբերգում:

1932 թ. Թուրքիան մտավ «Ազգերի լիգա», որպեսզի այդ կազմակերպության հենց ներսում կասեցնի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ այդ երկրում ձեռնարկվող ներքին միջոցառումների դատապարտումը: Թուրքիայի ներկայությունը այդ կազմակերպությունում հարուցեց առաջադեմ մտավորականների բողոքը, քանի որ հայերի բնաջնջումը իրագործած պետության անդամակցությունը «Ազգերի լիգա»-ին վերջնականապես հեղինակազրկում էր այդ կազմակերպությունը: Այսօր մեր որոշ դիվանագետներ բարձրաձայն կողմ են արտահայտվում Թուրքիայի ընդունմանը Եվրոպական Միություն` կարծելով, թե Եվրոպական Միության կազմում Թուրքիան ավելի կանխատեսելի ու քաղաքակիրթ կդառնա, բայց չխորանալով այն հարցի մեջ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան Եվրոպական Միություն մտնելով: Մինչդեռ «Ազգերի լիգա»-ի օրինակը այլ բան է հուշում: Պաշտպանելով հայ ժողովրդի արդար դատը` Ռաֆայել Լեմկինը 1934 թ. Կոպենհագենում կայացած «Ազգերի լիգա»-ի նստաշրջանում քննարկման ներկայացրեց Միջազգային կոնվենցիա` ուղղված «ազգային, կրոնական եւ ռասսայական խմբերի ոչնչացման դեմ»՝ իբրեւ օրինակ վկայակոչելով հայերի բնաջնջումը Օսմանյան Թուրքիայում: Լեմկինի առաջարկած կոնվենցիան հատկապես նշանակալից էր այն պատճառով, որ 1935 թ. ապրիլին լրանում էր Հայոց մեծ եղեռնի 20-ամյակը: Դրանով Լեմկինը ջանում էր նորից միջազգային հնչեղություն հաղորդել Թուրքիայում իրագործված հայերի բնաջնջման փաստերին եւ երիտթուրքերի այդ ոճրագործությունը որակեց իբրեւ «ժողովրդի սպանդ»։

1939 թ., երբ նացիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, Լեմկինը Շվեդիայով տեղափոխվեց ԱՄՆ եւ պետական ու ռազմական դեպարտամենտներում ներգրավվեց հականացիստական պայքարին: Այդ ընթացքում Ողջակեզին զոհ դարձան նրա ընտանիքը, ինչպես եւ եղբայրն ու քենին: Այստեղ 1943 թ. լեհական վտարանդի կառավարության պատվերով նա շարադրեց «Առանցքի վարչակարգը օկուպացված Եվրոպայում» թեմայով մանրամասն փաստարկված, 670 էջանոց մի գիրք` նացիստների ոճրագործությունները քրեորեն պատժելու նպատակով, որի մեջ նա առաջին անգամ գործածում է լեհերեն ludօbցjstvo (ժողովրդի սպանդ) բառը: Այդ գրքի անգլերեն թարգմանության համար Լեմկինը ludօbցjstvo բառի փոխարեն ստեղծեց նոր` Genocide տերմինը 1943 թվականի նոյեմբերին: Գիրքը լույս տեսավ անգլերեն 1944 թ.` «Axis Rule in Occupied Europe» վերնագրով, որի IX գլխում առաջին անգամ տեղ գտավ Լեմկինի Genocide (Ցեղասպանություն) տերմինը:

Ըստ այսմ, 1944 թ. ի վեր միջազգային իրավագիտության եւ դիվանագիտության մեջ ընդունված է «ցեղասպանություն» հասկացությունը բնորոշող երկու համարժեք իրավական տերմին` գերմ. Volkermord (ժողովրդի սպանդ) եւ լատ. Genocide, որոնք հավասար իրավունքով տեղ գտան 1948 թ. դեկտեմբերի 9-ի Միավորված ազգերի կազմակերպության ցեղասպանությունը դատապարտող Կոնվենցիայում, որ շարադրել էր Ռ. Լեմկինը: Դրանցից առաջինը գործածված է Կոնվենցիայի գերմաներեն տեքստում, իսկ երկրորդը` ֆրանսերեն եւ անգլերեն տեքստերում: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951 թ. հունվարի 12-ին. այն վավերացվել է նաեւ Թուրքիայի կողմից: Ահավասիկ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի N 260 բանաձեւով ընդունված Կոնվենցիայի երեք վերնագրերը` գերմ. «Konvention ber die Verhtung und Bestrafung des Volkermordes», անգլ. «Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide», ֆրանս. «Convention pour la prevention et la repression du crime de genocide» («Կոնվենցիա` ցեղասպանությունը կանխարգելելու եւ քրեորեն պատժելու մասին»):

