Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԱՂԻԿՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ

Պատմում է Արայիկ Մանվելյանը

Աշնան վերջն էր, արդեն զգացվում էր ձմռան շունչը: Օրը թեքվում էր դեպի մայրամուտ, ցուրտ էր: Կանգառում կանգնած կուրսանտը ցրտից դոփդոփում էր տեղում, իսկ երբ մեքենայից դուրս եկավ գեներալ Մուրազ Սարգսյանը, կուրսանտն անակնկալի եկած` անմիջապես պատվի առավ.

– Ի՞նչ ես անում այս ուշ ժամին այստեղ,- հարցրեց գեներալը:

– Սիրածս աղջկան եմ սպասում, պարոն գեներալ,- անկեղծորեն պատասխանեց կուրսանտը:

Գեներալն էլ ոչինչ չասաց, անխոս հետ դարձավ, նստեց մեքենան ու վարորդին կարգադրեց գտնել մոտակա ծաղկի որեւէ խանութ: Քիչ անց կանգառին մոտեցավ նույն մեքենան եւ հրաշալի մի ծաղկեփունջ ձեռքին մեքենայից իջավ գեներալն ու մոտեցավ կուրսանտին: Ծաղկեփունջը տալով՝ ասաց.

– Հիշիր ամենակարեւորը` հայոց բանակի սպան ոչ թե ձեռքերը գրպանում, այլ ծաղիկներով պետք է սպասի իր սիրած աղջկան: Սպայի համար կարեւորը իր կյանքի ընկերն է, ում հետ միասին պիտի երկիր պահեն, կառուցեն ու այդ ճանապարհին միասին հաղթահարեն դժվարություններն ու հոգսերը: