Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՊԵՏՔ Է ՀԵՐՈՍ ԴԱՌՆԱՄ



ԵՍ ՊԵՏՔ Է ՀԵՐՈՍ ԴԱՌՆԱՄՋավախյանների ընտանիքում աղջիկ երեխայի ծննդից 5 տարի հետո՝ 2001 թվականին, ծնվեց արու զավակ, որին անվանակոչեցին Գևորգ` ի սեր սուրբ Գևորգի:

-Գևորգիս ունեցել եմ պատվերով,- ասում է մայրը:

Մայրը հինգ տարի արու զավակի սպասեց, ծնկաչոք եկեղեցում խնդրեց, որ տղա ծնվի՝ խարտյաշ և գանգրահեր, ունենա երկնքի կապույտի պես ջինջ աչքեր: Հենց այդպես էլ եղավ: Մայիսի 3-ին ծնվեց տան արու զավակը՝ մոր երազած մազերի ու աչքերի գույնով:

Գևորգը դեռ մանկուց աչքի է ընկել ոչ միայն իր հրեշտակային արտաքինով, այլ նաև պարզությամբ, տղայական ճարպկությամբ և մանկական համակրելի անկարգություններով: Մանկապարտեզում նույնպես ամենաակտիվն էր: Ուշ խոսելու պատճառով իր ամբողջ զգայական ներաշխարհը հանձնում էր թղթին՝ նկարելով սև-սպիտակ պատկերներ: 2007 թվականին Գևորգը հաճախեց Երևանի համար 27 միջնակարգ դպրոցի առաջին դասարան:

-Դասարանում սիրված էր, ամենասիրունը, դասարանի ուրախությունը, ամենան, ամենա ամենան…  Երբ Գևորգը դասի չէր գալիս, զանգում ու բոլորով կանչում էինք դպրոց, որովհետև առանց Գևորգի ձանձրալի էին անցնում ժամերը,- Գևորգի մասին պատմում են համադասարանցիները:

Նա նաև շատ տաղանդավոր էր, բացի նկարելուց, ուներ նաև երաժշտական հրաշալի ընդունակություններ: Հայաստանում Beatbox ֆեդերացիայի առաջին անդամներից էր: Լինելով տարիքով փոքր՝ շատ արագ և հեշտ կարողանում էր բերանով արտաբերել տարբեր երաժշտական գործիքների ձայներ և տիրապետում էր այդ ասպարեզի բոլոր հմտություններին: Գևորգը մասնակցել է Beatbox ժանրի տարբեր մրցույթների, համերգների և արժանացել բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի: 2016 թվականին Գևորգն արդեն տեղափոխվում է համար 115 ավագ դպրոց: Այնտեղ ևս համադասարանցիների եւ ուսուցիչների սիրելին էր: Թե՛ միջնակարգ և թե՛ ավագ դպրոցներում նա նմանակում էր բոլոր ուսուցիչներին և աշակերտներին: Նույնիսկ ուսուցիչներն էին կանչում Գևորգին և խնդրում նմանակել իրենց գործընկերներից մեկին: Տաղանդավոր պատանուն հրավիրեցին հեռուստատեսություն: Երիտասարդական սերիալներից մեկում Beatbox-ի տեսարանը վստահվեց հենց Գևորգին: Այստեղից էլ սկսեց իր կարիերան: Նրան նկատում են և կանչում նկարահանվելու «Ոսկե դպրոց» սիթքոմում: 2-3 տարի նկարահանումների շնորհիվ Գևորգը ձեռք է բերում մեծ ճանաչում փոքրերի և պատանիների շրջանում: Ընկերների պատմելով՝ նրա հետ այլևս հանգիստ զբոսնել չէր հաջողվում, բոլորը ճանաչում էին, բոլորն ուզում էին լուսանկարվել նրա հետ: Այդ պատճառով էլ ընկերները սկսել են նրան կոչել Ոսկե Գևորգ: Նա էլ վստահ էր՝ ավելի մեծ հաջողությունների է հասնելու: Նկարահանումներին զուգահեռ, նաև հաճախում է երաժշտական դպրոց՝ փողային գործիքների բաժին, որպեսզի բանակում ծառայի զինվորական նվագախմբում…Սակայն հասկանալով, որ դա իրենը չէ, կիսատ է թողնում…

2019 թվականին հաճախում է կապային համակարգի դպրոց, որպեսզի ծառայի բանակում:

Նույն տարվա հուլիսի 11-ին զորակոչվում է բանակ: Նախօրեին՝ հուլիսի 10-ին, գրառում է կատարում սոց. ցանցում. «Ես չեմ ուզում կիսվել իմ ծրագրերի մասին, մաքսիմում կարող եմ ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»:

ԵՍ ՊԵՏՔ Է ՀԵՐՈՍ ԴԱՌՆԱՄՎիճակահանության արդյունքում Գևորգը զորակոչվում է ուսումնական զորամաս և հմտանում տանկի նշանառու-օպերատորի մասնագիտության մեջ: Դառնում է զորամասի լավագույն նշանառուներից մեկը, պարգևատրվում մի շարք պատվոգրերով, ծնողները զորամասի հրամանատարությունից ստանում են շնորհակալական նամակներ: Հրամանատարներից մեկը մի օր ամբողջ շարքի առաջ, ի նշան հարգանքի, մոտենում է Գևորգին և սեղմում ձեռքը` ասելով, որ նա իսկական տանկիստ է և որպես խրախուսանք՝ նա իր առաջին բանակային Նոր տարին անցկացնում է տանը` ընտանիքի հետ: Իսկ հունվարի 9-ին մեկնում է Արցախ՝ ծառայությունը շարունակելով տանկային զորամասում:

Թե՛ զինվորական, թե՛ սպայական անձնակազմը ճանաչում էր Գևորգին որպես «կինոյի տղա»:

2020 թվականի տավուշյան հայտնի դեպքերի ժամանակ Գևորգին ևս տեղափոխում են առաջնագիծ: Իրադարձությունների բարեհաջող ավարտից հետո են տնեցիներն իմանում իրենց որդու մարտական առաջին լուրջ մկրտության մասին:

Սեպտեմբերյան պատերազմի սկզբում է տանկիստ Գևորգը երբեմն զանգում ու վստահեցնում՝  ամեն ինչ շատ լավ է:

Գևորգը ծնողներին այդպես էլ չի ասում, թե նրան Արցախի որ հատված են տեղափոխել: Միայն քրոջ ամուսնուն է տեղեկացնում, որ Ակնայում է: Գևորգի տանկային գումարտակը մասնակցել է հատուկ նշանակության գործողության…

Հոկտեմբերի 23-ին Գևորգին տեղափոխում են Կարմիր շուկա: Տեղափոխվելուց հետո զանգել է քրոջ ամուսնուն ու ասել.

-Եթե ինձ մի բան պատահի, քրոջս լավ կնայես, տնեցիներիս էլ տիրություն կանես:

Ծառայակից ընկերներն ասում են, որ ոգին տեղն է եղել, բոլորին ոգևորել է ու անընդհատ կրկնել.

-Ես պետք է հերոս դառնամ:

Կարմիր շուկայի և Շեխեր գյուղի թեժ մարտերի ժամանակ ոչնչացնում է 1 տանկ և խոցում մի քանի տեսակի զրահատեխնիկա: Հենց այդ րոպեից էլ ընկերները նրան կնքում են հերոս Ջավախյան: Պատմում են, որ թշնամին մի քանի օր հետևել, տեսանկարահանել և ֆիքսել է 055 համարի տանկը, որը հենց Գևորգինն է եղել:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:30-ին, անօդաչուն առաջին հարվածը հասցնում է Գևորգի տանկին: Գևորգը ծանր վիրավորվում է և նրան տեղափոխում են հոսպիտալ, որտեղ էլ հոկտեմբերի 28-ին հերոս տանկիստը հավերժ փակում է երկնքի կապույտի պես ջինջ աչքերը:

 

***

 

Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական արիության և խիզախության համար Գևորգ Ջավախյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Նա կատարեց խոստումը եւ հերոս դարձավ։

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1408) 22.09.2021 – 28.09.2021, Ճակատագրեր


24/09/2021