Միջազգային իրավագիտության մեջ ներկայացվում է այնպես, իբր Genocide նորաստեղծ բառի համար Ռաֆայել Լեմկինը հիմք է ընդունել գերմաներեն Volkermord (ժողովրդի սպանդ) տերմինը, եւ դա հավանորեն այն պատճառով, որ ՄԱԿ-ի հաստատած 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի գերմաներեն թարգմանության մեջ ինքը` Լեմկինը լատ. Genocide բառի դիմաց գործածել է Volkermord: Սակայն պետք է ընդգծել, որ Լեմկինը Genocide բառը պատճենել է ոչ թե գերմաներեն Volkermord բառից, այլ հիմք է ընդունել Արմին Թ.Վեգների վերոհիշյալ «Vernichtung einer Rasse» արտահայտությունը «Թալեաթ փաշայի դատավարության» նախաբանից, որի մեջ նա գերմաներեն երկու բառերը փոխարինել է նույնիմաստ լատիներեն արմատներով՝ գերմ. Rasse (ռասսա) բառի դիմաց` լատ. genus (ցեղ, տեսակ), իսկ գերմ. Vernichtung (ոչնչացում, սպանդ) բառի դիմաց` լատ. cid (caedere՝ «սպանել, ոչնչացնել») եւ այսպիսով Վեգների գերմաներեն «ցեղի ոչնչացում» արտահայտությունից պատճենել է լատիներեն նորակազմ Genocidium տերմինը:

ՄԱԿ-ի Կոնվենցիայի II հոդվածով «ցեղասպանությունը (Volkermord, Genocide) բնորոշվում է այնպիսի գործողություններով, որոնք կատարվել են ազգային, էթնիկական, ռասսայական կամ կրոնական որեւէ խումբ, որպես այդպիսին, ամբողջովին կամ մասնակի ոչնչացնելու միտումով» – գերմ. «Volkermord (wird) definiert als Handlungen, begangen in der Absicht, eine nationale, ethnische, rassische oder religiose Gruppe als solche ganz oder teilweise zu zerstoren»: Այստեղից պարզվում է նաեւ, որ ցեղասպանությունը բնորոշելու համար Ռ. Լեմկինը 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի II հոդվածում բառացի օգտագործել է 1934 թ. «Ազգերի լիգա»-ի Կոպենհագենի նստաշրջանում իր ներկայացրած այն գերմաներեն Միջազգային կոնվենցիան, որի մեջ որպես ցեղասպանություն (Volkermord) վկայակոչում էր հայ ժողովրդի սպանդը Օսմանյան Թուրքիայում:

Այս կերպ, ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիայի տեքստերում Genocide եւ Volkermord տերմինների հավասարեցումով Ռաֆայել Լեմկինը իրավական եւ քաղաքական մեծ նպաստ է մատուցել հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչել տալու դատին, քանի որ նշված երկու իրավական հասկացությունն էլ գործածվել են շատ ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար, իսկ 1948 թ-ի Կոնվենցիայում երկուսն էլ հավասարապես ճանաչված են ՄԱԿ-ի կողմից որպես «ցեղասպանություն»: Այսպես, 1921 թ. հայ ժողովրդի բնաջնջմանը Վեգների տված գերմաներեն բնորոշումը եւ Հայոց ցեղասպանության գաղափարը, որ արտահայտել եւ իրավագիտորեն հիմնավորել է Վեգները, 1948 թ. Ռաֆայել Լեմկինի առաջարկով Միավորված ազգերի կազմակերպության ասամբլեայում ընդունվեց որպես ցեղասպանությունը դատապարտող իրավաբանական բնորոշում:

Այսպիսով, Վեգներն առաջին իրավագետն է, որը 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունը դատապարտող Կոնվենցիայից 27 տարի առաջ` 1921 թ. իբրեւ «գենոցիդ» բնորոշեց Օսմանյան կայսրության գերիշխանության տակ, իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ավելի քան կեսին բնաջնջելու փաստը։

 

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

բանասիրական գիտությունների դոկտոր