Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



Եռաբլուրում են աշխատում Անահիտն ու ամուսինը՝ Ժորան: Իրենց գործն են անում՝ խնամքով, հոգատարությամբ, լռությամբ էտում, ջրում են ծառ ու ծաղիկները, մաքրում ծառուղիներն ու ճանապարհները: Անմեկին մի զրույց են սկսում ամեն մի ազատամարտիկի, զինվորի դիմանկարի առջեւ: Քչերը գիտեն, որ նրանք ամուսիններ են: Ժորան սերում է Արցախի Բադակենտ գյուղից, իսկ Անահիտը ծնվել է Ապարանում: Նրանք ընտանիք են կազմել եւ լույս աշխարհ բերել հինգ երեխա՝ երեք տղա եւ երկու աղջիկ: Որդիները՝ Արտյոմն ու Արթուրը, զոհվեցին դարավերջի մեր ազատամարտում: Արտյոմը զոհվեց Կապանում, ազատամարտիկ Լեւոն քեռու կողքին, իսկ Արթուրը՝ Տավուշի մարզում: Արտյոմը հուղարկավորված է Եռաբլուրում, իսկ Արթուրը՝ Դավիթաշեն գյուղի գերեզմանոցում: Ամեն անգամ Արտյոմի տապանաքարի կողքով անցնելիս Անահիտ մայրը նորից ու նոր հայացքով գորգուրում է որդուն: Արդեն հազվադեպ է արցունք երեւում նրա տառապած, խորշոմած դեմքին: Վաղուց արցունքները դեպի ներս են հոսում: Նայում է ավագ որդուն ու անլսելի շշնջում.

– Ախր Արտյոմ ջան, գոնե ամուսնանայիք, մի ժառանգ թողեիք, այ բալա, բա ձեր կարոտը ես ումի՞ց առնեմ:

Նույն հարցն է տալիս նաեւ Դավիթաշենի գերեզմանոցում ննջող Արթուր որդուն.

– Արթուր ջան, գոնե ամուսնանայիք…

– Երբ քրոջս տուն եմ մտնում.- պատմում է եղբայրը՝ ազատամարտիկ Լեւոն Թադեւոսյանը,- պատերից կախ երկու մեծադիր լուսանկարներից ինձ են նայում Արտյոմն ու Արթուրը, եւ նրանց բազմաթիվ հարցերը մնում են անպատասխան: Այդ հարցերի պատասխանները տալիս են միայն քրոջս Ալբերտ որդու ու երկու աղջիկների երեխաները՝ քրոջս վեց թոռները, որոնք քշում են, դուրս են հանում լռությունը եւ տունը լցնում աղմուկ-աղաղակով, իրենց ձայն ու ծիծաղով… Կյանքը շարունակվում է, որովհետեւ այդ պահին քրոջս դեմքին ժպիտ եմ տեսնում, եւ թոռնիկների ծիծաղը պատասխանն է բոլոր անպատասխան հարցերի…

Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Հոգևոր-մշակութային


14/12/2011